HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ինչ կոշիկ են հագնում հայաստանցիները

Կոշիկի որակը գնահատողները գիտեն, որ հայկական արտադրության կոշիկն ավելի դիմացկուն է և ծառայում է ավելի երկար, քան ներկրված չինականն ու թուրքականը։ Այսօր հայաստանյան շուկայում տեղական արտադրության մեջ գերակշռում են կաշվե երեսով կոշիկները։ Այդ պատճառով էլ դրանք ավելի թանկ են։ Բայց, որպես կանոն, ավելի էժան են ներմուծված հայտնի բրենդային կոշիկներից։

Հայաստանն այսօր գործարկում է արտադրական կարողությունների աննշան մասը, մինչդեռ ԽՍՀՄ տարիներին ապրած մարդիկ կհիշեն, որ մեր երկիրն այդ միության մեջ կոշիկի արտադրության կարևոր կենտրոններից մեկն է եղել։ Այդ տարիներին, ըստ տարբեր աղբյուրների, Հայաստանում արտադրված կոշիկի քանակը հասել է 18-18.5 մլն զույգի։ Կոշիկի արտադրության ձեռնարկությունների մեծ մասը եղել են Երևանում: Միայն 20% արտադրությունն իրականացվել է Գյումրի, Աբովյան, Եղվարդ և Վանաձոր քաղաքներում: Հայտնի էին «Լյուքս», «Նաիրի», «Մասիս» բրենդները:  Անկախացումից հետո այդ ֆաբրիկաների արտադրանքները չդիմացան ներմուծված էժան կոշիկների հետ շուկայական մրցակցությանը: Մեծ մասը փակվեցին, մյուսները՝ զգալի կրճատեցին արտադրության ծավալները:

Կոշիկի արտադրության շուկան Հայաստանում ամենաստվերայիններից է

Դժվար է կոնկրետ թիվ նշել, թե ներկա դրությամբ Հայաստանում քանի զույգ կոշիկ է արտադրվում, քանի որ այս շուկայում լայն տարածված է ստվերային գործունեությունը։ Ըստ պաշտոնական ցուցանիշի՝ այսօր հանրապետությունում արտադրվում է մոտ 700 հազ. զույգ կոշիկ։ Բայց իրականում այդ թիվն ավելի մեծ է։ Բանն այն է, որ  տոնավաճառներում և ոչ բրենդային խանութներում վաճառվող կաշվե կոշիկների գերակշիռ մասն անհատ վարպետների և  հարկային մարմիններում չգրանցված արտադրողների արտադրանք են: Պաշտոնական վիճակագրությունը չի հաշվառում նրանց արտադրանքը։ Այսինքն՝ հարկային օրենքները չեն նպաստում, որ կոշիկ արտադրողը շահագրգռված լինի ցույց տալ իր շրջանառությունը, քանի որ հաշվառվելու դեպքում կփոքրանան նրա առանց այն էլ փոքր եկամուտները։

Հայաստանում կոշիկ արտադրող փոքր ձեռնարկությունների ֆոնին աչքի է ընկնում «Փիրալյան» ընկերությունը, որը մյուսների համեմատ՝ ունի արտադրության մեծ գործարան ու հագեցած է ժամանակակից տեխոլոգիաներով։ Ընկերությունը գրանցել է «Ռոբերտո» ապրանքանիշը, և խանութները ճանաչված են այդ բրենդով: Իսկ մյուս ձեռնարկությունների արտադրությունն իրականացվում է հիմնականում խորհրդային ժամանակաշրջանից ժառանգված արտադրական տեխնիկայով։ Ընդհանուր ձեռնարկությունների թիվը մոտ 30 է, որից՝ 8-ը միջին։ Վերջին տարին արտադրության փոքր ծավալով, բայց հետաքրքիր դիզայնով  աչքի են ընկնում հայրենիք վերադարձած սիրիահայերի կողմից բացված  «ԱՎԱ շուզ» ընկերության կոշիկները։ ՀՀ էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ՝ ներկայում Հայաստանում առկա է առնվազն 1.5-2 մլն զույգ կոշիկի արտադրության արտադրական հզորություններ:

Հայ կոշկագործները հումքը՝ կաշին, տակացուն, կրունկը, սոսինձը և այլն, հիմնականում ներմուծում են։ Որակյալ կաշին ներմուծվում է Իտալիայից և Թուրքիայից, էժան և համեմատաբար ցածրորակը՝ Իրանից, միջին որակի կաշին՝ Ռուսաստանից ու Բելառուսից: Պետության տնտեսական ճիշտ քաղաքականության դեպքում տեղական կաշվի արտադրության ծավալների մեծացման պայմաններում այլ երկրներից կաշվի ներմուծումը կարող է կրճատվել։ Օրինակ, ըստ ՀՀ մաքսային ծառայության՝ 2014-ին Հայաստանից արտահանվել է մոտ 270 հազ. հատ  անմշակ մորթի (խոշոր եղջերավոր անասունների, ոչխարի և գառան), գրեթե ամբողջությամբ՝ Թուրքիա։ Եթե Հայաստանում կազմակերպվի դրա մշակումը, ապա ստացված կաշին ավելի էժան կլինի, քանի ներմուծվածը։ Այսինքն՝ տեղեկան հումքն ավեի էժան կլինի, հետևաբար՝ տեղական կոշիկի գինը ևս կնվազի։ Որպես լուծում առաջարկվում է սահմանափակել առաջնային հումքի արտահանումը՝ կիրառելով պետական տուրք հումքի արտահանման վրա: Հայաստանում կաշվի վերամշակմամբ քիչ թե շատ հայտնի են «Կաշի» և «Բիզոն» ընկերությունները, ևս  2-3 փոքր արտադրողներ, բայց նրանց անհրաժեշտ է պետության աջակցությունը արտադրությունն ու եկամուտները մեծացնելու համար։  Սրա վերաբերյալ ոլորտի պատասխանատու միություններն ու կառույցները բազմաթիվ քննարկումներ են անցկացրել և տարբեր առաջարկություններ ներկայացրել, բայց առայժմ ոչ մի շոշոփելի արդյունք չենք տեսնում։

Ինչ կոշիկ են հագնում հայաստանցիները

Հայկական շուկայում տեղական կոշիկների կողքին «սփռված են» ներկրված և ավելի էժան կոշիկները, որոնք վաճառվում են ոչ բրենդային խանութներում։ Շատ են նաև բրենդային խանութները, որոնց կոշիկների տեսականին անհամեմատ ավելի թանկ են։ Այսինքն՝ այստեղ կոշիկի տեսականու պակաս չկա։

ՀՀ էկոնոմիկայի նախարարության հաշվարկներով, տեղական արտադրողներն ապահովում են կաշվե կոշիկների տեղական սպառման մոտ 30-40%-ը՝ 600-700 հազ. զույգ: Մնացած 70-60%-ը ներմուծվում է։ Ըստ Մաքսային ծառայության՝ 2014 թվականին Հայաստան է ներմուծվել  340 հազ. զույգ բնական կաշվից երեսով կոշիկ։ Ինչպես նաև ներմուծվել է 1.3  մլն զույգ  կոշիկ, որի կոշկատակը եղել է  ռետինից, պլաստմասսայից, բնական կամ արհեստական կաշվից, երեսը՝ մանածագործ նյութերից։ Մաքսային ծառայությունը ներկայացնում է նաև շատ ավելի էժան գնով ներմուծված կոշիկների քանակը, որոնց թվում են նաև ամառային կոշիկները, հողաթափերը և այլն։ Ըստ տվյալների՝ նախորդ տարի ներմուծվել է 1.68 մլն զույգ  անջրանցիկ կոշիկ կոշկատակով և ռետինից կոշկերեսով կոշիկ (1 զույգի միջին գինը 1.6 դոլար), 1.5 մլն զույգ կոշիկներ՝ կոշկերեսը ռետինից կամ պլաստմասսայից և ևս 1.7  մլն զույգ այլ կոշիկ, որոնց մեծ մասը ներմուծվել է Չինաստանից։

Կաշվե կոշիկներ Հայաստան են ներմուծվում մեծամասամբ Չինաստանից, ինչպես նաև՝ Իտալիայից, Հնդկաստանից  և Թուրքիայից։ Չինաստանից  և Թուրքիայից ներմուծված կաշվե կոշիկի մեկ զույգի միջինը գինը 2014-կազմել է 22-23 դոլար, հնդկականինը՝ մոտ 34 դոլար, իսկ իտալականինը՝ 130 դոլար:  Դա ոչ թե խանութներում ցուցադրված գինն է, այլ այն գինը՝  որով խանութները ներմուծում են:

Հայաստանից նաև կոշիկ է արտահանվում

Հայաստանում տեղական կոշիկների հիմնական մասը (մոտ 80%) սպառվում է տեղական շուկայում: Արտահանվում է փոքր քանակությամբ։

Արտահանման հիմնական շուկան Ռուսաստանն է։ 2014-ին արտահանվել է ընդամենը 40 հազ. զույգ կոշիկ՝ կաշվե երեսով և ևս 5  հազ.  այլ կոշիկ։

Մեկնաբանություններ (1)

Артуш
Какие бренды обуви есть в Армении?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter