HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օլիգարխները կամ ուրվականները՝ շոուում

«Մարդկային շատ հարաբերություններ այսօր դարձել են շուկայական՝ և՛ բիզնեսում, և՛ անձնական կյանքում: Ողբերգությունը հենց դա է»,- ասում է մոսկվայաբնակ պրոմոտեր, պրոդյուսեր Զառա Մխեյանը: Նա «Ֆորպոստարտ պրոդաքշն»-ի հիմնադիրն ու նախագահն է: Այն հիմնադրել է 1997-ին: Նա և՛ Հայաստանում, և՛ Ռուաստանում աշխատել է նաև մոդելային բիզնեսում:

Զառա Մխեյանը Մոսկվա է տեղափոխվել Հայաստանից 1991-ին: Մասնագիտությամբ նկարիչ-կերամիկ, նկարիչ-մոդելավորող է, նաև տնտեսագետի որակավորում է ստացել: 20 տարուց ավելի է՝ Զառան աշխատում է շոու-բիզնեսում՝ կազմակերպում է պրոմոտուրեր, զբաղվել է պրոդյուսերությամբ: Ասում է՝ որոշել է, որ երբեք ոչ մի գումարով ոչ մեկի և ոչ մի նախագծի համար պրոդյուսերություն չի անելու, կանի միայն այն նախագծերի համար, որոնք կպատկանեն իրեն: «Իսկ համագործակցել՝ ոչ, չեմ ցանկանում»,- նկատում է նա:

Պատճառը, ըստ նրա, տարիների կուտակված հիասթափությունն է: «Անշնորհակալ աշխատանք է: Դու ստեղծում ես մի արտադրանք՝ կարևոր չէ ում համար, այդ արտիստը հայտնվում է բարձունքում, և նրա մոտ սկսվում է աստղային հիվանդություն: Դատարկ տեղում սկսում են ամբիցիաներ ձևավորվել»,- ասում է նա:

Զառայի խոսքով՝ այսօր շոու-բիզնեսում առաջնահերթը ոչ թե գումարն է, այլ հեղինակությունը: Մարդ միգուցե մեծ գումար ունենա, բայց այն ծախսվի «դատարկ տեղը», ու արդյունք չլինի: «Ամենաթանկն անունն է, որը ստեղծում ես»,- նշում է նա:

Վերջին 20 տարիների հիասթափությունների, շոու-բիզնեսում կուտակված կեղտի, օլիգարխիայի հետ կապի մասին է Զառայի «Ուրվականների շոուն» գիրքը, որը լույս կտեսնի առաջիկայում: Այն սիրավեպ է, որտեղ, ըստ հեղինակի, բացահայտվում են շոու-բիզնեսի ժամանակակից վերնախավի իրական կյանքի գաղտնիքները: Սյուժեն հյուսվում է Ռուսաստանում բնակվող հայ բիզնեսմենի շուրջ, ով հայտնի է Հայաստանում: Հեղինակը նշում է, որ կերպարների 80 տոկոսից ավելին իրական անուններով են, միայն հայաստանաբնակների անուններն իրական չեն: Զառան ասում է, թե դրա պատճառն այն է, որ այդ կերպարները հետաքրքիր չեն, պարզունակ են:

«Նկարագրվում է ամբողջ այդ կեղտը, այդ ճանապարհը, թե ինչպես են դառնում արտիստներ, նույնիսկ կան կինոդերասաններ: Այսօրվա առաջին էշելոնի դեմքերի մասին է գիրքը՝ չինովնիկների, պրոդյուսերների, երգիչների»,- ասում է Զառան: Գրքի սկզբի և վերջաբանի համար հիմք է եղել մի կորպորատիվ միջոցառում, որը կազմակերպել էր Զառայի ընկերությունը: Այն պատվիրել էր ռուսաստանաբնակ հայ մեծահարուստը: Միջոցառման առիթը եղել է վերջինիս՝ Հայաստանում հիմնած ընկերության տարեդարձը: Երեկույթը տեղի է ունեցել Զվարթնոց տաճարում, որտեղ հրավիրված են եղել ռուս և հայ պաշտոնյաներ, պրոդյուսերներ, հյատնի հեռուստաընկերությունների ղեկավարներ և այլ ազդեցիկ հյուրեր: Միջոցառման հյուրերի համար նախատեսված են եղել էին դիմակներ (մոտ 500 դիմակ էին պատվիրել): Յուրաքանչյուր դիմակ, ըստ Զառայի, բնորոշում էր հյուրի խառնվածքը, բնավորությունը: Հենց դիմակներից էլ ծագել է գրքի վերնագիրը: Մի կողմից՝ բեմում ընթացող շոուն էր արտիստներով, իսկ մյուս կողմից՝ դիմակավոր հյուրերը: Զառայի խոսքով՝ նրանք ուրվականների պես էին, և նրանց կեցվածքը, պահելաձևը երկրորդ շոուն էր ստեղծել:

Շոու-բիզնեսի և օլիգարխիայի կապի հետևանքով դավաճանություններին, մատնություններին զուգահեռ հեղինակը վերհանել է ընկերասիրության, ասպետի խնդիրը: Ասում է՝ թե՛ կինը, թե՛ տղամարդը սխալներ են թույլ տալիս, սակայն բոլոր դեպքերում կինը, անկախ սոցիալական դիրքից, միշտ սպասում է ասպետի: Չնայած իրատեսության փոքր նշույլներին, հեղինակն ասում է՝ վեպն ավարտել է լավատեսական նոտայով: Դա բխում է իր խառնվածքից:

«Ինտրիգն այն է, որ բացահայտվում է… Չեմ հավատում, որ այդ գրքից մի բան կփոխվի, բայց ուզում էի նկարագրել այդ ամենը, և ամենակարևորը՝ դա կոմերցիոն նախագիծ է»,- նկատում է նա:

Հայ օլիգարխների հետ համագործակցության մասին

«Ուրվականների շոուն» գրքում ընդգրկված են նաև հայ օլիգարխներ: Զառան ասում է՝ աշխատանքի բերմամբ առնչություն ունեցել է նրանցից որոշների հետ և հիմնականում հիասթափություն է ապրել: «Այս վերջին տարիներին երբ հայ օլիգարխները կորպորատիվ միջոցառում են պատվիրում և պատրաաստ են վճարել, հրաժարվում ենք, որովհետև այդ մարդկանց հետ շփումներից հետո պետք է բուժվել»,- նշում է զրուցակիցս: Նրա խոսքով՝ նման խնդիրներ չեն լինում ռուսաստանցի օլիգարխների հետ:

«Ազգային ժողովում կարելի է ռեալիթի-շոու միացնել»

Զառան նշում է, որ օրինակ ՌԴ-ում կան հայտնի հայ բիզնեսմեններ, ովքեր ինտելեկտ, կրթություն ունեն: Դրան զուգահեռ Հայաստանում կան ինտելեկտից զուրկ, Զառայի բոնորշմամբ՝ «անդաստիարակ» օլիգարխներ: «Երբեմն ամոթալի է, երբ միացնում եմ Ազգային ժողովի ուղիղ հեռարձակումը, տեսնում եմ, որ իրենց միտքը չեն կարողանում ասել: Կարելի է այնտեղ ռեալիթի-շոու միացնել: Դա ինձ համար ողբերգություն է: Նույնիսկ իրենց փոխարեն գրածը չեն կարողանում կարդալ»,- ասում է զրուցակիցս:

Շոու-բիզնեսը կամ դեգրադիացիայի ճանապարհը

Շոու-բիզնեսը, ըստ Զառայի, հիմնականում վատ ազդեցություն է թողնում դեռահասների, երիտասարդների մեծ մասի վրա:

«Մեր օրերում մարդիկ ավելի շատ նեգատիվն են կարդում: Մենք շատ քաղաքականացված ենք»,- ասում է նա: Հեռուստացույցը միացնելիս կարող ես տեսնել նույն դեմքերը, ովքեր մեծ գումարներ են ներդրել՝ արտադրանք թողարկելու համար, սակայն չկա այն արտադրանքը, որը կներկայացնի բարձր արվեստ, կամ լավ ձայն կլինի:

«Շա՞տ եք հանդիպում, որ Ձեր ընկերուհիների երեխաները կարդան Շեքսպիր կամ Դյումա: Հաստատ չեն կարդում, այսօր կարդում են վամպիրների մասին: Դա ոչ միայն դպրոցներից, այլև ընտանիքից է գալիս, ծնողները չեն ազդում, թե ինչ կարդա, թե ինչ երաժշտություն հնչի տանը: Գուցե այսօրվա սերնդի համար ծիծաղելի է Շեքսպիր, Դյումա կամ ռուս դասականներ, օրինակ, Դոստոևսկի կարդալը, բայց կարող է մեկը հիմարություն գրի, կարդան: Դա էլ է մեծ խնդիր այսօր»,- նշում է նա:

Զ. Մխեյանը մեր ժամանակի ողբերգություն է համարում այն, որ սերը միմյանց նկատմամբ կորել է: «Ամենակարևորն այն է, որ մարդը սիրի մարդուն, մեկը մեկին օգնի: Բարություն պետք է գործել, եթե չկա բարություն, բան չի ստացվելու»,- ասում է նա: