HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

ՀԷՑ-ը չի կատարում լիցենզիայի պայմանները, սակայն խոշոր գումարներ է ծախսում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի շուրջ աղմուկը չի դադարում: Այսօր կառավարության պաշտոնական կայքէջում տեղադրվել է «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.» ընկերության ՀՀ կառավարությանն ուղղված հայտը` սեփականության իրավունքով իրեն պատկանող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ 100% բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությանն օտարելու մտադրության վերաբերյալ: Կառավարությունն էլ որոշում է կայացրել հանձնարարել շահագրգիռ մարմինների ղեկավարներին ուսումնասիրել վերոնշյալ ընկերությունների միջև կնքվող պայմանագիրը, ներկայացված փաստաթղթերը և տալ եզրակացություն:

ՀԷՑ-ը էլեկտրաէներգիայի մատակարարման բնական մենաշնորհ ունի և նրա հիմնական գործառույթը էլեկտրաէներգիայի ընդունումն է, բաշխումն ու վաճառքը: ՀԷՑ-ում էլեկտրաէներգիայի լարման մակարդակը 0.38-110կՎ է: 110կՎ ցանցը ոչ ամբողջությամբ է պատկանում ՀԷՑ-ին: Դրա մի մասը «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ինն է, որն ամբողջությամբ պետական ընկերություն է:

2002թ-ից սկսած «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ն համագործակցում է ՀԷՑ-ի հետ: Կոմերցիոն պայմանագրով ինստիտուտը 0.38-110 կՎ ցանցերում ՀԷՑ-ին մատուցում է էներգախնայողության, էլեկտրաէներգիայի որակի և մատակարարման հուսալիության գնահատման և դրանց բարեփոխման առաջարկությունների մշակման, ինչպես նաև տեխնոլոգիապես անխուսափելի կորուստների հաշվարկման ծառայություններ:

Թե ինչ արժեքի պայմանագրեր են կնքվել ՀԷՑ-ի ու գիտահետազոտական ինստիտուտի միջև վերջինիս գլխավոր տնօրեն Լևոն Աղեկյանը փակագծերը չբացեց՝ խորհուրդ տալով այդ տեղեկությունները ստանալ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից կամ ՀԷՑ-ից: Սակայն նշեց, որ պայմանագրերի արժեքը տարբեր տարիներին տարբեր է եղել՝ կախված տեխնիկական առաջադրանքից:

«Հետքը» հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից ստացել է մի քանի տարիների պայմանագրերի պատճենները: Մատուցված ծառայությունների համար ՀԷՑ-ը պետական ինստիտուտին վճարել է բավականին մեծ գումարներ, սակայն արդյունքը ակնհայտ չէ՝ հենց ՀԷՑ-ի մեղքով: Ընկերությունը չի կատարել, կամ թերի է կատարել այն միջոցառումները, որը մատնանշել են գիտահետազոտական ինստիտուտի մասնագետները: Ստացվում է ՀԷՑ-ը կլորիկ գումարներ է ծախսել, դրանք ներառել է սակագնային մարժայում, սակայն ատիվ գործողություններ չի իրականացրել:

Օրինակ՝  2011թ. կնքված պայմանագրերով ՀԷՑ-ը վերը նշված ծառայությունների համար գիտահետազոտական ինստիտուտին վճարել է 170 մլն դրամ, 2012թ-ին՝ դարձյալ նույն գումարով է պայմանագրեր կնքվել, իսկ 2013թ-ին՝ 230 մլն դրամով և այլն:

ՀԷՑ-ի և ինստիտուտի միջև մինչև 2015թ-ն կնքվել են ուղղակի պայմանագրեր: 2015թ. հուլիսի 8-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է կայացրել, որ այսուհետև տեխնոլոգիապես անխուսափելի կորուստների հաշվարկը պետք է հանձնել «Հաշվարկային կենտրոն» ՓԲԸ-ին: Վերջինս էլ այսուհետ հանդես է գալու որպես վերը նշված գործառույթների կատարող:

Լևոն Աղեկյանն ասում է, որ ՀԷՑ-ին ծառայությունների մատուցման պայմանագրի արժեքը կրճատվել է, սակայն դժվարացավ կոնկրետ նշել թե ինչի հաշվին: Ըստ նրա՝ օրինակ, անցյալ տարվա պայմանագրային գումարի մի մասը հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ, տարաձայնություններ լինելու դեպքում թողնվել է աուդիտ հրավիրելու համար:

Ամիսներ առաջ ՀԷՑ-ը էլեկտրաէներգիայի թանկացման հայտ ներկայացրեց հանձնաժողով, երբ փաթեթը հասանելի դարձավ հանրությանը, բուռն քննարկվեց ներկայացված կորուստների չափը, որը զգալի տոկոս էր կազմում: Լևոն Աղեկյանն ասում է, որ հասարակությունն օգտագործում է կորուստներ հասկացությունը, սակայն ոչ ճիշտ շեշտադրմամբ: Փաստացի կորուստները բաղկացած են երկու մասից՝ տեխնոլոգիական, որոնց մեջ մտնում են տեխնիկական և չափագիտական կորուստները և կոմերցիոն կորուստները, որի մեջ մտնում է չարաշահումները, չվճարումները և այլն: Ինստիտուտն ուսումնասիրում է միայն տեխնոլոգիական կորուստները:

Լևոն Աղեկյանն ասում է, որ ՀԷՑ-ում տեխնոլոգիական կորուստները նվազել են: Եթե 2011թ.   դրանք կազմում էին տարեկան 11.69%, ապա 2013թ. վերջում եղել է 10.45%, իսկ 2014թ.՝ 9.83%:

Նշենք, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ սակագնային մարժայի հաշվարկում ներառվող` բաշխիչ ցանց մուտք գործող էլեկտրաէներգիայի նկատմամբ թույլատրելի կորստի մեծությունը ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 2009թ. համար սահմանել է 13%, 2010 և 2011 թվականների համար՝ 12.8%, 2012 և 2013 թվականների համար՝ 12.4%, իսկ 2014թ-ին՝ 11.2%:

ՀԷՑ-ի մամուլի քարտուղար Նատալի Սարջանյանը «Հետքին» տրամադրել էր ընկերության էլ.էներգիայի մուտքի, օգտակար առաքման և փաստացի կորուստների 2009-2014թթ. ցուցանիշները: 

ՀԷՑ-ի մարժայի հաշվարկման մեթոդիկայում գերպլանային կորուստները 2007-2015թթ ընկած ժամանակահատվածում կազմում են 3,34 մլրդ դրամ (առանց ԱԱՀ): Ընկերությունը մշակել է հնգամյա ծրագիր: 48.2 մլրդ դրամ ընդհանուր արժողությամբ միջոցառումների իրականացումը հնարավորություն կտա նվազեցնել կորուստները 1.8%-ով:

«Բոլորս էլ գիտենք, որ ՀԷՑ-ում կան զանազան չարաշահումներ և կառավարման թերություններ, որոնք բերում են ավելի բարձր չափի փաստացի կորուստների: Չեմ ուզում որևէ մեկին վիրավորել, բայց ուրիշ հնարավորություն կարծես թե չկա»,-ասում է Լևոն Աղեկյանը:

Գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրենն ասում է, որ կորուստները նվազեցնելու համար կան երկու տեսակի միջոցառումներ՝ ֆինանսական միջոցներ չպահանջող կամ քիչ պահանջող և զգալի ֆինանսական միջոցներ պահանջող:

Լ.Աղեկյանը պարզաբանում է, որ յուրաքանչյուր ամիս ինստիտուտը ՀԷՑ-ից ստանում է տվյալներ և ըստ դրանց էլ երկրի ամբողջ տարածքում հաշվարկվում է բաշխիչ ցանցերում բնական կորուստների չափը:

Եռամսյակը մեկ կազմվում է պլանային միջոցառումների ցանկ, որոնք ֆինանսական միջոցներ չեն պահանջում, կամ քիչ են պահանջում: Այդ պլանը տրվում է ՀԷՑ-ին, որից հետո հաջորդ ամիս վերջինից ստացվում է տեղեկություններ, թե ինստիտուտի կողմից տրված առաջարկությունների ցանկից որ մասն է փաստացի կատարվել: Հենց այդ ցուցանիշով էլ հաշվարկվում է կորուստների նվազումը:

«Փաստացի կատարվել են այդ միջոցառումները, թե միայն թղթի վրա է մնացել, հարցին կարող է պատասխանել միայն ՀԷՑ-ը: Բայց մենք ունենք իրենց կողմից ստորագրված և կնքված փաստաթղթեր, որ կատարվել են: Որպես կանոն ՀԷՑ-ը ոչ միշտ կամ ոչ ամբողջ ծավալով է կատարում այդ պլանային միջոցառումները: 2011թ-ից ՀԷՑ-ը հայտարարեց, որ չունի գումարներ այդ միջոցառումների համար, այդ իսկ պատճառով վերջին երեք տարիների համար տվել ենք այն միջոցառումների ցանկը, որոնք կամ ֆինանսական միջոցներ չեն պահանջում, կամ շատ քիչ են պահանջում»,-նշում է Լ. Աղեկյանը՝ նշելով, որ չի կարող հաստատ ասել, որ այդ միջոցառումները ևս ամբողջ ծավալով կատարվել են:

ՀԷՑ-ի ենթակայաններում տեղադրված ուժային տրանսֆորմատորները, որոնց հզորություններն ավելի մեծ են, քան պահանջարկը, ունեն պարապ ընթացքի մեծ կորուստներ: Ինստիտուտի տնօրենը, նշելով միջոցառումներից մեկը՝ ուժային  տրանսֆորմատորների ռոտացիան, ասաց, որ ունենալով քիչ քանակությամբ փոքր հզորության ուժային  տրանսֆորմատորներ, օրինակ՝ 10 հատ, կարելի է կատարել տրանսֆորմատորների ռոտացիա (փոխարինում)՝ քիչ պահանջարկ ունեցող վայրերում տեղադրելով փոքր հզորության տրանսֆորմատորներ: Նրա խոսքերով՝ այդ տեսակի տեղափոխումներով կարելի է փոխարինել մոտ 100 տրանսֆորմատոր: Այդ միջոցառումը զգալիորեն նվազեցնում է տեխնոլոգիական կորուստների չափը: Ինստիտուտի գնահատմամբ միջոցառման ետգնման ժամկետը կկազմի մինչև 2 տարի, ինչը հանդիսանում է շատ լավ ցուցանիչ: Թե ինչու այդ միջոցառումը չի կատարվում՝ անհայտ է:

«Այսօրվա դրությամբ ՀԷՑ-ը գտնվում է ֆինանսական ճգնաժամում, չունի միջոցներ, հետևաբար պետք է կատարվեն թիրախային ներդրումներ, որոնք կտան մեծագույն արդյունք: Դրա համար մեր հաշվարկները խիստ անհրաժեշտ են: Հստակ երևում են թիրախները և պետք է գումարը ծախսել այնտեղ, որտեղ պետք է, ոչ թե չհասկանալով, կամ հետևելով փորձագետների գնահատականներին: Ես չեմ ասում, որ ՀԷՑ-ի փորձագետների կարծիքը սխալ է, բայց հաշվարկն է տալիս ճշգրիտ արդյունք, որից պետք է օգտվել»,-ասում է Լևոն Աղեկյանը:

Ինստիտուտի տնօրենը փաստում է, որ աշխարհում չկա մի երկիր, որտեղ էլեկտրաէներգիայի սակագները նվազում են, սակայն Հայաստանում իրավիճակը փոքր ինչ այլ է: Նա նշում է, որ էներգահամակարգը ստեղծվել է խորհրդային տարիներին, հիմնական միջոցները ֆիզիկապես և բարոյապես մաշված են: Դրանց արդիականացումը պահանջում է մեծ ծախսեր, ինչն էլ պետք է արտացոլվի սակագնում: Աշխարհագրական դիրքը ևս չի խոսում սակագների իջեցման մասին, քանի որ ճանապարհածախսը թանկ է: Սակայն մի բանում Լևոն Աղեկյանը համաձայն է, որ սակագների թանկացումը չպետք է լինի կտրուկ, ինչը կարող է ցնցումների բերել:

Հարցին, արդյոք սպառողը վճարելով թանկ գին ստանում է համապատասխան որակի էլեկտրաէներգիա, Լևոն Աղեկյանը պատասխանեց, որ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» լիցենզիայի պայմաններից մեկում գրված է, որ նա պարտավոր է սպառողին մատակարարել որակյալ էլեկտրաէներգիա: Սակայն, ցավոք, ոչ ամեն տեղ է այդ որակյալ էլեկտրաէներգիան մատակարարվում: Թե΄ Երևանում, թե΄ մարզերում կան հատվածներ, որտեղ բնակչին հասնող էլեկտրաէներգիայի որակը չի համապատասխանում գործող նորմատիվներին:

«Արդյունավետ չեն կատարվում ներդրումները: Այդ ուղղությամբ աշխատանքները թերի են, շատ թերի են: Փաստորեն ՀԷՑ-ը դրանով չի կատարում լիցենզիայի պայմանները: Ասել, որ ես փող չունեմ՝  դրա համար չեմ կատարում՝ արդարացված չէ: Եթե դա իր պարտականությունն է, առաջնահերթ պետք է դա կատարել: Բնակիչներն, իհարկե, իրավունք ունեն բողոքելու, որովհետև մատակարարումը թերի է, ստանում են անորակ ապրանք, իսկ ՀԷՑ-ի կողմից պահանջել որակյալի վճար կարծում եմ… ՀԷՑ-ը հետաքրքիր քաղաքականություն է վարում: Ինքն իր իրավունքները դնում է կիզակետում, իսկ պարտականությունները, ցավոք, վերջում»,-նշում է Լևոն Աղեկյանը:

Նրա կարծիքով, սակագնի վերջին բարձրացումը հաշվարկված է այնպես, որը վերջ կդնի ՀԷՑ-ի ֆինանսական ճգնաժամին: Դրանով ընկերությունը կկարողանա պարտքերի մեծ մասը վերադարձնել և նորից լինել այնպիսի ընկերություն, որը կարող է կատարել արդյունավետ գործունեություն:

«Կարծում եմ պետությունը թույլ չի տա էներգետիկ ոլորտում ոչ մի չարաշահում: Երաշխավորել, որ սա կլինի վերջին թանկացումը, իհարկե, ես չեմ կարող: Եթե չլինեն արտառոց թանկացումներ և բոլոր այն գործընթացները, որ ծրագրված են՝ կատարվեն, իսկ ես հավատում եմ դրան, կարող է բերել սակագների երկարատև կայունացմանը»,-նշում է Լևոն Աղեկյանը:

Լևոն Աղեկյանը չկարողացավ պատասխանել կառավարության որոշմամբ ՀԷՑ-ում աուդիտ իրականացնելու արդյունավետությանը վերաբերող հարցին: Ըստ նրա՝ աուդիտի պայմանները և պահանջները տրվում են միայն մրցութային փաթեթը գնելու դեպքում, իսկ գիտահետազոտական ինստիտուտը մրցույթին չի մասնակցում:

Ակնհայտ է, որ իրականացվող աուդիտը չի տալու ցանկալի արդյունք և «օրինականացվելու» է ՀԷՑ-ի չարաշահումներն ու բացթողումները՝ ի վնաս սպառողի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter