HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե հայաստանցին այսօր աշխատանք չի կարողանում գտնել, դրսից եկած մարդուն ինչո՞վ կարող են օգնել, ուրիշ հարց՝ չխանգարեն»

Գայանե Սարգսյան

Սիրիահայ Սիմոն Համամջյանի կնոջը՝ Տաթևիկին, հանդիպեցինք Վանաձորում վարձակալված բնակարանում: Երկու երեխաներն ու Տաթևիկը երեք տարի է՝ Սիրիայից տեղափոխվել են Հայաստան:

«Ես 2012 թ.-ի մայիսին երեխաների հետ եկա: Մեր թռիչքից անմիջապես հետո օդանավակայանը պայթեցրին: Մերը վերջին օդանավն էր, որ թռավ: Ամուսինս չկարողացավ գալ: Ես չէի մտածում, որ կգամ ու կմնամ: Սիրիայի հեռուստատեսությունը սովետականի նման է: Միշտ պրոպագանդում էին, որ ամեն ինչ անցողիկ է, խուճապի մատնվելու կարիք չկա»,- պատմում է Տաթևիկը:

Ամուսնուն՝ Սիմոնին, ու նրա եղբոր ընտանիքին հաջողվել է Հայաստան գալ մեկ տարի հետո: Սիմոնի ընտանիքն սկզբնական շրջանում բնակվել է Վանաձորում: Տեղում աշխատանք չգտնելով, սակայն, տեղափոխվել են Երևան:

2006 թ.-ին հալեպահայ Սիմոնի հետ ամուսնացած ու Սիրիա տեղափոխված Տաթևիկն ասում է, որ մշտապես ցանկացել են վերադառնալ Հայաստան:

«Մտածում էինք այնտեղ մեր բիզնեսը վաճառենք, գանք Հայաստանում տուն գնենք, հող գնենք, աստիճանաբար տեղափոխվենք: Բայց որ ամեն ինչ այսպես կստացվի, ամեն ինչ կթողնենք ու կգանք, չէինք մտածում»,- ասում է Տաթևիկը:

Հալեպում պլաստմասսե իրերի արտադրամասեր ունեցող Համամջյան եղբայրները Հայաստանում ստիպված են եղել ցանկացած աշխատանք կատարել: Ինժեներ-մեխանիկ Սիմոնն աշխատել է երևանյան մի շարք արտադրամասերում: Նրան, սակայն, չի գոհացրել ոչ միայն ցածր աշխատավարձը, այլև վերաբերմունքը սիրիահայերի նկատմամբ:

Սիմոնի ու նրա սիրիահայ ընկերների համար Հայաստանում շատ բան է անհասկանալի: Հալեպում մի քանի տասնյակ բանվոր ունեցող արտադրամասի ղեկավարն այդպես էլ չի հասկացել, թե երևանյան կազմակերպություններից մեկի 21-ամյա տնօրենն ինչո՞ւ է իր հետ «արա»-ով խոսում, չի հասկացել, թե երկրում, որտեղ պետական լեզուն հայերենն է, ինչու են կիսառուսերեն, սխալ վերջավորություններով խոսում, չի հասկացել երևանյան ժարգոնն ու գողական ռազբորկաները, չի հասկացել, թե Հայաստանում ինչու խորհուրդ չի տրվում նույնիսկ սխալվելու դեպքում ասել՝ կներես:

«Ասում էր՝ այդքան տարի մենք արաբների մեջ ապրել ենք, խոսել ենք գրական հայերենով, թող լինի գրական արևմտահայերենով, Հայաստանում ինչու՞ պիտի էսպես խոսեն»,- պատմում է Տաթևիկը:

Սիմոնը չի հասկացել նաև ծանոթ հայաստանցիներից ոմանց վերաբերմունքը կանանց նկատմամբ: «Սիրիահայերը շատ կնամեծար են: Չէր հասկանում, ո՞նց կարող է ընկերների հետ նստած ամուսինը կնոջը գոռա՝ հլա մի հատ պեպելնիցեն բեր, չէր հասկանում այդ նույն տղամարդու՝ կնոջ խալաթներով ու հողաթափերով հյուր ընդունելու սովորույթը»,- նշում է կինը:

Ու քանի որ գործող բարքերի դեմ ոչինչ անել չէր կարող, պետք է կամ հարմարվեր, կամ հեռանար: Սիմոնը գոնե առայժմ ընտրել է երկրորդ տարբերակը: Իր գործի գիտակ ինժեներն աշխատանքի հրավեր է ստացել ու մեկնել Արաբական Էմիրություններ:

«Մեկ անգամ տեղահանվելուց հետո երբեք չես ուզի նորից գնալ ինչ-որ տեղ, բայց այլևս անհնար էր այստեղ գոյատևելը: Եթե մենք ունենայինք այն ամենի կեսը, ինչն ունեինք Սիրիայում, չէր գնա… Ոչ թե կեցությունն է որոշում գիտակցությունը, այլ ուղղակի գիտակցությունդ փորձում ես հետին պլան մղել, որ կեցությունդ ապահովես: Որ մենակ ես լինեի, ուրիշ հարց, բայց երեխաների խնդիրը կա»,- ասում է Տաթևիկը:

8-ամյա Կարոն մինչ այժմ հիշում է Հալեպի իր սենյակը, նախակրթարանի առաջին ուսուցչուհուն: Ինչպես ինքն է ասում, նույնիսկ մեկ-մեկ երազում է տեսնում այդ ամենը: «Բաներ կան, որ ուզում եմ գրախանութներից գնել, ասում է՝ մամա, մի առնի, ես Հալեպում ունեմ, իմ դարակում դրված է»,- ասում է մայրը:

Հայաստանում շուրջ երեք տարի ապրած ընտանիքին երկրորդ երեխայի ծնվելու առիթով աջակցել է Վանաձորի քաղաքապետը՝ գումար հատկացնելով մանկասայլակի համար, ևս մի քանի անգամ պարենային աջակցություն են ստացել տարբեր կազմակերպությունների կողմից: Աջակցության որևէ ակնկալիք, սակայն, ի սկզբանե չեն ունեցել:

«Հայաստանը փոքր երկիր է, շատ անկայուն՝ բոլոր առումներով: Ես ի՞նչ ակնկալեմ… Եթե Հայաստանում ապրած հայաստանցին այսօր աշխատանք չի կարողանում գտնել, դրսից եկած մարդուն ինչո՞վ կարող են օգնել,- ասում է Տաթեւիկը ու հավելում,- ուրիշ հարց՝ չխանգարեն»:

Նա պատմում է, որ ամուսնու եղբայրը ցանկացել է Հայաստանում շարունակել ընտանեկան բիզնեսը՝ պլաստմասսե իրերի արտադրությունը, սակայն թույլ չեն տվել: «Սկեսրայրս եկավ Հայաստան, օգնեց մասնագիտական առումով: Կամաց-կամաց ուզում էին աշխատել, եկել են ասել՝ հավաքվեք, էս ի՞նչ կա: Կարճ կոնկրետ: Մարդիկ էլ փակեցին, հավաքվեցին»:

Հարցիս, թե հատկապես ինչ են ասել, պատասխանում է. «Շատ պարզ, ակնհայտ բաներ են ասել, որն ասում են բոլոր նրանց, ովքեր տեղյակ չեն հայաստանյան ներքին օրենքներից… Եթե չխանգարեն, հատկապես հալեպահայերը շատ աշխատասեր են, նրանք քարից փող կսարքեն»:

Սիրիահայ Համամջյաննների ընտանիքն այսօր ապրում է մասնատված: Հետոյի մասին պատկերացումներն առավել քան մշուշոտ են:

«Մինչև հիմա հույս ունեի, որ մի քիչ խաղաղվի, կգնամ, իմ տնից անհրաժեշտ իրերս կբերեմ, բայց դրա հույսն էլ կորցրինք: Հիմա համարում ենք, որ ոչինչ չենք ունեցել, ոչինչ չի եղել… Աշխատում եմ հետոյի հետ կապված հարցեր ինքս ինձ չտալ»:

Մեկնաբանություններ (3)

GB
May God bless this family....You are belong to your ancestral land, stay in Armenia and fight for your rights!
Մելիքսեթ
Հարգելի ՀՀ իշխանություն և իշխանավորներ, հոդվածը գրված է Ձեր համար, որ Դուք մեկնաբանեք, չե որ իշխանությունների գործության կամ անգործության արդյունքն է, որ որոշ արտոնյալներ իրենց իրավունք են վերապահոմ վարվել այնպես, որ ԲՆԱՎԵՐ ԵՂԱԾ մեր հայրենակիցները ստիպված հեռանան՝ իրենց հայրենիքից:
Roger Djaferian
Yes, this story is about right as I experienced it. They prey on their own people not just the spurka hay. Each person for himself they do not care about their race nor Armenia. Remember people went through a lot but when your faith in God and country is strong, no matter what difficulties you will not hurt your own people nor your fatherland/motherland. Some of us in the Spurk we stand firm in our believes, some assimulate and disappear. And in Armenia there are few good people that will help once they know you, and a lot of bad people that will distroy you or even kill you. Yes I will keep going back and try and try to build a life there and hope some day good people will outnumber the bad ones

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter