HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայկ Կյուրեղյանի դատի օրը դատարանի բակում տեղի կունենա բողոքի ակցիա

Լիլիթ Թադևոսյան

Սեպտեմբերի 11-ին՝ Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, տեղի կունենա Հայկ Կյուրեղյանի գործով դատական նիստը, որի ժամանակ դատավորը պետք է վճիռ կայացնի: Նշենք, որ մեղադրող դատախազը 14 տարվա ազատազրկում է պահանջել Կյուրեղյանի համար: Հիշեցնենք, որ Հայկ Կյուրեղյանը մեղադրվում է Շանթ Հարությունյանի դատական նիստի ժամանակ դատարանի բակում ի նշան բողոքի օդամղիչ ատրճանակով ոստիկանների ուղղությամբ կրակելու համար:

Ի աջակցություն Հայկ Կյուրեղայնի` ֆեյսբուք սոցիալական ցանցում բացվել է «14 տարի ազատազրկում՝ ընդդեմ քաղաքական ակցիայի» անունով խումբ, որում ընդգրկվել են այն քաղաքացիները, որոնք պատրաստվում են մասնակցել Հայկ Կյուրեղայի դատական նիստի օրը դատարանի բակում անցկացվող բողոքի ակցիային:

Այս առնչությամբ «Հետքը»  զրուցեց բողոքի ակցիային մասնակցելու պատրաստակամություն հայտնած Շահեն Հարությունյանի հետ, ով Շանթ Հարությունյանի որդին է:

Նա նշեց, որ Հայկին 14 տարի ազատազրկելը մարտահրավեր է բոլոր գիտակից քաղաքացիներին, բոլոր պայքարող քաղաքացիներին։

«Ամեն ինչ շատ պարզ է։ Այնքան պարզ, որ կածում եմ՝ բոլորն են հասկանում, որ սա քաղաքական հետապնդում է։ Իմ կարծիքով՝ Հայկ Կյուրեղյանը մեր երկրում գտնվող քաղբանտարկյալներից մեկն է։ Բայց կարծիքների անհամատեղելիություն կարող է լինել մարդկանց միջև։ Այսինքն՝ կարող է մարդը համարի, որ Հայկը իրավախախտում է կատարել, այնուամենայնիվ յուրաքանչյուր նման կերպ մտածող մարդու համար նույնպես հասկանալի է , որ Հայկի հանդեպ քաղաքական հետապնդում են իրականացնում, քանի որ այդ արարքը նորմալ, իրավական երկրում չէր դատապարտվի 14 տարվա ազատազրկման։ Ծայրաստիճան անբարո են իշխանության գործողությունները։ Սովետական ստրակատիրական համակարգի հանդեպ սեր տածող արարածները իրավունք չունեն լինեն ազատ և անկախ երկրի կառավարությունում։ Նման կառավարության ներքո արժանապատիվ քաղաքացիները միշտ էլ հալածվելու են»,- ասաց Շահեն Հարությունյանը։

Մենք զրուցեցինք նաև քաղաքացիական ակտիվիստ Արամ Մանուկյանի հետ, ով ասաց, որ Հայկ Կյուրեղյանը բողոքի ակցիա է իրականացրել ու իր արարքով բարձրաձայնել է Շանթի ու ընկերների նկատմամբ կիրառված անարդարությունները:

«Ես չեմ ուզում ասել լավ կամ վատ արարք է թույլ տվել, բայց 14 տարի՞ դատապարտել այդ արարքի համար»,- ասաց Արամ Մանուկյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter