HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մոնղոլիայից տեղափոխված ընտանիքի երեխաների հայրությունը կճանաչվի դատարանում

Նարեկ Ալեքսանյան, Զարուհի Մեջլումյան

4 տարի առաջ Մոնղոլիայից Հայաստան տեղափոխված ու Անտառամեջ գյուղում հաստատված Հրահատ Երիցյանի ու Բայանդոլգոր  Օյունչիմեգի (Բայինա) երեխաները՝ Վարսենիկն ու Արշակը, վերջապես կկարողանան կրել հոր ազգանունը, եթե Գեղարքունիքի մարզի դատարանը հաստատի հայրության փաստը:

«Հետքի» «Մոնղոլիայից Անտառամեջ. Հայաստանի քաղաքացի դառնալու դժվարին ճանապարհը» հրապարակումից հետո փաստաբանների կողմից ուսումնասիրվել էր հարցը: Փաստաբան Հունան Տեր-Վարդանյանը հայցադիմում էր ներկայացրել Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Հրահատ Երիցյանի հետ Վարսենիկի ու Արշակի ազգակցական կապի հաստատման պահանջով:


Այսօր Բայինան Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սևանի նստավայրից դուրս եկավ հանգիստ շունչ քաշելով՝ հույսով, որ վերջապես երեխաների հայրությունը կճանաչվի, քաղաքացիության հարցը կլուծվի: Դատավոր Սերոբ Մանուկյանը նախնական նիստում լսեց հայցի առարկան ու պահանջը, այնուհետև հարցրեց՝ կա արդյոք ապացույց, որ կենդանության օրոք Հրահատը հայրություն է արել, այսինքն՝ հանդիսացել է երեխաների հայրը:

Բայինայի ներկայացուցիչը պատասխանեց, որ կա Անտառամեջի գյուղապետի կողմից տրված տեղեկանքն այն մասին, որ 2011-ին իրենց գյուղ է տեղափոխվել Հրահատ Երիցյանի ընտանիքը: Իսկ Հրահատի կենդանության օրոք հայրություն անելու մասին կարող են վկայել համագյուղացինեըը: Այդ հիմքով նիստը հետաձգվեց մինչև հոկտեմբերի 23-ը, ժամը 11-ը:

Հիշեցնենք, որ Բայինան այս տարի ամուսնու մահից հետո դիմել էր նախագահ Սերժ Սարգսյանին՝ երեխաների հայրությունը ճանաչելու և իրենց քաղաքացիություն շնորհելու հարցով: Հրահատ Երիցյանի հետ իր ամուսնությունը Մոնղոլիայում գրանցված չի եղել, քանի որ չեն կարողացել Հայաստանից ստանալ ամուսնու՝ նախկինում ամուսնացած չլինելու մասին փաստաթուղթը՝ Մոնղոլիայում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչության բացակայության պատճառով: 

Մոնղոլիայից Վարսիկ և Արշակ Բայանդոլգորների ծննդյան ակտերի պատճենները ստանալու խնդրով Հայաստանի արդարադատության նախարարությունը դիմել է արտաքին գործերի նախարարությանը: Վերջինս պատասխանել է, որ փորձել է փաստաթղթերը ստանալ Ղազախստանում ՀՀ դեսպանության միջոցով, «սակայն մինչ օրս պատասխան չի ստացվել»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter