HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՆ. «Չիլին ևս պաշտոնապես հերքում է ալյուրի հարստացումով պայմանավորված քաղցկեղով հիվանդացության աճը»

ՀՀ առողջապահության նախարարությունը տարածել է հաղորդագրություն, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:

ՀՀ ԱՆ-ն ՀՀ արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ` դիվանագիտական խողովակով, պաշտոնական հարցում է կատարել Չիլիի առողջապահության նախարարությանը, թեերկրում ցորենի ալյուրը ֆոլաթթվով և երկաթով հարստացնելու համակարգը ներդնելուց հետո, արդյո՞ք, գրանցվել է քաղցկեղով հիվանդացության աճ, և որևէ պատճառահետևանքային կապ գոյություն ունի՞ քաղցկեղով հիվանդացության աճի և ալյուրի հարստացման միջև: 

Նույն խողովակով ստացված պատասխանում Չիլիի առողջապահության նախարարությունը պաշտոնապես պատասխանում է, որ ցորենի ալյուրը ֆոլաթթվով և երկաթով հարստացնելու համակարգը ներդնելուց հետո երկրում չի գրանցվել քաղցկեղով հիվանդացության աճ, ինչպես նաև որևէ պատճառահետևանքային կապ չկա քաղցկեղով հիվանդացության աճի և ալյուրի հարստացման միջև:

Ընդհակառակը, չիլիական կողմի պնդմամբ` ալյուրի հարստացումը հանգեցրել է որոշ հիվանդությունների աճի նվազման: Միաժամանակ պատրաստակամություն են հայտնել Հայաստանին ամենայն աջակցություն ցուցաբերել ալյուրի հարստացման համակարգի ներդրման գործում ունեցած փորձի փոխանակման հարցում: Արգենտինայում ՀՀ դեսպանության խնդրանքով Չիլիի առողջապահության նախարարությունը կտրամադրի համապատասխան նյութեր և տեղեկանք` Չիլիում ալյուրի հարստացման համակարգի ներդրման և արդյունքների մասին:

Առողջապահության նախարարությունն արդեն հրապարակել է նույն ճանապարհով Կանադայի առողջապահության նախարարությունից ստացված պատասխանը, որում նշվում էր. «Կանադան ալյուրը ֆոլաթթվով պարտադիր հարստացնելու պրակտիկան ներդրել է 1998 թ., ինչին անմիջապես հաջորդել է նյարդային խողովակի արատների քանակի շուրջ 46 % նվազում: Կանադայի քաղցկեղով հիվանդացության մակարդակի որևէ փոփոխություն ֆոլաթթվի ներդրումից հետո չի նկատվել: Շուրջ 50.000 անձանց շրջանում անցկացված փորձը ֆոլաթթվի օգտագործման և քաղցկեղի առաջացման միջև անմիջական կապ չի հաստատել»:

Այս հարցումների առիթ են հանդիսացել ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված և ՀՀ կառավարության հավանությանն արժանացած «Ցորենի ալյուրի հարստացման մասին» ՀՀ օրենքի նախագծի շուրջ ընթացող  քննարկումների ժամանակ առանձին անձանց  և հասարակական կազմակերպությունների կողմից հնչող  «հիմնավորումները», թե իբր ցորենի ալյուրը ֆոլաթթվով և երկաթով հարստացնելու արդյունքում մի շարք երկրներում քաղցկեղով հիվանդացության աճ է արձանագրվել: Եվ հիմնականում բերվում է Չիլիի ու Կանադայի օրինակը։

Կարծում ենք, որ ալյուրի հարստացման դեմ խոսողներն այլևս լուրջ դեմքով բացահայտ ստեր չեն տարածի և հանրությանը մոլորության մեջ չեն գցի։

Միաժամանակ ակնկալում ենք, որ մեր լրատվամիջոցները` հիմք ընդունելով դիվանագիտական խողովակով ստացված պաշտոնական գրությունները, այլևս իրենց եթերում կամ էջերում տեղ չեն հատկացնի ակնհայտ կեղծ տեղեկատվությանը։

Մեկնաբանություններ (1)

Աշոտ
https://www.youtube.com/watch?v=wL5Nb9wamoo Նայեք 41-րորդ րոպեից. Ասլանյանն ինքն է հայտարարում, որ Չիլիի մասի հոդվածն ուղարկել է FFI -ի մասնագետին և ստացել պատասխան, որ քաղցկեղի կրկնապատկման պատճառը ֆոլաթթվի բարձր դոզան է եղել: Բացահայտ ստեր տարածողներն ԱՆ աշխատակիցներն են, օրինակ, բացահայտ սուտ է, որ ֆոլաթթուն կենսականորեն անհրաժեշտ սննդատարր է. այն բնության մեջ ընդհանրապես գոյություն չունի: Չիլիի հետազոտությունն էլ մենք չենք արել, այլ աշխարհի 3 առաջատար համալսարանների մասնագետները:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter