HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռազմական բուժքույրն` իր անցած ուղու մասին. «Ատամները կրճտացնելով` անում էինք մեր գործը»

«Ամենածանր պահերից մեկն էր, երբ մոտ մարդկանց հետ խոսում էինք, մեկ էլ անցնում էր մի քանի ժամ, բերում էին, ու մենք պիտի փակեինք նրանց աչքերը...»,- սա պատմելիս ղարաբաղցի բուժքույր Գայանե Հայրապետյանի ձայնը խզվում է, աչքերը լցվում են արցունքներով: Նա հայացքը կախում է սեղանին, սակայն շարունակում է խոսքը: «Ու հետո պիտի դին տեսքի բերեինք, որ ուղարկեին ընտանիքին: Կա՞ մեկը, որ կարող էր դիմանալ դրան»,- նշում է բուժքույրը, հետո ձեռքով արագ մաքրում խոնավացած կոպերը:

Առաջին հայացքից երբ հոսպիտալի միջանցքում հանդիպել էի Գայանեին, նա խոսում էր չոր տոնով: Միայն զրույցի ընթացքում հասկացա, որ նրա արտաքուստ չորությունը փխրուն լինելու կաղապարն է: Գայանեն 19 տարեկան էր, երբ կամավորագրվեց բուժքույրերի «բանակին»: Այդ ժամանակ ուսումնարանը նոր էր ավարտել և կես հաստիքով աշխատում էր Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոցում: Այդտեղ էլ բուժական անձնակազմին հայտնել էին, որ պատերազմի դաշտում բուժօգնություն պիտի ցուցաբերեն և առաջարկել էին կամավորագրվել: «Ստիպողաբար չի եղել, ես ինքս եմ ցանկացել գնալ»,- նկատում է Գայանեն: Ասում է` պատերազմի դաշտի բուժքույրը պետք է լինի արագաշարժ, օպերատիվ աշխատող: Ինքն առաջինը գնաց Ջանհասանի ուղղությամբ, որը Շուշիի ազատագրման գործողության թեժ կետերից էր:

«Հոգեբանորեն սկզբից վատ էինք, էնքան լաց էինք լինում, հետո բժիշկ Մարությանն ասաց` կռիվը տենց ա, բալա ջան: Հետո պնդվեցինք, ատամները կրճտացնելով, անում էինք մեր գործը: Գիտակցում էինք, որ տղերքի դիերը պիտի չլինեին դաշտում, գոնե մասունքները պիտի բերեինք»,- ասում է Գայանեն: Ես ավելի շատ հետևում եմ նրա հայացքին, ու երբ ինչ-որ հարցադրմամբ նայում է ինձ, լռում եմ: Պատերազմից 20 տարի անց իր անցած ճանապարհի մասին Գայանեն շատ քիչ բան է պատմում, թեև ամեն բան հիշում է: Ասում է` ո՞նց կարող եմ մոռանալ: Պատերազմում հեշտ պահեր չկան, ամեն պահն էլ դժվար է: Ներկայում փորձում է չհիշել այդ օրերը:

Դժվար պահերից մեկը Նարեշտար-Չարեքտարի ուղղությամբ էր, երբ բաց դաշտում հայտնվել էին շրջափակման մեջ: Սանիտարական «ՈւԱԶ» մեքենան վիրավորներ էր տեղափոխել, ու իրենք պատգարականերով, բժշկական գործիքներով մնացել էին բաց դաշտում: Ասում է` շշկռված նստած էինք: Բուժքույրերից ամեն մեկին մի նռնակ էին տվել մինչ այդ, որը անելանելի դրության դեպքում օգտագործեին: «Ասել էին` նռնակի կոլցոն կքաշեք, մի քանի թուրքի կվերացնեք, մենք էլ հետներն էինք գնալու: Բայց մենք ուրախ էինք, որ էդ քայլը պիտի անեինք: Մեկ էլ մի «ԳԱԶ»-իկ եկավ, չգիտեմ ոնց եղավ, բրթեցին մեզ ավտո, դուրս եկանք էդտեղից: Ամենամեծ սթրես ապրած պահն էր ինձ համար»,- ասում է նա…

Գայանեն պատմում է, որ ձմռանը ձյունը հավաքում էին, հալեցնում, որպեսզի տաքացնեն ու բժշկական գործիքները ստերիլացնեն: Մի անգամ էլ Ֆիզուլիում ինքը, բուժքույրերից Մարինե Մուսայելյանն ու Արևիկ Անդրյանը ձյուն հավաքելիս միրգ էին գտել ձյան մեջ: «Շատ էինք ուրախացել, գոհ էինք Աստծուց»,- սա պատմելիս բուժքրոջ դեմքին հայտնվում է ժպիտը: Բոլորս ենք ժպտում: Իսկ երբ վերադառնում ենք ներկայում ապրող ազատամարտիկներին, նրա դեմքից ժպիտը կորում է:

Գայանեն ասում է, որ պատերազմի ժամանակ մտածում էին, թե երբ հաղթեն, կյանքն ավելի է բարելավվելու, ազգն ազատ շնչելու է: Պատերազմի մասնակից տղերքի մասին է խոսում, ովքեր հաշմանդամություն ունեն: Ասում է` նրանց 80 տոկոսը օգնության կարիք ունի: «Ոտքը կամ ձեռքը կտրած մտնում են մի տեղ, բայց արհամարհված դուրս են գալիս: Մենք շատ ենք շփվում էդպիսի մարդկանց հետ,- ասում է բուժքույրն ու ավելացնում,- պատերազմի մասնակիցներից առաջին հերթին տղամարդիկ, ովքեր վատ հոգեվիճակ ունեն, չեն էլ կարողանում վերահսկել իրենց, կոտրվում են: Նրանք չեն կարողանում հոգալ իրենց երեխաների սնունդը կամ հաշմանդամություն ունեն, վատառողջ են, իրականում հաշմանդամության կարգավիճակ ունեն, ձևակերպված չեն: Կան նաև այնպիսինները, որոնք ձևակերպված են այդ կարգվավիճակի համար, բոլորս գիտենք այդ մասին»:

Ասում է` կանայք լացով հաղթահարում են հոգեբանական դժվար պահերը, իսկ տղամարդիկ հոգեկան խանգարումներ են ստանում: «Նրանցից ոմանք այնքան ընկճված են, որ արդեն հարբեցողության են գնում, բարոյահոգեբանակոն վատ վիճակում են»,- նշում է նա:

Գայանեն ասում է` որևէ բան չեն ուզում իրենց համար, միայն խնդրում են այդ ազատամարտիկներին օգնել: Նրանցից ոմանք սոցիալական այնպիսի վատ վիճակում են հայտնվել, որ անգամ ինքնասպանության փորձեր են կատարել: Պատմում է, որ ինքն էլ նևրոտիկ խանգարումներ է ունեցել, բուժվել է: «Էնքան բան ես տեսնում, որ հնարավոր չի դրանք իրենց հետևանքները չունենան»,- նշում է 42-ամյա բուժքույրը: Մեր զրույցի կեսից Գայանեն դուրս է գալիս սենյակից: Նրա խոսքը շարունակում է բուժքույր ընկերուհիներից Արևիկը. «Էսօր ոչ մի նյութական բան չենք ուզում: Ուղղակի ասեն` հա, գործ եք արել, գնահատեն և չասեն` ի՞նչ եք արել որ»: Հոսպիտալի ակումբում լռում ենք բոլորս:

Պայմանական խաղաղության օրերին գուցե շատերս չհասկանանք այն, ինչ այս կանայք արել են: Երբ մեր զրույցի հաջորդ օրը նրանց հետ դիտում էինք պատերազմի ժամանակ արված լուսանկարները` հիմնականում վիրավորների կադրերը, մի քանի լուսանկար նայելուց հետո այլևս հնարավոր չէր դիտել: Իսկ նրանք նայում էին, ծանոթ-անծանոթներին հիշում, պատմում դրվագներ: Սենյակի անկյունում նստած հետևում եմ նրնց ու մտածում, թե այսօր հայրենասիրության մասին խոսողներից քանիսը կարող են փշրված գլխով, արնաքամ ձեռքով վիրավորին արագ օգնություն ցուցաբերել: Հարցնում եմ նրանց. «Հա, բայց ո՞նց էիք դիմանում»: Շարունակելով դիտել լուսանկարները` ժպտում են:

Լուսանկարները` Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանություններ (2)

Armen
Բարև ձեզ։ Կասեք խնդրեմ, հիմա Գայանեն որտե՞ղ է։ Եթե չեմ սխալվում իմ բուժքույրն է եղել, այն ժամանակ Ստեփանակերտի զին.հոսպիտալում էր։
Հետք
Բարեւ Ձեզ: Նույն տեղում է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter