HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հայաստանում մարզիկներին դրսևորվելու համար չեն տալիս մեծ հնարավորություններ»

Լիլիթ Թադևոսյան

Օգոստոսի 30-ից սեպտեմբերի 6-ը Ֆրանսիայի Ակեբելեթ լճի տարածքում տեղի է ունեցել ակադեմիական թիավարության աշխարհի առաջնությունը, որին մասնակցել է նաև մեր հայրենակցուհի 21-ամյա Անետա Բարսեղյանը: Վերջինս թեև զբաղեցրել է 20-րդ տեղը, բայց իր նման առաջին անգամ աշխարհի առաջնության մասնակից երկրների ներկայացուցիչների մեջ եղել է առաջինը՝ և՛ թեթև քաշայինների մեջ, և՛ ծանր քաշայինների մեջ:

«Ես առաջին անգամ էի մասնակացում աշխարհի առաջնությանը, շատ տպավորված եմ, առաջնությունը կազմակերպված էր շատ բարձր մակարդակով: Ես գոհ եմ իմ արդյունքից, որովհետև ընդամենը մեկ տարի է, ինչ թիավարություն եմ պարապում: Ես 8 րոպե 29 վայրկյան, թիավարել եմ 2000 մետր, իսկ աշխարհի չեմպիոնն այդ տարածությունն անցել է մոտ 7.30 րոպեում, բայց նրա տարիքը 30-ից բարձր է, բացի դա, նա տասը տարուց ավելի փորձ ունի և մի քանի անգամ աշխարհի կրկնակի ու օլիմպիական չեմպիոն է եղել:

Այս սպորտաձևի արքաները հիմնականում նորզելանդացիներն են, որովհետև իրենց մոտ այս սպորտաձևը շատ զարգացած է, այնուհետև գալիս են ավստրալիացիները, իսկ հետո՝ եվրոպական մյուս զարգացած երկրները: Իսկ Հայաստանում այն նոր զարգացող սպորտաձև է»,- ասաց Անետա Բարսեղյանը:

Մարզուհին սովորում է Սլավոնական համալսարանի էկոնոմիկայի և բիզնեսի ինստիտուտի տուրիզմի ֆակուլտետի չորրորդ կուրսում:

Ու թեև շատ է ցանկանում մագիստրատուրայում ևս սովորել, սակայն այս պահին առաջնային պլաններում սպորտն է:

Թիավարությունից բացի՝ Անետա Բարսեղյանը նաև մարզվում է պրոֆեսիոնալ «ԱրմՖայթինգ» ֆեդերացիայում՝ զբաղվում է ընդհանուր մենամարտեր սպորտաձևով:

«Ե՛վ թիավարությունը, և ընդհանուր մենամարտերն ինձ դուր են գալիս, երկուսն էլ հասցնում եմ, թեև ինձնից ուժերի գերլարում է պահանջվում, բայց ես փորձում եմ հասցնել ամեն ինչ: Սեպտեմբերի 28-ին էլ պատրաստվում եմ մասնակցել «ԱրմՖայթինգ» Ֆեդերացիայի կողմից Էջմիածնում կազմակերպվելիք մրցաշարին: Իսկ նոյեմբերի 15- ին կմասնակցեմ «ArmFC-15» միջազգային մրցաշարին»,- ասաց Անետա Բարսեղյանը:

Անետան տեղեկացրեց, որ լինելով կիսահայ, քանի որ իր մայրը բելառուս է, իսկ հայրը՝ հայ, ինքն իրեն շատ հայրենասեր մարդ է համարում է և ցանկանում է մեծ սպորտում լինել հայտնի մարդ ու Հայաստանը ներկայացնել որպես հայ մարզիկ, որպեսզի Հայաստանի անունը բարձր պահվի աշխարհում, որպեզի իմանան, որ Հայաստանում էլ ուժեղ մարզիկներ կան:

«Ես կարող եմ շատ առաջարկներ ստանալ այլ երկրներից և գնալ ուրիշ երկրի դրոշի տակ մասնակցել, ինչը որ անում են շատերը, քանի որ Հայաստանում մարզիկներին դրսևորվելու համար չեն տալիս մեծ հնարավորություններ: Այդ իսկ պատճառով էլ շատերն են թողնում ու հեռանում երկրից, և խնդիրը միայն սպորտի բնագավառում չէ, այլ ամենուր: Բոլոր ոլորտներից ուժեղ ու տաղանդավոր մարդիկ հեռանում են Հայաստանից, քանի որ իրենք այստեղ չեն գնահատվում, իսկ ուրիշ երկրներում գնահատվում են: Իսկ ես շատ կուզեի, որ գնահատվեին ու մեր մարզիկները կարողանային դրսևորվել ոչ միայն Հայաստանում, այլև հնարավորություն ունենային իրենց ուժը ցույց տալու դրսում՝ հանդես գալով մեր երկրի դրոշի ներքո»,-եզրափակեց Անետա Բարսեղյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter