HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմավիրի և Մեծամորի տարածքում բնակչությանը սպասարկում է շտապօգնության երեք մեքենա (ինֆոգրաֆիկա)

2010թ. դեկտեմբերի 4-ի լույս 5-ի գիշերը Արմավիրի մարզի Այգևան գյուղի բնակիչ  Վռամ Խլղաթյանը տանն իրեն վատ է զգացել, և շտապ բուժօգնություն ցուցաբերելու հարցով վերջինիս հարազատները զանգահարել են «Արմավիր ԲԿ» ՓԲԸ շտապ և անհետաձգելի օգնության ծառայություն: Կայանի աշխատակիցներն առանց հարգելի պատճառի հիվանդի կանչով նրան չեն այցելել, պատճառաբանելով, որ բենզին չունեն, ինչի հետևանքով հիվանդը մահացել է: Սա այն դեպքում, երբ տվյալ օրվա դրությամբ ԲԿ-ի պահեստում և մեխանիկի մոտ շուրջ 1500 լիտր բենզինի կտրոններ են եղել, սակայն չգիտես ինչու կանչը չի սպասարկվել: Դեպքի առիթով հիվանդանոցի այդ ժամանակվա տնօրեն Նշան Գևորգյանի դեմ հարուցվել է քրեական գործ։

Թեև դատաբժշկական փորձաքննության արդյունքում հաստատվել է, որ  Վռամ Խլղաթյանին անհետաձգելի շտապ բուժօգնության պատշաճ և ժամանակին ցուցաբերելու  դեպքում հնարավոր էր խուսափել մահվան ելքից, իսկ Նշան Գևորգյանն էլ դատավճռով մեղավոր էր ճանաչվել, սակայն վերջինս համաներմամբ ազատ արձակվեց և մինչ օրս աշխատում է հիվանդանոցում: 

Շտապօգնության 8 ավտոմեքենայից 5-ը «սովետական» արտադրության է

Արմավիրի մարզի բնակչության շտապ բժշկական օգնությունն իրականացվում է Արմավիրի, Էջմիածնի, Մեծամորի, Բաղրամյանի տարածքներում գործող չորս շտապօգնության ծառայությունների և 10 գյուղական ամբուլատորիաների միջոցով, որոնք ունեն շտապօգնության ավտոմեքենաներ: Արմավիրի մարզպետարանի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ամենահին ավտոմեքենաները բաժին են հասել Արմավիրի բժշկական կենտրոնին:  8 ավտոմեքենաներից հինգը՝ 1987-1992թթ-ի արտադրության «Ռաֆ» մակնիշի ավտոմեքենաներ են, որոնք բարոյապես և ֆիզիկապես մաշված են: Մյուս 3-ը համեմատաբար նոր ավտոմեքենաներ են՝ 2005-2008թթ. արտադրության «Մերսեդես» և «Ֆորդ» մակնիշի:

«Արմավիր ԲԿ»-ի փոխտնօրեն Անահիտ Հայրապետյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրենց շտապօգնության ծառայությունը սպասարկում է Արմավիր քաղաքի ու հարակից 37 գյուղերի բնակչությանը: 8 ավտոմեքենաներից ամեն օր «գծի» մեջ են երկուսը և աշխատում են հերթափոխով:

Միայն Արմավիր քաղաքն ունի մոտ 29.300 բնակիչ, սակայն Անահիտ Հայրապետյանն ասում է, որ շտապօգնության երկու ավտոմեքենան լրիվ բավարար է պատշաճ սպասարկում իրականացնելու համար, «ավելին չի կարող աշխատել», հասցնում են սպասարկել: Ըստ նրա՝ ամեն օր գրանցվում է շտապօգնության 35-40 կանչ և յուրաքանչյուր բրիգադային բաժին է ընկնում մոտ 20 կանչ: 

 

Անահիտ Հայրապետյան

«Նույն մեքենան չենք կարող անընդհատ աշխատացնել, ստիպված հներն էլ ենք աշխատացնում: Բացառությամբ երեք ավտոմեքենաների, մյուսները իրենց սպառած մեքենաներ են, քանի դեռ աշխատում են, սպասարկում ենք: Այնպես ենք դասավորել, որ բոլոր լավ ավտոմեքենաները նույն օրը հերթապահություն չիրականացնեն: Եթե հրատապ դեպք ենք ունենում, ասենք՝ հիվանդին տեղափոխում են Երևան, ապա մյուս բրիգադային կանչում ենք, որպեսզի փոխարինի և 2 ավտոմեքենան ապահովի»,-ասում է Ա. Հայրապետյանը:

Նա հավաստիացնում էր, որ բոլոր կանչերը պատշաճ սպասարկում են և իրենցից դժգոհողներ չկան:

Արուսյակ Գևորգյանը (անունը փոխված է իր իսկ ցանկությամբ) պատմեց, որ օրեր առաջ զանգահարել է Արմավիրի բժշկական կենտրոնի շտապօգնություն, սակայն կանչը չեն սպասարկել՝ պատճառաբանելով, որ պետք է սպասել, քանի որ ազատ ավտոմեքենա չունեն:

«Ասացին մեքենա չունենք, տաքսիով բերեք հիվանդանոց: Հիվանդի վիճակն այնպիսին էր, որ տեղաշարժելը կարող էր ճակատագրական լինել, սրտի նոպա ուներ: Մի կերպ նստացրել ենք ավտոմեքենա ու տեղափոխել Երևան: Եթե նորմալ շտապօգնությունը չեն կարողանում աշխատացնել, պատկերացնում եմ, թե ինչ որակի բուժում պիտի իրականացնեին, արդեն վստահություն չթողեցին: Սա առաջին դեպքը չէ, այլ մարդկանցից էլի եմ լսել, որ վատ են աշխատում»,-ասում է Արուսյակը: 
Նշենք, որ Արմավիրի մարզում չկան շտապօգնության մասնագիտացված բրիգադաներ, բոլորը համարվում են ընդհանուր գծային և անհրաժեշտության դեպքում նեղ մասնագետները հրավիրվում են Երևանից, ինչը կարող է երբեմն ուշացած լինել:

«Մեր ավտոմեքենաները չի կարելի համեմատել Երևանի ռեանիմոբների հետ, բայց հիմնականում հագեցած են սարքավորումներով, բացառությամբ արհեստական շնչառության ապարատի, իսկ էլեկտրասրտագրության ապարատ տեղադրված է շտապօգնության միայն մեկ ավտոմեքենայում: Նախկինում եղել են դեպքեր, որ բենզինի սահմանփակումներ են եղել գյուղական կանչերը սպասարկելու համար, այժմ նման բան չկա, 3-4 տարի է սահմանափակումներ չկան»,-նշում է Անահիտ Հայրապետյանը:

Բժշկական կենտրոնի փոխտնօրենը հավաստիացնում էր, որ շտապօգնության բոլոր ավտոմեքենաների մեջ տեղադրած են GPS սարքավորումներ և իրենք հետևում են ավտոմեքենաների շարժին: Սակայն, շտապօգնության հին ավտոմեքենաների վարորդները նշեցին հակառակը. իրենց ավտոմեքենաներում GPS տեղադրված չէ: Ավելին՝ բժշկական կենտրոնից հնարավոր չէ հսկել, թե շտապօգնության ավտոմեքենաները որ կողմ են շարժվել, քանի որ նման սարքավորում տեղադրված չէ, միայն Երևանից տեսնելու հնարավորություն ունեն:  

Արմավիրի մարզում շտապօգնության ավտոմեքենաներին հսկելը «ձևի» համար չի արվում: Մարզի բնակիչները պատմում էին, որ նախկին տնօրեն Նշան Գևորգյանը նախկինում այդ ավտոմեքենաներն օգտագործել է իր անձնական կարիքների համար, օրինակ՝ դաշտից խոտ է տուն տարել: 

Մեծամոր. 25.000 բնակչին բաժին է հասնում մեկ շտապօգնության ավտոմեքենա

Մեծամոր քաղաքի բժշկական կենտրոնն ունի 2011թ. արտադրության «Ֆորդ» մակնիշի շտապօգնության մեկ ավտոմեքենա, որը սպասարկում է մոտ 12.000 բնակիչ ունեցող քաղաքն ու հարակից հինգ գյուղերը՝ Մայիսյան, Մրգաշատ Եղեգնուտ և այլն: Սպասարկման տարածքի բնակչությունն հասնում է մոտ 25.000-ի։

Շտապօգնության բաժանմունքի վարիչ  Արշալույս Համբարյանը  հավաստիացնում է, որ մեկ ավտոմեքենան բավարար է, թեեև մեկ-մեկ երկրորդի կարիքն էլ է զգացվում:

Ըստ նրա՝ հերթափոխն իրականացնում են մեկ բրիգադով: Ցերեկը բաժնի վարիչն է սպասարկում կանչերը, իսկ ժամը 16-ից հետո հերթապահ բժիշկները:  Բաժնի վարիչն ասում է, որ օրական լինում է 6 կանչ, ինչը նորմայի սահմաններում է:

Եթե այնպես ստացվի, որ Մեծամորի շտապօգնության միակ ավտոմեքենան հիվանդին տեղափոխի Երևան և այդ ժամանակ էլ կանչ գրանցվի, ապա բաժանմունքը մնալու է առանց շտապօգնության ավտոմեքենայի:

 Արշալույս Համբարյանը պատմում է, որ եթե այդ ժամանակ ինքը հիվանդանոցում է լինում իր անձնական ավտոմեքենայով է կանչը սպասարկում: Պարզ է, որ սովորական ավտոմեքենայով հիվանդ տեղափոխելը երբեմն կարող է ճակատագրական լինել հիվանդի համար, սակայն այլընտրանք չկա:

Արշալույս Համբարյան

Արշալույս Համբարյանը նշում է, որ Մեծամոր քաղաքում կանչի արձանագրումից մինչև հիվանդին հասնելը տևում է 3-4 րոպեի, այլ է գյուղական կանչերի ժամանակագրությունը: Ըստ նրա, օրինակ՝ Եղեգնուտ գյուղ հասնում են նվազագույնը 30-40 րոպեի ընթացքում, քանի որ ճանապարհները շատ վատ են և արագ գնալու հնարավորություն չկա: 

«Եղեգնուտ գնալ գալը տևում է մինիմում 1.5 ժամ: Բարեբախտաբար դեռ դժբախտ դեպք չի եղել ճանապարհների պատճառով, բայց կարող է լինել: Օրինակ, եթե օրեր առաջվա անաֆիլակտիկ շոկի դեպքը լիներ Եղեգնուտ գյուղում միանշանակ չէինք հասցնի օգնություն ցույց տալ ու կունենաինք անդառնալի դեպք»,-ասում է բաժանմունքի վարիչը:

Գյուղական վայրերում դժվարությունները միայն ճանապարհներով չեն ավարտվում: Շտապօգնության վարորդները չեն կարողանում գտնել հասցեները: Եթե իրենց դիմավորող չլինի, ստիպված են մի քանի փողոց մտնել-դուրս գալ մինչև գտնեն հիվանդի տունը: «Նույնիսկ գյուղացիները չգիտեն, թե իրենց փողոցն ինչ անուն ունի»,-նշում է Ա. Համբարյանը:

Բաժանմունքի վարիչը հավաստիացնում է, որ իրենք պատշաճ սպասարկում են իրականացնում: Բուժանձնակազմը պատրաստված է և խնդիրներ չեն ունենում: Ինչ վերաբերում է շտապօգնության ավտոմեքենային, ապա այն ամբողջությամբ չի համապատասխանում կառավարության սահմանած չափանիշներին: 

«Մեքենայում ամեն ինչ կա, բացի դիֆիբրիլյատորից՝ ժողովրդի լեզվով ասած «սիրտը տոկի տալու» սարքավորումից»,- ասում է Արշալույս Համբարյանը:

 «2010 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի հիման վրա՝  բժշկական ապրանքներ, սարքեր և սարքավորումներ ծրագրով ձեռք են բերվել և թվով վեց մարզերի, այդ թվում՝ Արմավիրի մարզի թվով 6 բժշկական կենտրոններին են հատկացվել շտապօգնության ավտոմեքենաներ: Իսկ 2011թ. Չինաստանի Ժողովրդական Հանրապետության  կառավարությունը Հայաստանին է նվիրաբերել թվով 20 ռեանիմոբիլ և 68 գծային շտապօգնության մեքենա` հագեցված անհրաժեշտ սարքավորումներով: Թվով 88 շտապօգնության ավտոմեքենաներից 52–ը տրամադրվել են մարզերին, իսկ 36–ը` Երևան քաղաքին:

Հատկապես մարզերի բուժհաստատությունների զգալի մասը նոր սարքավորումներով հագեցած ավտոմեքենաների հետ միաժամանակ օգտագործում են դեռևս խորհրդային տարիներից ժառանգած հին ավտոմեքենաները, որոնց տեխնիկական վիճակը, բժշկական սարքավորումներով և պարագաներով ապահովվածությունը չի համապատասխանում ՀՀ կառավարության 05.12.2002 թվականի թիվ 1936-Ն որոշման պահանջներին:

Օրինակ՝ ըստ կառավարության որոշման, ընդհանուր գծային շտապօգնության բրիգադան պետք է ունենա տարբեր սայլակներ, ծալովի պլաստիկ իմոբիլիզացիոն շինաների հավաքածու, շարժական էլեկտրասրտագրիչ, դեֆիբրիլյատոր-մոնիթոր, պատգարակ, թթվածնային ինհալյատոր, տրանսպորտային ծալովի սայլակ, թթվածնի բալոն` ռեդուկտորով 10լ - 2 հատ և այլն: Այս անհրաժեշտ սարքավորումներով ամբողջությամբ ապահովված չեն մարզերի ոչ միայն «սովետական», այլև նոր ավտոմեքենաները: Հին ավտոմեքենաներով հիվանդներին տեղափոխելն արդեն իսկ վտանգավոր է նրանց կյանքի ու առողջության համար: Հատկապես ձմռանը հնարավոր չէ ապահովել համապատասխան ջերմություն: Ավտոմեքենայում նստած սառչում է և հիվանդը և բժշկական անձնակազմը:

Շարունակելի

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter