HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քնար Բաբայան

Զոհված զինծառայողի ընտանիքը բնակարանի խնդիր ունի

Անցած դարը հիշեցնող կիսախարխուլ քարե աստիճանները տանում են դեպի նույնքան կիսախարխուլ երկրորդ հարկի պատշգամբ։ Գյուղական տներին հատուկ ապակեպատ պատշգամբի ամենաերևացող հատվածում առաջինը մտնողի աչքին է ընկնում զինվորական հագուստով տղամարդու լուսանկարն ու կողքին դրված արհեստական ծաղիկները։ Սենյակ մտնողին խաղաղ հայացքով նայող զինվորականը Հադրութի շրջանի Ջրակուս գյուղից պայմանագրային զինծառայող Դավիթ Նավասարդյանն է, ով անցած տարվա հոկտեմբերին զոհվել է դիպուկահարի գնդակից։ Նկարի սեղանին խնամքով դրված էր նաև ավագ որդու՝ Սերգեյի բանստեղծությունը՝ նվիրված հորը։

Սերգեյի տատը պատմում է, որ հոր զոհվելու օրը Սերգեյն ամբողջ գիշեր չի քնել։

«Նկատում էի, որ գլուխը բարձրացնում է, մթության մեջ ինչ-որ բան խզբզում թղթի վրա ու նորից պառկում։ Առավոտ որ արթնացանք, տեսանք բանաստեղծություն էր գրել»,- ասում է նա։

Դավիթի կինը՝ Նորա Նավասարդյանը, հիշում է, որ այդ օրը Դավիթը պետք է տուն գար հերթափոխից։

«Զանգեց, ասաց՝ հերթապահությունը հանձնել է, ուր որ է կգա։ Բայց չգիտեմ՝ ինչու որոշեց վերջին անգամ էլ դիրքերով շրջել։ Առաջնագծում էլ կրակեցին նրա վրա»,- ասում է Նորան։

Դավիթը մինչև պայմանագրային ծառայության անցնելը մի քանի տեղ է հասցրել աշխատել, բայց քանի որ ոչ մի տեղ բավարար չէին վճարում, բազմանդամ ընտանիքի ծախսերը հոգալու համար նա որոշեց միառժամանակ բանակում ծառայել։

«Նեղվածքում էինք ապրում, Դավիթի տատիկի հին տանը։ Ոչ մի պայմաններ չկային, իսկ ես արդեն 4-րդ երեխային էի սպասում։ Նա որոշեց միառժամանակ բանակում ծառայել, որ կարողանանք տունը կարգի բերել ու տարրական կենցաղային պայմաններ ստեղծել»,- պատմում է ազատամարտիկի կինը։

Այսօր 7 հոգուց բաղկացած ընտանիքը ապրում է երկսենյականոց նույն հին տանը, առանց տարրական կենցաղային պայմանների։

Դավիթի տատիկը հիշում է, որ տունը երկու անգամ հրդեհվել է պատերազմի տարիներին։ Մի քիչ կարգի են բերել ու շարունակել այնտեղ ապրել։

Դավիթի մահից հետո Հայաստանից բարերարներ գտնվեցին, ովքեր գումար հատկացրին տան առաջին հարկում բաղնիք կառուցելու համար։ Նորան ասում է, որ մինչև շինարարությունը սկսելը մտքով չէր անցել, որ մի փոքրիկ բաղնիքի համար այդքան մեծ ծախսեր են պահանջվում։

Բնակարանային պայմանները բարելավելու համար Նորան դիմել է Հադրութի շրջվարչակազմ։

«Հարցրել եմ, թե արդյոք, հաշվի առնելով մեր բնակարանային անմխիթար պայմանները, հնարավոր չէ արագացնել գործընթացը, ինչին ի պատասխան ասացին, որ բուջեում գումար չկա»,- ասաց նա։

Հադրութի շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արմեն Օհանյանը «Հետքի» հետ զրույցում հաստատեց, որ զոհված ազատամարտիկի ընտանիքին բնակարանային պայմանները բարելավելու ծրագրի շրջանակներում դիմումը ընդունել են և ուղարկել կառավարություն։

«Շրջվարչակազմը իր պարտականությունները կատարել է, մնում է սպասենք կառավարության որոշմանն ու ֆինանսավորմանը։ Միգուցե գալիք տարվա ծրագրում կընդգրկեն նրանց»,- հույս հայտնեց Ա․ Օհանյանը։

Նորայի խոսքով՝ իրենց համար միակ խնդիրը տան հարցն է։ Առօրյա հոգսերը հոգալու համար երեխաների ու ամուսնուն հասնող նպաստը և իր աշխատավարձը դեռ հերիքում են։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter