HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արամ Սիմոնյանն ընտրվել է ԵՊՀ ռեկտոր

Այսօր Երևանի պետական համալսարանի գիտական խորհրդի նիստում համալսարանի ռեկտոր է ընտրվել Արամ Սիմոնյանը: Ընտրությունը կատարվել է փակ գաղտնի քվեարկությամբ, եւ Արամ Սիմոնյանի թեկնածությանը կողմ է քվեարկել հոգաբարձուների խորհրդի 32 անդամից նիստին ներկա 30 անդամ: Նիստը վարել է ԵՊՀ խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:

Ռեկտորի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարված բաց մրցույթին սահմանված ժամկետներում որպես ռեկտորի թեկնածու ինքնառաջադրվել էր միայն ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Արամ Հրաչիկի Սիմոնյանը: Նիստում Արամ Սիմոնյանը որպես հավակնորդ ներկայացրել է Մայր բուհի զարգացման իր ծրագիրը: Ներկայացված ծրագրի և ռեկտորի հավակնորդի վերաբերյալ խորհրդի մի շարք անդամների ելույթներից հետո, ընթացակարգի համաձայն ձևավորված հաշվիչ հանձնաժողովն այնուհետ ամփոփել է տեղի ունեցած քվեարկության արդյունքները:

ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորել է նորընտիր ռեկտորին, մաղթել հաջողություններ և արգասաբեր աշխատանք՝ այն համոզմամբ, որ Երևանի պետական համալսարանը եղել է և միշտ պետք է լինի որպես Մայր բուհ և առաջատար:

Նախագահը նշել է, որ Արամ Սիմոնյանի և նրա գործունեության վերաբերյալ խորհրդի անդամների ելույթներում հնչած գնահատանքի խոսքերը նորընտիր ռեկտորի համար պետք է լինեն պարտավորեցնող և անկախ նրանից, որ նրա ընտրության հարցում խորհրդի անդամները միակարծիք էին, դեռևս շատ անելիքներ կան Երևանի պետական համալսարանում: Նախագահի համոզմամբ, այդ անելիքները միշտ լինելու են, քանի որ չկա աշխարհի որևէ բուհ, որևէ հիմնարկություն կամ այլ հաստատություն, որտեղ ասեն, թե ամեն ինչ արել են և այլևս անելիք չունեն: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ այդ անելիքները կարող են իրականություն դառնալ միայն մեծ եռանդի ներդրման և կառուցողական մթնոլորտի պայմաններում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter