HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

5 տղաների մոր ցանկությունը «լավ մարդիկ» մեծացնելն է

39-ամյա Ստելլա Հարությունյանը Էջմիածնի շրջանի Արտիմետ գյուղում իր 5 երեխաներին պահում է «Փարոս» ծրագրի 52 հազար դրամ նպաստով ու սկեսրայրի թոշակով: Ամուսինը՝ Հայկ Աբգարյանը, 7 տարի առաջ մեկնել է Ռուսաստան՝ արտագնա աշխատանքի եւ այլեւս Հայաստան չի վերադարձել։ Նա խզել է նաեւ կապերը ընտանիքի հետ։

Ստելլան Վարդենիսի Ծովակ գյուղից է, 12 տարեկանում կորցրել է հորը, 14 տարեկանից տեղափոխվել է քրոջ տուն՝ Էջմիածին ու դպրոցն ավարտել այնտեղ: Հետո սովորել է բժշկական ուսումնարանում, դարձել մանկաբարձ: 20 տարեկանում՝ 1997 թ.-ին, ամուսնացել է Հայկի հետ:

Հայկը Ղարաբաղյան պատերազմի մասնակից է եղել: Ստելլան պատմում է, որ ամուսինն աշխատանք չուներ, դժվար էր ապրելը: Դա է եղել պատճառը, որ նորաստեղծ ընտանիքը գնացել է Ռուսաստան՝ Պոդոլսկ քաղաք։

Ռուսաստան գնալուց 3 օր անց ծնվել է Ստելլայի ու Հայկի առաջնեկը՝ Դավիթը, հետո նաև՝ Դերենիկն ու Արտյոմը: «Արտյոմը 10 ամսական էր, որ եկանք Հայաստան, 2 տարի հետո ծնվեց Ապավենը՝ մեր 4-րդ տղան: Ապավենս դարձավ 1 տարեկան, ամուսինս նորից գնաց Ռուսաստան՝ աշխատելու ու ինձ կանչելու նպատակով: Բայց երկու տարի հետ չեկավ: 7 տարի առաջ էր:

Այդ ժամանակ իմացա, որ մի ռուս կնոջից երեխա է ունեցել: Մի քանի ամիս էլ անցավ, իմացա, որ երկրորդ երեխան է ծնվել: Հիմա արդեն 3 երեխա ունի Ռուսաստանում: Մեծս՝ Դավիթը, շատ էր նեղվում, ասում էր՝ ինչի են ուրիշներն իրանց պապաների հետ դուրս գալիս, իսկ մենք` քո հետ»,- պատմում էր Ստելլան:

4 զավակների մայրը փորձել է պահպանել ընտանիքը և ամուսնու հետևից հասել է Ռուսաստան, մի որոշ ժամանակ ապրել են մի հարկի տակ: Բայց Ստելլայի պատմելով, կարճ ժամանակ անց ամեն ինչ շարունակվել է հնի պես, չնայած նրան, որ Ստելլան հղի է եղել 5-րդ երեխայով: 6 ամսական հղիությամբ նա վերադարձել է Հայաստան: Ծնվել է 5-րդ որդին՝ Դանիելը, ում հայրը նույնիսկ չի տեսել:

«Ես անձամբ իմ կողմից վատ սերմեր չեմ ցանել տղաների մեջ: Միշտ ասել ու ասում եմ՝ իրենց հայրն ա, իրենց ծնողը: Երևի դժվար ա հավատալ, բայց իմ սրտում վատ բան չկա նրա նկատմամբ: Եթե վերադառնա, կընդունեմ իրեն: Բայց չեմ ուզի, որ էնտեղի 3 էրեխեքը առանց հոր մնան»,- ասում է 5 երեխաների մայրը: «Իսկ ձեր էրեխե՞քը…»,- հարցնում եմ: Ստելլան լռում է:

Արտյոմն ու Դերենիկը այժմ Հանքավանի ճամբարներից մեկում են, ուր կհանգստանան 8 օր: Արտյոմը երաժշտական դպրոց է հաճախում, դուդուկ և դաշնամուր է նվագում, Դերենիկն էլ գնում է նկարչական խմբակ: Ստելլան ցույց է տալիս նրա ձեռքի աշխատանքները: Շարֆերի վրա նկարներ են: Փորձել են վաճառել, բայց խանութներին տված շարֆերը վերադարձվել են, և ընտանիքը դրանց մի մասը նվիրել է մտերիմներին:

Ստելլան ասում է, որ մեկ- մեկ խառնում է երեխաների տարիքները, հետո կենտրոնանում ու արագ թվարկում է՝ 17,14, 12, 10, 4: Տասնամյա Ապավենը ասում է, որ Հայաստանը լավ տեղ է «իր գյուղերով»:

Աղջիկ ունենալու մասին Ստելլան չի էլ երազել. «Չէի ուզի աղջիկ ունենալ, չէի ուզի, որ իմ տառապանքները տեսնի, էս ճանապարհն ինձ հետ անցնի»: Ասում է, որ ծնկների վրա է ուժ ստանում՝ աղոթելիս: «Աստված ինձ շատ անգամ ցույց ա տվել, որ մարդկանց նկատմամբ հավատը փուչ բան ա»:

Ավագ որդին՝ Դավիթը, երկար ժամանակ աշխատել ու հոգացել է բազմազավակ ընտանիքի հոգսերը: «Հող էր մշակում, տարբեր գործեր էր անում, փող բերում, դնում էր բարձիս մոտ կամ պայուսակիս մեջ: Դեկտեմբերից վատացավ, հետո ախտորոշվեց սուր լեյկոզ…»,- պատմում է մայրը՝ հավելելով, որ տղան նաև սակավարյունություն ունի: Լեյկոզի բուժմանը զուգահեռ՝ պարբերաբար արյան ներարկում է ստանում: Միշտ չէ, որ անհրաժեշտ քանակի արյուն է լինում, և երբեմն դոնորների կարիք է լինում:

17-ամյա Դավիթը ծրագրավորում է սովորում Էջմիածնի քոլեջում: Հիվանդությունից առաջ, հարևանների հողամասերում աշխատելուց բացի, նաև մասնագիտական գործեր էր անում՝ համակարգչային ծրագրերի տեղադրում, թեստավորում, խաղերի հավաքում և օնլայն գործարքներ:

«Սեզոնին էրեխեքը ամեն ինչ էլ կերել են, ամեն միրգ էլ եղել ա: Իմ կողմից ոչ մեկ չի նեղվել: Որ տենց շարունակվեր, լավ կլներ»,- պատմում է Դավիթը, ում այժմ արգելված է գտնվել արևի ուղիղ ճառագայթների տակ:

Դավիթի հիմնական խնդիրը զբաղված լինելն է: Ասում է, որ օրվա մեծ մասը տանն է լինում, հեռախոսով ինտերնետից է օգտվում կամ զրուցում է իրեն այցելող ընկերների հետ: Իր մասնագիտությունը թույլ է տալիս տնից գումար աշխատել, սակայն դրա համար այժմ համակարգիչ է հարկավոր: Այդ դեպքում Դավիթը նաև կընդլայնի գիտելիքը՝ յուրացնելով ծրագրային լեզուներ, որոնք քոլեջում չեն սովորում:

 

Ստելլան ցույց է տալիս Հանքավանում գտնվող տղաների՝ Արտյոմի և Դերենիկի լուսանկարները

«Ես չէի սպասում ձեր գալուն: Ճիշտ ա` դժվար ա 5 էրեխեքի հետ, մեկն էլ՝ հիվանդ, առանց տղամարդու, առանց սեփական տան, քանի որ սա իմ տունը չի, կարող է մի օր ամուսնուս եղբայրները գան Ռուսաստանից ու ինձ հանեն էս տնից: Բայց միշտ մտածել եմ, որ կան մարդիկ, ովքեր ավելի վատ վիճակում են ու փառք եմ տվել Աստծուն, որ ծածկ ունենք, երեխաներս հետս են:

Իմ միակ երազանքը, նպատակը, որ Դավիթս, իմ մյուս էրեխեքը առողջ լինեն, լավ մարդիկ մեծանան»,- ասում է Ստելլան:

լուսանկարները և տեսանյութը՝ Դավիթ Բանուչյանի

Մեկնաբանություններ (1)

ani
I hear and read this often: armenian men leave their wife and children to move to Russia without caring and coming back again ! This criminal behaviour proves clearly that they are NO CHRISTIANS, but week,lazy,satanic fornicaters ! Where are the priests and catholicosses to admonish,accuse and excomunicate them, if they don't repent and stop there dirty ,degenerate way of life ??? why are they silent, these pseudo-shepards , instead of Standing up for the weak and defendless children ?

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter