HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ես դասալքում եմ

Վահան Բուռնազյան[1]

Ես դասալքում եմ: Առավոտյան էլեկտրականություն չկար՝ սուրճս եփելու: Մտքովս անցավ, որ իշխանությունները փորձում էին հիշեցնել ինձ, որ ուժն իրենց ձեռքում է: Բայց առավոտյան արևը պայծառ էր: Իշխանություններն ուժ չունեն. պարզապես վերահսկում են ռեսուրսները: Իրական ուժը բնությանն է պատկանում: Թե կարողանայի ինքնաբավ լինելու եղանակ գտնել, կկարողանայի սուրճս առանց իրենց էլեկտրականության ու գազի պատրաստել և դուրս կմղեի նրանց կյանքիցս:

Կառավարությունը կոչված է ծառայելու ժողովրդին: Երբ իշխանությունները չեն ծառայում, նրանք ուղիներ են գտնում ու իրավիճակներ են ստեղծում՝ ժողովրդի կյանքում սեփական տեղն արդարացնելու համար. օրինակ՝ վերահսկելով ռեսուրսները: Իշխանությունները կարիք ունեն պահանջված լինելու: Վացլավ Հավելի խոսքերով՝ Չեխոսլովակիայում կոմունիստական ռեժիմը տապալվեց, որովհետև մարդիկ այլևս դրան ուշադրության չէին արժանացնում: Իշխանությունները կորցնում են իրենց իշխանությունն այն պահին, երբ մարդիկ դրանք դուրս են մղում իրենց իրականությունից:

Անցած գիշերը Երևանում բողոքի ակցիա էր և, ցավոք, Հայաստանի երիտասարդության՝ երկրի ապագայի իդեալիզմը լվաց տարավ ջրցան մեքենայի ջրաշիթը: Հասարակական բողոքը կարող է արդյունք տալ միայն եթե վտանգի է ենթարկում հետևյալներից մեկը կամ՝ երկուսն էլ. հասարակության վստահությունը կառավարության առաջնորդների հանդեպ և/կամ այդ առաջնորդների հեղինակությունը՝ թե երկրի ներսում և թե դրա սահմաններից դուրս: Ընտրությունները համեմատաբար վերջերս են անցել և քչերն են կարծում, թե իշխանություններն իրապես ընտրվել են: Հետևաբար՝ նրանց իշխանավարումը մարդկանց վստահության վրա չէ հիմնված: Դեռ ավելին, իշխանությունները գալիք ընտրություններում էլ չեն ակնկալում արժանանալ մարդկանց վստահությանը: Այնպես որ, իշխանությունների համար բողոքի ակցիաներն չեն սպառնում ապագա ընտրողների վստահության կորստով: Ինչ վերաբերում է բարի համբավը վտանգելուն, ապա ընտրական իրողությունն այնպիսին է, որ հայաստանյան քաղաքական ընդդիմության կողմից ստացվող քննադատության տեղին լինելու հարցը կորցնում է իր կարևորությունը:

Բացի այդ, ՄԱԿ-ում ավարտվել է  Հայաստանի Համընդհանուր պարբերական դիտարկումը (Universal Periodic Review), ինչը նշանակում է, որ իշխանություններին միջազգային մակարդակով պարսավելու հնարավորությունը կորցված է և չի լինելու մոտավորապես հինգ տարի: Ավելին, Հայաստանը միացել է Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ), ինչը սահմանափակում է Եվրոպական Միության (ԵՄ) հետ համագործակցության շրջանակը: Հաշվի առնելով, որ էլեկտրականության սակագների բարձրացումը ձեռնտու է Ռուսաստանին, ԵՏՄ կողմից քննադատություն չի հնչի: ԵՄ կողմից քննադատության ենթարկվելու ռիսկը ևս ցածր է, եթե հաշվի առնենք, որ ԵՄ նոր ուղիներ է որոնում Հայաստանը ներգրավելու համար: Թերևս, ամենավատն այն է, որ հայկական սփյուռքի կազմակերպությունները երկրում սեփական ներկայությունը պահպանելու համար պարզապես սիրախաղում են իշխանությունների հետ և իրենց արտաքին դոնորներին գոհացնելու համար՝ կրկնում միմյանց ծրագրերը: Այսպիսով, բողոքի ակցիաները նշանակալի վտանգ չենք ներկայացնում այս իշխանությունների համար և քաղաքականության վրա նշանակալի ազդեցություն թողնելու առանձնակի հնարավորություն չունեն:

Ցավոք, մենք միայնակ ենք: Եթե իշխանությունները ռեսուրսները վերահսկելու միջոցով ուժ են ձեռք բերում, ես պետք է ինքնաբավ դառնամ՝ ազատ լինելու համար: Եթե իշխանություններն ուժ են ձեռք բերում՝ մեզ մոտ իրենցից կախում ձևավորելով, ես պետք է այնպես անեմ, որ նրանց ու նրանց էլեկտրականության կարիքը նվազեցնեմ: 100 դրամի շարժումը հաջողեց, որովհետև կար կանոնին չենթարկվելու պարզ միջոց՝ պարզապես վճարել 100 դրամ: Այս անգամ կանոնն անտեսել չենք կարող՝ էլեկտրականության համար վճարելով նախկին սակագինը: Հետևաբար՝ այլընտրանքային տարբերակ ստեղծելն ավելի խրթին կլինի, սակայն ոչ՝ անհնարին: Ես կարող եմ փնտրել ինքնաբավության իմ ուղիները, ինքնուրույն կամ միասնաբար և գործակցաբար իմ կողքը գտնվող մարդկանց հետ: Տանիքներին կարող ենք սեփական ուժերով արտադրված հողմաղացներ տեղադրել, պատուհանների դիմաց արևային մարտկոցներ տեղադրելու հմտությունների ընդհատակյա սեմինարներ անցկացնել և տնային պայմաններում ոչ ֆորմալ դասընթացներ կազմակերպել՝ մարդկանց սովորեցնելու, թե ինչպես պատշգամբում տեղադրվող, արևային էներգիայով աշխատող ալյումինե թիթեղով պատված պարզ օջախներ արտադրել:

Միթե՞ չափից դուրս է իմ իդեալիզմը: Գառնու տաճարի քարե հիմքերում հորեր կան, որտեղից ֆիդայիները հնադարյան մետաղ էին հանում՝ գնդակներ ձուլելու համար: Հայերը ստեղծագործ ժողովուրդ են և գիտեն, թե ինչ և ինչպես անել՝ հանուն սեփական ազատության:



[1] Վահան Բուռնազյանը մարդու իրավունքի դասախոս է՝ առանց որևէ հաստատության հետ առնչության: Արտահայտված բոլոր կարծիքները հեղինակինն են:

Մեկնաբանություններ (3)

Razmik
Totally agree with the author's premise....Nevertheless, idealism must periodically burst forth free and unrestricted in a sign of strength and collective resolve. Sadly, there aren't more RA citizens out on the streets manifesting such idealism towards the future. They too will have to pay more for electricity, no?
Nazeli
thank you for the article, professor! Proud to know you in person! The most brave person i ever met
Maro matosian
So true. Thanks

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter