HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ծանր հիվանդության պատճառով ազատման հասնելն իսկական գլխացավանք է

«Ազատազրկման վայրերում բանտախցերը գերբնակեցված են, ապահովված չեն կենցաղային պայմաններն ու սանիտարահիգիենիկ նորմերը: Ապահովված չէ ազատազրկված անձանց պատշաճ բուժսպասարկումը և առողջապահության մատչելիությունը»,- կարդում ենք օմբուդսմենի գրասենյակի պաշտոնական կայքում:

Բնական է` այս պայմաններում պահպանել ամենաթանկը` առողջությունը, հեշտ գործերից չէ: Իսկ ի՞նչ է սպասվում այն դատապարտյալներին, ովքեր հիվանդացել են բանտերում, այն էլ` ծանր հիվանդություններով:

Ծանր հիվանդություններ ունեցող դատապարտյալները հիմնականում մահանում են ազատազրկման վայրերում, այնինչ հայաստանյան օրենքներով նրանք կարող են ազատվել պատժի հետագա կրումից: Դատապարտյալների լեզվով ասած`այդ գործընթացը կոչվում է «ակտիրովկա»: Սա բխում է քրեական իրավունքի մարդասիրական սկզբունքից: Բայց նույն դատապարտյալները լավ գիտեն, որ «ակտիրովկա» ասվածը գործնականում հազվադեպ երևույթ է:

Օմբուդսմենի գրասենյակը, ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական խումբը, լրատվամիջոցները պարբերաբար ստանում են ահազանգեր ծանր հիվանդ դատապարտյալներից, նրանց հարազատներից կամ փաստաբաններից, որ ազատման հասնելը իսկական գլխացավանք է:   

Ծանր հիվանդության հիմքով ազատվելու իրավական կարգավորումները

Թե՛ քրեական, թե՛ քրեական դատավարության օրենսգրքերով սահմանված են, որ պատժի հետագա կրման հետ անհամատեղելի հիվանդություններով տառապող դատապարտյալները կարող են ազատվել պատժից: Մասնավորապես ՔՕ 79 հոդվածի 2-րդ մասի համաձայն, եթե անձը հանցանք կատարելուց կամ դատավճիռ կայացնելուց հետո հիվանդացել է այլ ծանր հիվանդությամբ, որը խոչընդոտում է պատիժը կրելուն, ապա դատարանը կարող է նրան ազատել պատիժը կրելուց՝ հաշվի առնելով կատարված հանցանքի ծանրությունը, դատապարտյալի անձը, հիվանդության բնույթը և այլ հանգամանքներ: Պատիժը կրելուն խոչընդոտող հիվանդությունների ցանկը, որտեղ ներառված են 41 անուն ծանր հիվանդություններ` իրենց բարդության տարբեր աստիճաններով, հաստատվել է դեռևս 9 տարի առաջ կառավարության 2006թ. մայիսի 26-ի 825-Ն որոշմամբ:

Կա մեկ այլ որոշում, որը հաստատվել է դեռևս 2003թ.` վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կողմից: Համար 1636-Ն որոշման համաձայն, սահմանվել է Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովներ ստեղծելու կարգը: Ըստ այդմ, ստեղծվել է հանձնաժողով, որի կազմում են ինչպես քրեակատարողական, այնպես էլ առողջապահական ու ոստիկանական համակարգի համապատասխան պաշտոնյաներ: Հենց այս հանձնաժողովն էլ տալիս է դրական կամ բացասական եզրակացություն: Սակայն վերջին խոսքը ազատման-չազատման վերաբերյալ դատարանինն է:   

Ինչ ճանապարհ պետք է անցնի ծանր հիվանդ դատապարտյալը մինչև ազատում 

Ծանր հիվանդություն ունեցող դատապարտյալի հարցը պետք է լսվի երեք փուլով` երեք տարբեր օղակներում, ինչը ենթադրում է տևական ու ոչ հստակ ժամանակ: Սա այն դեպքում, երբ խոսքը հաճախ ամիսների ու օրերի կյանք ունեցող դատապարտյալների մասին է:

Առաջին օղակը` Բժշկական աշխատանքային հանձնաժողովը գործում է Կառավարության 825-Ն որոշման համաձայն, ձևավորվում է ՀՀ արդարադատության նախարարի հրամանով, ունի 5 անդամ, որի կազմում քրեակատարողական վարչության ու «Դատապարտյալների հիվանդանոցի» պաշտոնյաներն են: Հենց ԲԱՀ-ն էլ երկրոդ օղակին` Միջգերատեսչական փորձաքննության հանձնաժողովին է ներկայացնում ծանր հիվանդություններ ունեցող դատապարտյալների մասին իր կողմից կայացված որոշումները: Վերջինն էլ կայացնում է դրական ու բացասական եզրակացություններ: Դրական եզրակացություններով գործերը մտնում են դատարան: Պատժի կրումից ազատելու վերջնական խոսքը դատարանինն է:  

Ենթաօրենսդրական բացերը հանգեցնում են անհարկի ձգձգումների

Ծանր հիվանդության հիմքով պատժի հետագա կրումից ազատումը գործում է դանդաղ, անարդյունավետ, առանց կոնկրետ ժամանակացույցի ու հստակ ընթացակարգերի: Բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները հանդիպել են բազմաթիվ հիվանդ ազատազրկվածների, որոնց բուժսպասարկման և բուժօգնության տրամադրման խնդիրները մինչ օրս լուծում չեն ստանում կամ ձգձգվում են:

Մեզ հետ զրույցում ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանի տեղակալ Երանուհի Թումանյանցը նշեց, որ դատապարտյալներից շատ նամակներ են ստանում: Ըստ նրա, հիվանդության հիմքով պատժից ազատման հարցը բավականին խնդրահարույց է և ոչ արդյունավետ է գործում հենց կարգերի բացերի պատճառով: Օրինակ` ԲԱՀ-ը, ըստ կարգի, տարվա ընթացքում առնվազն մեկ այցելություն կարող է ունենալ յուրաքանչյուր ՔԿ հիմնարկ: Պրակտիկայում Բռնությունների կանխարգելման ազգային մեխանիզմի փորձագետները արձանագրել են, որ ԲԱՀ-ը հիմնականում յուրաքանչյուր քրեակատարողական հիմնարկ տարվա ընթացքում այցելում է մեկ, լավագույն դեպքում՝ 2 անգամ. «Այդ 1-2 անգամ այցելությամբ հնարավոր չէ լիարժեք բացահայտել հիվանդ դատապարտյալների ընդհանուր պատկերը, որոշումներ կայացնել ու ներկայացնել Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովին»,- ասում է Երանուհի Թումանյանցը` նշելով, որ կարգավորված չեն նաև ԲԱՀ-ի կողմից ազատազրկված անձի մոտ ծանր հիվանդության ախտորոշման դեպքում Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովին դիմելու ընթացակարգը, ժամանակահատվածը, բողոքարկման մեխանիզմները:

ՄԻ պաշտպան Կարեն Անդրեասյանի 2014 թվականի տարեկան զեկույցում նշված է. «Կարգավորված չէ ԲԱՀ-ի կողմից ազատազրկված անձի մոտ կառավարության որոշմամբ հաստատված Կարգով նախատեսված հիվանդության ախտորոշման դեպքում Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովին դիմելու ընթացակարգը, ժամանակահատվածը, նշված ընթացակարգերի թափանցիկության բարձրացման նպատակով բողոքարկման մեխանիզմը»:

Միջգերատեսչական բժշկական հանձնաժողովը ԲԱՀ-ի ներկայացրած որոշումների հիման վրա նիստեր կարող է գումարել ըստ անհրաժեշտության ողջամիտ ժամկետում, սակայն որևէ կերպ չկա սահմանափակում, թե երբ է այդ ողջամիտ ժամկետի ավարտը: Ստացվում է, որ երկրորդ օղակ հանդիսացող ՄԳՀ-ն երբ ցանկանա, այդ ժամանակ էլ կգումարի նիստ` ամենևին էլ հաշվի չառնելով, որ խոսքը ծանր հիվանդություններ ունեցող դատապարտյալների մասին է, ովքեր հաճախ ամիսների կյանք ունեն:

Օրինակներ` կոնկրետ դեպքերով

«Հետքին» հայտնի ամենացցուն օրինակն այս հարցում ցմահ բանտարկյալ Սողոմոն Քոչարյանի դեպքն է: Թեև օգոստոսի 25-ից առկա է վերջնական ախտորոշում այն մասին, որ նա տառապում է պատժի կրմանը խոչընդոտող հիվանդություններով, այդուհանդերձ մեկ ամսից ավելի է` ՄԳՀ-ն նիստ չի գումարում, որ կայացնի եզրակացություն: Այս ընթացքում Քոչարյանի վիճակը ոչ միայն չի բարելավվել, այլ հայտնաբերվել է ևս մեկ անբուժելի հիվանդություն, որը հիմք է ազատման ներկայացնելու դրական եզրակացություն տալու համար:

«Նման դեպքերը շատ են»,- վկայում է ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական խմբի իրավաբան, փաստաբան Տիգրան Սաֆարյանը` պատմելով իր պրակտիկայից մի կին դատապարտյալի մասին, ով կրծքագեղձի քաղցկեղ է ունեցել. «Շատ ձգձգվեց հարցը, դիմեցինք ՄԻ եվրոպական դատարան, միջնորդեցինք արագացված քննություն անել, բավարարվեց, սակայն այդ ընթացքում դատապարտյալի կուրծքը հեռացրեցին, իսկ հանձնաժողովից անընդհատ վերջնական ախտորոշում էին ուզում, այն դեպքում երբ կար վերջնական ախտորոշում քաղցկեղի վերաբերյալ: Բազմաթիվ ձգձգումներից հետո ազատեցին այդ կնոջը»,- ասաց փաստաբան Տիգրան Սաֆարյանը` նշելով, որ շատ անգամ դատապարտյալները չգիտեն այդ հանձնաժողովների գոյության մասին, չգիտեն, թե ում պիտի դիմեն նման դեպքերում:

«Հետքը» նույնպես նախկինում կոնկրետ օրինակներով անդրադարձել է այս խնդրին` գրելով ցմահ բանտարկյալ Վահագն Մարուքյանի մասին, ով 23-րդ տարի է՝ բանտում է, 6 տարի առաջ հիվանդացել է հոդերի անբուժելի հիվանդությամբ, 2-րդ կարգի հաշմանդամ է: Մեր տեղեկություններով, «Դատապարտյալների հիվանդանոցում» է գտնվում մի ցմահ բանտարկյալ` Կարեն Բոյաջյան անունով, ով արդեն 24 տարի ազատազրկված է, ունի հոգեկան հիվանդություն: Նա պահվում է առանձին, չի գիտակցում իր գործողությունները, վարքը: Այս դեպքում խոսել պատժի նպատակների իրագործումից անիմաստ է դառնում:

«Հետքը» գրել է նաև 10 տարվա ազատարկման դատապարտված Աշոտ Առաքելյանի մասին, ով 14 անուն հիվանդություն ունի, սակայն հանձնաժողովը մերժում է նրան ներկայացնել պատժից ազատման:

Բանտերում մահացության վիճակագրություն

Ու թեև Կառավարության կողմից հաստատված ծանր հիվանդությունների ցանկն ու այդ հիմքով պատժի հետագա կրումից ազատելու մեխանիզմներն առկա են, այդուհանդերձ, վիճակագրությունը վկայում է, որ ծանր հիվանդ դատապարտյալները հիմնականում մահանում են բանտերում:

Մահացությունը բանտերում | Create infographics

Այսպես` ըստ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի տրամադրած տեղեկատվության, օրինակ 2012 -2014 թթ. Հայաստանի ՔԿՀ-ներում մահացել է 85 դատապարտյալ, որոնցից 14-ի ախտորոշումը համապատասխանել է կառավարության կողմից հաստատված ծանր հիվանդությունների ցանկին: Այսինքն` 14 անձ կարող էր ժամանակին ազատվել ծանր հիվանդության հիմքով:

Ծանր հիվանդության հիմքով պատժից ազատման վիճակագրություն

«Հետքի» հարցմանը պատասխանելով` քրեակատարողական վարչությունից հայտնել են, որ 2013-2015թթ. գումարվել է Միջգերատեսչական հանձնաժողովի 15 նիստ, որոնց ժամանակ տրված դրական եզակացություններով 13 հիվանդ դատապարտյալ դատարանի որոշումներով ազատ է արձակվել:   

Ըստ ՔԿՎ տրամադրած տեղեկատվության՝ 2015-ի սեպտեմբերի 9-ի դրությամբ ՔԿՀ-ներում կան 3887 կալանավորված ու դատապարտյալ: Նույն օրվա դրությամբ կա միայն 1 դատապարտյալ, որի հիվանդության ախտորոշումը ընդգրկված է պատիժը կրելուն խոչընդոտող ծանր հիվանդությունների ցանկում: Եվս երկուսի հարցը գտնվում է հանձնաժողովի քննարկման փուլում:

Որո՞նք են հնարավոր լուծումները

Թեև 9 տարի է` ծանր հիվանդության հիմքով պատժի կրումից ազատվելու կարգերում առկա են թերի, անկատար մեխանիզմներ, որոնց մասին մշտապես բարձրաձայնել են ՄԻՊ գրասենյակը, իրավապաշտպան կազմակերպությունները, դատապարտյալները, այդուհանդերձ, վերջին շրջանում է միայն մշակվել նախագիծ: 

«Հետքի» հարցմանը պատասխանելով` արդարադատության նախարարությունից հայտնել են. «ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի թիվ 825-Ն որոշմամբ չկարգավորվող կամ ոչ հստակ կարգավորվող դրույթների կանոնակարգումն ու ամրագրումն ապահովելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարության կողմից մշակվել է ՀՀ կառավարության որոշման համապատասխան նախագիծ, որը շրջանառության մեջ է և շահագրգրիռ մարմինների կարծիքները ստանալուց, դրանք ամփոփելուց հետո կներկայացվի հանրային քննարկման»:

Մինչ նոր նախագծեր են կազմվում, դրվում շրջանառության մեջ, կարծիքներ են հավաքվում, ծանր հիվանդ դատապարտյալները սպասում են «ակտիրովկայի»` ազատման իրենց հերթին` երազելով վերջին օրերը ապրել ազատության մեջ` հարազատների կողքին կամ մահանում բանտերում ու հիվանդանոցներում:    

Մեկնաբանություններ (3)

Հայկ
Չպետք է ազատել կամ ներում շնորհել անգամ հիվանդ , ցմահ դատապարտյալին, քանի որ աստծու պատիժն է իջել նրա հոգու ու մարմնի վրա` արած չարագործությունների ու անմարդկային արարքների համար: Ու ոչ միայն աստծու, նաև այն րնտանիքների անեծքը, որոնք դժբախտացել են ու որբացել նման տականքների ու մարդկային ոչնչությունների պատճառով :Նմանները չպետք է տեսնեն արևի լույսը, քանի որ լույսից, կյանքից ու սիրելիներից զրկում են անմեղ մարդկանց:
Zara
անմիտ քայլ կլինի ազատ արձակել ծանր հանցագործություն կատարածին. պատմությունները կարող են կրկնվել. փոխանակ հնարավորին չափ մեկուսացված պահեն. մի բան էլ ուզում են ազատեն, դուրսպրծուկները հասարակության մեջ տեղ չունեն.
Վահան Հակոբյան
ԴԵ՛Մ եմ, որ ցմահ դատապարտված բանտարկյալները հնարավորություն ունենան հիվանդության պատճառով ազատվել պատիժը ամբոջությամբ կրելուց... Քանի որ այդ ստահակները պետք է տեղ չունեն մեր հասրականության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter