HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բարոյականության զինակիրը

Ռազմիկ Մարկոսյան 

Սվերստյուկի հետ ես ծանոթացել եմ Պերմի 35-րդ ճամբարում, որտեղ մեր ազնիվ ձգտումների համար սահմանված պատիժն էինք կրում: Իմ առջև կանգնած էր անկախության գաղափարակիրն ու իմ Ստուսի հայրենակիցը: Ես մեր զրույցը հենց այդտեղից էլ սկսեցի` «Մորդովիայում ես Վասիլ Ստուսի հետ էի»: Դա բանաձևեց այն, ինչ եղել էր իմ ու Սվերստյուկի հանդիպումից առաջ, ու այն, ինչ լինում էր հետո: Ու մենք, փաստորեն, ոչ թե սկսեցինք, այլ շարունակեցինք մեր մտերմությունը:

Մենք հաճախ էինք զրուցում: Մեր զրույցներում մշտապես ներկա էր Ստուսը` մերթ որպես զրույցի թեմա, մերթ որպես բացակա զրուցակից: Մենք նրա կարիքը շատ էինք զգում: Երբեմն խաղաղվում, երբեմն ոգեշնչվում էինք նրա կերպարով: Ստուսից հետո ինձ համար Սվերստյուկը դարձավ ազատ ու ոգեղեն Ուկրաինայի խորհրդանիշը: Այդ իմաստով Ուկրաինան ինձ համար շատ թանկ երկիր է:

Ես ու Սվերստյուկը հաճախ էինք խոսում գրականությունից (քաղաքական թեմաներն ամենաքիչը գրականությանն էին խանդով վերաբերվում): Մեր զրույցները առիթ հանդիսացան, որ նա թարգմանի հայ մեծանուն բանաստեղծ Ավետիք Իսահակյանի` իմ շատ սիրած բանաստեղծություններից մեկը` «Ես ձեզ ասում եմ, կգա ոգու սով»:

А я вам скажу: прийде голод такий,

Що спрагло впадете за ситим столом

З тужливо благальним тремтінням руки

По слóва високий псалом!

Безтямно зневажили пóрив ясний,

Зняли на знущання і глум

У храмі матерії танок хмільний

Над вічністю мрії і дум.

За спалах високий, що в кпинах зачах,

Прийде голод духа такий,

Що вас розметá а по морях, по світах

З жебрацьким тремтінням руки!

Այդ շրջանում էր, որ ծնվեց Սվերստյուկի` Ստուսին նվիրված բանաստեղծությունը («Կոլիմա. Վասիլ Ստուսին»), որը մի անհաջող փորձից հետո Պերմի ճամբարից կարողացա ուղարկել Ստուսին` մագադանյան աքսորավայր:

Неба і сонця нема

Тільки сніги і ліси

Біла така вже зима

Зовсім без чару краси

Пісні і сміху не чуть

Ниє засніжений дріт

Тут під дротами течуть

В Лету останки літ

Тиша як дзвін що затих

Тиша як вигаслий жар

Боже ти знаєш тих

Котрі в снігах лежать

Знову і знову в очах

Як попелища сліди

Рої замерзлих дівчат

Снять про вишневі сади

Кажуть луна ще сміх

І догоря снага

Вже як надії їх

Сплять у надійних снігах

Вчора розвіялись сном

Завтра пливе в міражах

Мовчки стоїть за вікном

Рідна душа

5.12.1977.

Սվերստյուկի քաղաքակիրթ տեսակը անդադար հիացնում էր: Նա այդպիսին էր  թե, ճամբարում, թե ազատության մեջ: Ես նրա հետ քանիցս հանդիպել եմ խորհրդային կարգերի փլուզումից հետո: Ես դիտել եմ նրա կենսակերպը. իր մասնագիտական աշխատանքին անսահման նվիրված ազնիվ մտավորական և իր երկրի անցուդարձին մշտապես հետևող, իր քաղաքական դիրքորոշումն ունեցող ու արտահայտող բարեխիղճ քաղաքացի: Ես նայում էի նրան ու մտածում. «Տեր Աստված, բայց նա խորհրդային տարիներին սրանից ավելի ոչինչ չի արել»: Իսկ այդ տարիներին անդրադառնալիս Սվերստյուկն ասում էր. «Մենք չունենք որևէ այլ զենք, քան բարոյականության զենքը: Եթե չլինենք ծայրաստիճան բարոյական, մեզ չեն էլ նկատի: Եթե անտեղի սուր ճոճենք, մեր մի սրի դեմ հարյուրը կհանեն: Եթե սուտ ու կեղծ մի խոսք գործածենք, դրա դեմ նրանք հազարը կգտնեն: Մենք կարող ենք հաղթել միայն նրանց չունեցած ուժով. սպիտակ ագռավի ուժով, որը չի կռռում ու չի գողանում»:

Անցյալում ունեցած մեր գաղափարական համախոհությունը հոգու արյունակցություն էր դարձել մեզ համար, և Սվերստյուկի հետ մեր կապը, անկախ հանդիպումների սակավությունից, երբեք չխզվեց, չխունացավ: Մշտապես թեժ մնաց միմյանց հետ շփվելու ձգտումը: Երբ էլ որ զանգահարել եմ նրան, առաջին հարցը միշտ նույնն է եղել` «Որտե՞ղ եք»: Ամեն  անգամ սպասում էր, որ Կիևում կլինեմ: Իսկ երբ Աստծո կամոք հանդիպում էինք, հուշերին տրվելու ժամանակ գրեթե չէր լինում: Մեզ հուզող թեմաները մեր հետխորհրդային հայրենիքների խնդիրներն էին:

Հիշում եմ, թե ինչ հարգալից ընթացքով էր քայլում ինձ հետ դեպի Օդեսայի հայկական եկեղեցին ու ինչ արժանապատիվ հիացմունքով էր  ունկնդրում հայկական պատարագը: Կամ Կիևում ինչ զուսպ հպարտությամբ էր ինձ ծանոթացնում իր երկրի մայրաքաղաքին: Սվերստյուկը գնահատում էր ամեն մի ստեղծարար արժեք ու մշակույթ: Նրա համար բացարձակ էր այն ամենը, ինչ մարդուն  ու  երկրին  մղում  էր  դեպի  ազատ  բարձունքներ:

Ուկրաինայի համար հիմա դժվարին ժամանակներ են: Գուցե զարմանալի հնչի, բայց Սվերստյուկի գոյությունն ինձ մի տեսակ ապահովություն էր ներշնչում նրա երկրի համար: Ես իմ Վասիլ Ստուսի, Վյաչեսլավ Չորնովիլի ու էլի հարյուրից ավելի  ուկրաինացի ընկերների երկրի բախտը մտովի հանձնել էի շատ հուսալի մարդու ու հասարակական գործչի` Էվգեն Սվերստյուկի ապավինությանը: Բայց գիտեմ նաև, որ Սվերստյուկի նմանները չեն կորչում: Նրա օրհնանքը մայր Ուկրաինայի հետ է, և Աստծո  ողորմածությունը` նրա  անմար  հոգու:

05.04.2015,  Երևան

Լուսանկարում` ԽՍՀՄ այլախոհներ՝ Էվգեն Սվերստյուկ (ձախից), Ռազմիկ Մարկոսյան, Վասիլ Օվսիենկո-Կիև, 2009թ

 

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter