HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Սամվել Ալեքսանյանի շախմատային քայլերը հարկային եւ լրատվության դաշտում

Հարկային պետական ծառայությունը հրապարակել է այս տարվա 9 ամիսների խոշոր հարկատուների ցանկը։ 2012 թ. բյուջեն 101 մլրդ դրամով ավելացնելու կառավարության ցանկություններին զուգահեռ նկատվում է, որ օլիգարխներն ու խոշոր բիզնեսը շարունակում են ավելի քիչ վճարել նախորդ տարիների համեմատ: Տնտեսագետները կարծում են, որ կառավարության բյուջեի ավելացման քայլերն ի վերջո հանգեցնելու են նրան, որ փոքր ու միջին բիզնեսը վերջնականապես «մեռնի», քանի որ օլիգարխներն ավել հարկեր վճարող չեն:

Առաջիկայում էլ Ազգային ժողովում քննարկվելու է հարկային փոփոխությունների փաթեթը: Այժմ հանձնաժողովներում ծածուկ քննարկումներ են գնում, սակայն փաթեթը շարունակում է մնալ չհրապարակված: Այդպես էլ որեւէ պատասխանատու պաշտոնյա չի կարողանում մեկնաբանել, թե ինչ է իրենից ներկայացնում փաթեթը, եւ ինչու է այն գաղտնի պահվում` պետական գաղտնիքի պես:

Այս գործելաոճը եւս մեկ անգամ փաստում է, որ կառավարության հերթական թիրախը լինելու է փոքր ու միջին բիզնեսը, եւ նոր տարվա նախաշեմին օրենսդիր եւ գործադիր մարմինները համատեղ հերթական անակնկալն են պատրաստելու գործարարների համար:

Օրինակ` ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս Գրիգ» ընկերությունը անցած 9 ամիսների ընթացքում պետբյուջե է փոխանցել 7 մլն դրամ ավելի քիչ, քան անցյալ տարի: Այս տարի պատգամավորի ընկերությունը11,9 մլրդ դրամ է պետբյուջե փոխանցել, երբ նախորդ տարի նույն ժամանակահատվածում «Ալեքս Գրիգի» վճարները կազմել էին 12,6 միլիարդ դրամ: 9 ամսվա ընթացքում «Ալեքս Գրիգը» որպես շահութահարկ եւ եկամտահարկ վճարել է շուրջ 681 մլն դրամ։

Ս. Ալեքսանյանին պատկանող մեկ այլ` «Նատալի ֆարմ» ընկերության կատարած հարկային պարտավորությունները եւս այս տարվա 9 ամիսների կտրվածքով կրճատվել են: Եթե նախորդ տարի «Նատալի ֆարմը» պետբյուջե էր փոխանցել 1 մլրդ 366 մլն դրամ, ապա այս տարվա նույն ժամանակահատվածում՝ ընդամենը 1 մլրդ 273 մլն դրամ։

Փոխարենն ավելացել են պատգամավորին պատկանող մեկ այլ ընկերության` «Լուսաստղ Շուգրի» պարտավորությունները: Նախորդ տարվա 9 ամիսների ընթացքում այս ընկերությունը վճարել էր 336 մլն դրամի հարկ, իսկ այս տարի` մոտ 2 մլրդ դրամ: Ստացվում է, որ Սամվել Ալեքսանյանը կրճատել է շաքարավազի ներմուծման քանակը եւ զարկ է տվել տեղական արտադրությանը, ինչն էլ լրացուցիչ եկամուտներ է բերել նրան: Դրանով է պայմանավորված «Լուսաստղ Շուգր» ընկերության հարկերի աճը:

Ի՞նչն է պատճառը, որ օլիգարխ պատգամավորը ավելի քիչ է պետբյուջե փոխանցումներ կատարել. տնտեսական ճգնաժա՞մը, թե՞ պարզապես Սամվել Ալեքսանյանի անվերահսկելի բիզնեսը:

Սամվել Ալեքսանյանից պարզաբանում ստանալ մեզ չի հաջողվում: Նա սկզբունքորեն չի պատասխանում հեռախոսազանգերին: Վերջերս, երբ պատգամավորը ակտիվորեն մասնակցում էր ԱԺ աշխատանքների առաջին 30 րոպեի աշխատանքներին, դիմեց որոշակի խորամանկության: Նա հերթով սկսեց լրագրողներից հավաքել վերջիններիս հեռախոսահամարներն ու գրանցել իր բջջային հեռախոսում, որպեսզի, ըստ պատգամավորի, «հենց տենամ դուք եք զանգում, վրազ վերցնեմ»: Սակայն պրակտիկան ցույց տվեց, որ պատգամավորն իրականում արեց ճիշտ հակառակը: Եթե նախկինում գոնե ամիսը մեկ անգամ Սամվել Ալեքսանյանը որոշում էր հեռախոսազանգերին պատասխանել, հիմա տեսնելով, որ իրեն զանգահարողը լրագրող է, ընդհանրապես չի պատասխանում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter