HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Գյումրիում նշեցին երիտասարդների միջազգային օրը

Երիտասարդությանն առնչվող հարցերի վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը միտված միջազգային օրը, որ հաստատվել է ՄԱԿ-ի կողմից, որպես տոն առաջին անգամ նշվել է 2000թ.օգոստոսի 12-ին: Գյումրիում այս տարի առաջին անգամ նշվեց Երիտասարդների միջազգային օրը՝ մասնակցությամբ Շիրակի մարզում գործող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների: Նախորդ տարիներին եղել են փոքրիկ միջոցառումներ, որոնք անցկացվել են տարբեր հասարակական կազմակերպությունների կողմից, սակայն համաքաղաքային ընդգրկում չեն ունեցել:

«Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն այս տարի որոշել էր լրացնել այդ բացը եւ հանրությանը ներկայացնել մարզում գործող երիտասարդական կազմակերպությունների ողջ ներուժը: Արձագանքել էին 16 կազմակերպություն՝ գրանցված մոտ 30 ՀԿ-ներից: «Գյումրու երիտասարդական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի նախագահ Արթուր Նաջարյանն ասում է, որ բացակաների մի մասը արձակուրդում էր, իսկ որոշ կազմակերպություններ էլ գրանցված են, սակայն չեն գործում:

Միջոցառումների մեկնարկը տրվեց օգոսոտոսի 12-ին, Գյումրու կենտրոնական այգում, որտեղ կրթական եւ մշակութային ուղղվածություն ունեցող հասարակական կազմակերպությունները ձեւավորել էին իրենց տաղավարները: Ուլունքագործություն, կավագործություն, ֆուրշետ, տարազի զարդաքանդակներ, հուշանվերների պատրաստում՝ սրանով ամբողջանում էր ձեռագործ աշխատանքների փառատոնը: Մեկ այլ հատվածում երիտասարդական հասարակական կազմակերպությունների եւ կրթական կենտրոնների էքսպո ցուցահանդեսն էր: Ցանկացողները կարող էին հուշանվերներ գնել կամ տեղում յուրացնել կավագործության նրբությունները:

Կենտրոնական այգու ընտրությունն, ըստ կազմակերպչի, պատահական չի եղել: «Մեր նպատակն էր ավելի մեծ թվով մարդկանց ներգրավել՝ առանց տարիքային սահմանափակման, թեպետ տոնը կոչվում է Երիտասարդների միջազգային օր, սակայն, կարծում եմ, այն վերաբերում է նաեւ հոգով երիտասարդ մարդկանց, տարիքը կապ չունի,-ասում է Արթուր Նաջարյանը,-առավոտյան, երբ ժամը 9-ից նախապատրաստական աշխատանքներն էինք իրականացնում, անցորդները՝ տարիքով բավականին մեծ մարդիկ, իմանալով միջոցառման մասին՝ կամավոր ներգրավվեցին եւ օգնեցին մեզ տաղավաները տեղադրելիս՝ նշելով, որ ուզում են քաղաքի երիտասարդությունն իրեն լավ զգա»:

Ծանոթացնել հնարավորություններին, որ այսօր առկա են Գյումրիում ու արտերկրներում՝ կրթական, աշխատանքային, անհատական զարգացման եւ այլն, ինչպես նաեւ ժամանցի ապահովում, ահա թե որն էր մեր գլխավոր նպատակը, շեշտում է Արթուր Նաջարյանը: Վերջինիս համոզմամբ, գյումրեցի երիտասարդները մտապես տարբերվել են իրենց մտածողությամբ եւ նախաձեռնությամբ, թե խորհրդային տարիներին, թե՝ հիմա:

«Շատ ավելի բծախնդիր են, շատ ավելի պահանջկոտ, նախաձեռնող են, իրենց քաղաքացիական դիրքորոշումը համարձակ կերպով հայտնող տեսակն է ապրում Գյումրիում,-նկատում է Արթուր Նաջարյանը,-գուցե մեր անցած ճանապարհն է մեզ ավելի ուժեղ դարձրել: Հատկապես հետերկրաշարժյան սերունդը՝ տնակներում ապրելով, դժվարությունների միջով անցնելով, պայքարում էր իր տեղն ու դիրքն այս քաղաքում ունենալու համար: Վերջին քաղաքացիական տարբեր շարժումներն ապացուցում են, որ մենք նաեւ մի փոքր անհանդուրժող ենք վատ բաների նկատմամբ: Միանշանակ կասեմ, որ Գյումրիում այսօր կա հրաշալի երիտասարդ սերունդ»:

Կենտրոնական այգում կազմակերպված միջոցառումների շարքը ցուցահանդեսներով չսահմանափակվեց: Արդեն երեկոյան երիտասարդները հավաքվեցին Վարդանանց հրապարակում, որտեղ համերգային ծրագրով ելույթ ունեցան Գյումրիում գործող երաժշտական խմբերը: Երտասարդների միջազգային տոնին նվիրված միջոցառումների կազմակերպմանն աջակցել էին Գյումրու քաղաքապետարանը եւ Եվրամիության «Էրասմուս+» ծրագիրը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter