HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խոշտանգում, դաժան և անմարդկային վերաբերմունք. նաս անհատներին և հասարակությանը

Վահան Բուռնազյան[1]

ՄԱԿ-ի Խոշտանգվածների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ 

Խոշտանգումը բռնություն է, և ինչպես Այզեկ Ազիմովն էր գրել իր «Հաստատություն» գրքում. «Բռնությունն անունակների վերջին ապաստանն է»: Այս գաղափարը կրկնվում է Ազիմովի գրքերից շատերում, և շատերն են խորհրդածել, թե ինչ է ի նկատի ունեցել գրողը: Ըստ իս՝ նա բազում նշանակություններ է վերագրում այս գաղափարին, որոնցից յուրաքանչյուրը նմանապես վերաբերում է թե բռնությանը, և թե խոշտանգմանը:

Իր ամենահիմնական և ամենալայն իմաստով խոշտանգումը նախևառաջ զոհին բռնի ուժով խոշտանգողի կամքին ենթարկեցնելու նպատակով կիրառվող բռնություն է: Այս իմաստով բռնության կիրառումը խոշտանգողի կողմից սեփական ձախողման ընդունումն է: Նա ընդունում է, որ ձախողել է համոզել, որ ձախողել է արդարացնել որ այն, ինչ նա պահանջում կամ ակնկալում է զոհից, արդար է: Այլ կերպ ասած, խոշտանգմանը դիմելու քայլն արդեն իսկ նշանակում է, որ այն, ինչ խոշտանգողը ցանկանում է, արդար չէ, և որ խոշտանգողն «անունակ է» համոզելու կամ լեգիտիմորեն և մարդկայնորեն հասնելու սեփական նպատակներին: Սա իրապես թուլության նշան է:

Երկրորդ, բռնությունն ու խոշտանգումը արտահայտում են մարդկության մրցակցային բնույթն ի հակադրություն համագործակցային բնույթի: Բոլոր կենդանիները մրցում են ռեսուրսների համար: Պրիմատները մրցում են ռեսուրսների և հատկապես կարգավիճակի համար: Ըստ էվոլյուցիոն հոգեբանության՝ նման մրցակցությունը ներառում է մարտահրավեր նետողների և հակառակորդների բնաջնջում:[1] Բռնությունը և խոշտանգումը ամենադյուրին և մյուսի հաշվին հաղթելու ամենաստոր և ամենացածր, ու հետևաբար ամենակենդանական և ամենապրիմիտիվ ձևերն են: Սա հատկապես ճիշտ է, երբ բռնությունը հակադրվում է բանակցության, դիսկուրսի և երկխոսության համագործակցային տեխնիկաներին, որոնք բոլորն էլ ճանաչում են դիմացինի իրավական շահերի առկայության փաստը:

Երրորդ, բռնությունն ու խոշտանգումը անխուսափելիորեն հանգեցնում են զոհի ու հետևաբար նաև խոշտանգողի ապամարդկայնացմանը: Էվոլյուցիոն հոգեբանությունը սահմանել է մարդկային կարեկցանքը և ցանկացած անհատի անձնական շահից անդին վերացական նպատակների հասնելու համար համագործակցության խթանման նրա ներուժը որպես մարդկության ամենակարևոր էվոլյուցիոն առավելություն:[2] Որպես մարդ էակներ մենք կարող ենք ձգտել անել մեր ցանկալի իրականության մասին նոր համատեղ կանխատեսումներ, երբ մեզ նայենք ուրիշի աչքերով, եթե իհարկե ցանկանանք այդ արտաքին հայացքը նետել ինքներս մեզ վրա: Նման արտաքին հայացք խոշտանգողները չունեն: Կարեկցանքի հետևանքով ապամարդկայնացումը՝ «մարդ էակ»-ի  սահմանումից զոհի կամ զոհերի խմբի հեռացման գործընթացը և այդպիսով նրանց հավասարության ժխտումը, կանխամտածված բռնության նախապայմանն է:

Ցեղասպանության վերաբերյալ հետազոտությունները լի են այնպիսի ուսումնասիրություններով, որոնք փաստում են, որ ոճրագործները նախ պետք է ապամարդկայնացնեն զոհին իրենց բռնությունն իրագործելու նպատակով: Աբու-Ղրեիբի և այլ դեպքերը ապացուցում են, որ նույնը վերաբերում է նաև խոշտանգմանը: Սակայն ավելի քիչ է քննարկվում այն, թե ինչպես այս գործընթացի արդյունքում խոշտանգողը նույնպես կորցնում է իր մարդկայնությունը: Վնաս հասցնելու նպատակով մեկ այլ անհատի նկատմամբ ուժի կիրառումն անխուսափելիորեն հանգեցնում է սեփական կարեկցանքի ժխտմանը, անհատի մարդասիրության ամենաբնորոշ առանձնահատկության՝ մեզնից յուրաքանչյուրին մեծապես մարդ դարձնող այդ տարրի հերքմանը: Սեփական կարեկցանքը ժխտելով՝ խոշտանգողը տարանջատում է իրեն մարդկային գոյության էությունից՝ կարեկցանքից, այսպիսով վտանգելով սեփական մարդկային արժանապատվությունը: Ցանկացած մարդանման կապիկ կարող է խոշտանգել:

Չորրորդ, մարդկային զարգացման հիմնական նախապայմաններից է այն, որ զարգացած հասարակությունը իրենից ներկայացնի զարգացած անհատների հավաքականություն: Ցանկացած հասարակության ամենակարևոր ռեսուրսը իր անհատներն են: Հենց անհատին են միայն քաջ հայտնի այն հետաքրքրությունները, կարողությունները և հակումները, որոնց հետևելը լավագույնս կնպաստի իր զարգացմանը: Ավելին, հայտնի է, որ անհատների հետաքրքրությունների և զարգացման իրականացման համար անհրաժեշտ է հոգալ նրանց հիմնական կարիքները, թույլ տալ նրանց ներգրավվել այն որոշումների կայացման մեջ, որոնք ներգործում են նրանց կյանքին, որպեսզի նրանք մղվեն անձնական նպատակների հետապնդմանը և իրենց հասարակության ներսում և նրա զարգացման համար սեփական ուժերի ներդրմանը: Ներգրավումը կարևոր է, բացառումը՝ վնասակար: Հետևաբար, նման զարգացման դինամիկան ենթադրում է որոշակի պաշտպանվածության երաշխիքներ, ինչպիսիք են սոցիալական ապահովությունը և առողջապահությունը, որոշակի սոցիալական հնարավորություններ, ինչպիսին է կրթությունը, որոշակի տնտեսական խթաններ, ինչպիսիք են արդար աշխատավարձը և ապահով աշխատանքը, որոշակի քաղաքացիական և քաղաքական իրավունքները, այդ թվում  հավասարությունը և մասնակցությունը, ինչպես նաև թափանցիկությունը, պատասխանատվությունը և օրենքի գերակայությունը:[3] Առանց վերոնշյալի անհատներն ամբողջությամբ չեն բացահայտի սեփական ներուժը և/կամ չեն ներդնի սեփական ուժերը իրենց հասարակության և դրա զարգացման մեջ:

Խոշտանգումը ժխտում է այս ամենը՝ անհատի էությունը, նրա ներուժը և արժեքը: Ապամարդկայնացված զոհը, ինչպես նաև խոշտանգողը, որի մարդկային արժանապատվությունը ևս վտանգված է, չեն կարող դառնալ այն լիովին զարգացած և ներգրավված անհատները, որոնք անհրաժեշտ են յուրաքանչյուր հասարակության համար: Խոշտանգումը վտանգի տակ է առնում որևէ հասարակության զարգացումը՝ զրկելով նրան իր անհատների ամբողջական ներուժից:

Հենց այս պատճառով է, որ բռնությունը և խոշտանգումը անիմաստ են, անբանական, և կործանարար թե զարգացող, թե զարգացած հասարակությունների համար: Բռնությունը և խոշտանգումը վնասում են անհատին և հասարակությանը: Իրոք, որ բռնությունը անունակների վերջին ապաստանն է:



[1] Joshua D. Duntley, David M. Buss, “The Evolution of Evil,” Chapter Five of Arthur G. Miller, ed. The Social Psychology of Good and Evil, New York: Guilford Press, 2004.

[2] Kat McGowan, “Cooperation Is What Makes Us Human,” Nautilus, April 29, 2013, http://nautil.us/issue/1/what-makes-you-so-special/cooperation-is-what-makes-us-human.

[3] Amartya Sen, Development as Freedom, Anchor Books, 2000.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter