HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սահմանամերձ համայնքներում բացվել է երկու նորակառույց ամբուլատորիա

Սահմանամերձ Ոսկևան և Բագրատաշեն համայնքների բնակչությունն այուսհետև առողջության առաջնային պահպանման օղակում բուժօգնություն կստանա նորակառույց կենտրոններում: Այս մասին հայտնում են ՀՀ ԱՆ-ից: 

ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինանսավորմամբ իրականացվող վարկային ծրագրի շրջանակում կառուցված ամբուլատորիաների բացմանը ներկա էին ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը:

«2014 թվականի հունիսի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեր մանկապարտեզ այցելության ժամանակ հանձնարարական տվեց, որ գյուղում կառուցվի նաև ամբուլատորիա և համայնքային կենտրոն: Նույն օրը ՀՀ առողջապահության նախարարության ծրագրերի իրականացման գրասենյակի մասնագետները ներկայացան համայնք: Մեկ տարին չլրացած` մայիսին ստորագրվեց շենքի կառուցման ավարտական ակտը»,- ասաց Ոսկևանի գյուղապետ Սերյոժա Ալեքսանյանը` համայնքի բնակչության անունից շնորհակալություն հայտնելով երկրի ղեկավարին, ՀՀ կառարավարությանը և առողջապահության նախարարությանը սահմանամերձ համայնքին աջակցելու և կարևոր բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար: 

Բուժանձնակազմի հետ զրույցի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հետաքրքրվեց, թե ինչպես է իրականացվում Իմունականխարգելման ազգային ծրագիրը, պատվաստումների որքան ծածկույթ է ապահովվում, բնակչությանն ինչպես են հասցվում անվճար հատկացվող դեղերը: 

Նա անդրադարձավ նաև 2015թ. մեկնարկած նոր ծրագրերին, մասնավորապես` սոցիալական փաթեթի շահառուների համար ներդրված կանխարգելիչ բժշկական զննությանը, ինչպես նաև «Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում» ծրագրի շրջանակում 2015 թվականի սկզբից իրականցվող սկրինինգային ծրագրերին` կարևորելով դրանց արդյունավետ իրականացումը մարզերում:

Առողջապահության նախարարը վստահեցրեց, որ քայլեր են իրականացվում սահմանամերձ համայնքներում բուժօգնությունը որակյալ և հասանելի դարձնելու ուղղությամբ, ինչը կնպաստի մարզերում առողջապահական համակարգի զարգացմանը և բնակչության շրջանում վստահության ձևավորմանը: 

Ամբուլատորիաներն ընդգրկվել են «Հայաստանի առողջապահական համակարգի արդիականացում ծրագիր – 2» հավելյալ ֆինանասավորման վարկային ծրագրում: Ոսկևանի առողջության առաջնային պահպանման կենտրոնը (ԱԱՊԿ) սպասարկում է Ոսկևան, Բաղանիս և Ոսկեպար համայնքների շուրջ 2700 ազգաբնակչության: 2006թ. Ոսկեվանի ԱԱՊԿ-ն հագեցվել է առողջության առաջնային պահպանման ծառայության մատուցման համար նախատեսված անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, բժշկական կահույքով, բժշկական պարագաներով և համակարգչային սարքավորումներով` ընդհանուր առմամբ շուրջ 12 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում: Ինչպես նաև ծրագրի շրջանակում ԱԱՊԿ-ի մեկ բժիշկ և մեկ բուժքույր մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր: ԱԱՊԿ-ն նախկինում տեղակայված էր չգործող մանկապարտեզի վթարային շենքում, զբաղեցնում էր մոտ 90 մ2 տարածք (5 սենյակ): ԱԱՊԿ-ի շենքը չուներ ջրամատակարարման, կոյուղու և ջեռուցման համակարգեր: 2006թ. ընթացքում ԱԱՊԿ-ում համայնքի աջակցությամբ կատարվել էին կոսմետիկ վերանորոգման աշխատանքներ:

2007-2008թթ. Լոս Անջելեսի բժիշկների միության աջակցությամբ սկսվել էին Ոսկևանի ԱԱՊԿ-ի նոր շենքի կառուցման աշխատանքները, որոնք 2011թվականից դադարեցվել էին: Վերանորոգման աշխատանքներ կատարելը աննպատակահարմար էր, ուստի որոշվեց հատկացված տարածքում կառուցել ԱԱՊԿ-ի նոր շենք: Նոր շենքի շինարարական աշխատանքները սկսվել էին 2014թ. նոյեմբերին: Ընդհանուր առմամբ, Ոսկևան համայնքում ներդրվել է շուրջ 57,3 մլն ՀՀ դրամ: Բագրատաշենի ԱԱՊԿ-ն սպասարկում է Բագրատաշեն, Դեղձավան, Պտղավան, Դեբեդավան համայնքների շուրջ 4635 ազգաբնակչության: 2006թ. Բագրատաշենի ԱԱՊԿ-ն հագեցվել է առողջության առաջնային պահպանման ծառայության մատուցման համար նախատեսված անհրաժեշտ բժշկական սարքավորումներով, բժշկական կահույքով, բժշկական պարագաներով և համակարգչային սարքավորումներով` ընդհանուր առմամբ 12 հազար ԱՄՆ դոլարին համարժեք ներդրում: Ծրագրի շրջանակում ԱԱՊԿ-ի երկու բժիշկ և չորս բուժքույր մասնագիտացել են որպես ընտանեկան բժիշկ և բուժքույր:

ԱԱՊԿ-ի նախկին շենքը կառուցվել էր 1946 թվականին և զբաղեցնում էր շուրջ 500 մ2: Շենքը գտնվում էր ոչ բարվոք վիճակում: Շենքի ծածկը փայտյա էր, տանիքը գտնվում էր քայքայված վիճակում:

Տվյալ տարածքում վերանորոգման աշխատանքներ կատարելը աննպատակահարմար էր, ուստի որոշվել էր հատկացված տարածքում կառուցել ամբուլատորիայի նոր շենք:

Նոր շենքի շինարարական աշխատանքները սկսվել են 2014 թվականի ապրիլին: Ընդհանուր առմամբ, Բագրատաշեն համայնքում ներդրվել է շուրջ 53.3 մլն ՀՀ դրամ:

ՀՀ առողջապահության նախարարության կողմից ամբուլատորիաներին փոխանցվեցին մարդասիրական օգնությամբ ստացված դեղեր և բժշկական պարագաներ: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter