HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հանրային գնումների համակարգի օրենսդրական և իրավակիրարկման ոլորտներում բացակայում է էական առաջընթացը

Հոկտեմբերի 20-ին Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռոպցիոն կենտրոնի (ԹԻՀԿ) կազմակերպած փակ քննարկման ընթացքում ներկայացվեցին Հայաստանի պետական գնումների համակարգի 2014-2015թթ. մոնիտորինգի արդյունքները:

Ինչպես տեղեկացնում է ՏԻՀԿ-ը, Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստանի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանի և ԹԻՀԿ գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանի բացման խոսքերից հետո զեկույցի հեղինակ' գնումների քաղաքականության գծով ԹԻՀԿ փորձագետ Արտակ Մանուկյանը, քննարկմանը հրավիրված պետական շահագրգիռ հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, օտարերկրյա դեսպանությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին տրամադրեց հետազոտության ամփոփ արդյունքները և արված հիմնական հետևությունները:

ԹԻՀԿ զեկույցը, հանդիսանալով 2011-2013թթ. ՀՀ պետական գնումների համակարգի մոնիտորինգի տրամաբանական շարունակությունը, արձանագրում է, որ չնայած 2014-2015թթ. տեղի են ունեցել մի շարք դրական, փոփոխություններ, հիմնականում ոլորտը կարգավորող ենթաօրենսդրական որոշ իրավական ակտերի բարելավման տեսքով (որոնցում մասամբ արտացոլված են նաև ԹԻՀԿ-ի կողմից նախկինում արված առաջարկությունները), սակայն էական համակարգային բարելավումներ չեն նկատվել, իսկ մի շարք առանցքային առաջարկներ մնացել են անարձագանք:

Մոնիտորինգի արդյունքներից երևում է, որ փաստացի չեն գործում «Գնումների մասին օրենքի» (ԳՄՕ) մի շարք դրույթներ և պահանջներ, մասնավորապես,

  •  Չի վերահսկվում միևնույն անձի կամ ավելի քան 50% միևնույն անձին պատկանող կազմակերպությունների' գնման միևնույն գործընթացին, միաժամանակյա մասնակցության արգելքը:
  •  Պատշաճորեն չի իրականացվում օրենքով սահմանված կարգով հաշվետվությունների հրապարակումը:
  •  Չեն վերահսկվում օրենքով սահմանված պահանջները շահերի բախման և դրանց հայտարարագրման մասին:
  • Օրենսդրական պահանջների ձևակերպումների' բազմիցս հանդիպող երկիմաստությունը հնարավորություն է տալիս խուսափել դրանք կատարելուց և այլն:

Զեկույցն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում պետական գնումների ոլորտում բողոքարկման համակարգի գործունեությանը: Նշելով հանդերձ, որ ԹԻՀԿ առաջարկությունների արդյունքում այս ուղղությամբ նկատվում են որոշ բարելավումներ (բողոքների քննության նիստերի առցանց հեռարձակում, որն իր նախադեպը չունի աշխարհում, թեժ գծի առկայություն և այլն)' զեկույցը մատնացույց է անում գոյություն ունեցող մի շարք էական բացթողումներ: Մասնավորապես, բողոքների քննության վերաբերյալ Բողոքարկման խորհրդի (ԲԽ) բոլոր որոշումներն ամբողջությամբ կրկնում են Գնումների աջակցման կենտրոնի դիրքորոշումը: ԲԽ ցանկում ընդգրկված 72 անդամներից 31-ը երբևէ չի ընդգրկվել բողոքների քննության գործընթացներում, այն դեպքում, երբ բողոքը քննող հանձնաժողովի կազմում ընդգրկվում են ԲԽ ցուցակում չներառված մասնակիցներ:

Մոնիտորինգի մյուս կարևոր ուղղությունը մեկ անձից կատարվող գնման գործընթացներն էին: Անդրադառնալով մեկ անձից կատարվող գնումներին' ԹԻՀԿ-ը բացահայտել է մի շարք կոռուպցիոն ռիսկեր' կապված, օրինակ, «Միկշին» և «Միկմետալ» ընկերությունների հետ: Կան բազմաթիվ փաստեր, որ մեկ անձից կատարվող գնումները շատ հաճախ շուկայական գներից բարձր են: Նկատելի է որոշ պատվիրատուների կողմից որոշ մասնակիցներին (ընկերություններին) նախապատվություն տալը և նրանց հետ պարբերաբար մեկ անձի հիմքով գնումների

Մոնիտորինգի երրորդ ուղղությունը հանդիսանում էր շրջանակային համաձայնագրերի (ՇՀ) մոնիտորինգը: Վեր հանված հիմնական հիմնախնդիրներն են խիստ և էլ ավելի աճելու միտում ունեցող կենտրոնացվածությունը թե՛ պատվիրատուների, և թե՛ հաղթողների առումով (երբ տվյալ պատվիրատուն «նախընտրում է» գործ ունենալ մեկ որոշակի ընկերության հետ), ՇՀ ամսեկան հաշվետվությունների' կայքում տեղադրման ժամկետների և կարգի օրենսդրորեն չկարգավորված լինելը և այլն:

Զեկույցում դիտարկված են նաև պետական գնումների համակարգի մի շարք այլ ասպեկտներ: Այն հասարակությանը հասանելի կլինի 2015թ. նոյեմբերի սկզբին երկլեզու' հայերեն և անգլերեն տարբերակներով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter