HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վիրավորանքի և զրպարտության հիմքերով դատական գործերի թիվը նվազել է

Արա Ղազարյան, Մերի Բաղդասարյան

առաջին եւ երկրորդ մասերը

(հոկտեմբեր 2014թ.-հուլիս 2015թ.)

Վիճակագրություն

Ըստ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի տվյալների,[1] 2015թվականի ընթացքում դատարաններում հարուցվել են 9 նոր դատական գործեր ընդդեմ լրատվամիջոցների կամ լրագրողների՝ վիրավորանքի և զրպարտության հիմքով։ Բոլոր գործերը հարուցվել են Քաղաքացիական օրենսգրքի 1087.1. հոդվածի հիմքով՝ պատվի, արժանապատվության ու գործարար համբավի պաշտպանություն վիրավորանքից կամ զրպարտությունից: Իսկ 2014թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին հարուցվել է միայն մեկ գործ ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի կապակցությամբ` վիրավորանքի եւ զրպարտության հիմքով: Համեմատության համար նշենք, որ 2014թ.ամբողջ կտրվածքով եղել են 17 նման գործեր: Այսինքն՝ նոր գործերի քանակը ընդհանուր առմամբ նվազել է, իսկ ամսվա կտրվածքով գործերի քանակը մնում է ինչպես նախորդ տարիներին՝ 0-3 գործ մեկ ամսվա կտրվածքով։

Աղյուսակ 2. Դատական գործերի քանակը ըստ տարիների

2014թ. հոկտեմբերից 2015թ. հուլիս ընկած ժամանակահատվածում դատարաններում միաժամանակ ընթացքի մեջ են եղել 31 գործեր (ներառյալ նախկին տարիներին հարուցված գործերը): Դրանցից 13–ը դեռևս ընթացիկ գործեր են: Ավարտված 18 գործերից 3-ով կնքվել է հաշտության համաձայնություն (16.7%), 2 գործերով որոշում է կայացվել վարույթը կարճելու մասին` հայցվորի կողմից հայցից հրաժարվելու հիմքով (11.1%): Լրատվամիջոցների դեմ բերված 10 հայցեր մերժվել են (55.6%), 3-ը` բավարարվել մասնակի (16.7%) (տե՛ս Աղյուսակ 3)։

 

Ավարտված 18 գործերով բերվել է ընդհանուր առմամբ 24,400,000 դրամի չափով փոխհատուցման պահանջ, որից բավարարվել է 2,450,000 դրամը, որը կազմում է ընդհանուր գումարային պահանջի 10%-ը։ Հատկանշական է, որ 2012 թվականին այս նիշը կազմում էր 8.6%, 2013 թվականին՝ 8.7%, իսկ 2014 թվականին`7,7 %։ Նշվածի առնչությամբ ուշադրություն ենք հրավիրում Աղյուսակ 4-ի վրա, որում պատկերված է հայցվորների կողմից պահանջված և դատարանների կողմից բավարարված գումարային չափերի համեմատական վիճակագրությունը 2012, 2013, 2014 և 2015 թվականների դրությամբ:

 

Առավել շատ դատական գործեր բերվել են ընդդեմ տպագիր լրատվամիջոցների՝ թերթերի (15 դատական գործ), այնուհետև՝ լրագրողների (12 դատական գործ), իսկ էլեկտրոնային կայքերի և հեռուստատեսության` 4-ական դատական գործ։ Հաճախ հայցապահանջները ներկայացվել են և՛ ընդդեմ լրատվամիջոցի, և՛ ընդդեմ լրագրողի (տե՛ս Աղյուսակ 5-ը ներքևում)։

Առավել շատ հայցապահանջներ բերվել են սովորական քաղաքացիների ու մասնավոր ընկերությունների կողմից (20)։ Քաղաքական, պետական գործիչների ու պետական մարմինների կողմից ներկայացվել է 2 գործ, փաստաբանների և հանրային դեմքերի կողմից`2-ական: Ներկայացվել է մեկ հայցադիմում հասարակական կազմակերպության կողմից: Հետաքրքրական է, որ 4 գործերում հենց լրագրողները կամ լրատվամիջոցներն են հանդիսացել հայցվոր: (տե՛ս Աղյուսակ 6):

Վերը ներկայացված վիճակագրությունը ցույց է տալիս, որ, ընդհանուր առմամբ, պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության հիմքով ներկայացվող հայցերի հոսքը չի դադարել: Վերոհիշյալ գործերի մեծ մասը դեռևս ընթացիկ է: Մեծ թիվ են կազմում մերժման վճիռները: Չնայած դրան՝ պահանջվող փոխհատուցման գումարի և իրականում ստացվածի տոկոսային հարաբերակցությունն աճել է` ի տարբերություն այլ տարիների: Դեռևս գերակշռում են տպագիր մամուլի դեմ բերված հայցերը` շատ քիչ զիջելով ընդդեմ լրագրողների հայցերին: Միաժամանակ, լրագրողների` որպես հայցվորների թիվը, ի համեմատություն 2014 թվականի, չի աճել:

Անդրադարձ կատարենք առավել նախադեպային գործերին:

 Դատական գործերի վերլուծություն

Դատական հայց կարող է բերվել բացառապես իրավաբանական անձի դե՞մ

Հունիսի 4-ին Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը վճռեց մերժել երգչուհի Լիլիթ Հովհաննիսյանի հայցը ընդդեմ «Blognews.am» լրատվական կայքի գլխավոր խմբագիր Արամ Անտինյանի։Լիլիթ Հովհաննիսյանը հայցադիմում էր ներկայացրել պատիվը, արժանապատվությունն ու բարի համբավը արատավորող տեղեկությունների հերքման, ներողության եւ պատասխանի հրապարակման պահանջներով` «Blognews.am» կայքում 2014թ. հունիսի 5-ին «Լիլիթ Հովհաննիսյանը եւ Արամեն շատ խիստ նեղացրել են Վլադիվոստոկի հայերին» վերնագրով հրապարակման առնչությամբ: Ներկայումս դատական գործը Քաղաքացիական վերաքննիչ դատարանում է երգչուհու դիմումի հիման վրա։

Առաջին ատյանի դատարանը դիմումը մերժեց երկու հիմքով։ Առաջին՝ դատարանը համարեց, որ վիճարահարույց արտահայտությունները վիրավորական չէին։ Երկրորդ՝ դատարանը որոշեց, որ լրատվամիջոցի գլխավոր խմբագիրը չէր կարող համարվել պատշաճ պատասխանող, քանի որ դատական հայցն անհրաժեշտ էր բերել կայքը գործունեության մեջ դնող իրավաբանական անձի՝ ընկերության դեմ։ Այդուհանդերձ, ո՛չ դատարանը, ո՛չ էլ պատասխանողը չբացահայտեցին, թե որ իրավաբանական անձն էր կայքի հիմնադիրը։ Դատարանի նման մոտեցումը խնդրահարույց է և անիրավաչափ կերպով սահմանափակում է քաղաքացիների դատական պաշտպանության իրավունքը։ Ըստ դատարանի մեկնաբանության՝ ստացվում է, որ բացառապես իրավաբանական անձինք իրավունք ունեն հիմնել ինտերնետ կայք և դրա միջոցով տարածել լրատվություն կամ կատարել հրապարակային հայտարարություններ։ Տվյալ դեպքում հայցը բերվել էր ընդդեմ լրատվամիջոցի գլխավոր խմբագրի, քանի որ կայքում միայն նրա անունն է նշված որպես բոլոր հոդվածների համար պատասխանատու անձ։ Որևէ այլ իրավաբանական անձի կամ լրագրողի տվյալներ կայքում նշված չեն։ Մինչդեռ, համացանցն իր բնույթով ու կառուցվածքով հնարավորություն է տալիս մեկ անձնավորության հանդես գալ որպես լրատվամիջոց և պարբերաբար ու մեծ քանակությամբ լրատվություն տարածել անսահմանափակ թվով ընթերցողների՝ մի բան, որ մինչև ոչ հեռավոր անցյալը  տեխնիկապես հնարավորություն ունեին անելու միայն ընկերությունները իրենց ենթակառույցների շնորհիվ (աշխատակիցներ, տպագրատուն, մեքենաներ, տպագրաթուղթ և այլն)։ Իրավիճակը հատկապես փոխվեց 2005-2006 թվականներին՝ սոցիալական մեդիայի ի հայտ գալով, որի պայմաններում բոլոր օգտատերերը, օրինակ՝ բլոգերները, հաջողությամբ կարող են իրենց կոչել առցանց լրատվամիջոց՝ տեղեկատվության ծավալի, ինտենսիվության, սփռման աստիճանի իմաստով։ Քաղաքացիական լրագրություն հասկացությունը և երևույթը առաջացավ հենց այս իրողությունից։ Հետևաբար, դատարանի նման դիրքորոշումը չի բխում համացանցով տեղեկատվություն տարածելու ազատության ժամանակակից պատկերացումներից։

Անհրաժեշտ է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ տվյալ դեպքում պատասխանող լրատվամիջոցը ստիպված էր մեծ ջանքեր գործադրել՝ պարզելու, թե արդյոք www.blognews.am կայքը ուներ իրավաբանական անձ, մինչդեռ և´ դատարանը, և´պատասխանողը ձեռնպահ մնացին բացահայտելուց, թե արդյոք նման անձ իրականում կա՞ր, թե՞ ոչ։ Ի վերջո, որևէ օրենսդրական դրույթով սահմանված չէ, որ առցանց եղանակով զանգվածային լրատվություն տարածելիս դատական հայց կարելի է բերել բացառապես իրավաբանական անձանց դեմ։ Ներկա պայմաններում լրատվության տարածման ցանկացած եղանակ, նույնիսկ եթե դա արվում է մեկ անձի կողմից, ինքնին զանգվածային լրատվության եղանակ է։

Ատելության խոսքը համարվեց գնահատող դատողություն

17.05.2014թ. www.Iravunk.com առցանց լրատվական կայքում հրապարակվել է «Նրանք սպասարկում են միջազգային համասեռամոլ լոբբինգի շահերը. ազգի և պետության թշնամիների սև ցուցակը» վերնագրով հոդված, որը հեղինակել է լրագող Հովհաննես Գալաջյանը։ Մի խումբ քաղաքացիներ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով դիմել են դատարան ընդդեմ լրատվամիջոցի և լրագրողի՝ գտնելով, որ հոդվածում տեղ են գտել իրենց պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը արատավորող մի շարք արտահայտություններ, որոնք ոչ միայն վիրավորական ու զրպարտող բնույթ էին, այլ նաև ատելության խոսքի դրսևորումներ էին։ Նրանք խնդրել են դատարանից պատասխանողներին պարտավորեցնել հրապարակայնորեն ներողություն խնդրել (տեքստի հրապարակումով) և որպես փոխհատուցում բռնագանձել հինգ միլիոն ՀՀ դրամ։ 30.10.2014թ. Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը կայացրել է վճիռ, որով ամբողջությամբ մերժել է հայցը։ Հայցվորների ներկայացրած բողոքները նույնպես մերժվել են Վերաքննիչ քաղաքացիական և Վճռաբեկ դատարանների կողմից։

Իր որոշումը առաջին ատյանի դատարանը հիմնավորել է այն եզրահանգմամբ, որ թեև հոդվածում օգտագործվել են որոշ չափազանցություններ, որոնք կարող էին ցնցել ու անհանգստություն պատճառել հայցվորներին, սակայն, ընդհանուր առմամբ, հոդվածագրի կողմից ցուցաբերվել է հավասարակշռված մոտեցում։ Դատարանը, մասնավորապես, գտել է, որ հոդվածն «ամբողջությամբ համապատասխանում է խոսքի մատուցման լրագրողական ազատության թույլատրելի շրջանակներին» և հոդվածը «իր բովանդակությամբ պայմանավորված է գերակա հանրային շահով»։

Մեր գնահատմամբ՝ լրատվանյութը իր բովանդակությամբ խախտել է և´ օրենքը, և´ լրագրողական վարքագծի համընդհանուր ընդունված նորմերը։ Հոդվածում հնչեցվել է ատելության քարոզ, որը չի կարող գտնվել լրագրողական ազատության թույլատրելի շրջանակներում։Մեր կարծիքով,  ազատ խոսքի պաշտպանության ոչ մի կառուցակարգ չի տարածվում ատելության խոսքի վրա, և եթե ցնցող, անհանգստություն պատճառող և նույնիսկ սադրող բնույթի քննադատական խոսքը պաշտպանված է ազատ խոսքով, ապա ծայրահեղականություն, ատելություն, բռնության կոչ անող խոսքը չի կարող հայցել նման պաշտպանություն։ Քաղաքակիրթ ազգերի կողմից ատելության խոսքը բացառվում է իսպառ՝ առանց որևէ բացառության։ Ավելին, սույն հոդվածով հոդվածագիրը դրսևորել է մի վարքագիծ, որը խտրականության ծայրագույն դրսևորում է՝ նա կատարել է սեգրեգացիայի կոչ։ Առավել մտահոգիչ է այն փաստը, որ տվյալ դեպքում ատելության կոչով հանդես է եկել լրատվամիջոցի գլխավոր խմբագիրը՝ հանրությանը տեղեկատվություն տրամադրելու իր հանրային գործառույթը և իր թերթի էջերը ծառայեցնելով նման պարսավելի արարքի։ Եզրափակելով՝ ցանկանում ենք նշել, որ հոդվածի բովանդակությունը կարող է ունենալ նաև Քրեական օրենսգրքի 143-րդ հոդվածով սահմանված հանցագործության հատկանիշներ։

Նշենք, որ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժեց նույն հոդվածի մեկ այլ զոհ, Իրանի քաղաքացի Ռոմիկ Դանիալի հայցադիմումն ընդդեմ «Իրավունք» թերթի եւ խմբագիր Հովհաննես Գալաջյանի: Սակայն այս հայցում պատասխանողը ոչ թե ԶԼՄ-ի հիմնադիրն է, ինչպես պահանջում է օրենքը, այլ հենց ԶԼՄ-ն, որն իրավաբանական անձ չէ։ Ռոմիկ Դանիալը ներկայացրել է վերաքննիչ բողոք: 

Նույն լրատվական նյութի համար՝ երկու տարբեր դատական որոշում

Վերը նշված դատաքննությանը զուգահեռ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացքի մեջ էր մեկ այլ դատական վարույթ՝ հարուցված քաղաքացիների մեկ այլ խմբի կողմից՝ Գրիգոր Գևորգյանը, Արման Սահակյանը, Հովհաննես Մկրտչյանն ընդդեմ «Իրավունք» թերթի հիմնադիր «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի, խմբագիր Հովհաննես Գալաջյանի եւ խմբագրական խորհրդի նախագահ ՀայկԲաբուխանյանի։

Այս գործով ներկայացված դիմումով հայցվորները պահանջում էին հերքել 2014թ. մայիսի 17-ին «Iravunk.com» կայքում հրապարակված նույն հոդվածում իրենց պատիվն ու արժանապատվությունն արատավորող տեղեկությունները, հրապարակային ներողություն խնդրել հասցված վիրավորանքի համար, վճարել փոխհատուցում 3 միլիոն դրամ: Հաշվի առնելով, որ նույն փաստական հանգամանքներով արդեն կայացված էր եղել մեկ այլ վճիռ, որով մերժվել է հայցը ամբողջությամբ, իսկ հոդվածում արտահայտված մտքերն էլ, որոնք, մեր կարծիքով, ատելության խոսք են, դատարանի կողմից համարվել էր գնահատող դատողություններ, գրեթե բոլորը այն կարծիքին էին, որ սույն գործով դատարանը նմանատիպ որոշում կկայացներ։ Այդուհանդերձ, 2015թ. մայիսի 14-ինհրապարակվեց վճիռը, որով դատարանը հայցը բավարարեց մասնակի՝ պարտավորեցնելով պատասխանողներին հրապարակման միջոցով հերքել հոդվածում տեղ գտած արատավորող, վիրավորական արտահայտությունները և հրապարակայնորեն ներողություն խնդրել հայցվորներից: Պատասխանողից հօգուտ հայցվորների նշանակվեց նաև զրպարտության համար փոխհատուցման զգալի գումար: Ինչ վերաբերում է հայցի մերժված մասին, դա առնչվում էր խտրականության վերաբերյալ հայցվորների պահանջին։ Մասնավորապես, նրանք դատարանից խնդրել էին կայացնել որոշում առ այն, որ հոդվածը պարունակում էր ատելության խոսք և որպես այդպիսին հոդվածը խտրական էր։ Սակայն դատարանը հայցը այդ հիմքով մերժեց՝ վկայակոչելով Քաղաքացիական օրենսգրքում նյութաիրավական հիմքերի բացակայությունը։ Դատարանի այս վճիռնը մտել է ուժի մեջ, քանի որ հունիսի 12-ինպատասխանողների ներկայացրած վերաքննիչ բողոքը և դրան հաջորդող վճռաբեկ բողոքը մերժվել են։

Այսպիսով, պետք է արձանագրել հետևյալը. միևնույն հոդվածի վերաբերյալ պատասխանող Հովհաննես Գալաջյանի եւ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի դեմ բերված երկու հայցերը ստացել են տարբեր հանգուցալուծումներ: 16 քաղաքացիների ներկայացրած հայցը քննելիս դատարանը համարել է, որ թեև «Իրավունք» թերթը դիմել էր որոշ չափազանցությունների` օգտվելով Սահմանադրությամբ երաշխավորված խոսքի ազատության իրավունքից, սակայն դրանք չեն հանդիսացել վիրավորանք, քանի որ, դատարանի կարծիքով, լրագիրը դրսևորել է հավասարակշռված մոտեցում, չնայած իր մասնագիտական գործունեությունը իրականացնելիս օգտագործել է չափազանցություններ: Մինչդեռ Գրիգոր Գևորգյանը, Արման Սահակյանը, Հովհաննես Մկրտչյանն ընդդեմ «Իրավունք» թերթի հիմնադիր «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի, խմբագիր Հովհաննես Գալաջյանի եւ խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանի հայցը քննելիս դատարանը, մանրամասն վերլուծելով ՀՀ Վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի  կիրառելի պրակտիկան, եզրակացրել է, որ վերահիշյալ հոդվածում տեղ գտած արտահայտություններն իրականում հանդիսանում են վիրավորական, որ լրատվամիջոցները ունեն նաև պարտականություններ և պատասխանատվություն, այն է` հրապարակվող տեղեկությունները պետք է պատշաճ ստուգվեն և դրանցով չխախտեն այլոց հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Միևնույն ժամանակ, ինչպես արդեն նշեցինք, դատարանը մերժեց խտրականության մասին հայցվորների բերած փաստարկները։

Ատելության խոսքի հերթական դրսևորումը նույն լրատվամիջոցի կողմից

2014թ. «Իրավունք» թերթի  թիվ 62 (2410) համարում (հունիսի 6-9)  «Ապազգային» խորագրի ներքո հրապարակվել է «Երբ համասեռամոլների  գրանտածիծ պաշտպանները պետական աջակցություն են ստանում» վերնագրով հոդված, որում լրագրողը ներկայացրել է իր հարցազրույցի բովանդակությունը ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության հարցերի երիտասարդական քաղաքականության վարչության  պետի հետ։ Հարցազրույցի տեքստից առաջ լրագրողը զետեղել է նախաբան հետևյալ բովանդակությամբ.

«Պարզվում է, որ ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունը շնորհակալագրերով տարվա լավագույն կազմակերպություններ է ճանաչում նաև այն կազմակերպություններին, ովքեր կոչ են անում «հարգել մարդու իրավունքները» և «վերջ տալ հոմոֆոբիային», այսինքն՝ պաշտպանում են համասեռամոլներին: Նման հայտարարությամբ մայիսի 17-ին հանդես էր եկել «ՆորՍերունդ» մարդասիրական ՀԿ-ն, որին անցած տարվա վերջում Սպորտի և երիտասարդության նախարարությունը Շիրակի մարզում ճանաչել է տարվա լավագույն կազմակերպություն: Թե որ արժանիքների համար է հակաբարոյական մարդկային թափոնին պաշտպանող և անցյալտարի Գյումրիում Անկախության տոնը՝սեպտեմբերի 21-ը պացիֆիստական-տոլեռանտական ակցիայով պղծած տվյալ կազմակերպությունը ճանաչվել տարվա լավագույն, փորձեցինք պարզել ՀՀ սպորտի  և երիտասարդության նախարարության հարցերի երիտասարդական քաղաքականության վարչության պետ...»։

Հոդվածը ուղեկցվել է լուսանկարով, որը տեղադրված է եղել հոդվածի կենտրոնական հատվածում, որտեղ մի խումբ երիտասարդների ձեռքին ԱՄՆ-ի դրոշն է և «No Hate Speech» մակագրությամբ պաստառ: Նկարի ներքևի հատվածում ներառվել է հետևյալ գրությունը.

«21 սեպտեմբեր 2013. «Նոր սերունդ» ՀԿ-ն Գյումրիում փաստացի պղծում է Անկախության տոնը՝ անցկացնելով պացիֆիստական միջոցառում:  Ցուցարարների ձեռքում ամենից շատ կարելի  է տեսնել «No hate speech» մակագրությամբ պաստառները: Այդ կարգախոսը համասեռամոլների շահերի լոբբիստների  թիվ 1 կարգախոսն է։

2014թ. հուլիս ամսին «Նոր սերունդ» հասարակական կազմակերպությունը դիմել է Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ «Իրավունք մեդիա» ՍՊԸ-ի խմբագրական խորհրդի նախագահ Հայկ Բաբուխանյանի և լրագրող Իլոնա Ազարյանի։ Կազմակերպությունը կարծում է, որ հոդվածով արատավորվել է կազմակերպության գործարար համբավը՝ Քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի հիմքով, և խնդրել է դատարանից պարտավորեցնել լրատվամիջոցին «Իրավունք» թերթում «Հերքում» խորագրի ներքո ներողություն խնդրել կազմակերպությունից, հօգուտ հայցվորի բռնագանձել 3.000.000 /երեք միլիոն/ ՀՀ դրամ որպես արդարացի փոխհատուցում և հրապարակել դատական ակտը։ Դատաքննությունը ներկայումս ընթացքի մեջ է նշված դատարանում։

Նշված հոդվածում կրկին առկա են ատելության խոսքի դրսևորումներ։ «Նոր սերունդ» հասարակական կազմակերպությունն իր գործունեությամբ կոչ է անում հարգել մարդու իրավունքները, չտրվել հոմոֆոբիային և վերջ տալ ատելության խոսքին, մինչդեռ  «Իրավունք» թերթը սա նույնականացնում է համասեռամոլության պաշտպանության հետ: Հոդվածում կոչ էր արվում լիակատար անհանդուրժողականություն դրսևորել կոնկրետ անձանց նկատմամբ, ընդhուպ նրանց լիակատար սեգրեգացիան հասարակությունից: Ակնհայտ է, որ հոդվածում առկա է ատելության խոսք, որն անհամատեղելի է  ժողովրդավարական արժեքների հետ:  Այս  դեպքում ևս իրավիճակը առավել խնդրահարույց է նրանով, որ լրատվամիջոցը ոչ թե հանդիսանում է ատելության խոսք պարունակող նյութի տարածող, այլև դրա հեղինակ, որն ավելի է բարդացնում իրավիճակը:

Մեր կարծիքով, լրագրողը կազմակերպությանը բնորոշել է «հակաբարոյական մարդկային թափոնին պաշտպանող» արտահայտությամբ և որ նման բնորոշումը տրվել է բացառապես այն պատճառով, որ կազմակերպությունն իր գործունեությամբ կոչ է անում հարգել մարդու իրավունքները, չտրվել հոմոֆոբիային և վերջ տալ ատելության խոսքին՝ մի բան, որն արվում է ողջ քաղաքակիրթ մարդկության կողմից։ Նման պարագայում, ցանկացած ողջամիտ ընթերցող կարող է հանգել հակառակ եզրահանգման. որ լրագրողը հերքում է մարդու իրավունքների պաշտպանությունը, մերժում է խտրականության, ատելության խոսքի և մարդատյացության համընդհանուր արգելքը։

Քանի որ սույն գործով դատավարությունը դեռ չի ավարտվել, մենք մեր հաջորդ հետազոտություններում կրկին կանդրադառնանք այս գործին: 

Քննադատական հոդվածներ հանրային դեմքի ընտանիքի անդամի վերաբերյալ

Հասարակության շրջանում լայն քննարկման առիթ հանդիսացավ «Հրապարակ» օրաթերթի 21.05.2015թ. N 91 (1669) թողարկման մեջ հրապարակված «Հանրությունն ուզում է իմանալ» վերնագրով հոդվածը: Նույն օրը, նույն վերնագրով և նույնաբովանդակ հրապարակում եղել է նաև «Հրապարակ» օրաթերթի կայքում: Հոդվածը հրապարակվել է ՀՀ պաշտպանության նախարարի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի լուսանկարով։ Վերջինս կարծում է, որ հոդվածում տեղ են գտել իր մասին վիրավորական և զրպարտող արտահայտություններ, մասնավորապես, թե իբր ինքը պատճառ է հանդիսացել մահվան ելքով ճանապարհային մի պատահարի, որը տարիներ առաջ կոծկվել է։ Նրա փաստաբանը հերքման պահանջով դիմել է լրատվամիջոցին, սակայն վերջինս չի պատասխանել դրան։ Ներկայումս նա դիմել է դատարան ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի։

Սույն գործի փաստերը հետաքրքրական են այնքանով, որ առաջադրում են մի կարևոր հարց. որքանո՞վ է իրավաչափ հանրային քննարկման ու քննադատության առարկա դարձնել քաղաքական գործչի կամ պետական բարձր պաշտոնատար անձի ընտանիքի անդամների հետ կապված դեպքերը։ Այս հարցին դեռ պատասխան չի տվել դատարանը։ Կարծում ենք, որ ընտանիքի անդամների անձնական կյանքի վերաբերյալ տվյալները նույնպես կարող են հանրային քննարկման առարկա դառնալ այնքանով, որքանով դրանք առնչվում են տվյալ պաշտոնատար անձի հանրային գործառույթներին։ Ինչևէ, այս գործին մենք նույնպես առաջիկայում կանդրադառնանք։

Նույն անձի մասնակցությամբ ևս մեկ գործ է քննվում դատարանում։ Մասնավորապես, հայցը ներկայացվել է ընդդեմ «Աննա Գեւորգյան» ԱՁ-ի եւ լրագրող Ալիս Խեչոյանի, որով հայցվորը հայցում է պատվի եւ արժանապատվության պաշտպանություն «Hzham.am» կայքում մայիսի 13-ին հրապարակված «Ֆրանսիայում սեփական հիվանդանոց է գնել» վերտառությամբ հոդվածի համար։ Հայցվորը պահանջում է հերքել պատիվն ու արժանապատվությունը արատավորող, զրպարտող տեղեկությունները, «Hzham.am» կայքում հրապարակել իր պատասխանը, ինչպես նաեւ կայքից հեռացնել հայցի առիթ դարձած «Ֆրանսիայում սեփական հիվանդանոց է գնել» հոդվածը։ Հայցվորը պահանջում է նաև 200 000 դրամ փոխհատուցում զրպարտության համար: 

Հայաստանի Հանրապետությունը՝ որպես հայցվոր

Հետաքրքիր նախադեպ է ՀՀ ոստիկանությունն ընդդեմ SOS հաղորդաշարի գործով դատավարությունը: Պատվի և արժանապատվության նսեմացման հիմքով հայց է ներկայացվել SOS հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի դեմ: Հայցվորը ՀՀ ոստիկանությունն է և ոստիկանության աշխատակիցներ Արթուր Մադաթյանն ու Սերգեյ Զաքարյանը: Ըստ հայցվորների՝ հաղորդաշարի 11–րդ թողարկման ժամանակ իրենց հասցեին հնչել են վիրավորական արտահայտություններ:  Վերջիններս պահանջում են հրապարակային ներողություն խնդրել և ոստիկանության աշխատակիցներին վճարել փոխհատուցում 1–ական միլիոն դրամի չափով: Հաջորդ դատական նիստը կկայանա սեպտեմբերի 4-ին:

SOS հաղորդաշարի դեմ բերված հայցը հետաքրքրական է նրանով, որ որպես հայցվոր հանդես է գալիս Հայաստանի Հանրապետությունը` ի դեմս ոստիկանության: Այս իմաստով նպատակահարմար է վկայակոչել ՀՀ Սահմանադրական դատարանի ՍԴՈ-997որոշումը, որում ՍԴ-ն, անդրադառնալով Քաղաքացիական օրենսգրքի 1087.1հոդված առաջին բառին՝ «անձ»  եզրույթին, եզրակացրել է, որ դա վերաբերելի չէ իշխանության մարմիններին: Այսինքն՝ պետական մարմինները չպետք է իրավունք ունենան վիրավորանքի, զրպարտության կամ բարի համբավի հիմքով հայց ներկայացնել դատարան։ Պետական մարմինների` վիրավորանքի և զրպարտության գործերում չմիջամտելու սկզբունքը Սահմանադրական դատարանը համարում է խոսքի ազատության իրավունքի կարևոր երաշխիքներից մեկը:

Հեղինակային իրավունքի պաշտպանություն

Անդրադառնալով լրագրողների ու լրատվամիջոցների հեղինակային իրավունքների պաշտպանությանը` նշենք, որ «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն ընդդեմ «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի գործով 2014թ. դեկտեմբերի 17-ին կայացրած վճռի վերաբերյալ պարտված պատասխանող կողմը ներկայացրել էր վերաքննիչ բողոք, որը ապրիլի 8-ին Վերաքննիչ քաղաքացիական դատարանի կողմից բավարարվեց մասնակի: Հիշեցնենք, որ 2014թ. հունվարի 16-ին «Hetq.am» կայքի հիմնադիր «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն հայցադիմում ներկայացրեց Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «1in.am» կայքի հիմնադիր «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի՝ պահանջելով վերացնել հեղինակային իրավունքի խախտումները: Բանն այն է, որ «1in.am»-ը արտատպել էր «Hetq.am»-ում տեղադրված նյութը:  Նույն թվականի դեկտեմբերի 17-ի նիստում դատարանը մասնակի բավարարել էր հայցը. նյութերը հեռացնելու կամ օրենքի պահանջներին համապատասխանեցնելու մասով դատարանը վարույթը կարճել էր, քանի որ գործի քննության ընթացքում` 7-8 ամիս անց, պատասխանողը վերարտադրված լրագրողական նյութերը համապատասխանեցրել էր օրենքի պահանջներին՝ այսինքն ներմուծել էր բոլոր անհրաժեշտ հղումները հոդվածի հեղինակի մասին:

Հեղինակային իրավունքի խախտման մեկ այլ գործ է Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում շարունակվող Արփի Ոսկանյանի հայցի քննությունը ընդդեմ «1in.am» լրատվական կայքի հիմնադիր «Սկիզբ մեդիա կենտրոն» ՍՊԸ-ի: Հիշեցնենք, որ կայքը արտատպել էր Արփի Ոսկանյանի «Քաղաքական հանելուկ» բանաստեղծությունը «Հայկական ժամանակ» թերթի 2012թ. դեկտեմբերի 6-ի համարից: Հետագայում մրցույթ էր հայտարարվել այդ բանաստեղծության հիման վրա երգ գրելու: Ուշագրավ է, որ օգոստոսի 28–ին ԽԱՊԿ-ի կողմից կազմակերպված «Հայաստանում նոր մեդիայի զարգացումը եւ հեղինակային իրավունքի պաշտպանությունը» թեմայով կլոր սեղանի ժամանակ զեկուցող մեդիա փորձագետ Մեսրոպ Հարությունյանը տեղեկացրեց, որ «1in.am»-ի փաստաբանը Արփի Ոսկանյանին հաշտության համաձայնություն է առաջարկել, սակայն բանակցությունների ընթացքում փաստաբանը փոխվել է: Նոր փաստաբանը առաջարկել է  կայքից հանել Արփի Ոսկանյանի ստեղծագործությունը, նրան որպես փոխհատուցում տալ 100 հազար դրամ, իսկ Արփին իր հերթին պետք է հրապարակային տեքստեր տարածի առ այն, որ նա զղջում է համացանցում կայքի հասցեին արված հայտարարությունների համար։ Արփի Ոսկանյանն էլ պահանջել է 200 հազար դրամ, չնայած որ նախորդ փաստաբանի հետ բանակցություններում համաձայնել էր 150 հազար դրամի չափով փոխհատուցման` հավելելով, որ իրականում նա այս հարցի վերաբերյալ հայտարարություններ չի արել, այլ հարցազրույցներ է տվել լրատվամիջոցներին: Դրանից հետո փաստաբանն առաջարկել է վճարել 50 հազար դրամ` նշելով, որ Արփին կարող է և չզղջալ:  Փորձագետ Մեսրոպ Հարությունյանը սա համարեց «անբարոյականության գագաթնակետ»:

Հաջորդ նիստը նշանակվել է սեպտեմբերի 11-ին։

Հեղինակային իրավունքների պաշտպանվածության առումով նշենք, որ այս բնույթի գործերի դատական պրակտիկան ավանդաբար դանդաղ է զարգանում։ Դա հիմնականում բացատրվում է նրանով, որ հեղինակները խիստ հազվադեպ են հայցում դատական պաշտպանություն։



[1]Հայաստանում խոսքի ազատության վիճակի և  լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին։ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի 2015թ. Առաջին կիսամյակի զեկույց։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter