HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երկու օրինակ. ինչպես է Հայաստանում գործում ընտրովի արդարադատությունը

Լուսանկարի երկու երիտասարդները ՀՀ քաղաքացիներ են, սակայն ՀՀ օրենքները նրանց նկատմամբ կիրառվում են տարբեր կերպ՝ ընտրովի: Պատճառն այն է, որ Հայաստանում օրենքի առջև բոլորի հավասարության սկզբունքը սոսկ ՀՀ Սահմանադրության մեջ գրված գեղեցիկ հիշատակում է: 

Շենգավիթի 24-ամյա բնակիչ Վազգեն Կարապետյանը (լուսանկարում՝ ձախից) 4 ամիս է՝ կալանքի տակ է մեկ անձի հայտարարության հիման վրա: Իսկ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը (լուսանկարում՝ աջից) անգամ կասկածյալ չէ ավելի քան մեկ ամիս առաջ՝ մայիսի 2-ին Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով, թեպետ ծեծկռտուքի հետևանքով տուժած Զաքարյան եղբայրների ծնողները մամուլում բազմիցս հայտարարել են, որ իրենց որդիները կռվել են Սյունիքի մարզպետի որդիների հետ: Զաքարյանների ծնողները անգամ նշել են, որ իրենց որդիներին պարբերաբար զանգել է Խաչատրյանի որդին ու անհանգստացրել:    

Այսինքն՝ եթե դու մարզպետի որդի ես, այն էլ՝ Սյունիքի մարզպետի, դու կարող ես գտնվել օրենքից վեր կամ օրենքից դուրս վիճակում, անգամ եթե բազմաթիվ վկայություններ կան այն մասին, որ դու մասնակցություն ունես ծեծկռտուքի կազմակերպմանն ու բուն ծեծին: Մինչդեռ եթե դու պարզապես ՀՀ քաղաքացի ես՝ առանց բարձրաշխարհիկ հովանավորների, օրենքը քո նկատմամբ կգործի ողջ խստությամբ անգամ այն ժամանակ, երբ բացառապես ապացույց չկա, քան մեկ հայտարարությունն է: 

Տարբերություն 1 

Հունիսի 5-ին Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է նախաքննական մարմնի միջնորդությունը 24- ամյա Վազգեն Կարապետյանի կալանքի ժամկետը դարձյալ երկարաձգելու մասին: Այս անգամ նա կալանքի տակ կմնա մինչև օգոստոսի 12-ը: Այս մասին մեզ տեղեկացրեց Վազգեն Կարապետյանի փաստաբան Ստեփան Ոսկանյանը: 

Հիշեցնենք, որ Շենգավիթի բնակիչ Վազգենը կալանքի տակ է այս տարվա փետրվարի 15-ից: Նա արդեն 4 ամիս գնտվում է «Նուբարաշեն» ՔԿՀ-ում նախնական կալանքի տակ: Իսկ Վազգեն Կարապետյանին ձերբակալերու համար հիմք է հանդիսացել ընդամենը մեկ անձի՝ Իգոր Կովալյովի՝ ոստիկանության Շենգավիթի բաժնում տված հայտարարությունն այն մասին, որ Վազգեն Կարապետյանն իրեն սպառնացել է զենքով, քաշքշել, գումար ցանկացել շորթել: 

«Հետքը» գրել է այս պատմության մասին, թե ինչպես է մեկ անձի հայտարարությունը մարդուն ձերբակալելու, ապա կալանք կիրառելու հիմք դարձել: Ի դեպ, «Հերթապահ մաս» հաղորդմամբ ցույց են տվել  երիտասարդին ու նրան մեղադրողին: Այնտեղ մի մարդ՝ Իգոր Կովալյովը, դեմքը պատի կողմն արած, պատմում է, որ գիշերով իրեն քաշել նստեցրել են մեքենայի մեջ զենքի սպառնալիքով, խփել են, պահանջել 10.000 դոլար: 

Հիմա գանք Գորիսի դեպքին. չնայած նրան, որ բազմաթիվ անգամ տուժողներ՝ Հարություն ու Մուշեղ Զաքարյանների ծնողները հիշատակել են Սուրիկ Խաչատրյանի որդու անունը՝ որպես ծեծկռտուքի մասնակցի, ավելին՝ նախաձեռնողի, այդուհանդերձ անցել է մեկ ամսից ավելի, սակայն այս գործով անգամ կասկածյալ չկա: Սուրիկ Խաչատրյանի որդին մայիսի 16-ին հարցաքննվել է որպես վկա: 

Տարբերություն 2 

Այս տարվա մայիսի 2-ին Գորիսում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ հարուցված գործը ճիշտ չի որակվել: Ավելի ճիշտ՝ որակվել է հնարավորինս մեղմ, որպեսզի պատասխանատվության դեպքում մասնակիցը կամ մասնակիցները կրեն մեղմ պատիժ: Այսպես՝ հարուցվել է քրեական գործ ՔՕ 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ խուլիգանությունը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից: Այս արարքը պատժվում է ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով:

Սակայն ճիշտ որակման դեպքում պետք է գործը հարուցվեր միանգամից երեք հոդվածներով՝  և՛ ՔՕ 258՝ խուլիգանության, և՛ ՔՕ 113 (միջին ծանրության վնասվածք), և՛ 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին ու 6-րդ կետերով (դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը, որը վտանգավոր է կյանքի համար կամ առաջացրել է տեսողության, խոսքի, լսողության կամ որեւէ օրգանի կամ օրգանի ֆունկցիայի կորուստ, որը կատարվել է երկու և ավելի անձի նկատմամբ մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից): Այսպես պիտի որակվեր այն պարզ պատճառով, որ Հարություն Զաքարյանին պատճառվել է ծանր մարմնական վնասվածք՝ նա զրկվել է մեկ աչքից: Իսկ նրա եղբոր՝ Մուշեղի ծնոտն է կոտրվել՝ միջին ծանրության վնասվածք: Իսկ այս արարքների համար, բնականաբար, ՔՕ-ով սահմանված են խիստ պատիժներ: Օրինակ՝ միայն 112 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով ու 6-րդ կետով նախատեսված է 5-10 տարվա ազատազրկում:

Ակնհայտ է դառնում, որ արդեն իսկ մեղմ հոդված դնելով՝ նախաքննական մարմինը փորձ է արել «փրկել» հնարավոր մեղավորներին:

Փոխարենը ՀՀ մեկ այլ քաղաքացու՝ Վազգեն Կարապետյանին, ով մարզպետի որդի չէ, ընդամենը մեկ հայտարարության հիման վրա նախաքննական մարմինը ՔՕ միանգամից երեք ծանր հոդվածներով մեղադրանք է առաջադրել՝ ավազակությունը, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ, շորթումը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով գույք ստանալու նպատակով և ապօրինի զենք կրելը, պահելը: 

«Ստացվում է, որ ընդամենը մեկ հայտարարության վրա մարդուն արդեն մի քանի ամիս պահում են ազատազրկման վայրում: Որևէ այլ ապացույց, որ զենքով սպառնալիք, քաշքշոց, շորթում եղել է պարզապես գոյություն չունի»,-  նկատեց փաստաբան Ստեփան Ոսկանյանը՝ համոզմունք հայտնելով որ այս գործը պիտի կարճվի բոլոր երեք հոդվածերով, այն նույնիսկ դատարան չպիտի հասնի: 

Փաստաբան Ստեփան Ոսկանյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կալանքի ժամկետը երկարաձգելու որևէ նոր հիմք քննիչը չի ներկայացրել, պարզապես նա ընդգծել է, որ դատագենետիկական ու դատաբժշկական փորձաքննոթյուն է նշանակել, իսկ Վազգեն Կարապետյանը ազատության մեջ գտնվելով հնարավոր է ազդի քննության վրա: 

Հայկուշ Թովմասյանը՝ Վազգեն Կարապետյանի մայրը շեշտում է, որ այս ամենը կազմակերպված է իր որդու դեմ, քանի որ նա ակտիվ հակազդում էր, որ «Մայամի» հյուրանոցային համալիրի մոտ հավաքվողներն իրենց հահոյանքներով, ծեծկռտուքներով չխանգարեն շենքի բնակիչներին: 

Սակայն Վազգեն Կարապետյանին չեն ազատում անգամ այն ժամանակ, երբ, ինչպես պատմեց նրա մայրը՝ կա ականատես վկա, որ ոչ մի քաշքշուկ էլ չի եղել: Վերջերս Կարապետյանների բնակարան է եկել Արթուր անունով մի մարդ. «Այդ Արթուրը պատմեց, որ ինքն է տաքսիով Իգոր Կովալյովին այդ օրը բերել Վազգենի հետ հանդիպման, ինքն էլ տարել է: Նա ասաց, որ Իգորի հարևանն է: Պատմեց, որ հանդիպումը մի 15 րոպե է տևել, իրար հետ զրուցել են մեր շենքից մի քիչ էն կողմ՝ «Մայամիի» ու հիվանդանոցի մոտ: Հետո նորից նստել է նույն Արթուրի տաքսին ու գնացել են: Բայց ոչ մի հրմշտոց, ոչ մի բան չի եղել»,-ասաց Վազգեն Կարապետյանի մայրը՝ ընդգծելով, որ Արթուր անունով տղան պատմել է, որ մի անգամ են իրեն կանչել հարցաքննության ու էլ ոչ մի գործողություն չեն արել: 

Փաստաբան Ոսկանյանը նշեց, որ քրեական դատավարության օրենսգրքի համաձայն, նախաքննական մարմնի ուղիղ պարտականությունն է, ձեռք բերել ոչ միայն անձի մեղավորությունն ապացուցող փաստեր, այլ անմեղությունը: Դա բխում է գործի քննության լրիվությունից, օբյեկտիվությունից, բազմակողմանիությունից: 

Փաստաբանն ասաց, որ ունի բավարար տեղեկություններ, որ Իգոր Կովալյովը ոստիկանության տվյալ բաժնում հովանավորություն ունեցող անձ է: «Այսինքն՝ ինֆորմացիա են ստանում, տարբեր քրեական գործեր են հարուցվում, դիտվում է որպես իրենց մարդը: Եթե սովորական մի քաղաքացի գնա ու զրպարտչական ցուցմունք տա, կարճ ժամանակում կբացահայտվեր ու նրան պատասխանատվության կենթարկեին»:  

Երկու տարբեր իրականություն 

Այս անգամ մենք վկայակոչեցինք Շենգավիթի բնակիչ Վազգեն Կարապետյանի գործը՝ ցույց տալու այն հակասությունը, որը չի կարող չնկատել ՀՀ քաղաքացին: Նման գործեր, ցավոք, բազմաթիվ են: 

Մեկնաբանություններ (1)

քաղաքացի
Բաղրամյան 26.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter