HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատգամավորները պահանջեցին հեռարձակել սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ նիստը, բայց ապարդյուն

Լիլիթ Թադևոսյան
Ազգային ժողովի 5-րդ գումարման 8-րդ նստաշրջանի առաջին նիստում Հայ Ազգային Կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը ԱԺ նախագահին առաջարկեց ապահովել ուղիղ եթեր ԱԺ նսիտերի համար: Նա ասաց, որ հաշվի առնելով, որ այս քառօրյայի գլխավոր հարցը նոր Սահմանադրությունն է, որ այս խնդիրը բախտորոշ նշանակություն ունի պետականության ու ժողովորդի համար, և որ սահմանադրական փոփոխությունները կարող են ընդունվել ամբողջ ժողովրդի մասնակցության հանրաքվեով, հանրությունը առավելագույնս պետք է տեղեկացված լինի քաղաքական ուժերի կարծիքներին:
Արձագանքելով՝ Գալուստ Սահակյանն ասաց, որ ուղիղ եթերի համար ֆիանսական ռեսուրսներ են հարկավոր, և չի կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա:
«Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ դուք վախենում եք հասարակական կարծիքից, և սա ևս մեկ անգամ ցույց է տալիս, թե ինչ է թաքնված այս պրոցեսում: Դուք անում ենք հերթական դավադիր քայլը՝ մեր ժողովրդի թիկունքում»,- ասաց Լևոն Զուրաբյանը: Արձագանելով՝ Գալուստ Սահակյանն ասաց, որ ընդունում է պատգամավորի «շանտաժը»:
Այնուհետև ձայն խնդրեց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը և ասաց, որ այստեղ են Սերժ Սարգսյանի փաստաբանները (նկատի ունի՝ Հրայր Թովմասյանին և Վարդան Պողոսյանին, խմբ.), որոնք եկել են` երկարացնելու Սերժ Սարգսյանի իշխանավորումը: Զարուհի Փոստանջյանը նաև ավելացրեց, որ խորհրդարանում պետք է քննարկեն ոչ թե սահմանադրական փոփոխությունները, այլ Սերժ Սարգսյանի իմպիչմենտի հարցը, գնահատական տան այս տարիների ընթացքում նրա գործունեությանը և դատական կարգով դատապարտեն ազատազրկման, այլ ոչ թե երկարացնեն նրա պաշտոնավարումը:
«Հետևաբար այս ընթացքում ԱԺ-ում բոլոր քննակումների ժամանակ խնդրում եմ մեր հանրությանը հետևել, թե ով ինչ է խոսում, որպեսզի լծվի այն աշխատանքին, որ Սերժ Սարգսյանը հեռացվի ու տեղի ունենա իշխանափոխություն, ժամանակավոր կառավարության ստեղծում և դրա միջոցով նոր իրական օրենքների ընդունում, որոնք գործելու են հանուն ժողովրդի, այլ ոչ թե հանուն Սերժ Սարգսյանի ու նրա խմբակի»,- ասաց Զարուհի Փոստանջյանը: Վերջինիս ելույթից հետո ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս) տեղից սկսեց ինչ-որ բաներ ասել Զարուհի Փոստանջյանին:
Փոստանջյանին արձագանքեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին, ով ասաց, որ հայտարարությունը կապ չունի օրակարգին և հրահանգեց խոսափողը անջատել :
Քիչ հետո ձայն խնդրեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով ասաց, որ ուղիղ եթեր ապահովելու իրենց առաջարկը հանրային հեռուստաընկերության մասին էր, քանի որ մեկ մասնավոր հեռուստաընկերության և ԱԺ ինտերնետային կայքի ուղիղ եթերի ապահովումը չի ապահովում Հայաստանի ամբողջ հասարակության տեղեկացված լինելը, ուստի Գալուստ Սահակյանի բացատրությունը, թե գումար չկա, հիմնավոր չէ: Պատգամավորը նշեց, որ կարող էին «անհեթեթ» շատրվանների բարեկարգումը,  «տեսախցիկաֆիկացիան» չանել, այլ դնել հանրությանն իրազեկելու հարցը:
Նշենք, որ հարց տալու համար գրանցվել էր նաև Առաքել Մովսիսյանը, սակայն երբ հերթը հասավ նրան, Էդուարդ Շարմազանովն ասաց, որ Առաքել Մովսիսյանը հետո հարց կտա: Այս պահին ԱԺ-ում սկսվել է սահմանադրական փոփոխությունների քննարկումը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter