HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Սերժ Սարգսյանն այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն

Ֆրանսիայի ազգային տոնի առթիվ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատուն: Տոնի առթիվ նա շնորհավորել է դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտիեին, դեսպանատան աշխատակիցներին և ի դեմս նրանց՝ Ֆրանսիայի ամբողջ ժողովրդին:

Սերժ Սարգսյանը տոնի առթիվ նաև շնորհավորական ուղերձ է հղել Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին:

***

Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Ֆրանսիայի Հանրապետության ազգային տոնի առթիվ

«Մեծարգո պարոն նախագահ,

Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ և Ֆրանսիայի բարեկամ ժողովրդին Ֆրանսիայի Հանրապետության Ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով Ձեր երկրին հետագա առաջընթաց, բարգավաճում և միջազգային դիրքերի շարունակական ամրապնդում։

Վերահաստատում եմ իմ անձնական նվիրվածությունը հայ-ֆրանսիական դարավոր բարեկամությանը և մեր երկրների միջև հաստատված առանձնաշնորհյալ հարաբերություններին:

Գոհունակություն եմ հայտնում Հայաստանի և Ֆրանսիայի միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսության կապակցությամբ, որի վառ դրսևորումն են նաև վերջին շրջանի մեր պարբերական հանդիպումները:

Մեծապես գնահատելի է Ձեր մասնակցությունը ապրիլի 24-ին Երևանում անցկացված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակի արարողությանը, ինչը մեկ անգամ ևս ընդգծեց Ձեր երկրի և անձամբ Ձեր հավատարմությունը համամարդկային արժեքներին, մասնավորապես՝ մարդկության դեմ իրականացված ծանրագույն ոճրի կանխարգելմանն ուղղված միջազգային պայքարին։

Հայաստանը մեծապես կարևորում է Ֆրանսիայի ներգրավվածությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացում և բարձր է գնահատում համանախագահների հետևողական ջանքերը` ի նպաստ մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության:

Համոզված եմ, որ համատեղ ջանքերով կշարունակենք ամրապնդել և խորացնել Հայաստանը և Ֆրանսիան միավորող կապերն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով` ի շահ մեր ժողովուրդների։

Ընդունեք խնդրեմ, Ձերդ Գերազանցություն, խորին հարգանքներիս հավաստիքը»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter