HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Դայջեստ. անցնող տնտեսական շաբաթը

Դայջեստում՝ հունիսի 1-5-ը աշխարհում կատարված տնտեսական կարևորագույն իրադարձությունների և լուրերի մասին։

Հայաստան, Արցախ

Օտարերկրյա ուղղակի ներդրումները Հայաստանում մոտ երկու անգամ կրճատվել են. փաստում են ՀՀ ազգային վիճակագրական ծառայության տվյալները։ 2015 թվականի առաջին եռամսյակում դրանք կազմել են 35,29 մլրդ դրամ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 49,3%-ով։

Ֆրանսիական «Վեոլիա» ընկերությունը, որի ներկայացուցիչը Հայաստանում «Երևան ջուր» ընկերությունն է, ցանկություն ունի Հայաստանում ընդլայնել գործունեության աշխարհագրությունը՝ մայրաքաղաքից բացի ընդգրկելով նաև Հայաստանի այլ քաղաքներն ու գյուղերը: Այս մասին հունիսի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպմանը ընդգծել է «Վեոլիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Անտուան Ֆրերոն։

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այց է կատարել Չեխիայի Հանրապետություն: Հայ-չեխական գործարար համաժողովին վարչապետը չեխական ընկերություններին կոչ է արել Հայաստանում ներդրումներ կատարել վերականգնվող էներգետիկայի, սննդի վերամշակման, զբոսաշրջության և ագրոբիզնեսի, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։

«Չեխական ավիաուղիները» կարող է վերականգնել թռիչքները դեպի Երևան։ Այս մասին հայտարարվել է հունիսի 3-ին՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և «Չեխական ավիաուղիներ» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Ժոզեֆ Սինչակի հանդիպման ժամանակ:

2015 թվականի հունվար-մարտին Հայաստան է ժամանել 232 հազար 583 զբոսաշրջիկ: 2014 թ. նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը նվազել է 4 %-ով:

2014 թվականին Արցախի Հանրապետությունում տնտեսական աճը կազմել է 8,9 տոկոս։ Այս մասին Արցախի Ազգային ժողովում հունիսի 1-ին հայտարարել է ԼՂՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Սպարտակ Թևոսյանը։ 

2014 թվականին Հայաստանի առողջապահական ոլորտի ծախսերի համար հատկացվել է ՀՆԱ–ի 1,69 տոկոսը: Այս մասին ասվում է ՀՀ պետբյուջեի 2014 թվականի կատարողական հաշվետվության մեջ:

Հայաստանը USAID-ից կստանա լրացուցիչ գրանտային ֆինանսավորում՝ 6 մլն 683 հազար դոլարի չափով՝ նորմատիվային փաստաթղթերի կազմման համար։ Այդ մասին որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության հունիսի 4-ի նիստում։

Աշխարհ

Ֆինանսներ 

Եվրոգոտում այս տարվա մայիսին, վերջին վեց ամիսների կտրվածքով, առաջին անգամ սպառողական գների աճ է արձանագրվել։ Տարեկան աճը կազմել է 0,3%։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը՝ այն գնահատելով որպես գնանկման դեմ պայքարում մեծ հաջողություն Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) համար։

ԱՄՆ արժեթղթերի և փոխանակման հանձնաժողովը Bank of America Merrill Lynch-ին տուգանել է 11 մլն դոլարով ֆոնդային շուկայում խաղի կանոնները խախտելու համար, գրում է Financial Times-ը։

Հունաստանը, Արժույթի միջազգային հիմնադրամը և Եվրոպայի կենտրոնական բանկը համաձայնության են եկել մակրոֆինանսական օգնության ժամկետի երկարաձգման դիմաց Աթենքի բարեփոխումների ծրագրի շուրջ, ինչը թույլ կտա Հունաստանին խուսափել դեֆոլտից։ Եթե Եվրախումբը պաշտոնապես հաստատի այս որոշումը, դեֆոլտի սպառնալիքը չեղյալ կհամարվի, գրում է Business Insider-ը։

Մալայզիական ավիափոխադրող Malaysia Airlines ավիաընկերությունը հայտարարել է «տեխնիկական սնանկության» մասին: Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ մեջբերելով ընկերության ղեկավար Քրիստոֆ Մյուլլերի հայտարարությունը։

Արժույթի միջազգային հիմնադրամն այս տարի երկրորդ անգամ 0,6 տոկոսային կետով նվազեցրել է ԱՄՆ–ի տնտեսության աճի կանխատեսումը` մինչև 2,5 տոկոս և 2016-ին` 0,1 տոկոսով` մինչև 3 տոկոս, նշվում է հիմնադրամի զեկույցում, գրում է  РИА  Новости-ն։ 

Լոնդոնի մետաղների բորսայում (LME) հունիսի 4-ին կայացած առևտրային շրջանի արդյունքում գունավոր մետաղների առաջիկա երեք ամիսների ֆյուչերսների համար 1 տոննայի համար սահմանվել են հետևյալ գները. ալյումին՝  1736 դոլար, պղինձ՝ 5960 դոլար, կապար՝ 1942 դոլար, նիկել` 20488,19 դոլար, անագ՝ 15475 դոլար, ցինկ՝ 2150,5 դոլար, մոլիբդեն՝ 17200 դոլար, կոբալտ՝ 30700  դոլար, հաղորդում է metal4u.ru-ն։   

Տեխնոլոգիաներ

Google ընկերության ներկայացուցիչները հայտարարել են Project Jacquard նոր նախաձեռնության մասին։  Ըստ դրա՝ կստեղծվի աշխարհում առաջին սենսորային հագուստը: Կտորի մեջ կներհյուսվեն լարեր, որոնք դիզայներական արվեստի առարկան կվերածեն բարձր տեխնոլոգիական սարքի, գրում է dezeen.com-ը։ 

Computex 2015-ի շրջանակներում, ZenFone Selfie սմարթֆոնից բացի, Asus ընկերությունը ներկայացրել է ZenWatch 2 «խելացի» ժամացույցը և ZenPad դասին պատկանող չորս նոր պլանշետ։ Ժամացույցը ստացել է Gorilla Glass 3-ով պաշտպանված OLED ցուցասարք և Qualcomm չիփսետ (հավանաբար Snapdragon 400): Սարքավորումը կարտադրվի երկու չափսերով՝  41 մմ և 37 մմ, գրում է technewstoday.com-ը։ 

Չինական Tzekwan ընկերությունը ներկայացրել է աշխարհում առաջին կենսաչափական բանկոմատը, որն օժտված է մարդկանց դեմքերը ճանաչելու գործառույթով։ Բանկումատն ունի տեսախցիկ, որը ֆիքսում է մարդկանց դիմագծերը և համեմատում դրանք տվյալների բազայի հետ։ Հեղինակները վստահեցնում են, որ այնքան մանրակրկիտ է մշակված այս համակարգը, որ դիմագծերի փոփոխության դեպքում անգամ բանկոմատը կճանաչի մարդկանց, գրում է Daily Mail-ը։ 

Microsoft ընկերությունը հայտարարել է Nokia 105 Dual SIM նոր բջջային հեռախոսի թողարկման մասին։ Այն կունենա 1.45 դյույմանոց էկրան և հասանելի կլինեն մեկ կամ երկուքարտանի տարբերակներ։ Ենթադրվում է, որ այն կարժենա մոտ 20 դոլար, հաղորդում է hitech.vesti.ru-ն։ 

Էներգետիկ ռեսուրսներ

Վիեննայում բացվել է նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԵԿ) անդամ երկրների նավթի ու էներգետիկայի նախարարների նիստը։ Դրանով պայմանավորված՝ նավթի համաշխարհային գները կտրուկ անկումից հետո կարգավորվել են։ Շուկայի մասնակիցները ակնկալում են, որ ՕՊԵԿ-ը չի կրճատի նավթի արդյունահանման ծավալներն իր այսօրվա նիստում, գրում է vestifinance.ru-ն։ 

Չինական China Harbour Engineering Company ըներությունը մտադիր է Մեծ Բրիտանիայում կառուցել աշխարհում առաջին  մակընթացային էլեկտրակայանը։  Նախագիծը գնահատվում է մոտ 1 մլրդ ֆունտ ստեռլինգ։ Այն կարող է էլեկտրաէներգիայով ապահովել 120  հազ. տուն, գրում է Financial Times-ը։  

Չինաստանը դեռևս չունի նավթի սեփական շուկա՝ չնայած, որ նավթի խոշորագույն ներմուծողն է աշխարհում։ Բայց իրավիճակն այս տարի կարող է փոխվել, եթե  Շանհայի էներգակիրների միջազգային բորսայում սկսվի նավթի ֆյուչերսների երկարատև պլանավորված առևտուրը, գրում է The Wall Street Journal-ը։ 

Գերմանական Wintershall  ընկերության ղեկավար Մարիո Մերենը հայտարարել է, որ Եվրոպայում չկան էներգետիկ կոնսորցիումներ, որոնք պատրաստ են ներդրումներ անել Թուրքիայի հետ գազատար հանգույցի  կառուցման համար, գրում է rueconomics.ru-ն՝  հղում կատարելով РИА  Новости-ն։

Իրանը մտադիր է նավթի հանքահանման ծավալները ներկայիս օրական 3 մլն բարելից մեծացնել մինչև օրական 4 մլն բարել։ Այս մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, գրում է gazeta.ru-ն։

Ավտոաշխարհ

Շանհայում Audi-ն ներկայացրել է ինքնակառավարվող էլեկտրական սուպերմեքենա, որի անվանումն է R8 e-tron։ Այն ունի երկու շարժիչ՝ 456 ձիաուժ հզորությամբ մարտկոցային սնուցմամբ և կարող է 450 կմ ընթանալ՝ մինչև հաջորդ լիցքավորումը: 3,9 վայրկյանում զարգացնում է մինչև 100կմ/ժ արագություն, իսկ առավելագույն արագությունը հասնում է 250 կմ/ժ-ի, գրում է Daily Mail-ը։ 

Ford ընկերությունը ԱՄՆ-ից հետ է կանչել մոտ 1 մլն ավտոմեքենա՝ ճապոնական Takata ընկերության անվտանգության բարձիկներով։ Դրանցում լուրջ անսարքություններ են հայտնաբերվել: Հետ են կանչվել 2005-2014թթ. արտադրության Mustang և 2005-2006թթ. արտադրության GT մոդելների ավտոմեքենաները, գրում է motorpage.ru-ն։ 

2016-ին  Փարիզի հերթական ավտոսրահում կներկայացվի Audi-ի պատմության մեջ ամենափոքր մոդելը: Մեքենան կմրցակցի Mini-ի հետ, որը «պրեմիում» դասի միակ ներկայացուցիչն է շուկայի այդ սեգմենտում: Մոդելի անունը դեռ հայտնի չէ, տեղեկացնում է Terra-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter