HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԺ Պետաիրավական հանձնաժողովում քննարկվում են Սահմանադրական փոփոխությունները

Լիլիթ Թադեւոսյան

Այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել է խորհրդարանական լսումներ, որտեղ քննարկվում է ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը:

Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի անդամներ Վարդան Պողոսյանի և Հրայր Թովմասյանի ելույթներից հետո դահլիճում ներկա պատգամավորներն ու հասարակական հատվածի ներկայացուցիչներն իրենց հարցերն ուղղեցին նրանց:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը մինչև իր բուն հարցին անցնելը ասաց, որ ներողություն է խնդրում, որ իրենք ստիպված են մասնակցում այս քննարկմանը՝ նշելով, որ ՀՀ-ի սահմաններում լարված իրավիճակ է և չի կարծում, որ հիմա պետք է գնալ այս փոփություններին:

Այնուհետև նա հարցրեց. «Ո՞նց եք դուք դա անվանում մարդակենտրոն, երբ 18 իրավունք սահմանափակում եք»:

Արձագանքելով՝ Վարդան Պողոսյանն ասաց, որ հիմնական իրավունքների սահամանափակումներն այսօր էլ կան, և  գործող Սահմանադրությունը նույնպես սահմանափակումների շրջանակը հստակ սահմանել է: «Շատ քիչ իրավունքներ կան, որոնք սահմանափակման ենթակա չեն»,- ասաց Վարդան Պողոսյանը:

Այնուհետև հարց ուղղեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը, ով ասաց, որ իրենց խմբակցությունը Հրայր Թովմասյանի և հիմնական զեկուցողի հետ մոտ երեք ժամ քննարկել է, բայց դա բավարար չէ բոլոր հարցերը սպառելու համար:

 Նրան հետաքրքրում էր այն, որ իրենց բաժանված տեքստում նշված է ընտրությունների երկրորդ փուլ և կայուն մեծամասնություն, արդյոք դա հանվելո՞ւ է, թե՞ ոչ: Բացի այդ, Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ թեեւ կողմնակից են խորհրդարանական մոդելին, բայց որքանո՞վ է ճիշտ ՀՀ-ի այս կիսապատերազմական վիճակում անցնել այս մոդելին:

Վարդան Պողոսյանն էլ ասաց, որ իրենք որոշակի պայմանավորվածություններ են ձեռք բերել 85 հոդվածի հետ կապված, որ եթե կայուն մեծամասնություն չի ձևավորվում, ապա Ընտրական օրենսգիրքը կարող է նախատեսել ընտրությունների 2 փուլ: Պողոսյանի խոսքերով՝ կարող է բառը չի ենթադրում, որ պարտադիր պետք է նախատեսի:

Նա նշեց, որ Վենետիկի հանձնաժողովի հետ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել, և Սահմանադրության փոփոխված տեքստը չեն տեսնի այնքան ժամանակ, քանի դեռ քննարկումները չեն ավարտվել:

 Ինչ վերաբերում է սահմանների անվտանգությանը, ապա Վարդան Պողոսյանն ասաց, որ ներկայիս համակարգը վատ է  հենց այն պատճառով, որ նման իրավիճակներում նախագահը չունի համապատասխան լծակներ՝ կոնսոլիդացված ձևով դիմագրավելու մարտահրավերներին, և իրենք այս առաջարկվող փոփոխություններով զինված ուժերի հետ կապված հստակ կարգավորումներ են տալիս:

Այնուհետև հարց ուղղեց ՀԱԿ խմբակցության ղեկավար Զուրաբյանը, ով ասաց, որ իրենք մերժել են Սերժ Սարգսյանին հանդիպելու առաջարկը, ինչպես նաեւ նրա ներկայացուցիչների հետ հանդիպման առաջարկը, որովհետև ո՛չ բանակցելու, ո՛չ էլ իրար քարոզելու բան կա և իրենք շատ լավ հասկանում են՝ ինչ հանցավոր նպատակ կա սրանում:

Վերջինս նշեց, որ ինքը մոտ 20 երկրների Սահմանադրություն է կարդացել, և որևէ Սահմանադրության մեջ չկա այնպիսի բան, որ նախագահը չունենա վարչապետ առաջադրելու լիազորություն: «Անհասկանալի է, թե Վենետիկի հանձնաժողովն ինչո՞ւ չի անդրադարձել այս կետին: Հիմա երկու տարբերակ կա՝ կա՛մ ՀՀ- իշխանությունները խաբեբա են ու ներկայացրել են կեղծ տարբերակ, կա՛մ Վենետիկում փաստաթղթերը կարդալ չգիտեն»,- ասաց Զուրաբյանը:

Նա խնդրեց բացատրել, թե ինչո՞ւ է Վենետիկի հանձնաժողովը համոզված, որ նախագահն է իրավունք ստացել առաջադրելու վարչապետին, եթե նրա տեղը թափուր է:

Արձագանքելով՝ Վարդան Պողոսյանն ասաց. «Վենետիկի պաշտոնական կայքում սևով սպիտակի վրա թարգմանված է այն, ինչը որ կա ինչպես գործող, այնպես էլ նախորդ նախագծում, և եթե պատգամավորը Վենետիկի հանձնաժողովին հարցեր ունի, կարող է այդ հարցերն ուղղել Վենետիկի հանձնաժողովին»: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter