HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիրիա-Հայաստան-Ստամբուլ. որտեղ կլինի սիրիահայ ընտանիքի կանգառը

Գայանե Սարգսյան 

20-ամյա Գևորգ Լագլագյանը երկու տարի է՝ հեռացել է Սիրիայից: Սիրիա-Հայաստան-Ստամբուլ եռանկյունում վերուվարելով՝ նա մինչ այժմ չի կարողանում հիմնավորվել: 2013թ.-ին Հայաստան գալով, մեքենաների վերանորոգման տեխնիկային տիրապետող երիտասարդն աշխատանքի է անցել Երևանի արհեստանոցներից մեկում: Վարձատրությունը, սակայն, այնքան քիչ է եղել, որ չի բավականացրել նույնիսկ բնակարանի վարձը տալու համար:

«Մոտ 15.000 էի առնում շաբաթը և չէի կարում ո՛չ ինձ պահել, ո՛չ ալ տընի վարձ տալ»,- ասում է Գևորգը:

Գևորգի՝  Հայաստան գալուց մի քանի ամիս անց նրա ընտանիքը Սիրիայից տեղափոխվում է Ստամբուլ: Ընտանիքի  հորդորը՝ տեղափոխվել Ստամբուլ, գոյատևման պայքարում հայտնված երիտասարդին փրկության տարբերակ է թվում: Մեկնում է Ստամբուլ ու իր մասնագիտությամբ աշխատանքի անցնում թուրք վարպետի մոտ:

«Գերմանական «Bosch» ֆիրմայի հետ կաշխատեի: Ընդունել էին ինձ իբրև լավ մոտորիստ: Մի տարի աշխատեցա: Ինձ ամենապզդիկին չափ տալիս էին փողը, բայց ամենամեծին գործն էի անում: Ամիսը 400 դոլար տալիս էին, 400 դոլարը Ստամբուլի համար շատ քիչ է: Տընի վարձը մենակ 450 դոլար էր: Սիրիացիներուն նկատմամբ արդեն իսկ վատ էին, վրան ալ՝ հայ ես, վրան ալ՝ թուրքի հողն ես ապրում, ավելի վատն ես իրենց աչքին: Դա դեռ քիչ է, միշտ կըսեին՝ եկուր աղոթքի, մզկիթ եկուր: Ասում էին՝ ուզես-չուզես պիտի գաս, պիտի ընդունես իսլամությունը: Ծիծաղում էին քրիստոնեության, խաչի վրա»,- պատմում է Գևորգը:

Մեկ տարի հետո Գևորգը որոշում է վերադառնալ հայրենիք: Հայաստանը գալը, սակայն, երրորդ անգամից է հաջողությամբ պսակվում: Վրաստանի ու Ուկրաինայի տարանցիկ ճանապարներով գալու տարբերակը խափանվում է այս երկրների համապատասխան մարմինների կողմից: Ասում է, որ Վրաստանից իրեն ետ՝ Ստամբուլ են ուղարկում, իսկ Ուկրաինայում ուղղակի պատռում են անձնագիրն ու հաջողություն մաղթում: Երրորդ անգամ Ստամբուլից Հայաստան է հասնում ավտոբուսով:

«Թուրքիային պայմաններից հետո մտածում էի՝ Հայաստանում քիչ էր փողս, բայց գոնե գիտեմ հայությունս է, քրիստոնեությունս է»,- ասում է երիտասարդը:

Երևանում կրկին աշխատանքի է անցնում որպես մոտորիստ: Նրան իր մոտ աշխատելու է հրավիրում Վանաձորի նորաբաց արհեստանոցներից մեկի տնօրենը, ու Գևորգը տեղափոխվում է Վանաձոր:

Որոշ ժամանակ հետո Ստամբուլից Վանաձոր են տեղափոխվում նաև մայրը, երկու քույրերն ու եղբայրը՝ կնոջ հետ: Մասնագիտությամբ ոսկերիչ եղբորն ու քույրերին երկար ժամանակ չի հաջողվում աշխատանք գտնել Վանաձորում: Այն, ինչն էլ հաջողվում է գտնել, տարբեր խնդիրների պատճառով ստիպված են լինում թողնել:

Հալեպում ավտոպահեստամասերի խանութ ունեցող Լագլագյանների ընտանիքին Հայաստանում դժվարությամբ է հաջողվում լուծել օրվա հացի խնդիրը:

«Որոշեցինք գալ հայրենիք, հոս հիմնվինք, հոս ալ գործերը, փողը քիչ է, չապըրվիր:  Կըսեին՝ մի՛ երթաք, գործ չկա, ժողովուրդը իրենք Ռուսաստան կերթան, ո՞ւր կերթաք: Չէ, ըսինք, հացի մը դրամ կըրնանք աշխատել: Պիտ գաս աչքովդ տեսնաս, որ համոզվես՝ փողի հարցը դժվար է»,-ասում է ընտանիքի մայրը՝ Հայկանուշը:

Գևորգը պատմում է, որ քույրերին  թեև ընդունել են աշխատանքի, սակայն, ինչպես և Ստամբուլում, վարձատրել են ավելի քիչ, քան մյուսներին:

1982-ին որպես տուրիստ ամուսնու հետ Հայաստան եկած Հայկանուշն այսօր այլ Հայաստան է տեսնում, ոչ այն, որն ինքն է տեսել: «Տուրիստի համար որ փող ունիս, լավ է, բայց պիտի ապրես, որ հասկանաս, լավ է, թե՝ վատ»,- նշում է նա:

Կնոջ հետ առանձին ապրող որդին Վանաձորում բնակվելու 4-5 ամիսների ընթացքում մի քանի անգամ աշխատանք է փոխել: Իր մասնագիտությամբ՝ ոսկերչությամբ աշխատանք չգտնելով, սկսել է աշխատել որպես երկաթագործ: Աշխատավարձ, սակայն, ոչ միշտ է հաջողվել ստանալ:

«Սիրիա ամսականը ամսեգլուխ կըլլա: Ամսեգլուխը եկավ, գիտես որ ամսականը պիտ առնես: Ստամբուլ էլ այդպես էր: Հոս ադիկ չկա: Երբ կառնես, աստված գիտե: Ամիսե ամիս չեն տալ կամ քիչ կուտան, կըսեն՝ հաջորդ ամիս մնացածը կուտամ: Անցյալ ամսվան աշխատածը դեռ եկող ամիս պիտի ստանա, քիչ-քիչ, մուրալով: Եթե տուն ես, ընտանիք ես, ինչպե՞ս պիտ ապրիս: Հույսդ ադ փողին կապել ես, չէ՞, որ ադ գումարն առնիս, դուն քեզի դասավորես: Եթե աշխատածդ գումարը ձեռքդ չտան, ամիսն ինչպե՞ս պիտի անցուցես»,- զարմանում է մայրը:

Լագլագյաններին Վանաձորն ու վանաձորցիները շատ են դուր եկել: Երևանում ապրած ու աշխատած Գևորգը համեմատական է անցկացնում.

«Երևան ուրիշներուն 3.000, սիրիահայերուն 2.000 կտային օրը: Օր էլ կըլլա, գործ չկա, կըսեն մի՛ գար, քեզնից կգնա… Ընկերներս որ աշխատել են Երևանի հայերու մոտ, ասում են, որ լեզունին մի քիչ դժվար է ու փողի կողմեն էլ միշտ շահագործելը կսիրեն: Ստեղ էդպես չէ, օգնում են: Երևանում հայերն ալ սկսել են մեկը մյուսին շահագործելը, մեկը մյուսին կողոպտելը: Էդոր համար չեմ հարմարվում Երևան: Էստեղ ավելի լավ է ինձ համար: Ավելի հանդարտ է, ավելի հանգիստ, կարաս շփվիս ժողովրդի հետ, կարան իրենք քեզ օգտակար ըլլան, դու՝ իրենց»,- ասում է Գևորգը:

Գևորգին Հայաստանում ամենից շատ վիրավորական է թվացել շատերի կողմից սիրիահայերին վերևից նայելու հանգամանքը: «Իրենց աչքին հավասար չեն նայում, միշտ ցածր են նայում: Կամ ասում են՝ եթե ստիպված չլլայիք, չէիք գար Հայաստան: Դուք ստիպված եկել եք ու ուզեք-չուզեք պիտի աշխատեք ու պիտի լռեք: Էս խոսքերը մեզի վիրավորական է»,- նշում է Գեւորգը:

Վանաձորում մի քանի ամիս ապրած Գևորգը հասցրել է շրջել ու լավ ուսումնասիրել քաղաքը, բայց առաջացած հարցերի պատասխանը դեռ չի կարողանում գտնել:

«Ճանապարհին որ գնում ենք, տեսնում ենք ֆաբրիկները սաղ ջարդել են: Ինչի՞ համար: Լավ ֆաբրիկներ ունեինք, ինչո՞ւ թողել են պարապ… Սիրիա ու Թուրքիա իրար հետ մրցում էին, թե ով ավելի էժանով պիտ աներ: Սիրիա հազար ու մի տեսակ ֆաբրիկ ունեինք: Մենք մի բանի պակաս չէինք ունենար, որ դրսից առնեինք: Էստեղ ֆաբրիկները  կա, սաղ թալանել են: Ինչի՞ համար: Մեղք է ժողովուրդը, ինչո՞վ պիտի ապրի: Անշուշտ պիտի թողնի, գնա: Գոնե մի ֆաբրիկ բանային, աշխատեցնեին»:

Տիկին Հայկանուշն էլ զարմանում է՝ էս ճանապարհներն ինչի՞ չեն սարքիր:

«Ճանապարհները հիմա վերջին տեղն է: Թող մարդկանց օգնեն, մի գործով ապահովեն, աշխատեն,- միջամտում է որդին ու հիշում,- սփյուռքահայի նախարարուհին որ ելավ, ասում է՝ ամեն մեկը 1.000 դոլար թող գցե իրեն հաշվի համար, թող կառավարությունը, երկիրը զարգանա: Էդ մարդոց մի հատ հարցրու, տես 1000 դոլար ունի՞ն ջեբերնին»: 

Աշխատանքի բերումով ամեն օր շփվելով վանաձորցիների հետ, Գևորգը նկատում է. «Վերջին շրջանում հաճախորդներս հաճախ գալիս ասում են, վերջ, ավտոն ծախում եմ, ընտանիքով գնում ենք Հայաստանից»:

 9 տարեկանից հոր մոտ արհեստ սովորած երիտասարդն ասում է, որ Հալեպում շատ լավ էր վաստակում: Հայաստանում դեռևս գոհանում են միայն հանապազօրյա հացի խնդիրը հոգալով: «Այնտեղ աշխատանք կար, փող կար մարդոց ձեռքին: Կարայիր մի քիչ բարձր գին ասեիր, բայց վստահում էին, գիտեին, որ գան մեզ մոտ, մի քանի տարի հանգիստ պիտի ըլլան: Էստեղ որ գինն ասում ես, մարդը չի նայում, թե դու ինչպես պիտի աշխատես, ինչքան գործ պիտի անես, ինքը նայում է փողին:  Իմ համար կարևորը փող աշխատելը չէ, կարևորն էն է, որ իմ սարքելուց հետո ավտոն գնան քշեն ապահով: Ես մարդոց գարանտիա տալիս եմ: Ասում եմ՝ արի նստի կողքս, տես՝ ես ինչ գործ եմ անում, որ իմանաս, թե ինչի ես փող տալիս: Բայց հայի խասիաթն է, շատ հաճախ ընտրում են ամենաէժանն ու ամենաարագը: Ատանկ սովորել են: Հիմա նայենք, ինչպես պիտի ստացվի, չենք գիտեր»,- ասում է Գևորգը

«Համբերությունով պիտ ապրինք: Հային արդեն ճակատագիրն է համբերություն և թափառականություն»,- հուսադրում է մայրը:

Համբերությունով ապրելու տարբերակը Լագլագյան քույրերին չի գոհացրել: Մի քանի օր է՝ երկու քույրերը մեկնել են Ստամբուլ՝ աշխատելու:  Տիկին Հայկանուշն ասում է, որ առաջիկայում աշխատանք չգտնելու դեպքում ստիպված կլինի Ստամբուլ մեկնել նաև ավագ որդու ընտանիքը:

«Նոր ամուսնացել է, կուզեր հոս հաստատվիլ,  հոս երեխա ունենա, հոս մեծացնե՝ հայկական հողի վրա: Եթե այսպես ըլլա, ինչպե՞ս կըլլա, չեմ գիդեր», - սրտնեղում է մայրը: Զավակների Թուրքիա մեկնելու փաստը մայրը ծանր է տանում:

«Թուրքիա, որ թշնամի է կըսենք, տեսնաք, Ստամբուլը ինչ զարգացած, Եվրոպա կըսես… Ճամփաները, բանը, խենթանալիք: Հայերը լեցուն, լեցուն: Մի հարևան ունեինք, ասաց՝ տատիկս գիտեր հայերեն, բայց մեզ չսորվեցուց, որ չելնենք փողոց խաղալու, հայերեն խոսանք, մեզի վնասեն,- ասում է նա ու դժգոհում- մարդը ինչո՞ւ օտար երկիր պիտի երթա: Ես իմ երկիրս կգեղեցկացնեմ: Երազանքս հոս հաստատվիլս է,  կուզեմ հայրենքիս մեջ մնալ: Հոսկե  տուն ունենանք, մնանք հոս, այլևս չհեռանանք օտար երկիրներու մեջ: Հույսերնիս դրած ենք աստծուն, որ կըլլա…»:

Մեկնաբանություններ (2)

kazantatar
finno if you have one gram bravery come and fight against turkey but you cant like your looser country armenia : ) babe
Josef
Brasi, you must be total debil. All Turks from Europe will be send back to Turkey, or to Osvetim.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter