HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Սվարանցի ճակատագիրը մտահոգում է միայն բնապահպաններին

Գորիսի Օրհուս կենտրոնից այս տարվա ապրիլի 22-ին հարցում էր ուղղվել էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությանը` Սվարանցի հանքավայրում «Fortune Oil» ընկերության գործունեության վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու մասին:

Նախարարության աշխատակազմի ղեկավար Կարեն Ղահրամանյանը պատասխան նամակում տեղեկացրել էր, որ Սվարանցի երկաթի երեւակման ուսումնասիրության թիվ 189 լիցենզիան 2006 թ. փետրվարի 27-ին տրամադրվել է «Նագին» ՍՊԸ-ին, ապա  2008 թ. էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի  հրամանով փոխանցվել «Սփայս Սթիլ Արմենիա» ՓԲԸ-ին: Հանքահետախուզական աշխատանքների արդյունքում 2008 թ. օգտակար հանածոյի պաշարները չեն հաստատվել:

Այնուհետեւ, էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարի 2010 թ. դեկտեմբերի 7-ի թիվ 176-Ա հրամանով «Սփայս Սթիլ Արմենիա» ՓԲ ընկերությանը տրամադրվել է Սվարանցի երկաթի հանքավայրի ուսումնասիրության եւս մեկ` թիվ 558 լիցենզիան: 2010 թ. դեկտեմբերի 30-ին ընկերության հետ կնքվել է ուսումնասիրության թիվ 552 լիցենզային պայմանագիրը: Երկաթահանքի պաշարների լրահետախուզման եւ վերագնահատման աշխատանքների ավարտ է սահմանվել 2013 թ. նոյեմբերի 7-ը:

«Հանքավայրի շահագործման հանքային իրավունքը տնտեսվարող սուբյեկտը ձեռք է բերում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պաշարների հաստատումից հետո, հանքարդյունահանման լիցենզիայի, պետական փորձաքննությունների ենթարկված եւ դրական եզրակացության արժանացած նախագծի, լիցենզային պայմանագրի եւ լեռնահատկացման ակտի առկայության դեպքում»,- նշված է պատասխան նամակում:

Կարեն Ղահրամանյանն իր պատասխան նամակում միայն չէր նշել, որ Սվարանցի հանքի շահագործումը «Fortune Oil»-ը պիտի իրականացնի 2014 թ.:

Տաթեւի վանքի մերձակայքում Սվարանցի երկաթի հանքավայրի շահագործումը կարող է ամբողջովին տապալել Տաթեւը զբոսաշրջային կենտրոնի վերածելու` կառավարության ծրագիրը: Տաթեւ գյուղից 4, իսկ Սվարանցից մոտ 1 կմ հեռավորության վրա գտնվող հանքավայրի երկաթահանքի պաշարներն, ըստ նախնական գնահատականների, կազմում են մոտ 1,5 մլրդ տոննա, իսկ դա նշանակում է, որ բավականին մեծ տարածք է շահագործվելու: Սվարանցի հանքավայրի շահագործումն աղետալի հետեւանքներ կունենա շրջակա միջավայրի վրա` առաջացնելով բնապահպանական եւ առողջապահական լուրջ խնդիրներ:

«Հետքին» տված հարցազրույցում «Ազգային մրցունակության հիմնադրամի» այժմ արդեն նախկին տնօրեն Բեկոր Փափազյանն այն ժամանակ ասել էր, թե հանքարդյունաբերությունն ու զբոսաշրջությունը միեւնույն տարածքում անհամատեղելի են: Եվ որ Հայաստանի զբոսաշրջության հարավային միջանցքում, մասնավորապես` Տաթեւում, որը հաստատվել է որպես զբոսաշրջային ուղղություն, հանքերի շահագործման լիցենզիաների տրամադրումը խրախուսելի չէ: Բ. Փափազյանի կարծիքով` հանքավայրում ուսումնասիրության լիցենզիա ունենալը դեռ չի նշանակում նաեւ շահագործման լիցենզիա ստանալ:

Հանքարդյունաերությունն ու զբոսաշրջությունը` կշեռքի երկու նժարին

Կրկին ուղեւորվում ենք Սվարանց: Այս տարվա հունիսին արդեն իսկ խնդրի հետ կապված եղել էի գյուղում ու պարզել, որ դեռ որեւէ տեսակի աշխատանքներ (հետախուզական) Սվարանցի հարեւանությամբ չեն իրականացվում: Այս անգամ էլ, ինչպես նախորդ այցի ժամանակ, համայնքի ղեկավարը գյուղում չէր: Գյուղամիջյան ոլոր-մոլոր ճանապարհներին հատուկենտ անցորդներ են երեւում, որ գլխիկոր շտապում են իրենց գործին: Հիմնականում տարեցներ են:

Դպրոցահասակ մի պատանի ուղեկցում է գյուղի դպրոցի տնօրենի տուն: Ընդունում են գրկաբաց: Սեղանին են դրվում գյուղական բարիքներ` համեմված «կերեք, մերն է, մաքուր է, անարատ է» բառերով: «Իսկ մի երկու տարի անց այս նույն բառերով կարողանալու՞ եք ճանապարհից եկած հյուրին հյուրասիրել» հարցիս տանտիկնոջ պատասխան ժպիտը մի տեսակ խեղճ է ստացվում:

Սվարանցում չեն հավատում, թե գյուղի զարգացումը զբոսաշրջությունն է, բայց եւ վստահ էլ չեն, թե միակ փրկությունը հանքարդյունաբերությունն է: Սվարանց տուրիստները չեն հասնում, գյուղից ճոպանուղին չի երեւում, ճոպանուղուց էլ տուրիստների համար Սվարանցն է անհասանելի, բայց երբ հարցնում ենք երկաթի հանքավայրի տեղը, գյուղացիներն անմիջապես, մատնացույց անելով դիմացի սարը եւ ծոր տալով, արտաբերում են. «Հրես հա, էնքան էլ հեռու չի, ափիդ մեջ ոնց որ լինի»:

Սվարանց-Տաթեւ ավտոճանապարհի միջնամասում հանդիպում ենք Գորիսից վերադարձող Սվարանցի համայնքապետ Արթուր Մարգարյանին: Զրույցը հիմնականում վարում է ուղեկիցս` Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման ՀԿ-ի հանքարդյունաբերության ոլորտի մասնագետ Արթուր Ղազարյանը:

Գյուղապետի արտասանած ամեն մի բառի հետ ավելի ու ավելի ենք համոզվում, որ Գորիսում բնակարան ձեռք բերած ու ընտանիքը վերջնականապես քաղաք տեղափոխելու ցանկությամբ Սվարանցում գյուղապետ աշխատող այդ մարդը սպասում է, թե երբ են, ի վերջո, հայտնվելու հանքարդյունաբերողները:

Խոսակցության ընթացքում համայնքապետը չի զլանում մի քանի անգամ երկու ձեռքը վեր բարձրացնելով ոգեւորված հայտարարել, որ ինքը կողմ է երկաթի հանքի շահագործմանը: Արթուր Մարգարյանը հիշողությունների իր արխիվից որոշ դրվագներ է ներկայացնում խորհրդային տարիների բարգավաճ Սվարանցի պատկերն ամբողջացնելու համար: Նրա խոսքերով` այդ տարիներին անգամ Տաթեւն այն տեղն ու դերը չուներ, ինչ Սվարանցը:

«1960-70-ականներին, երբ երկաթի հանքը շահագործվում էր, եւ մեր տարածաշրջանում շուկա կար միայն Սվարանցում, գալիս էին ռուսներ, որ աշխատեին հանքերում, կյանքը աշխույժ էր, այն տարիներին դպրոցում սովորում էր 370 երեխա, այսօր սովորում է 30 երեխա: Գյուղում հիմա կա 120 տուն, եւ այսօր միայն 45 տանն են մարդիկ բնակվում, որից 20-25-ում միայն տարեցներ են: Գյուղն աստիճանաբար մեռնում է ու, իմ կարծիքով, միայն հանքարդյունաբերությունը կարող է արթնացնել, ոտքի կանգնեցնել գյուղը»,- ասում է համայնքապետը:

Սվարանցի ղեկավարն այնքան էլ ոգեւորված չէ տարածաշրջանում տուրիզմի զարգացմանն ուղղված ներդրումային ծրագրերով, որովհետեւ «էն գլխից էլ իր կարծիքն այդ առումով եղել է բացասական, համոզված է, որ այն անգամ Տաթեւը չի զարգացնի, ուր մնաց` Սվարանցը»:

Արթուր Մարգարյանի կարծիքով` ճոպանուղու կառուցումը եւ զբոսաշրջային բոլոր ուղերթները զարգացման հնարավորություն են ընձեռում միայն Շինուհայր եւ Հալիձոր գյուղերին, իսկ իրենք հեռավորության պատճառով դուրս են մնում ուշադրությունից:

«Այ եթե ճոպանուղին էլ գար հասներ Սվարանց, հետն էլ հանքարդյունաբերությունը զարգանար, դա ամենահրաշալի բանը կլիներ մեր համար: Հանքը կաշխատի, ճոպանուղին կաշխատի, ընտիր ա»,- գյուղապետի դիրքորոշումն ապշեցուցիչ էր: Վերջինս դրական պատկերի մեջ տեսնում էր միայն հանքն ու ճոպանուղին, առանց տուրիստների:

Ինչու է այդքան ոգեւորված Սվարանցի գյուղապետը հանքի ապագա շահագործումով: Պարզվում է` նրա համար հիմք են ծառայում Կապանի եւ Քաջարանի «հաջողությունները»: Արթուր Մարգարյանն այդ բնակավայրերում շատ ծանոթներ ունի, ընկերներ, տեսնում է վերջիններիս` ըստ իրեն բարեկեցիկ ապրելակերպը, եւ, բնականաբար, նույնը ցանկանում է իրեն ու իր համագյուղացիներին:

Դեռ գնացքը պիտի հասնի Սվարանց

Հանքարդյունաբերության ոլորտի իրավունքի մասնագետ Արթուր Ղազարյանի համոզմամբ` Սվարանցի համայնքապետի սուբյեկտիվ այս դիրքորոշումը, բնակավայրը ծաղկեցնելու փոխարեն, ուղիղ գծով այն տանելու է կործանման:

«Էսօրվա իրավիճակում, երբ անընդհատ խոսվում է Տաթեւը զբոսաշրջային ուղղություն հռչակելու ծրագրերից ու մասշտաբներից, ընդհանրապես դժվար է պատկերացնել դրա կողքին հանքարդյունաբերության զարգացումը: Մեր երկրում, որտեղ օրենքները նպատակային չեն կիրառվում, տուրիզմն ու հանքարդյունաբերությունը կողք-կողքի զարգանալ չեն կարող,- ասում է Արթուր Ղազարյանը,- եթե երկաթի հանքը շահագործվի, պետք է կառուցվի ֆաբրիկա` ջարդման համակարգով, եւ ամենավտանգավոր երեւույթը, որ կհետեւի այս ամենին, պոչամբարն է: Կկրկնվի այն, ինչ ունենք Կապանում, Քաջարանում եւ բոլոր այն վայրերում, որտեղ հանքեր են շահագործվում»:

Բնապահպանության նախարարի հավաստիացումները, թե ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման շնորհիվ կարելի է նվազագույնի հասցնել հանքավայրերի շահագործման բնապահպանական ռիսկը, իսկ ծառատնկման եւ այլ գործողությունների միջոցով բնությունը հնարավորություն կունենա վերականգնվելու, Արթուր Ղազարյանը միֆ է համարում:

«Մենք Կապանի տարածաշրջանում մեծ փորձ ունենք` կապված հանքարդյունաբերության հետ: Սյունիքի մարզում Մեղրիի տարածաշրջանը, Ագարակի կոմբինատի եւ Մեղրու ոսկու հանքերի հետ միասին, աղտոտված վիճակում է, Քաջարանը եւ Կապանը աղտոտված վիճակում են: Սիսիանի համար էլ մխիթարական բան արդեն ասել չենք կարողանա, մանավանդ որ ռուսական մի ընկերություն պատրաստվում է շահագործել Դաստակերտի մոլիբդենի հանքավայրը: Բոլորս էլ գիտենք, թե բնապահպանության նախարարությունն ինչպես է անցկացնում, օրինակ, հանրային լսումները, դրանք ընդամենը «պտիչկա» դնելու համար են, դրանք չեն անցկացվում օրենքի պահանջի համաձայն, ուրեմն ինչպե՞ս վստահ լինենք, որ տարածաշրջանում հանքի շահագործումը կարվի օրենքի տառին համապատասխան»,- հարցնում է բնապահպանը:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, հեռուստաբանավեճի ժամանակ պատասխանելով Արթուր Ղազարյանի հարցադրմանը, հայտարարել էր, թե Գորիսի տարածաշրջանում կշեռքի վրա կդրվեն տուրիզմն ու հանքարդյունաբերությունը, եւ որ նժարը ծանր կշռի, այն էլ կընտրվի:

«Սրանից կարելի է ենթադրել, որ իշխանությունները հստակ ծրագիր չունեն եւ սպասում են, թե ինչպես կզարգանան իրադարձությունները,- ենթադրում է բնապահպանն ու շարունակում,- եթե հստակ որոշված լիներ, որ տարածաշրջանում պիտի զարգանա տուրիզմը, նշանակում է հանքարդյունաբերության մասին խոսք անգամ չպիտի լիներ»:

Այդ նույն բանավեճի ժամանակ Արմեն Մովսիսյանը, խոսելով Գորիսի տարածաշրջանում հանքարդյունաբերության զարգացման մասին, բոլոր տեսակի անհանգստությունները վաղաժամ է համարել: «Դեռ շուտ է այդ մասին խոսելը, դեռ գնացքը պիտի հասնի Սվարանց, նոր դրա մասին կխոսենք»,- ասել էր նախարարը:    

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter