HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաղրամյան պողոտայից բերման են ենթարկվել 48 քաղաքացիներ, ովքեր ավելի ուշ ազատ են արձակվել

Առավոտյան 05:30-ի սահմաններում ոստիկանության ուժերը Բաղրամյան պողոտայի երթևեկելի մասից հեռացրել են էլեկտրաէներգիայի թանկացման դեմ բողոքող քաղաքացիներին: Ոստիկանության լրատվական ծառայությունից «Հետք»-ին հայտնեցին, որ գործողության ժամանակ բերման են ենթարկել 48 քաղաքացիների, որոնց երեք ժամ անց ազատ են արձակել:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան, Ազատության հրապարակից սկիզբ առած երթը ուղղվել էր դեպի Բաղրամյան պողոտա, որտեղ ոստիկանները փակել էին ցուցարարների ճանապարհը, իսկ վերջիններս մնացել էին փողոցի երթևեկելի մասում: Ավելի ուշ ոստիկանությունը հայտարարություն տարածեց, որ մինչը ժամը 05:00, այսինքն` 6 ժամ ժամանակ է տրամադրում հավաքի կազմակերպիչներին ու մասնակիցներին` «իրենց պահանջն արտահայտելու և Բաղրամյան պողոտայի արգելափակումն ինքնակամ վերացնելու համար...»:

Այսօր առավոտյան, պողոտան ազատելուց մեկ ժամ անց, ոստիկանությունը մեկ այլ հայտարարություն է տարածել, որով հայտնում է, որ ոստիկանության ներկայացուցիչը առավոտյան ժամը 05:00-ի սահմաններում դիմել է հավաքի կազմակերպիչներին, ովքեր չեն արձագանքել: Ոստիկանությունը, ըստ հայտարարության, պահանջել է 30 րոպեի ընթացքում վերացնել պողոտայի արգելափակումը` առաջարկելով տեղափոխվել պողոտայի ոչ երթևեկելի հատված կամ Ազատության հրապարակ:

«Հավաքի մասնակիցներն անտեսել են ՀՀ ոստիկանության նաև այս պահանջը, և սահմանված ժակետը լրանալուց հետո ՀՀ ոստիկանությունը ձեռնամուխ է եղել Բաղրամյան պողոտայի արգելափակման վերացմանը: Ոստիկանական միջոցառումների իրականացման ընթացքում առերևույթ իրավախախտում կատարած անձինք տարվել են ՀՀ ոստիկանության բաժիններ: Ժամը 06.00-ի դրությամբ Բաղրամյան պողոտայի բնականոն երթևեկությունն ամբողջությամբ վերականգնված է եղել»,- գրված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter