HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Առաքելյան

Քաղաքական գաստրոլյորների ժամանակը

Հայաստանի քաղաքական դաշտն այնպիսի խոպանի է վերածվել, որ ցանկացած «քաղաքական խոպանչի» կարող է իրեն այնտեղ մտնելու և վարուցանք անելու իրավունք վերապահել: Եվ չնայած նմաններով դաշտն այնքան է լցված, որ շնչելու օդ այլևս չի մնացել, համապետական ընտրություններին ընդառաջ նոր հավակնորդների պակաս չի զգացվում: Բայց եթե մինչև հիմա գործ ենք ունեցել առավելապես տեղացի մանր ու մեծ խոպանչիների հետ՝ իրենց մանրումեծ ամբիցիաներով, բարդույթներով, խնդիրներով, ապա կարծես սկսում ենք ապրել մի ժամանակաշրջանում, երբ այդ դաշտ ներխուժելու հավակնություններ են սկսում ցուցաբերել արդեն այլ երկրներից հյուրախաղերով ժամանող քաղաքական գաստրոլյորները կամ, այսպես կոչված, վստահության գործակալները:

Հայաստան ժամանած ռուսաստանաբնակ հայ գործարար, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը երեկ պաշտոնապես հաստատեց, որ որոշել է կուսակցություն ստեղծել և մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին: Կուսակցություն ստեղծելու մեջ ոչ մի տարօրինակ բան չկա: Կուսակցություն Հայաստանում ստեղծում են շատերը: Դա արդեն նույնիսկ ոչ թե օրինաչափություն է, այլ համաճարակի պես մի բան: Եվ Արա Աբրահամյանի նախաձեռնությունը պարզապես այդ շարքից հերթականն է:

Արտառոցը ոչ թե կուսակցություն ստեղծելն է, այլ հայաստանյան քաղաքական միջավայր մտնելու նպատակը՝ մի անձնավորության պարագայում, ով, թվում է՝ ոչ միայն դրա կարիքը բացարձակապես չպետք է ունենար, այլև իրավունքը: Նախ՝ լինելով բավականին հաջողակ գործարար՝ նա ոչ միայն ձեռքի հետ ղեկավարում է Ռուսաստանի հայկական խոշորագույն համայնքը, այլև կարողացել է սերտ, բարեկամական հարաբերություններ ստեղծել Ռուսաստանի քաղաքական վերնախավի հետ՝ այդ կապիտալն օգտագործելով թե իր բիզնես շահերի, թե երբեմն, գուցե նաև Հայաստանի հետաքրքրությունների համար: Այսինքն, ինքնաբավ լինելու համար թվում է՝ նա ունի գործնականում ամեն ինչ: Երկրորդ՝ Աբրահամյանը Ռուսաստանի քաղաքացի է և հայաստանյան օրենսդրությամբ ուղղակի չի կարող ոչ պատգամավոր դառնալ, ոչ վարչապետ, ոչ էլ, առավել ևս, նախագահ: Այդ իրավունքից նա զրկված է նաև Սահմանադրության նոր նախագծի համաձայն: Աբրահամյանը դրա մասին հրաշալի գիտի: Եվ չնայած դրան, միևնույնն է՝ նա որոշել է մտնել հայաստանյան քաղաքականության նեղլիկ միջանցքներ` եթե ոչ անմիջականորեն, որպես կուսակցության լիդեր, ապա միջնորդավորված, այլ քաղաքական միավորների հովանավորի կարգավիճակով:

Զուտ անձնական հավակնությունների առումով, այս որոշումը կայացնելիս, թերևս, հենց հովանավոր լինելու կարողության ներքին գիտակցումն է դեր կատարել: Բայց ոչ թե կուսակցություն հովանավորելու, այլ մի ողջ երկիր: Նրա անձնական ամբիցիաների պատճառաբանման հիմքում այսպես կոչված թշվառ հայրենիքին տեր լինելու ձգտումն է, որն Աբրահամյանը ձևակերպում է հետևյալ կերպ. «Այսօր ես պատրաստ եմ իմ հայրենիքի համար կարևոր բան անել, ես չեմ կարող հանգիստ լինել այնտեղ, եթե գիտեմ, որ իմ երկիրը օգնության կարիք ունի»: Տրամաբանությունը, հետևաբար, չափազանց պարզ, նույնիսկ պարզունակ է. եթե ես փող ունեմ, կապեր ու այդ ռեսուրսները կարողանում են ըստ անհրաժեշտության օգտագործել Ռուսաստանի կողմից Հայաստանին «բարի աչքով» նայելու համար, ուրեմն բարոյական իրավունք ունեմ ոչ միայն ազդելու Հայաստանում կայացվող հիմնական որոշումների վրա, այլև առնվազն դառնալու այդ որոշումները կայացնողներից մեկը: Եվ դրա համար ժողովորդը պետք է ձիթենու ճյուղերով ու դափնիներով դիմավորի կյանքի վայելքները ռուսաստաններում թողնող ու կամավոր դժոխքի ճանապարհը բռնող ազգափրկչին:

Այլ կերպ ասած՝ ասպարեզ է իջնում ազգի հերթական փրկիչը և մտնում է արդեն հազար անգամ փորձված և ձանձրացրած շաբլոնային պոպուլիզմին տուրք տալով: Դա, սակայն, արվում է այնքան անգրագետ, որ դեռ չսկսված` մատնում է փրկչի իրական նպատակը` առաջիկա խորհրդարանական ընտրություններն օգտագործել ապագա իշխանությունում «փայ» ունենալու համար: Ուրիշ ինչպես մեկնաբանել Աբրահամյանի առաջարկած պրիմիտիվ ռեբուսի տրամաբանությունը: Նա հայտարարում է, որ Հայաստանում ամեն ինչ այնքան վատ է, որ գիշերները քունը չի տանում ու այլ տարբերակ, քան երկիրը փրկելու առաքելությունն իր վրա վերցնելն է, չի տեսնում: Հետո բոլորին շատ հստակ բացատրում է է, որ չի գալիս ոչ իշխանափոխություն անելու, ոչ էլ նույնիսկ... իշխանություններին քննադատելու: Բայց նաև չի բացատրում, թե ում է այդ դեպքում համարում ստեղծված այդ օրհասական իրավիճակի հիմնական մեղավորներն ու պատասխանատուները, այսինքն՝ ումի՞ց է գալիս ազատագրելու երկիրը: Եվ եթե գալիս է դրա համար, ապա ինչու է կուսակցություն ստեղծելու մտադրությունը համաձայնեցնում... ցանկացած պարագայում այդ իրավիճակի առաջին պատասխանատուի` նախագահը Սերժ Սարգսյանի հետ: Բայց սա Հայաստան գործուղվող առաքյալին նախկին տեղական արտադրության տարատեսակ փրկիչներից առանձնացնող միակ տարօրինակ առանձնահատկությունը չէ:

«Այո, իհարկե, ես ռուս եմ... Գիտե՞ք՝ ինչ ա նշանակում ռուս: Էսօր եթե ես Ռուաստանից դուրս եմ գալիս, գնում եմ Ամերիկա, ինձ ընդունում են որպես Ռուսաստանի քաղաքացի, ասենք, իրանք ասում են՝ մեր ռուս հյուրը: Ռուս արդեն դա չի նշանակում, ասենք, ինչ-որ ազգություն, դա ոնց որ ամերիկացի: Բայց ես հայ եմ, հպարտանում եմ իմ հայությամբ»,- ասում է Աբրահամյանը` մտքային այդ աճպարարությունների ներքո ակամա բացահայտելով էթնիկական նույնականացման կամ ազգային ինքնագիտակցության և ինքնաճանաչողության հարցում լրջագույն խնդիրներ ունենալու իրողությունը: Փաստորեն, Աբրահամյանը կամ արդեն սկսել է մոլորվել` ի վերջո, հայ է, թե ռուս, կամ լրջորեն չի տարբերում ռուս լինելու և ռուսաստանաբնակ կամ Ռուսաստանի քաղաքացի լինելու տարբերությունը: Այստեղ խնդիրը ազգային խտրականությունը չէ. անգամ Ռուսաստանի ազգային էթնիկական նկարագրի անքակտելի մասը կազմող թաթարները, ինգուշները, չեչենները և մյուսները չեն իրենց ռուս համարում: Այլ է հանգամանքը, որ գործ ունենք ազգայինի և քաղաքացիության մասին խիստ պրիմիտիվ, մակերեսային ընկալումների հետ: Եթե մարդը կուսակցություն է ստեղծելու, ապա նրա պոտենցիալ ընտրողն իրավունք ունի իմանալու` ի վերջո ո՞ւմ է վստահելու իր ճակատագիրը` Հայաստանի՞, թե՞ Ռուսաստանի քաղաքացու, ով, միաժամանակ, ըստ իրավիճակի է որոշում` ինքը ռուս է, թե հայ: 

Մյուս տարբերությունն այն է, որ Աբրահամյանն ասպարեզ է գալիս որպես ի սկզբանե ինքնաբացահայտված «Ռուսաստանի նախագահի վստահված անձ»: «Ես Ռուսաստանի քաղաքացի եմ, Պուտինն էլ մեր նախագահն է, ես պրեզիդիումի անդամ եմ: Ինքը հանձնարարություններ է տալիս, ես էլ կատարում եմ: Ես երեք անգամ եղել եմ իրա վստահված անձը»,- հպարտությամբ նշում է Աբրահամյանը: Դժվար է ասել՝ նա միտումնավո՞ր է իրեն մատուցում որպես «Պուտինի մարդ»` իր իմիջը կառուցելով ՌԴ նախագահի անվան վրա, թե՞ ուղղակի չի ըմբռնում, որ սեփական հայրենիքում ինքնադրսևորվելու համար այլ երկրի նախագահի վստահված անձի կարգավիճակով հպարտանալն առնցվազն ստրկամտություն է: Բայց ակնհայտ է, որ նման ընկալումներ ունեցողը երբեք չի դադարելու իրեն Ռուսաստանի նախագահի վստահված անձ համարել, հետևաբար չի կարող նաև իր ներկայացնելիք երկիրն էլ չդիտարկել որպես վստահորդի կամ վասալատիրոջ միանգամայն օրինական կալվածք:

Աբրահամյանն ինքն է խոստովանում` Պուտինը հանձնարարում է, ինքն էլ կատարում է: Հետևաբար դժվար է պատկերացնել որ «վստահված անձը» կարող էր Հայաստանում քաղաքական ասպարեզ մտնելու, հաստատապես նաև իշխանության հետ կապված ավելի հեռահար խնդիրներ լուծելու որոշումը կայացնել` առանց իր վստահորդի համաձայնությունն ստանալու: Սա հուշում է, որ կուսակցություն ստեղծելու և խորհրդարան մտնելու որոշումը զուտ անձնական մտահղացում չէ: Փաստորեն հայաստանյան քաղաքական դաշտում առնվազն ներկայացվածություն ապահովելու և հայաստանյան իշխանությունների նկատմամբ վերակացու ունենալու հավակնությունները բացահայտ արտահայտելու հարցում Ռուաստանում այլևս ձևականությունների հետևից չեն էլ ընկնում: Գուցե դա ավելի ազնիվ մոտեցում է. հավանաբար Հայաստանը ռուսական ոչ ֆորմալ գուբերնիա դարձնելու ճանապարհին գրիբոյեդովյան ակումբների ու անդրանիկնիկողոսյանական բջիջների հայաստանյան գաստրոլներն արդեն Մոսկվային չեն բավարարում:

Այս տեսանկյունից իզուր է Աբրահամյանն զգուշանում Գագիկ Ծառուկյանի ճակատագրին արժանանալու հեռանկարից: Ծառուկյանը «վերամշակման» ենթարկվեց հենց այն պատճառով, որ չհասցրեց ինքը դառնալ «Պուտինի մարդը», չնայած այդ ուղղությամբ գործադրած ահռելի ջանքերին: Մինչդեռ Աբրահամյանը Հայաստան է գործուղվում ի սկզբանե այդ կապիտալով ու այդ «կրծքանշանով», ինչը հրաշալի հասկանում ու տեսնում է նաև իշխանական էլիտան: Վերջինս հենց այդ պատճառով է ըմբռնում Աբրահամյանի շռնդալից մուտքն արգելելու անկարողությունն անգամ սահմանադրական և օրենսդրական արգելքների պարագայում: Ինչպես Աբրահամյանն է հուշում` եթե մտքներին տեղի լինի, ցանկացած հարց կլուծվի: Իսկ առնվազն չխանգարելու տեղ իշխանությունների մտքին կա. դատելով Աբրահամյանի հախուռն մտքերից` երբ փորձել է իր մտադրությունները քննարկել Սերժ Սարգսյանի հետ, վերջինս առնվազն դրանց իրագործմանը չի առարկել: Եվ ինչպե՞ս առարկել, երբ մարդը աչքերի առաջ Պուտինի տված անցագիրն է թափահարում: Նրան կարող են ներքին կարգով, հնարավոր բոլոր ձևերով խանգարել, բայց ոչ թե ասպարեզից հեռացնելու, բարոյապես ոչնչացնելու համար, ինչպես Ծառուկյանի դեպքում, այլ հասկացնելու, որ առավելագույնը նա կարող է հավակնել երկրորդի կամ իշխանության կցորդի կարգավիճակին: Եվ չի բացառվում, որ դա այս փուլում թե Աբրահամյանին բավարարի և թե նրա վստահորդին: Այնպես որ պետք է սպասել նոր շոուների:

Մեկնաբանություններ (1)

Հմայակ
Արտեմ ջան դիպուկ էր ու հստակ: Կեցցես, սրտիցս էր:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter