HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անտառամուտում համայնքապետի ընտրություններ են. պայքարը ազգակիցների՝ երկու Գևորգյանների միջև է

Գայանե Սարգսյան

Սեպտեմբերի 13-ին Լոռու մարզի Անատառամուտ համայնքում համայնքապետի ընտրություններ են լինելու: Ընտրություններին առաջադրվել է երկու թեկնածու` 60 ամյա Սանդրո Գևորգյանը և 44-ամյա Արայիկ Գևորգյանը: Թեկնածուները քույր ու եղբոր զավակներ են: Գործող գյուղապետ Մարտուն Համբարձումյանն իր թեկնածությունն այս ընտրութուններին չի առաջադրել: Ասում է, որ չառաջադրվելու հիմնական պատճառը առողջական խնդիրներն  են: «Մոտ 6 տարի է, շաքարային դիաբետով եմ տառապում, որն այդ աշխատանքի հետ անհամատեղելի է», - նշում է նա:

Այնպես որ առաջիկա ընտրություններում կմրցակցեն Գևորգյանները: Սանդրո Գևոգյանն իր թեկնածությունն առաջադրել է նաև համայնքապետի վերջին երկու ընտրությունների ժամանակ, սակայն իր խոսքով ընդամենը մի քանի ձայնի տարբերությամբ պարտվել է գործող գյուղապետին: Պարտությունները, սակայն, նրան չեն հուսահատեցրել:

Գործող գյուղապետ Մարտուն Համբարձումյանը

«Ես յոթ անգամ ինստիտուտ եմ փորձել, 7-րդ անգամից նոր ընդունվել: Ցանկացած դիմորդ մինչև կտրվելն իրեն ուսանող ա պատկերացնում, հիմի ցանկացած թեկնածու ինձ թվում ա, իրեն գյուղապետ ա պատկերացնում, էլի: Չգիտեմ, դա մի քիչ կոպիտ կհնչի, որ ասեմ էնա ես եմ ու ես, բայց… Ես չեմ էլ ուզում նրա հաշվին բան ասեմ (հեղ՝. նկատի ունի մյուս թեկնածուին): Ես չգիտեմ, ով ա նրան հավատացրել, որ դու կարաս ղեկավար աշխատես ու հավատացել ա, էլի»,- ասում է նա:

Վերջինս վստահ է, որ գյուղացիներն իրեն ձայն կտան:

«Իրանք գիտեն, էլի, կարում եմ գնամ քաղաք գամ, իրանց հարցերը քաղաքում լուծեմ: Ասում եմ՝ ինձ գիտեք էլի, ժողովուրդ ջան»,- նշում է  թեկնածուն ու պատմում հարց լուծելու իր հմտությունների մասին.

«Այ, էդ ջուրը տեսնում ես, Աչաքարի տակիցն ա գալիս, ութ կիլոմետր…Երիտասարդ տարիներիս  գյուղի սովխոզի դիրեկտորն եմ եղել, մինիստրին նենց հուզական բան պատմեցի, եգին եգին թուղթը տվեց, ասեց՝ գնա հետմահու հորդ ցանկությունը կատարի: Ես էլ եկա էս ջուրը քաշեցի»:

Գյուղացիները թեկնածուների առաջ մի քանի կարևորագույն խնդիրներ են առաջ քաշել: Վերջիններս էլ փորձում են առաջարկել այդ խնդիրների լուծման իրենց տարբերակները:

«Ուրախության տխրության զալ են պահանջում, դա լուծվող ա: Պահանջում են, որ գյուղի կենտրոնը մի քիչ կարգավորվի, մի քիչ արդեն կարգավորել ենք, ջրի հարց ա ըտեղ լուծվում, հուշարձան բան, երևի տեսաք, հա՞:   Ճանապարհի հարցն ա, Գյուղացիք գարյաչի ասֆալտ են ուզում: Որ ես մոտավոր հաշվարկներ եմ անում, մեկ մեկ կատակով ասում եմ, դա Բարաք Օբաման էլ չի կարա, դա գիտե՞ք, ինչ ահռելի գումար ա»,- ասում է Ս. Գևորգյանը:

Անտառամուտցիները նաև միջհամայնքային տրանսպորտի խնդիրն են բարձրաձայնում:

«Գյուղը պահանջում ա, որ փոքր «Ռաֆ» կարենանք ստեղծենք, ինչ-որ մեկին տանք, ասենք՝ մենակ մեր գյուղի համար քշի… Դա հետագայի հարց ա,  ինձ թվում ա, դա էլ ա լուծվող հարց»,- նշում է 60-ամյա թեկնածուն:

Վերջինիս կարծիքով ընդհանրապես չլուծվող հարց չկա, «պետք է միայն աշխատես, ստեղծես, ման գաս, գտնես»:

Սանդրո Գևորգյան Արայիկ Գևորգյան

«Ասում են՝ աշխարհում, երկրագնդի վրա էնքան սպոնսերներ կան, դու տղա ես, մենակ ման արի, գտի դրանց ու ապացուցի, որ էս սարի՝ Աչաքարի գլխին մի հատ սպորտզալ ա պետք: Դու կարենաս ապացուցես նրան, նա էլ փողը տալիս ա,- ասում է թեկնածուն ու ծիծաղելով վրա բերում ,- ես էլ դե գլխի էլաք, էլի, ճոխ լեզու ունեմ, կարամ, էլի, ապացուցեմ…»:

44-ամյա Արայիկ Գևորգյանը թեև մշտապես Վանաձորում է  բնակվում, սակայն, ինչպես ինքն է ասում, կապը գյուղի հետ չի կտրել: Գյուղի խնդիրներին լավ ծանոթ է:

«Եթե ես ընտրվեմ համայնքի ղեկավար, առաջին հերթին ճանապարհների ու գյուղամիջյան լուսավորության հարցը կլուծեմ: Սրանք գյուղի ցավոտ կողմերից են: Դրանից հետո շատ հարցեր կան: Չունենք ուրախության-տխրության հանդիսությունների սրահ, դրա համար պետք ա մեր հին խանութը վերակառուցենք, խոստացել ենք արդեն ոնց ասած մի թեթև, որ դա կլինի գյուղի համար սրահ»:

 Վերջինս անտառամուտցիներին խոստացել է  նաև աշխատատեղեր ստեղծել: Խոստումը կատարելու համար նախնական պայմանավորվածություն է ձեռք բերել Շահումյան համայնքում գործող պահածոների արտադրամասի հետ, որպեսզի փոքրիկ կետ բացվի նաև Անատառամուտում:

Համայնքապետի նախորդ ընտրություններում Ա. Գևորգյանը եղել է հորաքրոջ որդու՝ Սանդրոյի կողմնակիցը:

«Նա երկու անգամ կրվել ա նախկին գյուղապետ Մ. Համբարձումյանին: Պարզ ասեմ,  ես իրա կողմից եմ եղել որպես բարեկամ, բայց կրվել ա,  ժողովուրդը չէր ուզում իրան: Հիմա իրան ես ասեցի՝ Սանդրո ջան, մի դնի թեկնածությունդ, ես դնեմ, ասեց՝ չէ, ես մյուս անգամ էլ եմ դնելու»,- պատմում է  Արայիկը:

23 տարի ոստիկանության համակարգում աշխատած թեկնածուն վստահ է՝ իր ընտվելու դեպքում գյուղում դրական տեղաշարժեր են լինելու:

«Որ ընտրվեցի, անպայման լավ է լինելու, դուք էլ կգաք , կտեսնեք: Մյուս տարի համեցեք: Էս մեքենայով կգաք, թե ուրիշ մեքենայով, ճանապարհները լավ կլինեն, ասֆալտ չի լինելու, բայց կլինի գրունտավոյ ճանապարհ, որ մեքենան նորմալ գա»:

Ընտրվելու դեպքում վերջինս մտադիր է գյուղի խնդիրները հոգալ մտերիմների, ընկերների ֆինանսական աջակցությամբ:

Հանրապետական կուսակցոթյան թեկնածուն ասում է, որ ուզում է շարունակել ծառայել ժողովրդին. «Ես Հանրապետական եմ, ես 23 տարի աշխատել եմ, ծառայել եմ ժողովրդին, հիմա էլ է Հանրապետական կուսակցությունը ծառայում ժողովրդին…»:

Գործող գյուղեպատ Մ. Համբարձումյանը ևս Հանրապետական կուսակցության անդամ  է: Ասում է , որ դեռևս չի կողմնորոշվել, թե որ թեկնածուին է  սատարելու:

«Գիտեք ինչ կա, եթե ես իմ թեկնածությունը չեմ առաջադրում, դա չի նշանակում, որ ես իմ կուսակցությունից հրաժարվել եմ»,-ասում է նա ու հավելում, որ արդուհանդերձ, վերջնական որոշում կկայացնի թեկնածուների նախընտրական ծրագրերը լսելուց հետո միայն:

Ամեն դեպքում անկախ նրանից թե երկու թեկնածուներից ով կընտրվի, գործող գյուղապետը վստահ է՝  «մինչև չի գալիս թազեն,  հնին երնակ չեն տալիս»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter