HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ դեսպանն ու Ֆինանսների նախարարի տեղակալը այցելում են նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչություն

Օգոստոսի 19-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վախթանգ Միրումյանի ուղեկցությամբ այցելեց ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների ենթակառուցվածքների ներդրման և զարգացման վարչություն: Ֆինանսների նախարարությունը վերջերս Զեյթունում տեղակայված տվյալների մշակման կենտրոնի համար ձեռք է բերել արդի համակարգչային սարքավորումներ ու ծրագրակազմեր՝ երկրում հարկային վարչարարության էլեկտրոնային համակարգի արդիականացման նպատակով ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից տրամադրված տեխնիկական օժանդակության շրջանակում: 

Այցի ընթացքում նախարարի տեղակալ Վ. Միրումյանն ընդհանուր գծերով ներկայացրեց Հայաստանի ներկա հարկային քաղաքականությունը, միաժամանակ ընդգծելով նախարարության և ԱՄՆ ՄԶԳ-ի համագործակցության շնորհիվ ունեցած վերջին ձեռքբերումները: ՀՀ Ֆինանսների նախարարության Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը հանգամանորեն ներկայացրեց Եկամուտների վարչարարության ինտեգրացված համակարգը, որի ավտոմատացման աշխատանքները իրականացվել են ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ: Լիովին ավտոմատացված համակարգի շնորհիվ նվազում են հարկային խախտումները, կոռուպցիայի հնարավորությունը և սխալները: Իսկ սխալներ տեղ գտնելու դեպքում, ավտոմատացված համակարգը թույլ է տալիս դրանք վերհանել ու ուղղել: Ֆինանսների նախարարության ջանքերի շնորհիվ վերջին վեց տարիների ընթացքում 36 տոկոսով կրճատվել է այն ժամանակը, որ ձեռնարկությունները ծախսում են հարկային հաշվետվությունների ու ձևակերպումների հետ կապված աշխատանքների իրականացման վրա, իսկ էլեկտրոնային հայտարարագրում կիրառող  հարկ վճարողների թիվը, որ 2011թ. կազմում էր 7 տոկոս, 2015թ. հասել է շուրջ 95 տոկոսի:

Դեսպան Միլսը նկատեց, որ հարկային վարչարարության էլեկտրոնային համակարգի արդիականացմամբ բարելավվել է հարկային մարմինների գործունեության թափանցիկությունը: Նա գովեստով անդրադարձավ ՀՀ կառավարության այս կարևոր հաջողություններին, որոնք թույլ են տվել «հարկերի վճարման դյուրինության» մասով  32 կետով բարելավել Հայաստանի դիրքը Համաշխարհային բանկի Doing Business 2015 զեկույցի վարկանիշային սանդղակու, որտեղ   Հայաստանը դիտարկված 189 երկրների շարքում 2013թ.-ին 73-րդն էր, իսկ 2014թ.՝41-րդը:  Անդրադառնալով այն դրական հետևանքներին, որոնց հանգեցնում է հարկային կանոնակարգերի ու վարչարարության թափանցիկությունը, դեսպան Միլսը հույս հայտնեց, որ Հայաստանը կշարունակի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված քայլերը՝ դրանով իսկ խթանելով տնտեսական աճն ու ներգրավելով օտարերկրյա ներդրումներ:

ԱՄՆ ՄԶԳ-ն իր ծրագրերով աջակցել է ՀՀ Ֆինանսների նախարարությանն իրականացնելու բարեփոխումներ, որոնք օգնել են բարելավել հարկային դաշտը փոքր բիզնեսի համար, ապահովել սարքավորումներ ու ուսուցումներ հարկ վճարողների սպասարկման կենտրոնների համար, դյուրացնել հարկային հետաքննությունները և ԱԱՀ-ի վերադարձը և բարելավել հարկային ստուգումների պլանավորման ու ստուգման ենթակա  ձեռնարկություններին ընտրության համակարգը: ԱՄՆ ՄԶԳ-ը նաև աջակցել է Հարկային խորհրդի ստեղծման հարցում, որը հարկային հարցերը քննության առնելու նոր պետական-մասնավոր հարթակ է ՀՀ կառավարության ու գործարար համայնքի համար: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter