HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կատարվեց 19-ամյա նախկին զինվորի երազանքներից մեկը. նա ուսանող է (տեսանյութ, լուսանկարներ)

Արուճ գյուղի 19-ամյա բնակիչ Մայիս Գեղամյանն այսօր դարձավ ՀՀ ԱՆ Իրավաբանական քոլեջի ուսանող: Այստեղ նա անվճար կսովորի 2 տարի, կստանա միջին մասնագիտական կրթություն, ապա կարող է բուհի իրավաբանական ֆակուլտետում ուսումը շարունակել 3-րդ կուրսից:

Մայիսն այսօր ինքնուրույն էր վարել մեքենան Արուճից մինչև Երևան, հագնվել էր ուսանողի պես, մոր ու եղբոր հետ եկել ԱՆ իրավաբանական քոլեջ, որտեղ աշխատակազմը սպասում էր իր նոր ուսանողին:

Մայիսն ասաց, որ քոլեջում սովորելու հրավերն իր համար անակնկալ էր. «Չեմ կարող բառերով նկարագրել զգացածս… երազանքս իրականություն է դառնում»,- ասաց Մայիսը, ով «Հետքի» հրապարակումներում մշտապես բարձրաձայնել էր սովորելու իր երազանքի մասին:

Արդարադատության նախարարությունն արձագանքել էր «Հետքի» «Հաշմանդամ դարձած զինվորն ուզում է սովորել բուհում ու աշխատանքի անցնել ԱԻՆ-ում» հոդվածին` զանգահարելով Գեղամյաններին ու առաջարկելով ուսումնառություն ԱՆ Իրավաբանական քոլեջում:

ԱՆ Իրավաբանական ինստիտուտ ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Հայրապետյանը տեղեկացրեց, որ Մայիս Գեղամյանի ուսուցումը կազմակերպվելու է անվճար, որ նա կարող է ուսանել նաև հեռահար ուսուցման մեթոդով` ինտերնետային կապով ստանալով հանձնարարություններն ու կատարելով դրանք, որպեսզի երկար ճանապարհ կտրել- հասնելու խնդիր չառաջանա:

Արդարադատության նախարարի խորհրդական Դավիթ Ղուլյանը քոլեջի նոր ուսանողին շնորհավորեց նախարարության ողջ աշխատակազմի և անձամբ նախարար Հովհաննես Մանուկյանի անունից:

Երախտագիտության ու շնորհավորանքի փոխադարձ խոսքեր հնչեցին, Մայիսը տնօրենից նվերներ ստացավ, ապա շրջեց լսարաններով ու ծանոթացավ դասախոսների հետ: Հետո լրացրեց ընդունելության դիմումը:

Մայիս Գեղամյանը հենց այս ամռանը պետք է զորացրվեր բանակից, սակայն ողբերգական դեպքի հետևանքով հասցրել էր ծառայել ընդամենը 45 օր: Ծառայության 4-րդ օրը ստացած ծնկի վնասվածքի տեղում առաջացել էր սարկոմա, ինչը դարձել էր ոտքի ամպուտացման պատճառ: Երկարատև բուժումից հետո, դժվարություններ հաղթահարելով` 19-ամյա նախկին զինվորը փորձում է իրագործել իր երազանքները:  Մեզ հետ զրույցում դեռ հոկտեմբեր ամսին նա պատմել էր, որ բանակից գալուց հետո նպատակ ուներ կրթություն ստանալ:

Լուսանկարները` Գարիկ Աբելյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter