HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Արմավիրի մարզպետարանն ու շինարարական ընկերությունները մարզի տարածքը «կիսել» են իրար մեջ

Արմավիրի մարզում մինչև մրցույթի անցկացումը հանգիստ կարելի է գուշակել, թե կոնկրետ տարածքի շինաշխատանքների իրականացման համար մարզպետարանը որ ընկերության հետ է կնքելու պետական գնման պայմանագիր: Այս ոլորտում վերջին տարիների ուսումնասիրությունները վկայում են, որ մարզպետարանն ու շինարարական ընկերությունները մարզի տարածքը «կիսել» են իրար մեջ և ամեն տարի կայուն եկամուտներ են ստանում: Ընկերություններն արդեն գիտեն, թե ով որ տարածքում պետք է գործունեություն ծավալի և փորձում են շարժվել խաղի հենց այդ կանոններով:

Նույն պատկերն է նաև 2014թ.՝ առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրերի դեպքում:

Հրատապ ծրագրով անցյալ տարի կառավարության հատկացրած միջոցներով Արմավիրի մարզպետարանը կնքել է ընդհանուրը 694 մլն 600 հազար դրամի պետության կարիքների համար կապալային աշխատանքների կատարման պետական գնման պայմանագրեր: Այդ գումարներով վերանորոգվել են հիմնականում ճանապարհներ և դպրոցներ:

Կառավարության որոշմամբ բոլոր կապալառու կազմակերպություններն ընտրվել են բանակցային ընթացակարգով՝ առանց հայտարարության:

Էջմիածնում լուրջ ազդեցություն ունի Մանվել Գրիգորյանը

Էջմիածնի տարածքում, որպես կանոն, պայմանագրերի մի մասը կնքվում են ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանին պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ-ի հետ: Հենց այս ընկերությունից էլ Մանվել Գրիգորյանը ստանում է իր եկամուտների առյուծի բաժինը:

2014թ.   պատգամավորի ընկերությունը 31 մլն 880 հազար դրամով իրականացրել է մարզի Գեղակերտ համայնքի միջնակարգ դպրոցի լոկալ ջեռուցման համակարգի կառուցման աշխատանքները:

Հրատապ ծրագրի շրջանակներում ընկերությունը 47 մլն 780 հազար դրամով վերանորոգել է Էջմիածնի թիվ 2 հատուկ դպրոցը:

Նախորդ տարիներին նույնպես գերենալ Մանվել Գրիգորյանի ընկերությունը մաս է կազմել առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացված աշխատանքներին։  

Այսպես՝ գեներալի ընկերությունը 2013թ. մասնակի վերանորոգել է Էջմիածնի Ներսիսյան վարժարանը, որն արժեցել է 52 մլն 400 հազար դրամ: 2012թ. դարձյալ Էջմիածնի Ներսիսյան վարժարանի մասնակի վերանորոգման, Էջմիածնի թիվ 13, 14, 16 մանկապարտեզների լոկալ ջեռուցման համակարգերի կառուցման և Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցի վերանորոգման համար «Արա և Այծեմնիկ» ընկերության հետ Արմավիրի մարզպետարանը կնքել է ընդհանուրը 96 մլն 522 հազար դրամի պայմանագիր:

2011թ-ին. 112 մլն 395 հազար դրամի պայմանագիր էլ կնքվել է մարզի Արաքս համայնքի և Էջմիածնի թիվ 12 հիմնական դպրոցների վերանորոգման նպատակով:

Մի քանի տարի է պետական ծրագրերով շինաշխատանքների կատարմանը մասնակցում է էջմիածինցի Գագիկ Բիշարյանին պատկանող «Իմպերիալ Տուր» ՍՊԸ-ն: Ինչպես «Արա և Այծեմնիկ» ընկերությունը, «Իմպերիալ Տուր» ՍՊԸ-ն,  ևս կենտրոնացած է հիմնականում Էջմիածնի տարածքում: Վերջինս տարբեր տարիներին մասնակցել է ծրագրերին, իսկ 2014թ-ին ընդհանուր առմամբ մարզպետարանի հետ կնքել է 124 մլն դրամի պայմանագրեր:

Ընկերությունը մոտ 48.5 մլն դրամով ամրացրել է եզդիաբնակ Ֆերիկ համայնքի միջնակարգ դպրոցի  շենքը, վերանորոգել է Էջմիածնի թիվ 9  և թիվ 11 հիմնական դպրոցները՝ համապատասխանաբար 40 և 35 մլն դրամով:

Նշենք, որ «Իմպերիալ Տուր» ՍՊԸ-ն պետական գնումներով կենտրոնացած է հատկապես դպրոցաշինության ոլորտում: Էջմիածինցիները ասում են, որ Գագիկ Բիշարյանի ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանի ազգականն է:

Էջմիածնի ավագանու անդամի ղեկավարած ընկերությունը «ընտրյալների» ցանկում է

«Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲԸ-ի տնօրենը Էջմիածնի ավագանու անդամ Յուրիյ Գևորգյանն է, ով մտերիմ հարաբերությունների մեջ է ԱԺ պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի հետ: Այս ընկերությունը 2014թ. կառավարության հրատապ ծրագրով մեկ պայմանագրով միանգամից երեք ավտոճանապարհ է վերանորագել:

«Ավտոճանապարհային մեքենաներ» ՓԲԸ-ն վերանորոգել է Տնկարան – Զինավան – 5, Մ-5-Մերձավան-Այգեկ-Մ-5 և Մ-3 – Շահումյան մարզային նշանակության ավտոճանապարհները: Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է մոտ 23 մլն դրամ:

Ընկերությունը նախորդ տարիներին ևս վերանորոգել է մարզի ճանապարհները: Օրինակ՝ 2012թ, վերանորոգել է Մ-3-Ջրառատ-Գայ-Ակնաշեն ավտոճանապարհը՝ 7.5 մլն դրամով:

Մարզպետի ընկերը՝ Արմավիրի պետական շինարարական ծրագրերում

Եթե Էջմիածնում իր խոսքն ասում է «Արա և Այծեմնիկ» ընկերությունը, ապա նույն «պատահականությամբ» Արմավիրի տարածքում նույն դերը տանում է  Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ընկերոջը՝ Միսակ Տեր-Պողոսյանի ընտանիքին պատկանող «Միլաքս Գրուպ» ՓԲԸ-ն: Որոշ «բացառություններ» լինում են, սակայն այս ընկերության տարածքը Արմավիրի նախկին շրջանն է:

«Միլաքս Գրուպ» ՓԲԸ-ի բաժնետերերից մեկը Միսակ Տեր-Պողոսյանի կինն է՝ Լաուրա Մադոյանը, ով բաժնետեր է դարձել 2013թ-ից: Մինչ այդ բաժնետեր են եղել մարզպետի ընկերն ու վերջինիս եղբայրը՝ Արաիկ Տեր-Պողոսյանը: Վերջինս եղել է նաև ընկերության տնօրենը:

2014թ. առաջնահերթ լուծում պահանջող ծրագրերով Արմավիրի մարզպետարանը «Միլաքս Գրուպ» ՓԲԸ-ի հետ կնքել է մոտ 124 մլն դրամի պայմանագիր: Մասնավորապես՝ 75.3 մլն դրամով վերանորոգել է Արազափ համայնքի դպրոցը, 48.5 մլն դրամով էլ՝ Ջրաշենի դպրոցը:

Այս ընկերությունը 2011թ. 413 մլն մլն 700 հազար դրամով իրականացրել է մի շարք համայնքների դպրոցների վերանորոգման աշխատանքներ:

2012թ. իրականացրել է Հայթաղ համայնքի խմելու ջրի ներտնտեսային ցանցի վերանորոգման աշխատանքները, որն արժեցել է 11.3 մլն դրամ: Նույն համայնքում, նույն նպատակով կնքվել է մեկ այլ պայմանագիր և իրականացրել է աշխատանքներ, այս անգամ արդեն 37 մլն 112 հազար դրամ արժողության, Տանձուտ համայնքում 5.2 մլն դրամով մասնակի վերանորոգել է դպրոցի շենքը:

Նույն տարում, դարձյալ անհետաձգելի պահանջով, մոտ 243 մլն դրամով վերանորոգել է Արմավիր քաղաքի թիվ 8 հիմնական դպրոցը, մասնակի վերանորոգել է Նոր Արմավիր, Արաքս, Վարդանաշեն, Տանձուտ համայնքների դպրոցները, վերանորոգել է Մյասնիկյան համայնքի 3 բազմաբնակարան շենքերի տանիքները, կառուցել է Արմավիր քաղաքի արվեստի պետական քոլեջի լոկալ ջեռուցման համակարգը և այլն:

57 մլն 580 հազար դրամով վերանորոգել է մարզի Բերքաշատի դպրոցի շենքը, 76 մլն 104 հազար դրամով՝ հիմնանորագել է Արմավիրի թիվ 5 դպրոցի շենքը:

«Միլաքս Գրուպ» ՓԲԸ-ն նույն տարում Արմավիրի մարզպետարանի համար ձեռք է բերել նաև ավտոմեքենա՝ 13 մլն դրամ ընդհանուր արժեքով:

Նշենք, որ Տեր-Պողոսյանների ընտանիքին է պատկանում նաև «Միսակ Մեծ» ՍՊԸ-ն: Տարբեր տարիներին, այս ընկերության հետ ևս կնքվել են անհետաձգելի համարվող ծրագրերով նախատեսված պայմանագրեր: Օրինակ՝ «Միսակ Մեծ» ՍՊԸ-ի հետ Արմավիրի մարզպետարանը 2011թ. կնքել է 28 մլն 733 հազար դրամ, 2012թ՝ մոտ 86 մլն դրամի պայմանագրեր:

Լավ հարաբերություններ իշխանությունների հետ և խոշոր պայմանագրերը պատրաստ են

Արմավիրում խոշոր շինաշխատանքների պայմանագրերը կնքվում են «Բաղրամյանշին» ԲԲԸ-ի հետ: Ընկերության սեփականատեր և տնօրեն Գագիկ Վարդանյանը մոտ հարաբերություններ ունի ինչպես մարզային, այնպես էլ հանրապետության բարձր իշխանությունների հետ:

Միայն 2014թ-ին «Բաղրամյանշին» ԲԲԸ-ն Արմավիրի մարզի հրատապ ծրագրով մոտ 273 մլն դրամի շինվերանորոգման աշխատանքներ է իրականացրել: Վերանորոգել է Տարոնիկ, Երասխահուն համայնքների դպրոցները, Արմավիրի մարզպետարանի դահլիճը, իսկ Նոր Արտագերս, Հացիկ, Գետաշեն գյուղերուի դպրոցներում կառուցել է լոկալ ջեռուցման ցանց:

«Բաղրամյանշին» ԲԲԸ-ն նախորդ տարիներին ևս ակտիվ պայմանագրային հարաբերություններ է ունեցել Արմավիրի մարզպետարանի հետ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter