HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Պարտություն էի զգում, երբ վիրավորին չէինք կարողանում փրկել»

Ուշ երեկոյան Ստեփանակերտի զինվորական հոսպիտալի երկար միջանցքում զրուցում ենք բուժքույր Անյուտա Թադևոսյանի հետ: Աշխատանքային հերթապահության օրն ենք գնացել: Անյուտայի կոպերը ծանրացած են, բայց ժպտում է: Պայմանավորվում ենք հանդիպել երկու օր անց: Պայմանավորվածությունից հետո զրուցելով հասնում ենք հոսպիտալի երկար միջանցք: Երիտասարդ բուժակներից մեկը, որ այդ օրը ևս հերթապահում էր, մի փունջ վարդեր է բերում Անյուտայի համար: Հոսպիտալի առաջ գտնվող վարդենիներից է պոկել: Անյուտան ժպտալով վերցնում է: Հոսպիտալում բուժվող զինվորների հետ է հպանցիկ խոսում, հարցուփորձ անում: Հարազատական ջերմություն կա նրա ձայնի մեջ:

Երկու օր անց մենք կրկին հանդիպում ենք Անյուտայի հետ: Առհասարակ պատերազմի մասին հարցեր ձևակերպելիս փորձում եմ զգույշ լինել: Նույնիսկ «պատերազմ» բառը այս շարքի շատ մասնակից-ազատամարտիկներ չեն օգտագործում: Այն ավելի շատ «էն տարիներին» կատարվածն է: Անյուտային ասում եմ, որ իր ընկերուհին՝ Արևիկ Անդրյանը, մեզ պատմել է, թե իրենց երկուսի անուններն Արևն է ժամանակին ներկայացրել ռազմական բուժքույր կամավորագրվելու համար: Անյուտան ծիծաղում է: Ասում է՝ Արևը ճիշտ է ասել:

Անյուտան 20 տարեկան էր, երբ կամավորագրվել էր որպես ռազմական բուժքույր: Մարտակերտի Կոճողուտ գյուղից է: Որոշ դրվագներ պատմելուց հետո զարմանք է հայտնում, թե ինչպես են կարողացել դուրս գալ հաճախ անելանելի թվացող իրավիճակներից: Հիշում է, որ երբ Աղդամի կողմից «Ալազան» հրթիռներով խփում էին Ստեփանակերտին, ինքը քրոջ երեխաներին պիտի տաներ գյուղ: Քանի որ Սրխավենդի ճանապարհը փակ էր, ստիպված անտառով էին գնացել ձյուն-ձմեռով: Այնուհետ քաղաք վերադառնալով՝ Արևիկից իմացել է, որ իր անունը ևս ներկայացրել է կամավորականների ցուցակում: «Ասացի՝ հարց չկա»,- պատմում է բուժքույրը:

Անյուտան ավարտել է Կապանի բժշկական քոլեջը, որից հետո ընտանիքով բնակություն են հաստատել ՌԴ-ի Պենզա քաղաքում: Այդտեղ էլ սկսել է աշխատել որպես բուժքույր: Պենզայից վերադարձել է Ղարաբաղյան շարժման պատճառով: Ասում է՝ մտածում էր, որ ինքը պիտի լինի հայրենիքում, ինչ-որ բանով կարող է օգտակար լինել: Իսկ մինչ այդ աշխատում էր Երևանի Միքայելյանի անվան հիվանդանոցում՝ Սպիտակի երկրաշարժից տուժաներին օգնություն ցուցաբերելու նպատակով էր գնացել: Հիվանդանոցում առաջարկել էին մշտական աշխատանք, սակայն հրաժարվել էր՝ ասելով, որ իր կարիքը Ղարաբաղում ունեն:

Ծնողներին ձևական մի փաստաթուղթ էր ցույց տվել, թե իբր զինվորական կոմիսարիատից կանչել են՝ ռազմի դաշտում բուժօգնություն ցույց տալու համար:

«Ամենաթեժ մարտերը Մարտակերտի շրջանում էին, Ֆիզուլին էլ իր հարթավայրային դիրքով էր դժվարացնում կռիվը: Մարտակերտի ուղղությամբ ամեն տեղ եղել եմ, էդպիսի դեպք չի եղել, որ չգնամ»,- ասում է բուժքույրը:

«Առաջին վիեզդը (մարտական ելք- հեղ.) եղել է Չլդրանի ուղղությամբ: Մեզ ասացին՝ կարող է մի օր դիմանաք, հետ գաք: Վիրահատություներ պիտի անեինք: Այդ ժամանակ դեռ օպերացիոն քույր չէի, ուղղակի փորձ ունեի: Գործիքների անունները չգիտեի, շատ բան գիտեի, բայց օպերացիոն բուժքույրը պիտի իմանար էդ ամեն ինչը»,- նկատում է Անյուտան: Մի քանի վիրահատությունից հետո, ասում է, ամեն բան արդեն գիտեր: Բժիշկ Մարությանի (Վալերի Մարության՝ Արցախի բուժծառայության և ռազմադաշտային վիրաբուժության հիմնադիր- հեղ.) անունն է նշում: Ասում է՝ ռազմադաշտային հոսպիտալ առաջինը նա է հիմնադրել: Հոսպիտալը հիմնում էին այն կետում, որը ոչ մոտ լիներ ռազմի դաշտին, ոչ էլ հեռու: «Դե, եթե մոտ լիներ, վիրավորին օգնություն ցույց տալու փոխարեն մենք էլ կմեռնեինք պատրոններից: Իսկ արտիլերիան միշտ մեզնից հետո էր»,- ասում է նա: Հոսպիտալն ապահովված էր բոլոր անհրաժեշտ պարագաններով: Բուժքույրն ասում է՝ անկանխատեսելի էր, թե ինչ վնասվածքով վիրավոր էին բերելու՝ գլխի, ոտքի, ձեռքի, որովայնի, և վիրահատարանը միշտ պատրաստ պիտի լիներ: «Վիրահատության համար միլիոն բան է պետք, իսկ մեր հոսպիտալում երբեք չի եղել, որ պակաս բան լինի»,- նկատում է:

Սենյակի պատուհանից երևում է միջանցի անցուդարձը, որից Անյուտան, կարծես, կտրվել է մի քանի րոպեով: Անցյալում կատարվածից պատառիկներ են մեզ հասնում: Առաջին վիրավորներին հոսպիտալ բերելուց լաց էր լինում: Ասում է՝ սկզբնական շրջանում 40 աստիճան ջերմություն էր ունենում, մինչ օրս չի հասկանում՝ ինչից կարող էր լինել: Մի պահ նրա հայացքը սևեռվում է մի կետի: «Տղաներից մեկը մի անգամ մի լավ երգ նվագեց կիթառով, ասաց՝ քեզ համար եմ նվագում… Նվագեց, հետո գնաց ու էլ չեկավ»,- Անյուտայի աչքերում կամաց-կամաց հավաքվում են ջրի կաթիլները: Նա նրբորեն մաքրում է աչքերը: «Չլդրանում էինք, առաջին օրերին Բալուջայից մի վիրավոր էին բերել, էդ տղան օպերացիոննի սեղանին մահացավ, վայ, ո՜նց էի լացում, ոնց որ ես պարտվեցի»,- հիշում է նա: Ասում է՝ երբ չէր հաջողվում փրկել վիրավորի կյանքը, ինքն ամեն անգամ պարտություն էր զգում:

Աստիճանաբար, սակայն, կարողացել էին դառնալ ավելի ինքնամփոփ զգացմունքներն արտահայտելու հարցում: «Ինչ աստիճանի վիրավոր ասես բերում էին, գնալով քարսիրտ էինք դառնում: Չգիտեմ, բայց պատերազմից հետո լրիվ փոխվեցինք՝ էն ժամանակ ինչ չէինք կարողանում արտահայտել, հիմա մի թեթև բանից հուզվում ենք»,- ծիծաղում է, ձեռքով կրկին սրբում աչքերը:

Բեկոր Աշոտի զոհվելու մասին է պատմում: Ասում է՝ այդ ժամանակ իրենք հոսպիտակում, երբ լսեցին, որ «Ասկոլկան» զոհվել է: «Կարծես հանգիստ էինք էդ ժամանակ, որ փրկվելու է նաև էդ անգամ: Մի քանի անգամ վիրավորվել էր, մականունն էդտեղից էր: Մտածում էինք, որ էդ ժամանակ էլ կփրկվի, բայց… Մոնթեի զոհվելու ժամանակ մենք հոսպիտալում գործ էինք անում: Մոնթեին Դրմբոնում էի հանդիպել: Եկավ, տեսավ՝ էնտեղ ենք, ասաց՝ խի՞ չեք ասել, որ էստեղ աղջիկներ կան, կոնֆետ կբերեինք: Շատ լավն էր, շատ: Մենք, «Ալենկոն» (ռադիոկապի միջոց, ռացիա- հեղ.) դրած, կռվի ժամանակ խոսակցությունները լսում էինք»,- վերհիշում է բուժքույրը: Մի անգամ նույնիսկ Օգանովսկուն (Սամվել Կարապետյան, ներկայում ԼՂՀ պաշտպանության փոխնախարար- հեղ.) խնդրել էին քիչ հայհոյանք տալ:

«Հոսպիտալը մի տեսակ ստիմուլ էր տալիս տղերքին»,- ասում է Անյուտան: Հոսպիտալի համար ուտելիքը միշտ շատ էին վերցնում, որովհետև վիրավորներ բերող տղերքին էլ էին հյուրասիրում: «Եթե ուտելիք չէինք ունենում, գոնե մի բաժակ քաղցր չայը պիտի տայինք»,-հիշում է նա:

Երբ խոսում ենք անցյալի մասին, նույնիսկ ամենավատ դեպքերն էլ մեղմությամբ է պատմում: Ասում է՝ այդ տարիներին արժեքներ կային, որոնք այսօր չկան: «Էն ժամանակ պարզություն, ընկերություն կար, մարդու արժեքն իմանալ կար: Հիմա մեր արժեքը ոչ մեկը չգիտի: Էն ժամանակ ուրիշ էր՝ կյանքի գինը գիտեինք, հիմա չես կարող բացատրել, մարդիկ փոխվել են: Էն ժամանակ մարդիկ կային, որ մեզ մոտ չէին կարող լեզու թրջել, խոսել մեզ մոտ, կամաչեին, հիմա իրենց էն չարածն էնպես են ասում մոտդ, որ զարմացած նայում ես, մտածում ես՝ գոնե կամաչի, չի ասի: Չէ, բա ինքն արդեն հերոս է, ամոթը կորցրած հերոս է»,- ասում է Անյուտան:

Հիմա, ըստ Անյուտայի, արժեքներին փոխարինել է փողը: Նշում է, որ մարդիկ այս կամ այն պաշտոնի են անցնում ոչ թե ազգին մի օգուտ բերելու, այլ հարստանալու համար: «Իրենց գլխին տված գնահատանքը: Գոնե մեզ չջղայնացնեն: Եթե իմանամ, որ էսօրվա ավարտած բուժքույրն ինձնից շատ կարող է անել, կասեմ՝ գնում եմ մեր տուն, ոչինչ չունեմ անելու էստեղ: Աշխատողին չեն գնահատում: Խնամի-ծանոթ-բարեկամ պիտի լինի, կամ էլ հիմար պիտի լինես»,- նշում է զրուցակիցս:

Պատերազմի ժամանակ ցնցակաթված (կոնտուզիա) է տարել: Մինչ օրս էլ, ասում է, պատերազմն իր հետքերը թողել է: «Պատերազմից հետո գմփոցները, ձայները երկար տարիներ չէի կարողանում տանել: Սարսուռ էր անցնում, ամեն ինչ միանգամից միտս էր, սամալյոտը գալիս-անցում էր, մտածում էի՝ հեսա մի բան պիտի գմփա...»,- ասում է ու այս անգամ արդեն առանց ժպտալու:

Ամուսանցել է պատերազմից հետո: Երկու աղջիկ ունի: Ասում է՝ հանուն աղջիկների մտածում էր, որ եթե պատերազմը վերսկսվի, երկրից դուրս կգա, բայց վստահ է, որ չի կարող անել դա՝ աղջիկներին կուղարկի ապահով տեղ, իսկ ինքը դարձյալ կկամավորագրվի. «Սխալ բան չեմ արել: Եթե կրկնվեր, նորից նույնը կանեի»:

Լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter