HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Էդվարդ Նալբանդյանը Նյու-Յորքում հանդիպել է Էլմար Մամեդյարովին

Երեկ Նյու Յորքում աշխատանքային այցելությամբ գտնվող արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երկրորդ հանդիպումն է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին։

ԱԳՆ լրատվական ծառայությունը տեղեկացնում է, որ Էդվարդ Նալբանդյանն, անընդունելի համարելով և դատապարտելով վերջին օրերին մարդկային զոհերի պատճառ դարձած Ադրբեջանի կողմից մեծ տրամաչափի հրետանու օգտագործմամբ հրադադարի կոպտագույն խախտումները, ասել է. «Ադրբեջանում մարդու իրավունքների խայտառակ իրավիճակից և այդ առթիվ միջազգային հանրության՝ օր օրի ուժգնացող քննադատությունից ուշադրությունը շեղելու նպատակով Արցախի հետ շփման գծում և Հայաստանի հետ սահմանին իրադրության սրումը լի է անկանխատեսելի բացասական հետևանքներով։ Այս սադրանքներով Բաքուն ի ցույց է դնում իր արհամարհական վերաբերմունքը ինչպես մարդկային կյանքի, այնպես էլ՝ իր կողմից ստանձնած պարտավորությունների նկատմամբ»։

Այնուհետև եռանախագահների առաջարկությամբ և նրանց ներկայությամբ հանդիպում է կայացել Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։

Անդրադառնալով սեպտեմբերի 25-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածած հայտարարությանը՝ նախարար Նալբանդյանն ասել է. «Ադրբեջանն է, որ շարունակաբար մերժում է իրավիճակի կայունացման, վստահության ամրապնդմանն ուղղված բոլոր նախաձեռնությունները ու, հետևաբար, պարզ է՝ ում է ուղղված հայտարարության մեջ առկա ուղերձը: Տպավորություն է ստեղծվում, որ Բաքուն միտումնավոր չի ուզում լսել, թե ինչ է միջնորդ երկրների միջոցով ասում միջազգային հանրությունը: Բոլորին ամեն ինչում մեղադրում են, ձևացնում են, թե կարգավորում են ուզում, բայց իրականում՝ հակառակն են անում»,- ընդգծել է Նալբանդյանը։

Նա կարևորել է, որ համանախագահները վերահաստատում են այն առաջարկությունը, ինչի վերաբերյալ բազմիցս իրենց համաձայնությունն են տվել Հայաստանը և Արցախը՝ միջադեպերի հետաքննության մեխանիզմի ստեղծումը։ Այն թույլ կտա առավել հստակ կերպով մատնանշել հրադադարի խախտման և միջադեպերի պատասխանատու կողմին։ «Ադրբեջանը հրաժարվում է, քանի որ ցանկանում է ձեռքերն ազատ պահել, միջազգային հանրության վերահսկողությունից դուրս գտնվելով՝ շարունակել իր սադրանքները շփման գծում և սահմանին»,- ասել է Նալբանդյանը։

«Բաքուն մերժում է ոչ միայն վստահության ամրապնդմանն ուղղված եռանախագահների նախաձեռնությունները, այլև հրաժարվում է միջնորդների կողմից արված հիմնախնդրի կարգավորմանն ուղղված առաջարկություններից, որոնք հրապարակվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հինգ հայտարարություններում. նույնիսկ մերժում է դրանց մասին որևէ հիշատակում, ինչը կրկին անգամ հստակ երևաց ԵՄ Արևելյան գործընկերության Ռիգայի գագաթաժողովին»,- ընդգծել է Է. Նալբանդյանը։

Համանախագահները, խորը մտահոգություն հայտնելով իրադրության կտրուկ լարման կապակցությամբ, շեշտել են, որ իրավիճակի հետագա սրումն անթույլատրելի է։

Զրուցակիցները քննարկել են եռանախագահների՝ տարածաշրջան նախատեսվող այցելության և նախատեսվող հանդիպումների ժամանակացույցը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter