HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Հարուստը կուտե երբ կուզե, աղքատը` երբ կունենա

Կանգնած ենք տուն կոչված, ապրելու համար մի կերպ հարմարեցված անդուռ, անլուսամուտ քարաշեն մի կացարանի մոտ: Երեք մետր լայնք ունեցող բացվածքը ծածկված է բրեզենտե կտորով ու մի հին կարպետով:

Շորե դռան ու քարե պատի արանքից երեւում է վառարանի խողովակը, կարպետի վրա դրած մի քանի խոշոր քարերից եզրակացնում ենք, որ տանտիրուհին տանը չէ: «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի ղեկավար Վահան Թումասյանն ասում է, որ ժամը 17-ից հետո Սուսաննա Եղտիարյանը սովորաբար վերադառնում է կացարան: Նույն բանը հաստատում է դիմացի տանը ապրող հարեւանուհին:

«Բարեգործական ճաշարան կերթա 58 թաղամաս, ընտեղ հաց կուտե ու տուն գուկա,- ասում է Թամարա Եղոյանը,- 2 տարին լրացավ, օր խեղճ կնիկն ուլիցն է ըսպես: Օր գուզեք ճիշտն իմանաք, էս կողքի պատկից տունն իրա հոր տունն է, քուրը մարդուց բաժնվավ, եկավ իրանց հետ ապրավ, մորը տարավ գցեց ծերանոց, Սուսանին էլ հանեց դուրս գցեց, չթողեց իրանց հետ ապրի: Սուսանն էլ ըդպես թափառական, կերթար վագզալի մեջը կքներ, փողոցները կմնար, հետո էլ էկավ ըստեղ, մենք իրա քեռու հարսին ըսինք, թե մեղք է, գոնե էս ձեր կիսակառույցը տվեք, մեջը պատսպարվի: Արդեն տարիմ կեղնի, օր ըստեղ կապրի»:

Սրտացավ հարեւաններն ինչով կարողացել օգնել են հարազատ արյունակցի կողմից փողոց շպրտված կնոջը` մեկը հին բազմոցն է տվել, որ վրան քնի, մյուսը` չօգտագործվող երկաթե վառարանը, հագուստ, որոշ կենցաղային իրեր, իսկ շորե դուռն ու անապակի պատուհանը պոլիէթիլենով փակելն էլ թաղի երեխաների ձեռքի գործն է: Խղճում են, չեն նեղացնում, ինքն էլ բոլորի հետ հարգալից է ու քաղաքավարի:

Մինչ մենք զրուցում ենք հարեւանուհու հետ, ծառի ճյուղը հետեւից քարշ տալով` փողոցի անկյունից հայտնվում է Սուսաննա Եղտիարյանը: Ամառային բարակ դեղին գույնի տաբատ է հագին, հավանաբար դեռ ամառվանից ինչ-որ մեկի տված կիսակոշիկներ է ոտքերին, ձեռքի պարկերից մեկում աթարի կտորներ են, մյուսում` փողոցից հավաքած անպետք իրեր: «Վառելիք կհավաքեի, ըդուր համար ուշացա»,- պատասխանելով հարեւանուհու «քա ի՞նչ էղար, Սուսան, էս ու՞ր էիր» հարցին` արդարացավ 62-ամյա կինը: Վահան Թումասյանին տեսնելով` Սուսաննայի աչքերը ջերմանում են, դեմքին ժպիտ է հայտնվում:

«Տունս կեղնի՞»,-հարցնում է ու, հայթայթած վառելիքը ձեռքին, կանգնում փողոցի մեջտեղում: «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի ղեկավարը, ով արդեն 2 ամիս է` զբաղվում է անօթեւան կնոջը բնակարանի շահառու ճանաչելու համար անհրաժեշտ փաստաթղթերը հավաքելով, մեղավոր ժպտում է. «Ձեզ առաջարկում են հանրակացարան, որ երեք ամիս մնաք, մինչեւ հաջորդ տարի գարնանը բնակբաշխումը լինի, ձեր բնակարանը ձեզ տան»,- բացատրում է ուղեկիցս: Կնոջ աչքերը նեղանում են. «Ի՞նչ հանրակացարան, եսիմ ինչ տեղ է, ըբը օր ընտեղ ընձի նեղեցնե՞ն, չի՞ էղնի էդ տունը տան»,- Սուսաննայի հայացքը գրեթե աղաչական է դառնում:

Մեկ տարի Սուսաննան պատսպարվել է Գյումրիի երկաթուղային կայարանի սպասասրահում ու բնակելի շենքերի մուտքերում: Հիմնականում կնոջն արգելել են գիշերել: «Չէին թողնի պատեզդները քնեի, կըսեին` կարող է դու վտանգավոր մարդ ես, սումկեկս սաղ կստուգեին ու անձրեւ օրին դուրս կենեին: Կայարանի միլիցեքն էլ իրանց հերթին չէին թողնի ընտեղ մնայի, կըսեին` կարողա քեզի մե բանմ էղնի, մեռնիս վրեքս մնաս, ել, ել գնա ստեղից, գնա քաղաքապետարան: Ընտեղ էլ գնացի, Պապիկյան Անուշավանն ելավ, դուրս էրավ ընձի, կըսե` իմ գործս չէ, ընձի մի դիմե»,- անտարբեր ձայնով պատմում է Սուսաննան: Բարձրագուն կրթությամբ, երկար տարիներ Ստեփանավանի կարի գործարանում ինժեներ աշխատած կնոջ ձեռքերին մանր վերքեր եմ նկատում, երբ փորձում է բլուզի օձիքով փակել բերանը, մատները սեւացած են մրից, ցրտից ճաքճքած:

Սուսաննա Եղտիարյանի ընտանիքը երկրաշարժին կորցրել է 2 սենյականոց բնակարան, սակայն որդու եւ քրոջ մահից հետո միայնակ կնոջը հաշվառել են մեկ սենյականոց բնակարանների հերթացուցակում: Սուսաննայի համարը 812-ն է, անցած տարվա բնակբաշխումից նրան բնակարան չի հատկացվել` չի կարողացել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ներկայացնել: 15 օր առաջ «Շիրակ կենտրոն» ՀԿ-ի ղեկավարի շնորհիվ տիկին Սուսաննան ճանաչվել է բնակարանի շահառու, միայն թե այդ բաղձալի տանիքը նա կունենա 2012 թ. մարտ ամսին նախատեսված վիճակահանությունից հետո, իսկ մինչ այդ սպասվող ցրտերին պիտի դիմակայի իր անդուռ, անլուսամուտ կացարանում:

Տեսնելով Սուսաննայի կենցաղի անմարդկային պայմանները` Վահան Թումասյանը ՀՀ քաղաքաշինության նախարար Վարդան Վարդանյանին հոկտեմբերի 17-ին միջնորդագիր է ուղարկել, որով խնդրել է անօթեւան կնոջը բացառության կարգով բնակարան հատկացնել նախորդ տարի շահագործման հանձնված Մուշ-2 թաղամասի ազատ մնացած 5 հատ մեկ սենյականոցներից:

«10-15 օր է անցել, բայց դեռ պատասխան չեմ ստացել, ես հոկտեմբերի 20-ին դիմել եմ նաեւ Գյումրու քաղաքապետին, որպեսզի ժամանակավոր կացարան տրամադրեն, բայց դեռ արձագանք չկա,- ասում է Վահան Թումասյանը,- շատ կարեւոր է, որ այսօրվա դրությամբ մի փոքր ճկուն մոտեցում ցուցաբերվի: Ի վերջո, կան այդ ազատ բնակարանները, ինչու՞ ուրեմն դրանցից մեկն ու մեկը չտրամադրել Սուսաննային: Ես չեմ կարծում, թե այս կինը կդիմանա այս կացարանում ձմռան ցրտին առանց վառելիք, առանց սնունդ: Հիմա 7 բնակարան հետ են վերցրել, որովհետեւ շահառուները ստացան, չհասցրեցին սեփականաշնորհել, մահացան, թողնենք, որ այս կինն էլ այստե՞ղ մահանա, ո՞րն է ճիշտը: Հանձնաժողովի հոկտեմբերի 19-ի նիստի ժամանակ քաղաքապետարանի բնակբաշխման բաժնի պետ Անուշավան Պապիկյանն ելավ, մեծ-մեծ խոսեց, թե մենք Սուսաննային կացարան կտանք, կօգնենք իրերը տեղափոխել, մինչեւ բնակարան ստանա, բայց փաստացի ոչ մի բան չեն արել»:

Քաղաքաշինության նախարարի տարօրինակ մոտեցումը Սուսաննայի համար դժվար ընկալելի է: Նա ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, թե ապահովված պետական պաշտոնյաները, որ չունեն ոչ տանիքի, ոչ տաք կերակուրի, ոչ տաք հագուստի խնդիր, ինչու՞ չեն ուզում բացառություն անել: Խնդրում եմ ցույց տալ կացարան կոչվածը: Սուսաննան կարպետի վրա դրած քարերից երկուսը մի կողմ է տանում ու կիսաբացում շորե դուռը: Անսվաղ պատեր, քարե հատակ:

Պատի տակ դրված բազմոցի վրա կուտակած հագուստ եմ նկատում, որ Սուսաննան հավանաբար անկողնու տեղ է ծառայեցնում: «Սաղ գիշեր ցրտից կդողցնեմ, գիտե՞ս ինչխ կփչե էդ լուսամուտից»,- կնոջ ձայնը դողում է: Վառարանի բաց դռնից ծառի ճյուղեր են երեւոմ, անկյունում` պլաստմասե շշեր: «Բարեգործական ճաշարան օրը քանի՞ անգամ ես գնում»,-հարցնում եմ Սուսաննային: «Մեկ անգամ, ցերեկը ժամը մեկին կերթամ ճաշ կուտեմ, հետո ոտով մինչեւ 58 թաղամասից վառելիք հավաքելով գուկամ քաղաքի կենտրոն, կեղնի ժամը 5-ը,- ասում է Սուսաննան:

«Տեսնես քաղաքաշինության նախարարը, որ հանձնաժողովի նիստին բանավոր մերժել է Վահան Թումասյանի միջնորդությունը, այս պայմաններում քանի՞ օր կդիմանար, լավ, օր չէ, քանի՞ ժամ»,- մարող արեւի վերջին շողերի հետ սա էլ վերջին միտքն է, որ առկայծում է գլխումս, երբ հրաժեշտ եմ տալիս Սուսաննային` խոստանալով կրկին այցելել, տաք շոր ու կոշիկ բերել:     

Մեկնաբանություններ (4)

andrew
please help this lady
ընթերցող
Այս և նման մյուս պատմությունները վերջին հաշվով մեր հասարակության անտարբերության արդյունքն են... այո խղճահարությունն ու ողորմություն տալն էլ անտարբերության տեսակ է, ինչպես ասում են, խղճի հովություն... Ողորմություն տալու փոխարեն օգնեք մարդկանց վերականգնել ու տեր կանգնել իրենց իրավունքներին:
Edvard
Dajan irakanutyan evs mek apacuyc:
ARPEN
2 tari arach mardkayin khxci korust@ Susannayin poxoc shprtec u pashtonyanerin hatuk hivandutyunner@,lsoxutyan u tesoxutyan het kapvac,ays iroxutyun@ sarsapi veracecin.STAPVEQ, MI BAN AREQ, AMOT E u mi bacareq,vor ayd nuyn sarsap@ dzer het chi patahi,qanzi ayspisi pastern en vkayum-ARDEN VAXUC HOGU SOV E...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter