HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լոռու մարզի երեք գյուղերում այս տարի առաջին դասարանցիներ չեն եղել

Գայանե Սարգսյան

Ուսումնական տարվա սկզբին ամփոփված տվյալներով՝ այս տարի Լոռու մարզպետարանի ենթակայությամբ գործող 151 դպրոցներում կսովորի թվով 26.120 աշակերտ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25.226-ի փոխարեն. աշակերտների թիվն ավելացել է 894-ով:

Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի տեղակալ Էդիկ Մացակյանը, դժվարանալով մատնանշել թվաճի հստակ պատճառները, ասում է.

«Եթե աճը նայենք ըստ դասարանների, անցած տարի տարրական դպրոցի աշակերտները կազմում էին ընդհանուր սովորողների 41, այս տարի՝  44 տոկոսը, այսինքն՝ 3 տոկոսի չափով աճ է գրանցվել: 11 տոկոսով աճել է միջին, 1 տոկոսի չափով՝ ավագ դպրոցի աշակերտների թիվը»:

Պետի տեղակալը նշում է, որ թվաճի գրանցման պատճառներց մեկն էլ այլ մարզերից  Լոռի տեղափոխված երեխաների արդյունքում է  գրանցվել: Երեխաների հստակ շարժը ցույց տվող վերլուծություն, սակայն, մարզպետարանը չունի:

«Երեք ամսվա ընթացքում դպրոցները տվյալներ կներկայացնեն, թե քանի երեխա է գնացել, քանիսը եկել, բայց թե ով որտեղից է եկել և ուր գնացել, նման տվյալներ չեն ներկայացվում»,- ասում է Է. Մացակյանը:

Որպես թվաճի հաջորդ պատճառ վերջինս նշում է առաջին դասարանցիների ավելացման միտումը: Այս տարի Լոռիում առաջին դասարան է հաճախել 3055 երեխա նախորդ տարվա 3017-ի փոխարեն, աճը կազմել է ընդամենը 38 աշակերտ:

Ի դեպ, առաջին դասարանցիների թվաճը հնարավոր է եղել ապահովել նաև մարզում իրականացվող պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաներին դպրոցներում ընդգրկելու ծրագրի հաշվին: Սա ընդունում է նաև պետի տեղակալը:

«Մարզում հաջողությամբ իրականացվում է մի ծրագիր՝ պարտադիր ուսուցումից դուրս մնացած երեխաներին ընդգրկելու համար, համաձայն որի՝ եթե նախորդ տարիներին կային 6 տարին լրացած աշակերտներ, որոնք դպրոց չէին հաճախում, իսկ նրանց թիվը 150-200 էր, հիմա շնորհիվ ծրագրի այդ երեխաները ընդգրկվել են դպրոցում»,- ասում է նա:

Մեր դիտարկմանը, որ արտագաղթի նման տեմպերի պայմաններում աշակերտների այսպիսի թվաճը անհավանական է թվում, զրուցակիցս արձագանքում է.

«Ճիշտ է, արտագաղթը կա, ոչ ոք չի ժխտում, բայց կան նաև այսպիսի թվեր…Չեմ կարող բացատրել դա, երևի վիճակագրական ծառայությունները կարող են ասել՝ ծնելիությո՞ւնն է ավելացել, թե՞ ինչը»,- նշում է նա ու որպես թվաճի լավագույն օրինակ բերում Վանաձորի թիվ 4 դպրոցը, որին այս տարի հաջողվել է կրկնել խորհրդային տարիներին ունեցած փորձը. դպրոցն այս տարի 5 առաջին դասարան ունի:  

Հարցին, թե մարզի հատկապես ո՞ր համայնքներում է աշակերտների թիվն ավելացել, կրկին հստակ պատասխան չկա: Այս առումով ևս մարզպետարանում վերլուծություն չի արվում:

 «Ցավոք, մենք նման վերլուծություն չենք արել: Երևի թե նման աճ կա Վանաձորում, Սպիտակում, Ստեփանավանում: Մնացած տարածաշրջաններում պատկերը գրեթե նույնն է կամ գուցե ավելի պակաս»,- ասում է Է. Մացակյանը;

Եթե մարզի որոշ քաղաքային դպրոցներում աշակերտների թվի աճ է նկատվում, ապա որոշ գյուղական դպրոցներում սովորողների թիվը կտրուկ նվազել է: Աշակերտների թվով մարզի ամենասակավաթիվ դպրոցներ ունեցող համայնքների թվում են Ծաղկաշատը, Ջիլիզան, Դաշտադեմը, Սարալանջը…

Մարզի երեք գյուղական համայնքների՝ Ձյունաշողի, Դաշտադեմի, Պաղաղբյուրի դպրոցներն այս տարի առաջին դասարանցիներ չեն ունեցել:

Դաշտադեմի դպրոցի տնօրեն Սերգեյ Աղաջանյանի խոսքով՝ դպրոցն այժմ ունի 12 աշակերտ: Նախորդ տարի առաջին դասարան է հաճախել 1 աշակերտ: Աշակերտների թվի նվազման պատճառը գյուղաբնակների արտագաղթն է:

Գյուղապետ Մարինե Խռոյանի տեղեկացմամբ՝ գյուղում այժմ ապրում է 32 ընտանիք՝ 130 բնակչով: Սա այն դեպքում, երբ 90-ականներին գյուղում ապրել է 320 ընտանիք:

 Լոռու մարզի Պաղաղբյուր համայնքի դպրոցը ևս այս տարի առաջին դասարանցի չունի: Դպրոցը նաև փակման վտանգի տակ է:

«Մեր դպրոցի հարցը լուծարման է դրված, մարզպետի հետ գրել են նախարարին, բայց պատասխան դեռ չի եկել: Ուզում են միացնեն Ձյունաշողին: Աշակերտների քանակը քիչ է, տեսնենք՝ ինչ է լինելու, հլա պարզ չի»,-մեզ հետ զրույցում նշեց գյուղապետ Արուսյակ Դումիկյանը:

Վերջինիս խոսքով՝ դպրոցի աշակերտների թիվը 3-5 է: Տարիներ առաջ աշակերտների թիվն անցնում էր 30-ը: Չնայած երեխաների չափազանց փոքր թվին, գյուղապետը կարծում է, որ դպրոցը պետք է շարունակի գործել:

«Սահմանամերձ գյուղ է, մեկ երեխա էլ լինի, պետք է աշխատի դպրոցը: Էդ երեխեն ինչո՞վ է մեղավոր, որ էս գյուղում է ծնվել: Ես կտրուկ դեմ եմ լուծարմանը: Մենք սահմանամերձ գյուղ ենք, սահմանամերձ, էն էլ ի՜նչ սահմանամերձ… Երկու քայլ է ընդամենը: Վրաստանի հետ ենք սահմանակից, Վրաստանի գյուղ ա, բայց ադրբեջանցիներ են ապրում: Ահռելի գյուղ ա»:  

Հարևան Ձյունաշողը 7 կմ հեռավորության վրա է: Գյուղապետի խոսքով՝ դպրոցը փակելու դեպքում գյուղի երեխաներն ուղղակի չեն գնա Ձյունաշող:

«Խնդիր է առաջնալու գյուղում, ծնողները չեն մնալու գյուղում, բողոքում են, չեն ուզում, որ երեխեքը գնան էն գյուղ: Աղջիկ երեխեք, հեռու գյուղ ա, սար տեղ ա… Էդպես էլ անգրագիտություն է տարածվելու գյուղում,- նշում է գյուղապետը,-դպրոցը եթե փակեն, վարչության պետին էլ եմ ասել, ծնողներն ասել են՝ գնալու ենք գյուղից: Գնալու են էնտեղ, որտեղ դպրոց կա: Հետզհետե գյուղը փլուզվելու է…»,- ասում է նա:

Մարզպետարանի կրթության բաժնի պետ Գարիկ Տոնոյանից տեղեկացանք, որ աշակերտների փոքր թվի պատճառով մարզպետարանից կարծիք է ներկայացվել տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն՝ դպրոցի հետագա գործունեության արդյունավետության հարցը քննարկելու և անհրաժեշտության դեպքում այն լուծարելու մասին: Պատասխան դեռևս չկա, և գյուղի դպրոցը դեռ շարունակում է գործել վաղվա օրվա անորոշությամբ:

2015-2016 ուսումնական տարում Լոռու մարզի Պետրովկա համայնքում ստիպված կլինեն ուսուցում կազմակերպել ընդամենը մեկ առաջին դասարանցու համար: Համայնքում նախորդ ուսումնական տարում առաջին դասարան հաճախող չի եղել: 

Դասապրոցեսը միակ առաջին դասարանցու համար կանցկացվի երրորդ դասարանցիների հետ:

«Երկկոմպլեկտ ուսուցում կկազմակերպվի, քանի որ երկրորդ դասարանցի չունենք, կպարապենք երկու երրորդ դասարանցիների հետ»,- նշեց դպրոցի տնօրեն Արամայիս Փնջոյանը՝ վստահեցնելով, որ դրանից երեխայի ուսուցման որակը չի տուժի:

 Պետրովկայի դպրոցն ունի 24 աշակերտ: Ինչպես տնօրենն է նշում, աշակերտների թիվը գնալով նվազում է: Ընդամենը մի քանի տարի առաջ աշակերտների թիվն այստեղ 40 էր: 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter