HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմավիրում վերանորոգված դպրոցներն արդեն վերանորոգման կարիք ունեն

Մարզի Սարդարապատ գյուղի դպրոցի վերանորոգման աշխատանքները սկսվել են դեռևս նախորդ մարզպետի՝ Ալբերտ Հերոյանի պաշտոնավարման տարիներին՝ 2006 թվականին, և ավարտվել 4 տարի առաջ: Վերանորոգումը տևել է 5 տարի: Մինչև ավարտել են շինաշխատանքները, պարզվել է, որ դպրոցը դարձյալ վերանորոգման կարիք ունի:

«Հետքն» անդրադարձել է Արմավիրի մարզի 2006-2014թթ. դպրոցաշինական ծրագրերին: Մասնավորապես՝  Լուկաշինի դպրոցի օրինակով ցույց ենք տվել, թե որքան անարդյունավետ են փուլային վերանորոգումները: Այդ եղանակով վերանորոգումների դեմ էին արտահայտվում թե' դպրոցի տնօրենները, թե' մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը: Բայց կառավարությունը շարունակում է հենց այդ սկզբունքով հատկացնել գումարները:

«Փուլ առ փուլ վերանորոգումը արդյունավետ չէ: Մի տեղը դեռ չես ավարտել ու նախորդ արվածն արդեն մաշվում է, մի քանի տարի հետո նորից վերանորոգման անհրաժեշտություն է լինում: Ճիշտն այն է, որ հնարավորության դեպքում 1-2 տարում վերանորոգման աշխատանքները կատարվեն, ինչպես անում են ցանկացած զարգացած երկրում»,- ասում է Սարդարապատի միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Մանուկյանը:

Տնօրենը որպես օրինակ նշում է գործընկեր գերմանական դպրոցը: «Մեկ տարի դպրոցը փակեցին, աշակերտներին տարան հարևան դպրոց և մեկ տարվա ընթացքում ամբողջ դպրոցը կապիտալ վերանորոգեցին, գույքը փոխեցին: Ես գնացի տեսա, դպրոցը անճանաչելիորեն փոխվել էր: Մեզ մոտ միայն շարժն էլ է հերիք, որ մի տեղից գույքը հանում տանում ենք այլ տեղ, հետո դուրս, ներս, գույքի որակն էլ բարձր չէ ու փչանում է: Հետո այդ շարժից պատերն են կեղտոտվում, մետլախն է կոտրվում: Ընհանրապես հարմար չի երկարատև վերանորոգումը»,- նշում է դպրոցի տնօրենը:

Անահիտ Մանուկյանի տեղեկացմամբ՝ առաջին տարվա ընթացքում վերանորոգել են տանիքը, հետո պատուհաներն ու դռներն են փոխել, այնուհետև մի մասնաշենքն են վերանորոգել, հետո հաջորդը, այնուհետև՝ սպորտդահլիճը, արհեստանոցը: Բոլոր աշխատանքներն իրականացվել է մարզպետ Աշոտ Ղահրամանյանի ընկերոջ՝ Միսակ Տեր-Պողոսյանի ընտանիքին պատկանող «Միլաքս Գրուպ» ընկերության կողմից: Դպրոցի վերանորոգման համար ծախսվել է ավելի քան 233 մլն դրամ:


«Այժմ միայն տանիքի հետ կապված խնդիր ունենք, որ փոխանակ ջուրը գնա ջրհորդանը, գնում է պատի մեջ: Դա շենքին վնաս է: Այդպիսի երկու տեղ ունենք: Ջրհորդանը ճիշտ չդնելու հետևանքով է եղել: Հետո գյուղացիները ջրհորդանի խողովակները գողացել տարել են՝ որպես վառարանի խողովակ, և հիմա տանիքը վերանորոգելու կարիք է զգացվում»,- նշում է Անահիտ Մանուկյանը:

Սարդարապատում այժմ սովորում է 606 աշակերտ: Գյուղում աշակերտների թիվն ավելանում է: Արդեն երկու տարի է՝ երեք առաջին դասարան ունեն:

Տնօրենն ասում է, որ դպրոցները ֆինանսավորվում են աշակերտների թվաքանակով, խոշոր դպրոցները կարողանում են իրենց «յուղով տապակվել», սակայն այդ «յուղն» էլ է քիչ: Օրինակ, եթե ֆինանսավորումը բավարար լիներ, իրենց միջոցներով կվերանորոգեին համակարգչային սենյակը: Դպրոցի համակարգիչներն արդեն 13 տարեկան են: Տնտեսական մասի համար առանձնացված գումարն էլ է քիչ, որը չի բավականեցնում նույնիսկ մաստիկաների համար:

«Շատ մեծ սիրով մանրահատակը կլաքապատեի, իսկ եթե մաստիկա չկա, լաք չկա, իսկ հատակը պետք է մաքրվի, առաջիկայում կկանգնենք մեկ այլ խնդրի առջև, մանրահատակը դուրս կգա: Բացի այդ, հոսանքի թանկացումը վատ է անդրադառնալու դպրոցի ֆինանսական վիճակի վրա: Անցյալ տարի հոսանքի գինը՝ ողջ տարվա, 600 հազար դրամ էինք գրել, բայց այս տարի արդեն թանկացել է, ավելին ենք վճարելու: Մի քանի կոպեկ, որ տնտեսել ենք թղթի, կավիճի, մեթոդական նյութերի համար, այստեղ հաստատ խեղճանալու ենք»,- ասում է տնօրենը:

Անահիտ Մանուկյանն ասում է, որ քիչ-քիչ ջեռուցման համակարգն է շարքից դուրս գալիս, փոխելու անհրաժեշտություն է լինելու: Սակայն մեծ ծախսեր են պահանջվում և առանց պետական աջակցության հնարավոր չի լինի իրականացնել:

«Շատ կուզենայի, որ մեր երկիրը հարուստ լիներ, որ մեր երկրի գումարները չփոշիանային, որ մարդիկ գնահատվեին ըստ իրենց արժանիքների ու աշխատանքների: Այսօր ցավոք սրտի չեն գնահատվում: Դա երկրի վիճակից է: Ես կարող եմ պահանջել, որ ինձ գնահատեն, բայց իմ պահանջը պետք է տեղ հասնի: Եթե ես պահանջում եմ ու գիտեմ, որ դատարկ է, ինչպե՞ս է լինելու: Սովորաբար չենք պահանջում, որովհետև գիտենք` չկա: Տանն էլ է այդպես: Մեր երեխաները մեզանից չեն պահանջում թանկարժեք հեռախոսներ, որովհետև գիտեն, որ չկա: Գիտենք, որ պատերազմող երկիր ենք, զենք ենք գնում, գիտենք, որ զինվորն ավելի կարևոր է, հիվանդների համար գումարներ են անհրաժեշտ, դրա համար էլ լռում ենք, ուսուցիչները համակերպվող են: Լավ կլիներ, որ չհամակերպվեինք, բայց դա ոչինչ չի տալիս»,- ասում է Անահիտ Մանուկյանը:

Բամբակաշատ. Տնտեսվարը ամեն օր դուռ ու պատուհան է վերանորոգում

2008-2013թթ. վերանորոգվել է Բամբակաշատ գյուղի դպրոցը: Վերջինը վերանորոգվել է սպորտդահլիճը, սակայն մեկ տարի անց դարձյալ վերանորոգման կարիք է զգացվում:

«Չթողեցին սպորտդահլիճի խոնավությունը դուրս գար, ձմեռը բետոն արեցին, սառեց, վրան էլ տախտակ քաշեցին: Դրա որակը էլ ո՞նց պետք է լինի, հատակի վրա արդեն ճեղքեր են առաջացել: Չեմ կարող ասել, որ մեղքն ամբողջությամբ շինարարինն է: Նրանց գումարը հատկացրել են սեպտեմբեր ամսին, պարզ է, որ շինաշխատանքների մի մասը բաժին էր հասնելու ձմռանը և խնդիրներ են ի հայտ գալու»,- ասում է Բամբակաշատ գյուղի դպրոցի տնտեսվար Խաչիկ Խաչատրյանը:

Միայն սպորտդահլիճը չէ, որ խնդիրներ է առաջացրել նոր վերանորոգված դպրոցում:

«Մինչև իրենք շինվերանորոգումը վերջացրեցին, առաջին արվածը արդեն շարքից դուրս է գալիս՝ վատ որակի պատճառով: Վերջին արածը, որ սպորտդահլիճն է, նույնիսկ դա է վատ որակի արվել, վնասված հատվածներ կան: Հիմնականում պատերի ծեփն է պոկվում: Բացի այդ, եվրո դուռն ու պատուհանը դպրոցի համար չեն: Ամեն օր դուռ ու պատուհան եմ վերանորոգում: Պետլիներն են կոտրվում, պատուհաններն էլ կախվում են: Ամեն անգամ բացելուց հետո պիտի գնամ բարձրացնեմ վերև, որ փակվեն»,- ասում է տնտեսվարը:

Բամբակաշատի դպրոցն ունի 3 մասնաշենք: Վերանորոգումը տևել է մոտ 6 տարի: Այս դպրոցի վերանորոգման համար պետական միջոցներից  2008, 2009, 2010, 2011, 2013թթ. գումար է հատկացվել: Շինարարական աշխատանքների վրա մինչ օրս ծախսվել է 226 մլն դրամից ավել գումար:

Ըստ Արմավիրի մարզպետարանի տված տեղեկության՝ դպրոցի շինարարական աշխատանքերն իրականացրել է «Խաչատուրյանի Բիլդինգ Գրուպ» ընկերությունը: Սկզբում շինարարական աշխատանքներն իրականացրել է այլ ընկերություն, սակայն այդ կազմակերպության անունը դպրոցում չհիշեցին: «Երևի ով հզոր էր, նա էլ հաղթեց»,- ժպտալով ասում է տնտեսվար Խաչատրյանը:

Փոխարենը դպրոցի տնօրեն Գայանե Պարոնյանը «արդարացնում» էր ստեղծված վիճակը՝ պատճառաբանելով, որ դպրոցի շենքը հին է. ինչքան էլ վերանորոգեն, ցանկալի արդյունք չի տալու:

«Քանի որ հին շենք է, խնդիրներն էլ ավելի շատ են առաջանում: Հիմա ինչքան էլ վերանորոգում ենք, առաջին հարկը խոնավ է: Պատերը միշտ թարմացնում ենք, տեր ենք կանգնում, բայց էլի զգացնել է տալիս: Չգիտեմ մի դպրոց, որտեղ միանգամից վերանորոգումն իրականացնեն, ավարտեն, դա հնարավոր չէ»,- նշում է Գայանե Պարոնյանը:

Հայթաղ. Գումարները ծախսվում են, խնդիրները՝ ավելանում

Հայթաղ գյուղում այժմ էլ շինաշխատանքներ են ընթանում: Այստեղ վերանորոգման աշխատանքները սկսվել են 2011թ-ից և 2 տարվա ընթացքում ծախսվել է ավելի քան 201 մլն դրամ: Շինաշխատանքները սկզբնական շրջանում իրականացրել է «Երևանի Ջրշին» ՓԲԸ-ն: Երկու մասնաշենքերի վերանորոգումն ավարտվել է երեք տարի առաջ: Այժմ վերանորոգում են մարզադահլիճը, հանդիսությունների դահլիճը, հանդերձարանը և զենքի պահեստը:

Հայթաղի միջնակարգ դպրոցի փոխտնօրեն Վարդան Ասատրյանն ասաց, որ այդ աշխատանքների համար բյուջեով նախատեսված է 100 մլն դրամ:

Շինաշխատանքներն իրականացնում է «Իմպերիալ Տուր» ՍՊԸ-ն, որի սեփականատեր Գագիկ Բիշարյանը ժամանակին եղել է Էջմիածնի քաղաքապետի թեկնածու: Ըստ խոսակցությունների, նա ԱԺ պատգամավոր Հեղինե Բիշարյանի ազգականն է:

Չվերանորոգված է մնում Հայթաղի դպրոցի մասնաշենքերից մեկը: Այն վթարային լինելու պատճառով չի օգտագործվում, սակայն փոխվել է տանիքը:

«1968թ. կառուցված շենք է, վթարային է, փոխվել է միայն տանիքը: Եթե վերանորոգվի, կօգտագործվի: Հենց այդ պատճառով մենք չենք կարողանում լաբարատորիաներ ստեղծել, անցնել կաբինետային ռեժիմի, դասասենյակները քիչ են: Հիմա ունենք 15 դասարան և 16 դասասենյակ: Լաբորատորիայի գույքը խցերում մի կերպ տեղավորել ենք, որ անհրաժեշտության դեպքում ուսուցիչը բերի դասասենյակում ցույց տա: Եթե կաբինետ լիներ, հենց լաբորատորիայում կանցկացվեր դասը, ինչը արդյունավետ կլիներ, երեխաներն էլ կտեսնեին փորձերը: Այդ շենքի կարիքը խիստ ունենք: Մարզպետարանից խոստացել են զբաղվել նաև այդ մասնաշենքի հարցով»,- ասում է փոխտնօրեն Վարդան Ասատրյանը:

Ինչպես բոլոր վերանորոգված, այնպես էլ Հայթաղի դպրոցում ծեփը տեղ-տեղ թափված էր: Խոնավության հոտը հուշում էր, որ շինաշխատանքների իրականացման ժամանակ անհրաժեշտ հիդրոմեկուսացման աշխատանքներ չեն կատարվել:

Ջրառատ. Տնօրենը վերանորոգման խոտանը «բարդում» է խոնավության վրա

 

Գրեթե նույն վիճակն էր նաև Ջրառատի դպրոցում: «Մեր գրունտային ջրերը բարձր են: Աղը բարձրանում է: Երևի պետք է տեխնոլոգիաներ կիրառեն: Պատրաստ եմ գարնանը իմ ուժերով մասնակի վերանորոգում անել»,- ասում է դպրոցի տնօրեն Դավիթ Հարությունյանը

 Դպրոցն ունի 2 մասնաշենք, որոնցից վերանորոգված է միայն մեկը: Շինարարական աշխատանքները 2011-2012թթ. իրականցրել է  «ՀԱԷԿ-ի շինարարություն»  ՓԲԸ-ն՝   ընդհանուր առմամբ ծախսելով 290 մլն 700 հազար դրամ:

Տնօրեն Դ. Հարությունյանի խոսքերով՝ խոտանը «ճչացող» չէ, կոսմետիկ վերանորոգման դեպքում դրանք կվերանան:

Եթե առաջին հարկի թափված ծեփը պատճառաբանվում է խոնավության առկայությամբ, ապա երկրորդ հարկի պատերին ակնհայտ էին ճաքերը:

Տնօրենն ամեն ինչ կապում է խոնավության հետ: «Հնարավորություն կա դրենաժ անցկացնելու, դա էլ մասնագիտական խորը վերլուծության կարիք ունի:  Ամեն ինչ էլ հնարավոր է անել, պարզապես պետք է հնարավորություն լինի»,- նշում է Դավիթ Հարությունյանը:  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter