HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Կենտավր» հիպոթերապիայի կենտրոն. գլխավոր «բժիշկները» ձիերն են

«Կենտավր» հիպոթերապիայի կենտրոնը Հայաստանում միակն է, որ ձիերի միջոցով մասնագիտացված թերապիա է անցկացնում: Այստեղ գլխավոր «բժիշկներն» են Սալման, Շլյախտիչը, Սորբոնան և Ֆեբուս ձիերը, որոնք աշխատում են թե մտավոր, թե ֆիզիկական հաշմանդամություն ունեցող երեխաների հետ: Կենտրոնի ղեկավար Հասմիկ Հովհաննիսյանն ասում է, որ հիպոթերապիայի համար կան ձիերի ընտրության հատուկ չափանիշներ. ամեն ձի չէ, որ կարող է «աշխատել» այս ոլորտում: Հիմնականում վարժեցնում են կամ էգ, կամ ամորձատված ձիերի, որոնց վզակոթը բարձր չէ, որոնք տաքարյուն չեն և այլն:

«Բայց եթե անգամ բոլոր չափանիշները կան, գուցե սկսես աշխատել ձիու հետ ու պարզվի, որ այն հիպոթերապիայի ձի չէ: Մեր բախտը բերել է ձիերի առումով, - ասում է Հասմիկը: - Հիպոթերապիայի մեր առաջին ձին արու էր, իսկ արու ձին կարող է էգի հետևից վազել, անհանգիստ պահվածք դրսևորել: Այդ ժամանակ կենտրոն էր եկել մի ավստրիացի, ով 10 տարուց ավելի հիպոթերապիա էր անում, և ոգևորվել էր,  որ Հայաստանում էլ նման կենտրոն կա: Բայց երբ իմացավ, որ ձին արու է, վրդովվեց, ասաց՝ ես էլ մտածում էի լուրջ եք վերաբերում: Խնդրեցինք որոշ ժամանակ հետևի այդ ձիուն թերապիայի ընթացքում, հետո զարմացած եկել, խնդրում էր ասել մեր գաղտնիքը»:

Գաղտնիքի բանաձևը հեշտ է՝ համբերություն, համառություն, ամենօրյա աշխատանք ձիերի հետ: Դժվարը աշխատանքի ընթացքն է: Հասմիկն ասում է, որ ամեն ինչը չես կարող սովորել. պետք է այնքան լավ պատկերացնես գործը, որ ցանկացած իրավիճակում ճիշտ կողմնորոշվես: Գաղտնիքներից մեկն էլ ձիու վարժեցման ձևն է: Եթե ձիուն վարժեցնում ես պարզապես ձիավարելու համար, ապա նա պետք է վստահի ու ենթարկվի իր տիրոջը: Այնինչ, հիպոթերապիայի դեպքում, երբ վրան նստած է հաշմանդամություն ունեցող երեխա, ձին պետք է ենթարկվի մարզչին: Հիպոթերապիայի ժամանակ մարզիչը երեխայի հետ նստում է ձիու վրա, իսկ օգնականն էլ ձիուն հավասար քայլում է և օգնում մարզչին: Սակայն երեխաների մոտ կարող են կտրուկ, չկանխամտածված շարժումներ լինել, որը ձին ընկալի որպես առաջ գնալու հրահանգ: Բայց նա պետք է վարժեցված լինի ենթարկվելու մարզչի հրահանգներին:

 

«Կենտավրում» ամենաաշխույժ օրերից մեկը շաբաթն է, երբ հավաքվում են թե հիպոթերապիայի եկած երեխաները, թե նրանք, ովքեր ուզում են ձի քշել սովորել: Շաբաթ օրն այստեղ են գալիս նաև Կոշի մանկական վերականգնողական կենտրոնի երեխաները: 10-ամյա Արշակ Սարոյանին այստեղ տատիկն է բերել՝ Մարիամ Զորաբյանը: Արշակի մոտ մանկական ուղեղային կաթված է: Փոքր հասակից երեխային տանում են վերականգնողական տարբեր կենտրոններ, նրա հետ աշխատում են առանձին մասնագետներ: Մի քանի ամիս է, որ նա գալիս է հիպոթերապիայի: Մ. Զորաբյանն ասում է, որ կենդանու հետ շփումից հետո երեխայի տրամադրությունը փոխվում է դեպի լավը, նյարդերը հանգստանում են, բացի այդ՝ ձիու հետ շփումը դրական է ազդում երեխայի ողնաշարի վրա: Հասմիկն ասում է, որ Արշակը շատ շարժուն է, որքան էլ շատ է ձիուն սիրում, կարող է հաճախ խփել նրան: Բայց վերջին շրջանում երեխան դարձել է ավելի հանգիստ: Շուտով Արշակի հետ հիպոթերապիան անցկացնելու են նաև թամբով, ձին վազելու է: Սա լինելու է նոր ռիթմ երեխայի համար: Այն զարգացնելու է նրա կենտրոնանալու կարողությունը:  

Հիպոթերապիան հիմնականում անցկացնում են առանց թամբի, քանի որ երեխայի և ձիու անմիջական շփումից զարգանում են երեխայի մկանները, ձիու էներգետիկան նրան է փոխանցվում: Դա լավ է հատկապես հենաշարժողական խնդիրներ ունեցող երեխաների համար:

«Մենք ուզում ենք հիպոթերապիայի միջոցով երեխաներին իրենց հին աշխարհից տանենք նոր, լավ աշխարհներ, ցույց տանք, որ իրենց աշխարհից բացի գոյություն ունեն այլ աշխարհներ ևս», - ասում է Հասմիկը:

«Կենտավրի» ստեղծման գաղափարը

Հասմիկը Հովհաննիսյանը Երևանից է, մասնագիտությամբ՝ լրագրող: Լրագրողական պրակտիկայի ժամանակ հաճախ էր անրադառնում հաշմանդամություն ունեցող մարդկանց պատմություններին: Երբ Հասմիկը գնում էր ձիավարման, պարբերաբար ձիավարժության էր տանում նաև Խարբերդի մանկատան սաներին, ում հետ մտերմացել էր: Մի անգամ էլ նա որոշում է հոդված պատրաստել Հայաստանում ձիերով թերապիայի մասին: Այդ ժամանակ էլ իմացավ, որ այստեղ նման կենտրոն չկա: Եվ նրա մոտ սկսում է հասունանալ այն գաղափարը, որ անհրաժեշտ է նման կենտրոն ստեղծել: 2008 թ.-ին կենտրոնը բացվում է: Հասմիկը հիշում է, որ երբ կենտրոնը գրանցում էր որպես կազմակերպություն,  պետռեգիստրում իրավաբանը 80 հազար դրամ է պահանջում, որպեսզի «ստորակետի սխալներ չլինեն»: Երբ Հասմիկն ասում է, որ գումար չունի և վճարելու է միայն օրենքով նախատեսված 10 հազար դրամը, իրավաբանը քմծիծաղով ասում է՝ ինչպես ես առանց գումարի կազմակերպություն բացում:

«Ես էլ իմ ասածին ոչ այնքան հավատալով՝ ասացի՝ մի քանի տարի հետո Ձեզ կհրավիրեմ իմ սեփական կենտրոն», - ժպտալով հիշում է Հասմիկը:

«Կենտավրը» գտնվում է Արագածոտնի մարզի Ուշի գյուղում: Արդեն 2 տարի է, որ իրենց զբաղեցրած տարածքը կենտրոնի սեփականությունն է:

«Այստեղի տնօրենը Ռաֆոն է», - կես-կատակ, կես լուրջ Հասմիկն ասում է Րաֆֆի Քիշմիշյանի մասին: Կենտրոնի ստեղծման առաջին իսկ օրվանից նա այստեղ է, օգնում է՝ ինչով կարողանում է: Այնքան է աշխատել ձիերի հետ, որ գրեթե մարզիչներին հավասար փորձ ու գիտելիք ունի: Րաֆֆին ուրախ է, որ դպրոցն ավարտելուց հետո ավելի շատ ժամանակ ունի ձիերի հետ անցկացնելու համար: Ասում է, որ այժմ ուզում է միայն ձիերի հետ աշխատանք կատարել:

Բացի Հասմիկից՝ հիպոթերապիա են անցկացնում նաև Աննա Վարդանյանը և Բորիս Պոդորովսկին: Բորիսն ու իր եղբայրը՝ Անդրեյը, Աշտարակից են, երկար տարիներ է աշխատում են ձիերի հետ:

Այստեղ կա 20 շուն, որոնց կենտրոնը վերցրել և խնամում է: 20 շուն էլ իր մոտ է պահում Աննան: Հասմիկը ցանկանում է, որ հնարավորություն ունենան զարգացնել նաև շների միջոցով թերապիան: Պարզապես կենտրոնի աշխատակազմը փոքր է, իսկ աշխատանքը՝ ծանրաբեռնված: Ձիերի նման շների հետ նույնպես պետք է ամեն օր աշխատել և վարժեցնել:

«Սա նյութապես անշնորհակալ գործ է, ստացված եկամուտը կրկին հետ է գնում կենդանուն: Չեմ սիրում այս բառը, բայց այս գործում իսկապես պետք է նվիրյալ լինես: Ու այստեղ բոլորը՝  Աննան, Բորյան, Անդրեյը, Րաֆֆին, այդպիսին են, - ասում է Հասմիկը: - Հիմա սա ամենածանր գործն է արածներիցս, բայց շատ եմ սիրում ու երբեք չեմ հոգնում սրանից»:

Կենտրոնը չունի հովանավորներ: Եկամտի հիմնական մասը ծախսվում է կենտրոնի և կենդանիների կարիքների համար: Այդ նպատակով էլ նրանք պարբերաբար դրամահավաքներ և բարեգործական միջոցառումներ են կազմակերպում: Հասմիկը և իր ընկերները երազում են բարեկարգել կենտրոնի տարածքը, այստեղ կազմակերպել նաև կոմպլեքս թերապիա: Այժմ, երբ երեխաները գալիս են թերապիայի, բացի ձիու վրա նստածներից, մյուսները սպասում են իրենց հերթին: Հասմիկն ուզում է, որ պարզապես սպասելու փոխարեն նրանք հնարավորություն ունենան զբաղվել թերապիայի այլ տեսակներով: Օրինակ՝ լինի արտթերապիա, շների հետ թերապիա և այլն: Իսկ Աննան ցանկանում է, որ կենտրոնում անցկացվի սենսորային ինտեգրացիայի թերապիա, երբ բուժումը կատարվում է սենսորների անմիջական ազդեցության միջոցով: 

Լուս.՝ Նարեկ Ալեքսանյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter