HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մերի Մամյան

«Զարմացած էի, որ ուսանողներն այդքան ուշադրություն են դարձնում արտաքին տեսքին». լեհ լեզվաբան

Միխալինա Օստորվսկան (Michalina Ostrowska) լեհ լեզվաբան է: Արդեն երրորդ տարին է՝ նա ապրում է Երևանում:

«Դուք՝ հայերդ սիրում եք օտարազգիներին»

Միխալինան այստեղ լեհերեն է դասավանդում Վ. Բրույսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում: Լեհաստանում մի քանի փուլով քննություններ է անցել, որպեսզի հնարավորություն ունենա դասավանդել արտերկրում: Համապատասխան որակավորում ստանալուց հետո նա հնարավորություն ուներ ընտրել երկիրը, որտեղ ցանկանում է դասավանդել:

«Չէի ուզում գնալ Արևմտյան Եվրոպա, - ասում է Միխալինան: - Մի կողմից երկիրն  այնքան էլ կարևոր չէր, քանի որ պարզապես աշխատանքի կարիք ունեի: Բայց ընտրության դեպքում ուզում էի գնալ կովկասյան երկիր, որովհետև դա մի բան է, որ իմ ներսից է բխում: Եթե կարելի է համատեղել հաճույքն ու աշխատանքը, ինչո՞ւ ոչ»:

Միխալինան կարծում է, որ լեհերի համար շատ ավելի հեշտ է հարմարվել ու ապրել Հայաստանում, քան օրինակ՝ արևմտյան եվրոպացու համար, որովհետև Լեհաստանի ու Հայաստանի պատմությունները նման են: Երկու երկրներն էլ շարունակում են ապրել իրենց պատմությամբ ու անցյալով, հաճախ են ենթարկվել օտարների հարձակումներին ու մասնատվել, ինչպես նաև երկու երկրների վրա մեծ հետք է թողել նախկին ԽՍՀՄ-ը:  

«Դժվարություններ եղել են, բայց կարծում եմ՝ դուք՝ հայերդ, սիրում եք օտարազգիներին, - ասում է Միխալինան: - Շատ բաների արդեն սովորել եմ, և հիմա պարզապես ապրում եմ այստեղ»:

Միխալինան պատմում է, որ Հայաստանում ապրելու սկզբնական շրջանում  հայերենի դասերի էր գնում, բայց ծանրաբեռնվածության պատճառով կիսատ է թողել: Այնուհետև սկսել է ռուսերեն սովորել, որպեսզի կարողանա «գոյատևել, ապրել»:

«Այստեղ, երբ իմանում են, որ Լեհաստանից են, ասում են՝ ուրեմն պետք է որ ռուսերեն խոսես: Այնուհետև ինձ վրա են բարկանում, որ ես ռուսերեն չեմ խոսում ու չեմ հասկանում իրենց», - ժպտալով ասում է Միխալինան:

Որպես լեհ Հայաստանում որոշները մեղադրում են նրան, թե ինչու իրենք հակապուտինյան, հակառուսական դիրքորոշում ունեն: Միխալինան չի ուզում կռվել, պարզապես փորձում է բացատրել իրենց դիրքորոշման պատճառները: Բացի այդ՝ Հայաստանն ու Լեհաստանը պատմական տարբեր փորձառություններ ունեն Ռուսաստանի հետ: Միաժամանակ, հասկանում է, որ մարդկանց նման դիրքորոշումը մեդիայի և քարոզչության արդյունք է:

«Մենք ռուսների դեմ ոչինչ չունենք, փորձում եմ բացատրել պատմական հանգամանքները: Հաճախ իսկապես ագրեսիվ են, հարձակվում են, արագ-արագ խոսում են ռուսերեն և չեն լսում, թե ինչ ես ասում: Եղել է, որ ասել եմ՝ բարև ձեզ, ասել են՝ ինչո՞ւ չես ասում՝ здравствуйте», - զարմացած պատմում է Միխալինան:

«Սկզբում շոկահարվում էի, երբ մեկը, ում հետ ծանոթ չես, այդքան անձնական հարցեր է տալիս»

«Առաջին տարին այստեղ կարծես փուչիկի մեջ էի ապրում: Փուչիկի մեջ ես էի, իմ գործը համալսարանում: Իմ կյանքը դրա մեջ էր՝ աշխատանք, ուսանողներ, ընկերներս, որոնց մեծ մասը օտարազգիներ էին: Ես չէի ներգրավվում տեղի հասարակության մեջ», - հիշում է լեհ դասախոսը:

Արդեն 2-րդ տարվա ընթացքում Միխալինան փորձում է ներգրավվել Հայաստանի հասարակության մեջ, ուսումնասիրել մշակույթը, մեծանում են շփումները տեղացիների հետ: Միխալինան նկատել է, որ հայերը շատ անմիջական են, և սիրում են շատ խոսել, եթե անգամ միմյանց չեն ճանաչում:

«Ես ինքս էլ բաց, ազատ մարդ եմ, բայց անսովոր է, երբ նստած եմ հանրային տրանսպորտի մեջ և ինչ-որ մեկն սկսում է ինձ հետ խոսել: Մի կողմից դա շատ դրական է, մյուս կողմից՝ այստեղ մարդիկ շատ հետաքրքրասեր են», - ասում է Միխալինան:

Վերջինիս համար առանձին թեմա են հատկապես տաքսու վարորդները, ովքեր պարտադիր հարկ են համարում ամեն անգամ նրան հարցնել՝ ով է, որտեղից, քանի տարեկան, ամուսնական կարգավիճակը և այլն:

«Սկզբում ես իսկապես շոկահարվում էի, երբ մեկը, ում հետ առհասարակ ծանոթ չես, քեզ այդքան անձնական հարցեր է տալիս: Շատերը սուրճ խմելու առաջարկներ են անում, որովհետև կարծում են՝ եվրոպացի աղջիկները շատ ազատ են. մի օր մեկի հետ ես, հաջորդ օրը՝ մյուսի, ինչ տարբերություն: Բայց իրականում այդպես չէ: Չեմ ուզում այդ բառն օգտագործել, բայց սահմանափակ են մտածում, մի ուղղությամբ են հարցին նայում, - ասում է Միխալինան»:

«Զարմացած էի, որ ուսանողներն այդքան ուշադրություն են դարձնում արտաքին տեսքին»

Վերջինս կարծում է, որ Հայաստանում մարդիկ ավելի հանգիստ են, դանդաղ են ապրում, չեն անհանգստանում ժամանակի սղության համար: Եթե իրենք անընդհատ մտածում են՝ սա անեմ, այն անեմ, սա էլ հասցնեմ, ապա այստեղ միշտ կա վաղը հասկացությունը: Այդպես են նաև ուսանողները, ովքեր անընդհատ կհետաձգեն ամեն ինչ, բայց փոխարենը հենց վերջին օրը պատրաստ կներկայանան:

«Զարմացած էի, որ այստեղ ուսանողներն այդքան շատ ուշադրություն են դարձնում արտաքին տեսքին, ի վերջո սա համալսարան է, - ասում է Միխալինան: - Իհարկե, կարևոր է արտաքին տեսքին ուշադրություն դարձնելը, բայց դա ամենակարևորը չէ»:

Միխալինան հիշում է, որ մի անգամ դասասենյակում ապակե դռներով պահարան էր դրել, որտեղ ուսանողները միշտ նայում էին իրենց արտաքինին: Նրանց ուշադրությունը չշեղելու համար նա պահարանը տեղափոխում է: Այնուհետև ուսանողները գալիս ու հարցնում էին՝ ինչու է նա դա արել: Միխալինան խոստովանում է, որ ինքն իր դասախոսին երբեք նման բան չէր հարցնի: Միաժամանակ, կան բավականին պատրաստված ուսանողներ, ովքեր սովորելու մեծ ձգտում ունեն: Պարզապես այն ազատ ժամանակը, որ ունեն այստեղի ուսանողները, կարող են ավելի արդյունավետ օգտագործել: Միխալինան կարծում է, որ ինքը դեռ այնքան փորձ չունի և խորությամբ չի ուսումնասիրել կրթական համակարգը, բայց կուզեր, որ տեղի ուսանողներն ավելի լուրջ վերաբերեին իրենց կրթությանը:

«Այստեղ ուսանողներին եմ նայում. նրանք ունեն ամեն ինչ և ոչինչ», - ասում է Միխալինան:

Այժմ Միխալինան կրկին որոշել է վերսկսել իր հայերենի դասերը: Չնայած հիմնական բառերն ու արտահայտությունները գիտի, որովհետև կարծում է, որ անհարգալի է ապրել մի երկրում ու տարրական բաները չիմանալ, բայց և ուզում է խորացնել իր գիտելիքները: Ասում է, որ եթե աշխատանքն ունենա, ապա կշարունակի ապրել Հայաստանում:

Մեկնաբանություններ (4)

Varouj
I read this article. Don't think that just because it's not controversial people don't these articles, we do
rey
What school students on this planet wouldn't, one by one, look at themselves in the mirror if there was one. A full lenght one on the closet door at that? Why would you put a mirror in a classroom?
հայ
Առաջին անգամ «Հետք»-ում կարդում եմ դատարկ մարդու հետ մի անիմաստ զրույց, ուր սուր անկյուններն այնքան էլ հասկանալի չեն...գուցե կա որոշ ճշմարտություն, բայց հոդվածում ես իրական մարդ չտեսա, ով երկու տարի ապրում է իմ երկրում ու դեռ ուզում է ապրել, ու չի հասկացել երեւի թե ինչու, կամ ....Մեկնաբանությունը...
GB
Mirror mirror on the wall, who is the fairest one of all?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter