HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի քաղաքացիական հասարակության, այդ թվում` փաստաբանական համայնքի հայտարարությունն` ուղղված Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին

Ս.թ. հունիսի 9-10-ին կայացած նիստի ընթացքում Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (այսուհետ` ԵԽԽՎ) Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորների ընտրության կոմիտեն (այսուհետ` Կոմիտե) Հայաստանի կողմից ներկայացված ՄԻԵԴ դատավորների թեկնածու Լիանա Հակոբյանի նկատմամբ չնչին առավելությամբ ստացած ձայներով ԵԽԽՎ-ին երաշխավորել է Արմեն Հարությունյանի թեկնածության ընտրությունը:

 Իրավունքի Եվրոպա միավորում իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը (ԻԵՄ) ՄԻԵԴ դատավորի պաշտոնում Հայաստանի կողմից առաջադրվող թեկնածուների երկու ներպետական մրցույթների ժամանակ իրականացրել էր դիտորդական առաքելություն` 2014թ. սեպտեմբեր-հոկտեմբեր և 2015թ. հունվար-փետրվար ամիսներին` համապատասխանաբար, յուրաքանչյուրում տեղ գտած խախտումները եւ թեկնածուների ՄԻԵԿ 21 հոդվածով նախատեսված անհամապատասխանությունը արտացոլելով իր 2014 եւ 2015 զեկույցներում:

Մասնավորապես, 2014թ. մրցույթի ընթացքում արձանագրվել էին Կոմիտեի երաշխավորած թեկնածու Ա. Հարությունյանի նկատմամբ ակնհայտորեն հովանավորչական գործունեության, նրա կողմից գրագողության դրսեւորումների եւ մասնագիտական եւ բարոյական այլ անհրաժեշտ որակների վերաբերյալ փաստված տեղեկություններ:    

Այնուհետեւ, 2015թ. մրցույթի ժամանակ իշխանությունները, ի տարբերություն 2014թ. մրցույթի, ԻԵՄ-ի դիտորդներին այլևս չթույլատրեցին ծանոթանալ այդ մրցույթին` դիմորդների կողմից մասնակցության համար ներկայացված փաստաթղթերի փաթեթներին: Ուստի, 2015թ. զեկույցը հիմնված էր սահմանափակ տեղեկատվության վրա, որի առանձին հատվածներ հնարավոր եղավ պարզել հետագայում, իսկ որոշ տեղեկություններ դեռևս ճշտման փուլում են:  Այնուամենայնիվ, եղած տեղեկատվության, ինչպես նաև ազգային Մրցութային հանձնաժողովի գործունեության, հավակնորդների հետ այդ հանձնաժողովի անցկացրած հարցազրույցների դիտարկման, ինչպես նաև մի շարք նյութերի և հրապարակումների ուսումնասիրության արդյունքում ԻԵՄ-ը հանրությանը, ինչպես նաև ԵԽԽՎ-ի համապատասխան կառույցներին երկու մրցույթների իր դիտարկումների մասին ներկայացված զեկույցներով, ի թիվս այլ խնդիրների, անդրադարձ էր կատարվել նաեւ ներպետական մրցույթի ընդգծված ոչ թափանցիկ բնույթին (հակառակ ԵԽԽՎ 1366(2004) և 1646(2009) բանաձևերի պահանջների), ինչպես նաև թեկնածուների` ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնին ակնհայտ անհամապատասխանության հարցերին:

Մասնավորապես` նշվել էր, որ՝

  • ներպետական հանձնաժողովը չի եղել քաղաքականապես անկախ և անկողմնակալ մասնագիտական մարմին, քանի որ դրա մեծամասնությունը մեկ քաղաքական ուժի՝ իշխող Հանրապետական կուսակցության կողմից առաջադրված և ընտրված կամ նրա ներկայիս ղեկավարի կողմից նշանակված պաշտոնատար անձինք են և նպատակ են ունեցել ամեն կերպ ապահովելու թեկնածու Արմեն Հարությունյանի ընտրությունը ՄԻԵԴ դատավորի պաշտոնում,
  • ՄԻԵԴ դատավորի երեք թեկնածուների ցուցակը կազմվել է մրցույթի թափանցիկության և հրապարակայնության լուրջ խախտումներով,
  • Ցուցակում ընդգրկված բոլոր երեք թեկնածուների մոտ էլ ակնհայտորեն առկա են եղել ՄԻԵԿ-ի 21-րդ հոդվածի պահանջներին անհամապատասխանության դրսեւորումներ:

Թեկնածու Ա. Հարությունյանի մասով, ի թիվս մի շարք այլ փաստարկների, ներկայացվել էր նաեւ, որ նա գրագողություն էր կատարել առնվազն երկու ռուս հեղինակներ Կաշկինի և Տոպորնինի խմբագրությամբ լույս տեսած երկու դասագրքերից թարգմանաբար և առանց պատշաճ հղումների` բառացիորեն արտատպելով բազում էջեր իր անվամբ 2005 և 2011թթ. հրատարակված Եվրոպական միության իրավունքին վերաբերող դասագրքերում: Վերը նշված զեկույցներում` գրագողության այս եւ այլ փաստերն առավել քան բավարար հիմք պետք է լինեն նման անձին ՄԻԵԴ դատավորի պաշտոնում չընտրելու համար:

Մենք ցանկանում ենք Վեհաժողովի ուշադրությունը հրավիրել նաև այն փաստի վրա, որ Կոմիտեի կայացրած որոշումից ակնհայտ է, որ Կոմիտեն ի վիճակի չի եղել ապահովելու այդ ցուցակի մերժման համար պահանջվող ձայների 2/3-ը, եւ Վեհաժողովին նման երաշխավորություն ներկայացնելու պատճառը, հավանաբար, եղել է հենց այդ բարձր շեմը չբավարարելու հանգամանքը: Արդյունքում, Կոմիտեին այլ բան չի մնացել անելու, քան թեկնածուներից որեւէ մեկին երաշխավորելը:

Հայաստանի ներկայացրած ՄԻԵԴ դատավորների ցուցակը Կոմիտեի կողմից չմերժելը մեկ այլ հիմքով նույնպես հակասել է ԵԽԽՎ պահանջներին ուղղակիորեն (ԵԽԽՎ 1646(2009) բանաձեւ), քանի որ թեկնածու Լ. Հակոբյանն ուղղակի է նշել, որ չի տիրապետում ֆրանսերենին առհասարակ), եւ նման ցուցակը չէր կարող առհասարակ ներկայացվել Վեհաժողովի ուշադրությանը:

Մենք` ներքոստրագրյալներս, սույնով Վեհաժողովին կոչ ենք անում ամենայն մանրամասնությամբ ուշադրություն դարձնել մեր կողմից վերը նշված հիմքերին եւ խնդրում ենք հետեւողականորեն ապահովել ԵԽԽՎ 1646(2009) բանաձեւում Վեհաժողովի կողմից արտահայտած դիրքորոշումը Հայաստանի ցուցակի նկատմամբ եւ այն մերժել:

Ներքոստորագրյալներս չենք հանդիսանում ԵԽԽՎ ընթացակարգերի եւ կանոնների գիտակ, սակայն վստահ ենք, որ ընթացակարգային սահմանափակումները, որոնց բերմամբ այսօր Հայաստանի ցուցակը հայտնվել է Վեհաժողովի օրակարգում, չի կարող որոշիչ լինել այնպիսի կարեւոր հարցի քննության ժամանակ, ինչպիսին ՄԻԵԴ դատավորի ընտրությունն է:

Մենք կոչ ենք անում Վեհաժողովին՝ մերժել Հայաստանի կողմից առաջադրված ցուցակն ամբողջությամբ, որովհետեւ դրանով Վեհաժողովին իրականում ընտրություն չի առաջարկվել:

Մեր կարծիքով իրավամբ «Եվրոպայի խիղճը» հանդիսացող դատարանի կազմում ոչ ոք չպետք է ընթացակարգային եւ ձեւական կանոնների լավագույն օգտագործմամբ տեղ զբաղեցնի՝ իր անցյալով ակնհայտորեն վտանգելով եւ վնասելով այս դատարանի հեղինակությանը Եվրոպայի հանրության առջեւ: Այս դատարանում դատավորները պետք է իրավամբ ընտրվեն, այլ ոչ հանգամանքների բերումով պարտադրվեն:

Լուսինե Հակոբյան, «Իրավունքի Եվրոպա միավորում» ՀԿ-ի նախագահ

Լևոն Բարսեղյան,  «Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ» ՀԿ-ի խորհրդի նախագահ

«Թրանսփարենսի ինթերնեշնել հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ

Տիգրան Եգորյան, փաստաբան

Մուշեղ Շուշանյան, փաստաբան

Լուսինե Սահակյան, փաստաբան

Երվանդ Վարոսյան, փաստաբան

Արմեն Ֆերոյան, փաստաբան

Արա Զաքարյան, փաստաբան

Լիպարիտ Սիմոնյան, փաստաբան

Տիգրան Մուրադյան, փաստաբան

Նոնա Գալստյան, փաստաբան

Տիգրան Հայրապետյան, փաստաբան

Ավագ Լալայան, փաստաբան

Նարինե Ռշտունի, փաստաբան

Իրինա Հակոբյան, փաստաբան

Գևորգ Սամվելի Հարությունյան, փաստաբան

Կիմա Սարյան, փաստաբան

Կարապետ Բադալյան, փաստաբան

Դավիթ Գյուրջյան, փաստաբան

Կարեն Հակոբյան, փաստաբան

Դավիթ Կարապետյան, փաստաբան

Տիրայր Վարդազարյան, փաստաբան

Քրիստինա Գևորկյան, փաստաբան

Արաքս Մելքոնյան, փաստաբան

Ծովինար Նազարյան, մամուլագետ

Հայտարարությունը բաց է քաղաքացիական հասարակության բոլոր ակտիվ ներկայացուցիչների համար և ցանկության դեպքում կարող եք միանալ` նամակ ուղարկելով «Իրավունքի Եվրոպա միավորում” ՀԿ-ի էլ.փոստին` [email protected] և նշելով, որ ցանկանում եք միանալ հայտարարությանը:

20-ը հունիսի, 2015թ.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter