HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լրատվամիջոցների ազատությունը Հայաստանի Հանրապետությունում 2015-ին

Արա Ղազարյան, Մերի Բաղդասարյան

(հոկտեմբեր 2014թ.-հուլիս 2015թ.)

Իրավական բարեփոխումներ և նախաձեռնություններ

Օրենսդրական փոփոխությունների առաջարկ անալոգայինիից թվային հեռարձակման անցնելու գործընթացում

Նախկին հետազոտության մեջ մենք նշել էինք, որ լրագրողական երեք կազմակերպություններ՝ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն, Երեւանի մամուլի ակումբը եւ Մեդիա նախաձեռնությունների կենտրոնը մշակել էին հեռարձակման ոլորտին վերաբերող օրենսդրական առաջարկությունների փաթեթ, որը 2014թ. նոյեմբերին ներկայացվեց ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողով: Փաթեթը ներառում էր «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրինագիծն իր հիմնավորումով, ինչպես նաեւ հարակից օրենքներում փոփոխությունների եւ լրացումների առաջարկություններ։ Օրինագծով նախատեսվում էր հեռարձակման թվային համակարգին անցնելուն համընթաց արմատապես բարեփոխել հարաբերությունների օրենսդրական կարգավորումն այս ոլորտում, արդիականացնել դրանք, նպաստել ազատ եւ արդար մրցակցության զարգացմանը, օրենսդրական հիմքեր ստեղծել հեռուստառադիոծրագրերի բազմազանությունն ու բազմակարծությունը ապահովելու համար:

2015թ. հունիսի 23-ին  Ազգային ժողովն ընդունեց «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ, և Հայաստանում անալոգային հեռարձակումից թվայինի անցման վերջնաժամկետը 2015թ. հուլիսի 1-ից հետաձգվել է վեց ամսով՝մինչեւ 2016թ. հունվարի 1-ը: Այս հետաձգումը հիմնավորվել է նրանով, որ այն հնարավորություն կտա հստակեցնել ՀՀ վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման շրջանակներում սոցիալական ծրագրի մոտեցումները և միևնույն ժամանակ անցման գործընթացը դարձնել ավելի սահուն և ամբողջական։ Հատուկ շեշտվում է նաև այն հանգամանքը, որ վեցամսյա ժամանակահատվածը հնարավորություն կընձեռի կատարել հանրության առավել արդյունավետ իրազեկում։   

ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը 

2015թ. հունիսի 18-ին ՀՀ կառավարությունը քննարկեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն եւ «Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու օրինագծերի փաթեթը, որով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածում առաջարկվում է ներդնել պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության վերաբերյալ գործերով վեճերի լուծման պարտադիր արտադատական կարգ: Նախագծով սահմանվում է, որ այն դեպքերում, երբ լրատվական գործունեություն իրականացնողի տարածած նյութում են տեղ գտել վիրավորանք կամ զրպարտություն հանդիսացող տեղեկություններ, ապա անձը կարող է օգտվել դատական պաշտպանությունից բացառապես այն բանից հետո, երբ դիմել է արտադատական կարգով հարցի լուծման: Վերջինը ենթադրում է, որ անձը պարտավոր է «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով դիմել լրատվական գործունեություն իրականացնողին` պահանջելով հրապարակել հերքում և/կամ պատասխան: Եթե վերջինս մերժում է դիմումը կամ խախտում հերքում և/կամ պատասխան տարածելու` օրենքով  սահմանված կարգը և ժամկետները, անձը կարող է դիմել դատական պաշտպանության: Առաջարկվող հոդվածում նախատեսված է բացառություն, այն է` անձը կարող է անմիջապես դիմել դատական պաշտպանության եղանակին, եթե խախտվել է մարդու անձնական և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության իրավունքը, նախկինում նույն լրատվամիջոցի կողմից նույն անձի վերաբերյալ հերքում և/կամ պատասխան է տարածվել, ինչպես նաև ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 17–րդ հոդվածով նախատեսված դեպքերում: Նախագծի հիմնավորումներում նշվում է, որ այն նպատակ է հետապնդում թեթևացնելու դատարանների ծանրաբեռնվածությունը և զարկ տալու արտադատական կարգով վեճերի լուծմանը:

Այնուամենայնիվ, կառավարությունը չաջակցեց այս առաջարկին` պատճառաբանելով, թե այն խնդրահարույց է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության իրավունքի տեսանկյունից։ Միաժամանակ նշվեց, որ ՀՀ Վճռաբեկ դատարանը N ԼԴ/0749/02/10 գործով 2012 թվականին կայացրած իր որոշմամբ պարզաբանել է, որ  ներկայումս իրավունքի պաշտպանության միջոցի ընտրությունը կատարում է տուժողը: Մինչդեռ նախագիծը պարտադրում է  քաղաքացիներին հերքման կամ պատասխանի պահանջով դիմելու վիրավորանք կամ զրպարտություն կատարած  զանգվածային լրատվության միջոցին: Ինչ վերաբերում է հակասությանը Եվրոպական կոնվենցիայով երաշխավորված արդար դատաքննության հետ, ապա անհրաժեշտ է նշել, որ իր պրակտիկայում Եվրոպական դատարանը անդրադարձել է արբիտրաժային կարգով քաղաքացիական գործերի լուծմանը` արտադատական կարգով վեճերի լուծման այլ եղանակի և եզրակցրել, որ այն անհերքելի առավելություն է անձի, ինչպես նաև արդարադատության իրականացման տեսանկյունից և, ըստ էության, չի հակասում Կոնվենցիային (Deweer v. Belgium, No. 6903/75, 27.02.1980, ՄԻԵԴ, § 49): Սակայն սրա համար անհրաժեշտ է, որ արբիտրաժային կարգով վեճի լուծմանը դիմելը լինի թույլատրելի և կատարվի ազատ և միանշանակ կերպով (Suda v. Czech Republic, No.1643/06, 28.10.2010,  ՄԻԵԴ, §§ 48-49): Դատարանն ընդգծել է, որ ժողովրդավարական հասարակությունում արդար դատաքննության իրավունքը չի կարող խախտվել միայն այն փաստի ուժով, որ վեճը լուծվել է դատական ընթացակարգին օժանդակ կարգով (նույնը): Այսպիսով, չբացառելով արտադատական կարգով վեճերի լուծումը` Եվրոպական դատարանը նշում է, որ այդ կարգին դիմելը պետք է լինի կողմերի ազատ կամահայտնության արդյունք:

Մենք կարծում ենք, որ նախագծով առաջարկվող պարտադիր արտադատական կարգով պատվի, արժանապատվության եւ գործարար համբավի պաշտպանության վերաբերյալ գործերի լուծումն իրապես խնդրահարույց է Կոնվենցիայով նախատեսված արդար դատաքննության տեսանկյունից: Նման կարգավորումը հանգեցնում է դատարանի իրավունքի անհամաչափ ու անիրավաչափ սահմանափակմանը, որը կհանգեցնի Սահմանադրության 19-րդ հոդվածով և Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դատարանի իրավունքի խախտմանը։ Քաղաքացին ինքը պետք է որոշի, թե իրավական պաշտպանության ինչ միջոցի դիմի՝ նախ արտադատական և հետո դատակա՞ն, թե՞ ուղղակի դատական։ Իհարկե, դատարանների ծանրաբեռնվածությունը ներկայումս խնդրահարույց հարց է, և որոշ դեպքերում դա հանգեցնում է դատաքննության ողջամիտ ժամկետների խախտմանը, սակայն անընդունելի է մի հիմնարար իրավունքը զոհելը մեկ այլ հիմնարար իրավունքի ապահովման համար։

Ի դեպ, վերը նշված խնդրին անդրադարձել են նաև դատարանները, մասնավորապես՝ թիվ ԵԿԴ/0790/02/11 քաղաքացիական գործով Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների դատարանը (դատավոր՝ Արայիկ Մելքումյան), մեկնաբանելով Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 10-րդ մասով նախատեսված սահմանափակումը,[1] սահմանել է, որ. «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 8-րդ հոդվածով սահմանված կարգով անձի` հերքում պահանջելու իրավական հնարավորությունն օրենսդիրը պայմանավորում է անձի հայեցողական իրավունքի իրականացման սկզբունքով, հետևաբար` հիշյալ դրույթը չի պարտավորեցնում անձին հերքման պահանջով մինչև դատարան դիմելը պարտադիր կարգով նախ դիմել արտադատական քայլի։ Հետևաբար` եթե անձը մինչև դատարան դիմելը հերքման պահանջով չի դիմել լրատվամիջոցին, ապա այդ հանգամանքը չի կարող սահմանափակել անձի դատական պաշտպանության իրավունքը։

«Զանգվածային լրատվության մասին» օրենքում լրացում կատարելու օրինագծի փաթեթը

Նույն օրը ՀՀ կառավարությունը քննարկեց նաև «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրինագիծը՝ հիմնավորելով, որ այն կարգավորում է ցանցային լրատվամիջոցների ելքային տվյալների հետ կապված հարաբերությունները։ Ըստ նախագծի`ցանցային լրատվության միջոցը պետք է մշտապես ներառի լրատվության միջոցի անվանումը, լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձեւը, գտնվելու վայրը, լրատվական գործունեություն իրականացնելու հասցեն, կոնտակտային հեռախոսը, էլեկտրոնային փոստը, իրավաբանական անձի պետական գրանցման (կամ իրավաբանական անձի անունից գործող նրա առանձնացված ստորաբաժանման հաշվառման) վկայականի համարը, տրման օրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է, ապա նրա անունը, ազգանունը, հասցեն, եթե նա անհատ ձեռնարկատեր է, ապա նաեւ պետական գրանցման վկայականի համարը եւ տրման օրը. լրատվության միջոցի թողարկման համար պատասխանատու անձի անունը, ազգանունը (ըստ անձնագրի). տվյալ թողարկման (լրատվության) տարին, ամիսը եւ ամսաթիվը: Այս փոփոխությունը բխում է արտադատական կարգով վեճերի լուծումը խթանելու նպատակով կողմերի միջև շփումը հեշտացնելու անհրաժեշությունից:

Սակայն կառավարությունը նշեց նաև, որ ներկայացված նախագծի որոշ դրույթներ չեն բխում մի շարք օրենքների պահանջներից: Մասնավորապես մատնանշվում է, որ «լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը» հակասում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 58-րդ հոդվածի 1-ին մասին, որի  համաձայն՝ իրավաբանական անձն ունի իր անվանումը, որը ցուցում է պարունակում նրա կազմակերպական-իրավական ձեւի մասին: Այսպիսով, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգիրքն արդեն իսկ նախատեսում է իրավաբանական անձի անվանման մեջ դրա կազմակերպաիրավական ձևը ներառելու պահանջ: Ուստի, առաջարկվում է արտահայտությունը խմբագրել` դուրս թողնելով «լրիվ» բառը: Այուհետև անդրադարձ է կատարվում «այլ պահանջների հետ մեկտեղ նաեւ անհատ ձեռնարկատիրոջ պետական գրանցման վկայականի համարը» արտահայտությանը: Մատնանշվում է հակասություն «Անհատ ձեռնարկատիրոջ մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հետ: Վերջինիս 3-րդ հոդվածի համաձայն` ֆիզիկական անձի՝ որպես անհատ ձեռնարկատիրոջ իրավունակությունն ու գործունակությունը ծագում են նրա պետական հաշվառման պահից: Իսկ նույն օրենքի 4-րդ հոդվածի համաձայն՝ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումը, նրան հաշվառումից հանելն իրականացվում են օրենքով սահմանված կարգով: Հետևաբար, առաջարկվում է «գրանցված» բառը փոխարինել «հաշվառված»-ով: Գործադիրը իր եզրակացությունում նշել է, որ իր առաջարկությունները հաշվի առնելու դեպքում փաստաթուղթն ամբողջությամբ ընդունելի կհամարի:

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի ուղեցույցը առցանց լրատվամիջոցների համար

ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը հուլիսի 23-ի իր նիստում ընդունեց ուղեցուցային փաստաթուղթ առցանց դաշտում գործող լրատվամիջոցների, լրագրողների համար։ Փաստաթղթի ընդունման համար հիմք էր ծառայել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի 16/06/2015թ. Դելֆին ընդդեմ Էստոնիայի գործով վերջնական որոշումը ։ Սույն որոշմամբ Եվրոպական դատարանի Մեծ Պալատը վերահաստատեց ստորին ատյանի ավելի վաղ որդեգրած մոտեցումը առ այն, որ լրատվամիջոցը կարող է պատասխանատվություն կրել իր պորտալում երրորդ անձի թողած զրպարտող կամ վիրավորական բնույթի մեկնաբանությունների համար նույնիսկ այն դեպքում, երբ ծանուցում ստանալուց հետո լրատվամիջոցը հեռացրել է վիճահարույց նյութը։ Փաստորեն, նման մոտեցումը նահանջ էր մինչ այդ գոյություն ունեցող Notice and Take Down իրավական պաշտպանության համակարգից, համաձայն որի՝ պատասխանատվությունը ծագում էր բացառապես ծանուցման պահից։ Դելֆիի գործում լրատվամիջոցը ծանուցումը ստանալուն պես հեռացրել էր վիճահարույց մեկնաբանությունները իր կայքից, այդուհանդերձ, Եվրոպական դատարանը որոշեց, որ փաստերը ցույց էին տալիս, որ մինչև ծանուցումը լրատվամիջոցը գիտեր և չէր կարող իմացած չլինել դրանց մասին՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեկնաբանությունները պարունակում էին ատելության խոսք։ Այն հանգամանքը, որ լրատվամիջոցը ծանուցումը ստանալուն պես հեռացրել էր մեկնաբանությունները, այլևս էական հանգամանք չէր։

Հիմնվելով վերը նշված դիրքորոշման վրա՝ Դիտորդ մարմինն առաջարկեց ինքնակարգավորման հետեւյալ համակարգը. 

  1. խմբագրություններն այլ հեղինակների մեկնաբանությունների համար պատասխանատվությունից ազատվում են միայն այն դեպքում, եթե կարող են հիմնավորել, որ տեղյակ չեն եղել և օբյեկտիվորեն չէին կարող տեղյակ լինել նման գրառումների առկայության մասին,
  2. թեպետ ՄԻԵԴ-իորոշումը մեկնաբանությունների մոդերացիա չի պարտադրում, այսուհանդերձ, խորհուրդ է տրվում հնարավորության դեպքում մոդերացնել դրանց հրապարակումը՝ հետեւելով, որ  մեկնաբանությունների սյունակներում չհայտնվեն ակնհայտ ատելության խոսք, բռնություն եւ օրենքով արգելված այլ գործողություններ քարոզող, ակնհայտ վիրավորանք պարունակող գրառումներ,
  3. եթե, այնուամենայնիվ, հայտնվում են նման գրառումներ, ապա հայտնաբերելու դեպքում ավելի նպատակահարմար է դրանք որքան հնարավոր է արագ հեռացնել, քան ձևականորեն սպասել և ծանուցում ստանալուց հետո միայն հեռացնել,
  4. եթե լրատվամիջոցը մեկնաբանություններում չի նկատել ակնհայտ ատելության խոսք, բռնության կոչ կամ ակնհայտ վիրավորանք պարունակող գրությունները, սակայն անձը, որի հասցեին եղել են դրանք, այդ մասին ծանուցել է խմբագրությանը, ապա խորհուրդ ենք տալիս ծանուցումից հետո ողջամիտ ժամկետում հեռացնել նման մեկնաբանությունները:

Անհրաժեշտ ենք համարում նաև նշել, որ վերը նշված դրույթները ուղեցուցային են և որպես այդպիսին իրավական պարտավորություններ չեն սահմանում։ Այդուհանդերձ, դատելով այն հանգամանքից, որ Դելֆիի գործը պարտավորեցնում է ԵԽ անդամ-պետություններին ներպետական համակարգում ստեղծել ՄԻԵԴ որոշմանը համապատասխան կառուցակարգեր, նշված դրույթներին չհետևելը կարող է առաջացնել իրավական հետևանք։ Հենց այս նկատառումից ելնելով՝ Դիտորդ մարմինն առաջարկեց ինքնակարգավորման վերը նշված մեխանիզմը։ 

ԱԺ-ում հավատարմագրման նոր կարգը

Ազգային ժողովում դեկտեմբերի 8-ին ԶԼՄ-ների ներկայացուցիչների և լրագրողական կազմակերպությունների մասնակցությամբ քննարկվեց  լրագրողների հավատարմագրման կարգի նոր նախագիծ: Դեկտեմբերի 19-ին ԱԺ նախագահը ստորագրեց լրագրողների հավատարմագրման կարգի մասին որոշումը, որով իր ուժը կորցրեց  2009թ. ԱԺ նախագահի ստորագրած՝ լրագրողների հավատարմագրման կարգը: Որոշման հավելվածում ներկայացվում էր հավատարմագրման նոր կարգը, որի համաձայն` կարող են հավատարմագրվել ՀՀ Արդարադատության նախարարությունում հաշվառված` 1500 և ավելի տպաքանակ ունեցող օրաթերթերի,  1000 և  ավելի տպաքանակ ունեցող ամսագրերի և շաբաթաթերթերի, օրական 2000 և ավելի այցելու ունեցող և առնվազն շաբաթը մեկ անգամ թարմացվող ինտերներտային լրատվության միջոցների, լրատվական գործակալությունների, ռադիոընկերությունների, հեռուստաընկերությունների և Երևան քաղաքում թղթակցային կետեր ունեցող օտարերկրյա  հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների լրագրողները, լուսանկարիչները և տեսաձայնագրման օպերատորները: Ընդ որում` յուրաքանչյուր  լրատվամիջոցից կարող է հավատարմագրվել ոչ ավելի, քան  երկու լրագրող և երկու լուսանկարիչ/ տեսաձայնագրման օպերատոր: Այն լրատվամիջոցները, որոնք չունեն իրավաբանական անձի կարգավիճակ, չեն կարող մասնակցել հավատարմագրման գործընթացին:

Լրագրողական աղբյուրների գաղտնիություն

«Հրապարակ» օրաթերթի 09.05.2014թ համարում հրապարակվել է լրագրող Սյուզան Սիմոնյանի հեղինակած «Ծուխ առանց կրակի, կամ ոստիկանապետի գլխին ամպեր են կուտակվում» վերնագրով հոդված։ Մեկ այլ՝ «Այ լուր էյ էմ» լրատվական կայքում հրապարակվել է «Շիրակի ոստիկանապետը հարձակվել է հայտնի ըմբիշի վրա: Մարզիկը մտածում է Հայաստանի դրոշի տակ հանդես չգալու մասին» վերնագրով հոդված։ Երկու հոդվածներում էլ հոդվածագրերը, հիմնվելով չբացահայտված աղբյուրների վրա, տեղեկացրել են, որ տեղի է ունեցել միջադեպ Շիրակի ոստիկանապետի և հայտնի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի միջև, որի ընթացքում ոստիկանապետը բռնություն է կիրառել ըմբիշի նկատմամբ։ Նույն միջադեպի վերաբերյալ այլ լրատվամիջոցներ ևս հրապարակել են հոդվածներ, ակնարկներ, լուրեր:

30.05.2014թ. ՀՀ հատուկ քննչական ծառայությունը (հետայսու` ՀՔԾ) հարուցել է քրեական գործ ՀՀ «Քրեական» օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով): Քրեական գործի շրջանակներում քննիչը դիմել է դատական ատյանին, որպեսզի վերջինս կայացնի «Հրապարակ» օրաթերթին վերը նշված հոդվածի լրատվական աղբյուրը բացահայտելուն պարտավորեցնելու մասին որոշում։ 26.06.2014թ. Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է միջնորդությունը և կայացրել լրատվական աղբյուրը բացահայտելուն պարտավորեցնելու մասին որոշում։ Հրապարակ օրաթերթի ներկայացուցիչները ներկայացրել են վերաքննիչ բողոք դատարանի որոշման դեմ։ 22.09.2014թ. Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է բողոքը։ Օրաթերթի ներկայացուցիչները որոշումը բողոքարկել են Վճռաբեկ դատարան։ 28.11.2014թ. Վճռաբեկ դատարանը վերադարձրել է բողոքը՝ փաստացի բողոքը ճանաչելով անընդունելի։ Մի որոշ ժամանակ անց ՀՔԾ քննիչը գրավոր դիմել է «Հրապարակ» օրաթերթին՝ պահանջելով բացահայտել աղբյուրի տվյալները։ «Հրապարակ» օրաթերթի խմբագրությունը հայտնել է, որ աղբյուրի մասին տվյալներին չի տիրապետում՝ փաստացի չտրամադրելով պահանջված տեղեկատվությունը։ Քննչական մարմինը որևէ այլ գործողություն չի ձեռնարկել վճռի կատարման ուղղությամբ։ Առ այսօր նշված դատական որոշումը մնում է չկատարված։

Նամակ ուղարկվեց նաև «iLur.am» կայքին, որի խմբագրությունը ևս հրաժարվեց բացահայտել աղբյուրը։ 2015թ. հուլիսին քրեական գործ հարուցվեց «ՍտարտՄեդիա» ՍՊԸ տնօրեն Քրիստինե Խանումյանի նկատմամբ: Այս որոշումը հանրային բողոքի մեծ ալիք բարձրացրեց։ Ավելին, միջազգային մի շարք կառույցներ ևս անդրադարձան այդ հանգամանքին՝ ՀՀ-ին կոչ անելով ձեռնպահ մնալ լրատվամիջոցներին աղբյուրների բացահայտման պահանջ ներկայացնելուց։ Այս զարգացումներից մի քանի օր անց ՀՀ գլխավոր դատախազությունը կայացրեց քրեական գործը կարճելու մասին որոշում հանցակազմի բացակայության հիմքով: Ավելին, պատասխան նամակով հանդես եկավ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը: Այս նամակում Գ.Կոստանյանը, շեշտելով խոսքի ազատության իրավունքի հիմնարար արժեք լինելը և այդ իրավունքի կենսագործման հարցում լրատվամիջոցների ունեցած կարևոր դերակատարությունը, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ ժողովրդավարական հասարակությունում, համաձայն միջազգային չափանիշների և ՀՀ Սահմանադրության պահանջների, անհրաժեշտություն է առաջանում հավասարակշռելու խոսքի ազատության իրավունքը` մի կողմից, իսկ մյուս կողմից` հանրային գերակա շահը, տվյալ դեպքում ` արդարադատության շահը: Մասնավորապես՝ մատնանշվել է այն հանգամանքը, որ խնդրո առարկա գործում ենթադրաբար ներգրավված են եղել ոստիկանության մարզային վարչության պետը և հանրահայտ երկու մարզիկներ, ինչպես նաև այն փաստը, որ գործը դասվում է ծանր հանցագործությունների թվին: Եզրափակելով նամակը` գլխավոր դատախազը ԵԱՀԿ հանձնակատարին հրավիրել է սեպտեմբերի առաջին կեսին Երևանում կազմակերպվելիք կլոր սեղան- քննարկմանը`Հայաստանում մամուլի ազատության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների և ԶԼՄ- ների ներկայացուցիչների մասնակցությամբ:

Այս դեպքերից քիչ անց, հաշվի առնելով առկա խնդրի հանրային մեծ նշանակությունը և այն փաստը, որ այն համակարգային խնդիր է, «Հրապարակ օրաթերթ» ՍՊԸ-ն դիմեց Սահմանադրական դատարան` «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի և ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 279-րդ հոդվածի՝ ՀՀ Սահմանադրության 3, 18, 19, 3, 43-րդ հոդվածներին, հակասող և անվավեր ճանաչելու պահանջի մասին: Դիմումում վերը նշված հոդվածների սահմանադրականության հարցը բարձրացվել է այն հիմքով, որ, մասնավորապես, Քրեական դատավարության 279-րդ հոդվածը չի ապահովում իրավական որոշակիություն։ Մասնավորապես, հոդվածում օգտագործված «այլ հաղորդումներ» հասկացությունը անորոշ է, չի սահմանում, թե որ տեսակի կամ բնույթի հանցագործությունների դեպքում է լրագրողը կրում աղբյուրը բացահայտելու պարտավորություն։ Նմանապես, «Զանգվածային լրատվության մասին» օրենքի վերը նշված հոդվածը սահմանում է «ծանր հանցագործության կատարման մեջ մեղադրվող անձի դատական պաշտպանության» անհրաժեշտությունը։ Այս դրույթը չափազանց լայն հնարավորություն է ընձեռում միջամտելու խոսքի ազատության իրավունքին, քանի որ «ծանր հանցագործություն» հասկացությունը անորոշ է, որպես աղբյուրը բացահայտելու հիմք չափազանց լայն է, և այս հանգամանքը հնարավորություն չի տալիս պարզել՝ արդյոք աղբյուրի բացահայտումը և դրանով պայմանավորված հանցագործության մեջ մեղադրվող անձի դատական պաշտպանության անհատական իրավունքը գերակայում է տեղեկատվության ազատ հոսքի հանրային շահին, քանի որ աղբյուրի բացահայտման նույնիսկ մեկ դեպքը կարող է էապես ազդել աղբյուրների կողմից տեղեկատվության տրամադրման վրա և, այդպիսով, համընդհանուր սառեցնող ազդեցություն ունենալ հանրային կարևոր, ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ տեղեկատվության ազատ հոսքի վրա։ Ավելին, նշված հոդվածները չեն սահմանում ընթացակարգային երաշխիքներ՝ լրագրողի՝ դատարանում լսված լինելու, դատաքննությանը մասնակցելու, միջնորդություն, բողոք ներկայացնելու երաշխիքներ։ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 279-րդ հոդվածի «այլ հաղորդումների» եզրույթը հնարավորություն է տալիս դատարանին տեղեկատվության աղբյուրի բացահայտման վերաբերյալ միջնորդությունները քննարկել և որոշում կայացնել` պարտավորեցնել լրատվամիջոցին և/կամ լրագրողին բացահայտել տեղեկատվության աղբյուրը, լրատվամիջոցի ներկայացուցչի կամ լրագրողի բացակայությամբ և առանց վերջինիս դատավարական կարգավիճակ ունենալու: Իսկ այն փաստը, որ այս հարցերով գործերը դատարանը քննում է դռնփակ դատական նիստում, ինքնին հակասում է  խոսքի ազատության և արդար դատաքննության իրավունքների կոնվենցիոն, հետևաբար և սահմանադրական պահանջներին: Ողջունելի է, որ «Հրապարակ» օրաթերթի դիմումը ընդունվել է վարույթ, և դատական քննությունը գրավոր ընթացակարգով նշանակված է 2015թ. հոկտեմբերի 20-ին:

Միաժամանակ, «Հրապարակ» թերթը գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ազատ արտահայտման իրավունքի խախտման հիմքով: Գանգատը ներկայացվել է մոտավորապես նույն հիմքով, ինչ վերը նշված սահմանադրական գանգատը: Եվ չնայած դիմումը ուղարկելու պահին կայացված դատական ակտը աղբյուրը բացահայտելու մասին դեռ չէր կատարվել, դիմորդները հանդիսանում են պոտենցիալ զոհեր, քանզի օրենքի առկայությունն արդեն իսկ հիմք է, որ պետական մարմինները ցանկացած պահի ընթացք տան դատական ակտի կատարմանը: Բացի այդ, նշվում է նաև այս ակտի պոտենցիալ սառեցնող ազդեցության մասին` մատնանշելով տվյալ գործով սահմանափակման անհամաչափությունը: Նշենք նաև, որ չնայած նրան, որ Քրիստինե Խանումյանի նկատմամբ քրեական գործի վարույթը կարճվել է, «ՍտարտՄեդիա» ՍՊԸ-ն ևս բողոք է ներկայացրել Սահմանադրական դատարան: Դատարանի որոշմամբ այս բողոքը միավորվել է «Հրապարակ» թերթի բողոքի հետ, և դրանք քննվելու են միասին:

շարունակելի