HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամերիաբանկը CR2 ընկերության հետ կնքեց հեռահար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների նոր համակարգի ներդրման պայմանագիր

Ամերիաբանկը CR2 իռլանդական ընկերության հետ ներկայացնում է հեռահար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների նոր BankWorld համակարգի (omnichannel banking platform) ներդրման ծրագիրը: Սա CR2-ի առաջին նախագիծն է Հայաստանում:

CR2-ն հեռահար բանկային համակարգերի և ինքնասպասարկման սարքերի համար նորագույն լուծումներ առաջարկող՝ աշխարհի առաջատար ընկերություններից է, որն ունի 100-ից ավել հաճախորդ աշխարհի շուրջ 60 երկրներում: Նրա հաճախորդների շարքում են աշխարհի այնպիսի խոշոր ֆինանսական կառույցներ, ինչպիսիք են Standard Bank-ը, Standart Chartered Bank-ը և այլ հեղինակավոր ֆինանսական հաստատություններ: 

BankWorld համակարգը Ամերիաբանկին հնարավորություն կընձեռի առաջարկել նորարար բանկային ծառայություններ, որոնք 24/7 ռեժիմով հասանելի կլինեն ինքնասպասարկման սարքավորումների՝ բանկոմատների, վճարային տերմինալների, ինչպես նաև ժամանակակից ինտերնետ և մոբայլ բանկային համակարգերի միջոցով:

Սա կլինի նոր խոսք հայկական ֆինանսական շուկայում, երբ հեռահար սպասարկման բոլոր եղանակները միավորված կլինեն մեկ միասնական հարթակում, ինչը հաճախորդին կապահովի առավելագույն հարմարություն և միանման ստանդարտացված հասանելիություն բոլոր ծառայություններին` հեռահար սպասարկման ցանկացած համակարգից:

Համակարգն ունի ինքնասպասարկման մի շարք գործառույթներ, որոնք առաջին անգամ են ներդրվում հայկական բանկային շուկայում: Մասնավորապես, համակարգը թույլ է տալիս.

  • Բանկային ինքնասպասարկման սարքերի և հեռահար կապուղիների թե' ինտերֆեյսը, թե' առաջարկվող ծառայությունների տեսականին ավտոմատ կերպով հարմարեցնել տվյալ հաճախորդի սեգմենտին` ապահովելով անհատականացված սպասարկում և առավելագույն հարմարություն

  • Բանկոմատները վերածել անհատականացված սպասարկման կետերի, որտեղ հաճախորդը կարող է հեշտությամբ կառավարել իր բոլոր բանկային հաշիվները, բանկին ուղղել տարբեր հայտեր և իրականացնել մի շարք գործարքներ, որոնք նախկինում հասանելի էին միայն Ինտերնետ բանկինգի միջոցով, ինչպես նաև բանկից ստանալ անհատական առաջարկություններ՝ մշակված հատուկ տվյալ հաճախորդի համար

  • Կատարելագործել Ինտերնետ բանկ և Մոբայլ բանկ համակարգերի հնարավորությունները թե' ֆիզիկական անձ և թե' իրավաբանական անձ հաճախորդների համար` ապահովելով գործառնությունների ավելի լայն հնարավորություններ, գործարքների իրականացում ըստ հաճախորդի հարմարության և ժամանակակից ինտերֆեյս ըստ համապատասխան սեգմենտի

  • Ինտերնետ և Մոբայլ բանկինգի, ինչպես նաև ինքնասպասարկման սարքերի միջոցով իրականացնել անձնական դրամական փոխանցումներ (P2P payments)` օգտագործելով ստացողի հեռախոսահամարը կամ այլ նույնականացման տվյալ: Իսկ ստացված գումարները հնարավոր կլինի բանկոմատներից կանխիկացնել նույնիսկ առանց վճարային քարտերի օգտագործման:

Հեռահար բազմաֆունկցիոնալ բանկային ծառայությունների BankWorld համակարգը ներդրվելու է փուլերով, ամբողջովին պատրաստ կլինի մեկ տարի անց:

Կիեռան Կիլքուլլեն, CR2-ի Գործադիր խորհրդի անդամ և կոմերցիոն տնօրեն. «Ուրախությամբ ողջունում եմ Ամերիաբանկին՝ Հայաստանում մեր առաջին հաճախորդին: Այսօր մենք կնքեցինք պայմանագիր, որով CR2-ն Ամերիաբանկին տրամադրում է հեռահար բանկային սպասարկման նոր եզակի լուծում: Այն նախատեսված է՝ միավորելու ինքնասպասարկման այնպիսի համակարգերը, ինչպիսիք են բանկոմատները, Ինտերնետ բանկը, Մոբայլ բանկը և վճարային տերմինալները, և հաճախորդների համար ապահովում է բանկային գործառնությունների սահուն և դյուրին իրականացում ինքնասպասարկման ցանկացած համակարգի միջոցով: Մենք կասկած չունենք, որ սա թույլ կտա բանկին էլ ավելի ամրապնդել իր առաջատար դիրքը շուկայում: Այսուհետ Ամերիաբանկի հաճախորդները կարող են ոչ միայն օգտվել շուկայում առկա ծառայությունների ամենամեծ փաթեթից, այլև վայելել արագ և հարմար սպասարկման բոլոր առավելությունները: Մենք անհամբեր սպասում ենք մոտակա ամիսների ընթացքում Ամերիաբանկի կողմից բանկային սպասարկման նորարար լուծումների փաստացի ներդրմանը և ուրախ ենք, որ մենք էլ մեր լուման ենք ունեցել Հայաստանում նորամուծությունների ներդրման գործում»:

«Ես ողջունում եմ CR2-ի մուտքը Հայաստան: Ամերիաբանկը բարձր է գնահատում CR2-ի հետ նոր գործընկերական հարաբերությունների հաստատումը: Այս նախաձեռնությունն ուղղված է Ամերիաբանկի ռազմավարական նպատակներից մեկի իրագործմանը, այն է` ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով հաճախորդներին առաջարկել ինքնասպասարկման և նորարար հեռահար բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ: Ներդրվող համակարգը լիովին նոր հնարավորություններ կստեղծի հեռահար բանկային ծառայություններից և ինքնասպասարկման սարքերից օգտվելու համար և կնպաստի հեռահար բանկային սպասարկման մշակույթի զարգացմանը Հայաստանում», - նշեց Ամերիաբանկի Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը:

CR2-ի կողմից պայմանագիրը ստորագրեց CR2 Գործադիր խորհրդի անդամ, կոմերցիոն տնօրեն Կիեռան Կիլքուլլենը, իսկ հայկական կողմից` Ամերիաբանկի Տնօրինության նախագահ-Գլխավոր տնօրեն Արտակ Հանեսյանը: 

***

CR2-ն հեռահար բանկային համակարգերի և ինքնասպասարկման սարքերի համար նորագույն լուծումներ առաջարկող ընկերություն է: CR2-ի բազմաֆունկցիոնալ BankWorld համակարգն առաջարկում է հեռահար սպասարկման բոլոր եղանակները (բանկոմատներ, վճարային տերմինալներ, ինտերնետ և մոբայլ բանկային համակարգեր, ինքնասպասարկման տերմինալներ) միավորող մեկ միասնական հարթակ՝ այսպիսով ապահովելով հաճախորդների բոլոր հաշիվների կառավարումը և հաշիվների վերաբերյալ տեղեկատվության ստացումը միասնական անհատականացված սպասարկման կետից: Ընկերության գլխամասային գրասենյակը գտնվում է Իռլանդիայում, իսկ ներկայացուցչություններն ու գրասենյակները՝ Եվրոպայում, Աֆրիկայում, Միջին Արևելքում և Ասիայում: Ընկերությունն ունի 100-ից ավել հաճախորդ աշխարհի շուրջ 60 երկրներում: www.CR2.com

«Ամերիաբանկ» ՓԲԸ Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: Այն Հայաստանում առաջին ներդրումային բանկն է և սկսած 2007թ-ից` տրամադրում է նորարարական բանկային ծառայությունների լայն տեսականի: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.ameriabank.am:

R

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter