HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սիրիահայ բժիշկը Սեւանում է գտել աշխատանքային նոր հասցեն

Արմինե Ղուկասյան

Կեսօրն անց է: Սեւանի պոլիկլինիկայում այցելուների պակաս չկա: Ոմանք քայլում են, մյուսները նստած` սպասում են իրենց հերթին: Քիթ-կոկորդ-ականջ ցուցատախտակը կրող դռան մոտ այդ ժամին հիմնականում երեխաներն են ու նրանց ծնողները:

Փոքրիկ Անին սկզբում վախվորած, ապա ավելի համարձակ մոտենում է ժպտացող բժշկին, եւ քիչ հետո պետք է պարզվի, որ նա Անդրանիկ Արսլանյանի 1000-րդ այցելուն է:

Քիթ-կոկորդ-ականջաբան, 54-ամյա Արսլանյանի համար ամեն ինչ սկսվեց նորից, երբ 2015 թ·-ի հունիսին Հալեպից ընտանիքով տեղափոխվեց Հայաստան:

Իսկ մինչ այդ ... Հաճելի ու հետաքրքիր զրուցակիցս թերթում է իր կենսագրությունը ու դասդասում կյանքի շրջադարձային պահերը, որոնք հանգուցալուծվել են հայրենիքում:

«Ծնվել եմ Հալեպում, ավարտել տեղի Հայկազյան վարժարանը, ապա ազգային ճեմարանը: Երեք տարի սովորել եմ պոլիտեխնիկ համալսարանում, որն այդպես էլ իմը չդարձավ, եւ ես ուսումս կիսատ թողեցի,- պատմում է բժիշկը եւ շարունակում:- Բժիշկ դառնալու երազանքը հոգուս մեջ` եկա Երեւան եւ 1983-1999թթ-ին ուսանեցի Մ. Հերացու անվան բժշկական ինստիտուտում: Մինչեւ 5-րդ կուրսը ցանկանում էի մանկաբույժ դառնալ, սակայն, երբ բժշկագիտության` քիթ-կոկորդ-ականջ ճյուղը խորապես ուսումնասիրեցի, ոչ միայն շատ սիրեցի, այլեւ հստակ որոշեցի` շարունակելու եմ այդ ուղղությամբ: Այս ճյուղը ե՛ւ մեծերինն է, ե՛ւ փոքրերինը, պահանջում է ե՛ւ դեղորայքային բուժում, ե՛ւ վիրահատական միջամտություն»:

Գերազանցության դիպլոմը ձեռքին` նա Երեւանի Հանրապետական հիվանդանոցում քիթ-կոկորդ-ականջաբանական կլինիկայի ղեկավար Ռաֆայել Խանամիրյանի ղեկավարությամբ մասնագիտական առաջին մկրտությունն ստացավ:

Իհարկե, կցանկանար էլի շարունակել աշխատանքը բանիմաց ու փորձառու բժիշկների ղեկավարությամբ, սակայն Սիրիայի քաղաքացի էր եւ պետք է իր պարտքը կատարեր` ծառայելով այդ երկրի բանակում:

Հայրենիքից իր հետ տանելով բժշկի մասնագիտական դիպլոմը, գիտելիքներ, լավագույն հիշողությունները, Երեւանի շունչն ու ջերմությունը` Անդրանիկ Արսլանյանը նախ` ծառայեց բանակում, ապա անցավ մասնագիտական աշխատանքի: 2005 թ·-ին բացեց մասնավոր կլինիկա, դրան զուգահեռ աշխատեց առողջապահության նախարարությունում, մասնակցեց բազմաթիվ խորհրդաժողովների ու համաժողովների:

Անհանգիստ ու պատերազմական իրավիճակում գտնվող Հալեպը 2015 թ. դարձավ առավել ահագնացող, որն էլ ստիպեց նրան կայացնել ճակատագրական որոշում· նա ընտրեց Հայաստանը:

Եկել էր 1983-ին` որպես ուսանող եւ միայնակ, գալու էր 2015-ին, արդեն` որպես կայացած բժիշկ, եւ ընտանիքով:

«Հայաստան ժամանեցին այս տարվա հունիսին: Օրեր անց առողջապահության նախարարությունում էի, որովհետեւ չէի կարող ապրել առանց սիրելի աշխատանքի: Նախարարությունում ինձ տեղեկացրին, որ Սեւանում քիթ-կոկորդ-ականջաբանի կարիք կա ու առաջարկեցին գալ Սեւան: Համաձայնեցի միանգամից: Չնայած լսել էի, որ Սեւանում բնակլիմայական պայմանները խիստ են, սակայն դա ինձ հետ չկանգնեցրեց: Հայրենիքի համար կարելի էր անտեսել նաեւ ցուրտն ու անհարմարությունները: Սեւանն ու սեւանցիներն ինձ ընդունեցին շատ լավ, բարյացամակամությունն ամենուր է` սկսած Գեղարքունիքի մարզպետարանից մինչեւ Սեւանի հիվանդանոց, պոլիկլինիկայից մինչեւ զինկոմիսարիատ. վերջին երեքն այժմ իմ աշխատանքային հասցեներն են»,- ներկայացնում է բժիշկը:

Ընդամենը 4 ամիս, եւ արդեն ունի հազար այցելու, օգոստոսի 11-ից էլ կատարում է վիրահատություններ, որոնց թիվը գերազանցում է 35-ը:

Հաղթահարելով մեծ ու փոքր դժվարությունները, «այստեղ»-ի եւ «այնտեղ»-ի տարբերությունները` բժիշկը ջերմություն եւ ապահովություն է սփռել իր շուրջը: Չի փորձում դժգոհել ու նեղսրտել. գիտի, որ ժամանակի ընթացքում ամեն ինչ հարթվելու է, իսկ ամենակարեւորն այն է, որ երկու տղաներն այստեղ են ստանալու մասնագիտական կրթություն:

«Չգիտեմ` ինչպես կդասավորվի ապագան, սակայն հաստատ որոշել եմ` տղաներս հայրենիքում են ստանալու բժշկի եւ ծրագրավորողի մասնագիտությունները: Ես իմ ստացած գիտելիքներով պարտական եմ հայրենիքիս. դեռ այն ժամանակ` որպես սփյուռքահայ, ես զգացել եմ հայրենիքիս ամուր ձեռքը եւ իմ ապագայի ստեղծման համար պարտական եմ Հայաստանում ստացած կրթությանս: Գուցե նաեւ այդ էր պատճառը, որ Սիրիայից հեռանալուց հետո ինձ համար չկար այլընտրանք. սա իմ տունն է, եւ ես եկել եմ ծառայելու իմ հայրենակիցներին: Եթե պետք լինի՝ կգնամ նաեւ սահմանամերձ տարածքներ՝ ծառայելով ե՛ւ իմ մասնագիտությամբ, ե՛ւ զինվոր դառնալով»,- ավելացնում է բժիշկ Արսլանյանը:

Թողնելով հետեւում ապրած տարիներ, տուն, կլինիկա` նա շարունակում է գրել իր մասնագիտական կենսագրությունը փոքրիկ Սեւանում: Այստեղ գտել է իր նոր տունը, թեկուզ դեռեւս վարձակալությամբ, իր աշխատավայրը, թեկուզ ոչ իր սեփականը: Ընտանիքն ապրում է Երեւանում, իսկ ինքը որոշեց ապրել Սեւանում, որպեսզի ավելի մոտ լինի իր հիվանդներին: Չնայած բազմաթիվ անհարմարություններին` մտքով ու հոգով պայծառ անձնավորությունը չի դժգոհում եւ չի նեղսրտում:

«Ես փառք եմ տալիս Աստծուն, որ ընտրել եմ այս մասնագիտությունը, սա իմ կյանքն է, իմ ինքնաարտահայտման ձեւը: Աշխատանքիս ընթացքում համոզվել եմ մի պարզ ճշմարտության մեջ. եթե լավ ես վերաբերվում քո այցելուներին ու հիվանդներին՝ նույնը վերադառնում է քեզ: Իսկ ընդհանրապես, բժիշկը նաեւ լավ վերաբերմունքով է բժշկում»,- ավելացնում է բժիշկը:

Մեր հանդիպման վերջում բժիշկը խոստովանում է, որ շատ զգայուն է, ունի նուրբ ներաշխարհ, գրում է բանաստեղծություններ, նվագում է, եւ այդ բոլորն օգնում են, որպեսզի կյանքը դառնա առավել լուսավոր:

Հրաժեշտ եմ տալիս նրան ու թողնում իր հիվանդների հետ: Դռան հետեւում սպասում է 1001-րդ այցելուն, որի ու մյուսների համար դեղահաբերից բացի անպայման մի ջերմ ու քաջալերող խոսք, մի բարի խորհուրդ ունի պահած արդեն սեւանցիների սերն ու վստահությունը նվաճած Անդրանիկ Արսլանյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter