HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մեդիա գերազանցություն 2015» մրցանակը շնորհվեց «Հետքի» լրագրող Զարուհի Մեջլումյանին

«Համընդհանուր իրավունքների մրցանակաբաշխություն-2015»-ի շրջանակներում «Հետքի» լրագրող Զարուհի Մեջլումյանն այսօր արժանացավ «Մեդիա գերազանցություն» մրցանակի՝ իր բացառիկ արհեստավարժության եւ ցմահ դատապարտյալների մասին գրելու ու նրանց իրավունքները պաշտպանելու համար: Մրցանակը հանձնեց ՀՀ-ում Միացյալ Թագավորության դեսպան  Քեթի Լիչը: «Ամբողջ աշխարհում լրագրողները վճռորոշ դեր են խաղում արդարադատության համակարգի ձախողումները վեր հանելու գործում: Որոշ լրագրողներ իրականում շահերի պաշտպաններ են. ակտիվորեն, գիտակցաբար եւ հատուկ լուսաբանում են անարդարությունները, սխալը ճիշտ են դարձնում, բարձրացնում են իրազեկությունը, օգնում են անհատներին եւ մատնացույց են անում համակարգային խնդիրները: Ես ուրախ եմ հայտարարել, որ այս տարվա «Մեդիա գերազանցություն» մրցանակը տրվում է Զարուհի Մեջլումյանին»,- մրցանակը հանձնելիս ասաց դեսպան Լիչը:

Նախորդ տարի այս մրցանակին արժանացել էր «Հետքը»:

Բացի «Մեդիա գերազանցությունից» սահմանվել էր եւս 5 անվանակարգ: «Ազատության պաշտպան» մրցանակը հանձնվեց «Ինֆորմացիայի ազատության կենտրոն»-ի նախագահ Շուշան Դոյդոյանին, «Խիզախ կին» մրցանակը շնորհվեց «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիային եւ Հասմիկ Խաչատրյանին, «Կառավարության բարեփոխիչ» անվանակարգում Համընդհանուր իրավունքների մրցանակը հանձնվեց Թրաֆիքինգի դեմ պայքարի աշխատանքային խմբին, «Տեղական ինքնակառավարման բարեփոխումների առաջատար»-ի մրցանակը ստացավ Ախուրյան համայնքի ղեկավար Արծրունի Իգիթյանը, իսկ «Ներառման խթանում» անվանակարգում ընտրվել էր «Ունիսոն» ՀԿ-ի գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter