HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Այն փոքր բաները, որ կարող ենք անել, ինչո՞ւ բողոքենք ու չանենք»,- ասում է ԱՄՆ-ում ուսանած հայ դպրոցականը

18-ամյա Անահիտ Վարդանյանը Արմավիրի մարզի Լեռնագոգ գյուղից է: Նա վերջերս է վերադարձել ԱՄՆ-ից, որտեղ 9 ամիս սովորել է FLEX ծրագրի շրջանակներում:

«Եթե կյանքը վերելքներով ու անկումներով չլինի, հետաքրքիր չի լինի»

Վերադառնալուց հետո համագյուղացիներից շատերն էին կեսկատակ-կեսլուրջ նրան ասում՝ խոսացնենք, տեսնենք հո հայերենը չի՞ մոռացել:

«Շատ էի լսել, որ ասում են՝ գնում, մոռանում ես, դա ինձ վրա շատ էր ազդում: Գիտեի, որ հետ գամ, ասելու են` փոխվել ես: Բնականաբար, փոխվել եմ ու իմ առաջնային նպատակներից էր գնալ ու փոխվել,- ասում է Անահիտը: - Հիմա ավելի եմ գնահատում այն, ինչ ունեմ. երբ այնտեղ ես ու հեռու, մտածում ես, որ արժի ավելի շատ սեր ու ջերմություն տալ մարդկանց, որովհետև միշտ չէ, որ այդ մարդիկ քո կողքին կլինեն»:

Անահիտն այս ծրագրում ընդգրկվել է 3-րդ փորձից. մինչ այդ երկու անգամ անհաջողություն է ունեցել: Խոստովանում է, որ երբ առաջին անգամ էր դիմում, պարզապես ուզում էր տեսնել ամերիկյան ֆիլմերի կյանքը: Բայց հետո նրա վերաբերմունքը փոխվեց: Անահիտի համար սա ոչ միայն նոր երկիր տեսնելու ու լեզու սովորելու հնարավորություն էր, այլ այս փոփոխության շնորհիվ սեփական թերությունները շտկելու միջոց: 

«Այդ երկու տարվա ընթացքում հասկացա, որ ես ուզում եմ նախ և առաջ իմ մեջ բաներ փոխել: Առաջ ավելի ամաչկոտ էի, նախաձեռնող չէի: Բայց հետո հասկացա, որ եթե կյանքն այդ վերելքներով ու անկումներով չլինի, հետաքրքիր չի լինի,- ասում է Անահիտը:- Ես հասկանում էի, որ իմ կյանքը միապաղաղ է: Միշտ փորձում էի ճիշտն անել, որ վատ բան չստացվի ու ինձ ոչ մեկ ոչինչ չասի: Այդ վախն էր՝ ինչ-որ բան սխալ չանելու վախը, որ քեզ ստիպում է շատ բաներից հեռու կանգնել: Հետո սկսեցի ինձ գցել դժվարությունների մեջ, որ դրանք հաղթահարելով հասկանամ՝ կարող եմ, թե չէ»:

ԱՄՆ-ում ապրելու մոտ մեկ տարին Անահիտի համար փորձություն էր, որովհետև դժվար էր հարմարվել նոր կյանքին: Բայց այդ ընթացքում ծնողները քաջալերում էին, որ մնա:

«Ես ինձ նախապատրաստել էի, որ դժվար է լինելու, բայց չէի պատկերացնում, որ պահեր են լինելու, երբ այդ ամենը կարոտելու ես,- ասում է Անահիտը: - Դժվարություններ լինում են, բայց առանց դրանց ոչինչ չենք կարող սովորել: Պետք է ինչ-որ բանի միջով անցնենք, որ մեզ ինչ-որ բան մնա դրանից»: 

«Երբ ասում էի Արմենիա, շատերը կամ Ալբանիա էին հասկանում կամ Ռումինիա»

ԱՄՆ-ում Անահիտն ապրում էր Վաշինգտոն նահանգի Սփոքեն քաղաքում, Վեյդ և Էլիզաբեթ Նելսոնների ընտանիքում: Այնտեղ նա հաճախում էր Լյուիս և Քլարք ավագ դպրոցը (Lewis and Clark High School), որտեղ ուսումնասիրել է գրականություն, քաղաքագիտություն, լուսանկարչություն: Դասերի ժամանակ Անահիտը մի քանի անգամ առիթ է ունեցել ներկայացնելու Հայաստանը: Առաջին անգամ նա ներկայացրել է հայկական ժողովրդական պարը:

«Ելույթից հետո մարդիկ մոտենում և ասում՝ զգում ենք, որ այս պարի մեջ պատմություն կա, պատմիր դրա մասին,- հիշում է Անահիտը: - Շատ հարցեր էին տալիս հատկապես 100-ամյակի օրերին, հարցնում էին նաև այստեղի կրթության, հայտնի հայերի մասին: Երիտասարդներից շատերը ճանաչում են System of a down խմբին: Դասերից մեկի ժամանակ, երբ խոսք եղավ Քիմ Քարդաշյանի հայ լինելու մասին, ինձ հարցրեցին, թե ինչպես եմ նրան վերաբերվում, ես էլ ասացի՝ շատ ուրախ եմ, որ դուք ունեք նրան»:

Անահիտի կարծիքով՝ փոխանակման նման ծրագրերը նպատակ ունեն վերացնել այն երկաթյա վարագույրը, որ եղել է ԽՍՀՄ տարիներին, նաև՝ կատարել մշակութային փոխանակություն:

«Մենք իրենց չենք ճանաչում, իրենք՝ մեզ: Երբ անգամ աշխարհագրորեն փորձում ես բացատրել Հայաստանի տեղը, մարդիկ չեն կարողանում պատկերացնել, որ այդ տեղում երկիր կա,- ասում է Անահիտը:- Երբ ասում էի Արմենիա, շատերը կամ Ալբանիա էին հասկանում, կամ՝ Ռումինիա»:

Անահիտը համաձայն չէ այն տարածված կարծիքին, թե ամերիկացիները սառն են: Ընդհակառակը, նրանք երբեք չեն թաքցնում իրենց զգացմունքները: Բայց այնտեղ ամեն մեկը զբաղված է իր անձնական գործով:

«Այնտեղ հնարավորությունները, բնականաբար, ավելի շատ են, ու այնտեղի աշակերտները չեն էլ զգում, որ իրենք այդքան առավելություններ ունեն, չեն օգտագործում դրանք,- ասում է Անահիտը:- Երբ այնտեղ ես, մտածում ես, որ հնարավոր է այնտեղ ապրել, բայց կարծես մի բան պակասում է քեզ: Որքան էլ այնտեղ մարդիկ քեզ լավ վերաբերվեն, մեկ է, երբ հետ ես գալիս Հայաստան, այդ հարազատությունը տեսնում ես, կարծես քեզ լիարժեք ես զգում»:

«Կան մարդիկ, որոնք չեն պատկերացնում, թե ինչքան դժվար է հեռվում ապրելը»

Անահիտը կարևորում է հատկապես կամավորական աշխատանքները, որոնք ԱՄՆ-ում մեծ տարածում ունեն, ինչը նպաստում է պետության զարգացմանը: Այդ պատճառով էլ նա ցանկանում է այստեղ միանալ կամավորական խմբերին, որոնք թեկուզ փոքր, բայց օգտակար աշխատանք են անում, օրինակ՝ ծառատունկ կամ աղբահավաք:

«Երբ մարդիկ միավորվում են, կարողանում են ինչ-որ բան փոխել: Կարող է երազային թվալ, որ կարող ես ինչ-որ բան փոխել պետությանդ մեջ: Հա, հնարավոր է մեծ բաներ չկարողանանք փոխել, բայց գոնե այն փոքր բաները, որ մենք կարող ենք անել, ինչո՞ւ բողոքենք ու չանենք: Մենք շատ ենք բողոքում, բայց ինչո՞ւ մենք չլինենք այն առաջիններից, ովքեր կուզենան անել այդ փոփոխությունը»,- ասում է Անահիտը:

Իրեն հյուրընկալած ընտանիքն Անահիտին առաջարկել է մնալ և ԱՄՆ-ում շարունակել ուսումը, բայց Անահիտն ուզում էր վերադառնալ: Նա հավատում է, որ կարելի է փոքր քայլերով փոփոխություններ անել, որպեսզի «ոչ մեկը չուզենա երկրից գնալ»:

«Ասում են՝ դհոլի ձայնը հեռվից է լավ լսվում: Կան մարդիկ, որ չեն պատկերացնում, թե ինչքան դժվար է հեռվում ապրելը: Որ գնում ապրում ես, հետո հասկանում ես, որ իսկապես դժվար է»,- ասում է Անահիտը:  

Անահիտը հաճախ է լսում, որ Հայաստանում կրթական ոլորտում քիչ են հնարավորությունները, շատերը բողոքում են դրանից: Արտերկրում, բնականաբար, հնարավորություններն ավելի մեծ են, բայց հայ երիտասարդներն էլ պետք է ջանք թափեն ավելիին հասնելու համար. «Պարզ է, որ եթե չփնտրես, չի լինի: Այդ հնարավորությունները միշտ էլ կան, ուղղակի պետք է փնտրել ու ամեն հնարավորություն ձեռքից բաց չթողնել»:

Այժմ Անահիտը պատրաստվում է ընդունվել Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարան և ստանալ ուսուցչի որակավորում:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter