HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սևա՞ն, թե՞ «GeoProMining Gold»

«ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը և «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը շարունակում են «Բնություն, թե փող» ահազանգերի շարքը, որի շրջանակներում մոտակա օրերին իրականացվելու է «Սևա՞ն, թե՞ GeoProMining Gold» ցիկլը:

«Մենք Սևանի հանդեպ պարտք ունենք: Սևանին պետք է վերադարձնենք այն, ինչ երկար տարիներ` սկսած Խորհրդային Միության ժամանակներից, լիուլի վերցրել ենք: Սևանին պետք է վերադարձնենք նրա առողջությունը, և սրանք պարզապես գեղեցիկ խոսքեր չեն: Մեզ համար, իրոք, պարտականություն է, պարտավորություն է, և այդ պարտքը պետք է վերադարձնենք նաև այն ակնկալիքով, որ Սևանը պետք է շարունակի ծառայել մեր ժողովրդին ու սերունդներին»,- հայտարարել է Հայաստանի Նախագահ Սերժ Սարգսյանը 2009 թ. ապրիլի 29-ին Գեղարքունիքի մարզ կատարած այցելության ընթացքում (http://president.am/events/news/arm/?day=29&month=04&year=2009&id=494):

Որպես ասվածի ի կատար ածում, 2009 թ. կասեցվեց Սևանի ջրահավաք ավազանում` Սոթքում, վերամշակման համալիրի կառուցումը: Այդ նախագիծն ահռելի ռիսկեր էր պարունակում Սևանի համար (միլիոնավոր տոննաներով լցակույտեր, թունավոր միացություններով փոշի, ցիանային պոչամբար և այլն):

Նախագծի լոբինգը կատարվում էր ոսկի արդյունահանող «GeoProMining Gold» ընկերության կողմից և ուներ իր «հովանավորները»` չնայած այն բանին, որ նման գործունեության իրականացումն ուղղակիորեն արգելված է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքով:

Ընկերությունն այն ժամանակ չանսաց հասարակության կարծիքին, բայց, միևնույն ժամանակ, ռիսկ չարեց գնալ երկրի առաջին դեմքի դեմ: Հասարակությունը նշեց իր հաղթանակը:

Չնայած դրան, երկու տարի անց «GeoProMining Gold»-ը, այնուամենայնիվ, մասնակիորեն իրականացրեց իր մտածածը: Արդեն առանց որևէ նախագծի կառուցվեց «արտադրամաս» բաց երկնքի տակ` ջարդող-տեսակավորող համալիր:

Սակայն այդ ակնհայտ ապօրինի օբյեկտով, որն այս պահին ողջ թափով աշխատում է, որևէ մեկը չզբաղվեց: Երկրի օրենքները խախտած, 34 միլիարդ խմ ծավալով քաղցրահամ ջրի ռազմավարական պաշարը վտանգի ենթարկած ընկերության գործունեությունը նույնիսկ տեսչական ստուգումներ չանցավ:

Փաստացի, ստացվում է, որ պաշտոնյա այրերը Սևանին պարտքը վերադարձնել չեն պատրաստվում: Պարտքը, որը սահմանված է իրենց պարտականություններով և զբաղեցրած դիրքով:

«ԷկոԼուր» հասարակական կազմակերպությունը և «Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնությունը դիմում են Բնապահպանության նախարարին` պարոն նախարար, մի՛ զբաղվեք այդ խնդրի ուսումնասիրմամբ, այն վաղուց ուսումնասիրված է: Խնդիրն ունի մեկ լուծում` ջարդող-տեսակավորող համալիրը պետք է ապամոնտաժվի, իսկ «GeoProMining Gold»-ը պատժի ենթարկվի: Հակառակ դեպքում, Սևանի էկոհամակարգի հաշվին իրականացվող այս ապօրինությունների պատասխանատվությունը պետք է կիսեք և դուք: 

«ԷկոԼուր» հասարակական կազմակերպություն

«Չենք լռելու» երիտասարդական նախաձեռնություն

Մեկնաբանություններ (1)

Arman Martirosyan
Erku kazmakerputyunneri handep el mec harganq em tacum!

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter