HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

«Բնակարանի գնման վկայագիր» ծրագիրն իրականացվել է 60%-ով

Նինա Կադամյանը, ով Սեւան քաղաքի Նալբանդյան 57 հասցեի հանրակացարանի բնակչուհի էր 1994թ.-ից, ամիսներ առաջ իր մահկանացուն կնքեց նույն հանրակացարանում` այդպես էլ չհասնելով բնակարան ունենալու այն բաղձալի պահին, որին սպասել էր ավելի քան 17 տարի:

Կառավարությունը նրան տվել էր բնակարանի գնման վկայագիր (ԲԳՎ), որի արժեքը կազմել է 1 միլիոն 31 հազար դրամ: Այդ գումարով նա անգամ «Յունոնա» հանրակացարանում չի կարողացել բնակարան գնել: Ինչպես ամիսներ առաջ հայտնել էր «Հետքի» թղթակցին, նշված շենքում ավերակ վիճակում գտնվող բնակարանը վաճառվում էր 3000 դոլարով: Նա լիովին համոզվել էր, որ «կմեռնի, բնակարանի հարցն էլ կփակվի, կգնա...»: Բնակարանի սպասումով ամիսներ առաջ մահացել է նաեւ նույն հանրակացարանում բնակվող Անյա Եժկովան:

ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի գործակալության փախստականների հարցերի բաժնի պետ Արա Հարությունյանը համամիտ է մեզ հետ, որ Սեւան քաղաքի հանրակացարաններում բնակվող փախստականների վիճակը չի փոխվում անգամ բնակարան գնելու դեպքում: Վկայագրով նրանք բնակարան են գնում մյուս հանրակացարանային շենքում՝ «Յունոնա»-ում , որի պայմաններն իրականում ավելի լավը չեն իրենց զբաղեցրած սենյակներից:

«Սեւանում նրանց վիճակը իրականում չի լավանում, մի շենքից մյուսն են տեղափոխվում, բայց համարում ենք, որ դրանով իրենց բնակարանային խնդիրը լուծեցին»,- հայտնեց վարչության պետը: Չնայած նրան, որ ԲԳՎ ծրագրի պայմաններով գնված բնակարանը պետք է լինի բարվոք վիճակում եւ ապահովված լինի կոմունալ հարմարություններով:

«ԲԳՎ» ծրագիրը նախատեսված է այն ընտանիքների համար, որոնք բնակվում են ժամանակավոր կացարաններում եւ վագոն-տնակներում ու չունեն տնամերձ հողամաս: Այն իրականացվում է միայն ՀՀ բյուջեի ֆինանսական հատկացումներով: Արա Հարությունյանի տեղեկացմամբ` ԲԳՎ ծրագիրը, որ իրականացվում էր հանրապետության 9 մարզերում բնակվող փախստականների համար, կատարվել է 60%-ով: Ներկայացնելով տարբեր մարզերում ծրագրի առկա արդյունքները՝ նա նշեց, որ բնակարան չգնելու հիմնական պատճառը վկայագրի արժեքն է:

Հայտնի փաստ է, որ յուրաքանչյուր տարածքի համար «Կադաստր» պետական կոմիտեի ներկայացրած միջին շուկայական արժեքը, որով տրամադրվում է վկայագիրը, չի համապատասխանում իրական շուկայական արժեքին: Պրն Հարությունյանի ասելով` այդ հանգամանքը մտավախություն առաջացրեց այլ վայրերում բնակվող փախստականների շրջանում, որոնք, շատ ծանր պայմաններում գտնվելով հանդերձ, հրաժարվել են վկայագրեր ստանալուց:

Այդպես են վարվել Կոտայքի մարզի Նաիրիի վարչատարածքի Մրգաշեն գյուղի 7-8 փախստական ընտանջքներ: «Նրանցից 2-ը գյուղի սառնարանում են ապրում, մյուսները՝ ակումբի շենքում, ապրում են ծայրահեղ վատ պայմաններում, բայց իմանալով, որ կադաստրային արժեքով չեն կարող բնակարան գնել այդ գյուղի տարածքում, չդիմեցին վկայագիր ստանալու համար»,- ասաց նա՝ զարմանքով նշելով, որ անգամ հարեւան գյուղ չեն ուզում տեղափոխվել:

ԲԳՎ ծրագիրը ձախողվել է նաեւ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում, որտեղ վկայագիր ստացածների 90%-ը չի կարողացել բնակարան գնել: Չնայած վկայագիրը հնարավորություն է տալիս հանրապետության ցանկացած տարածքում բնակարան գնել, սակայն մեր հարցումներից էլ պարզ է դարձել, որ փախստական ընտանիքները, տարիներ արդեն հաստատվելով մի վայրում եւ ընտելանալով այդ միջավայրին, հրաժարվում են կրկին տեղահանվելուց: Հիմնական պատճառը, թերեւս, այն է, որ տվյալ վայրում նրանք արդեն կարողացել են որոշ չափով հաղթահարել հոգեբանական բարդույթները եւ շրջապատի քամահրական վերաբերմունքը:

Փախստականների հարցերի բաժնի պետի համար առավել արտառոց է եղել այն, որ 20-ական թվականների կառույց, վթարային վիճակում գտնվող Տերյան 107 հասցեի հանրակացարանում բնակվող փախստականները հրաժարվեցին Սիլիկյան թաղամասում հողամասերի վրա կառուցված քոթեջներից:

«Նորվեգիայի կառավարությունը քոթեջների ֆինանսավորումը կատարել էր հենց նրանց համար, սակայն հրաժարվեցին տեղափոխվել այնտեղ, ասում են` Երեւանի կենտրոնից չենք գնա: Նորվեգացիների համար անհասկանալի էր նրանց մոտեցումը, որոշ մարդիկ տեղափոխվեցին, մյուս քոթեջները հանձնեցինք այլ շինություններում բնակվող փախստականներին»,- տեղեկացրեց Արա Հարությունյանը:

Մարզերում դժվարությունների հանդիպելուց հետո մտավախություն են ունեցել, որ ծրագիրը Երեւանում չեն կարողանա իրականացնել, որովհետեւ մայրաքաղաքում անշարժ գույքի արժեքը ավելի արագ է աճում: Սակայն, ի զարմանս ծրագիրն իրականացնողների, Երեւանում 2005-06թթ.-ին ավելի լավ արդյունքներ են արձանագրվել: Նոր Նորքի Մոլդովական փողոցում ամեն տարի 20 ընտանիքի վկայագիր է տրվել, եւ ամեն տարի նրանցից 19-ը կարողացել է բնակարան գնել: «Երեւանում ծրագիրը հաջողվեց, քանի որ արժեքը հաշվարկված էր Ավան թաղամասի շուկայական արժեքով, եւ այդ գումարը հնարավորություն տվեց այլ վայրերում ավելի էժան գնով բնակարան գնել»,- բացատրեց բաժնի պետը:

Կառավարությունը տարվա սկզբին ծրագրի պատասխանատու Քաղաքաշինության նախարարությանն ու Միգրացիայի գործակալությանը հանձնարարել էր ուսումնասիրել 2005-2006թթ. փախստականների բնակարանային ապահովման ծրագրի իրականացմանն ուղղված միջոցների իրացման վիճակը, ինչպես նաեւ առաջարկություններ ներկայացնել գործընթացին խոչընդոտող պատճառների վերացման վերաբերյալ: Մարզերում 40 %-ը չի կարողացել վկայագրերի մարման 6 ամսվա ընթացքում բնակարան գնել եւ շարունակում է մնալ բնակարանի կարիքավոր: Վարչության պետը հայտնեց, որ լրացուցիչ ուսումնասիրել են վիճակը եւ համատեղ քննարկումներից հետո նրանց հարցը լուծելու առաջարկություն են ներկայացրել կառավարությանը:

2004թ. «Բնակարանների գնման վկայագիր» ծրագրում հաշվառվել է 3218 ընտանիք, եւ ծրագիրը սկսել է իրագործվել 2005թ. Հայաստանի 9 մարզերում, չի ընդգրկվել միայն Կոտայքի մարզը: 2006թ. կառավարությունը ԲԳՎ ծրագրով տրամադրել է ընդամենը 210 վկայագիր, որից 179-ը Կոտայքի մարզին, որում այս անգամ չի ընդգրկվել Աբովյանի վարչատարածքը:

2007թ. ԲԳՎ ծրագրի համար ՀՀ պետական բյուջեից հատկացվել է 815 մլն դրամ: Պրն Հարությունյանը տեղեկացրեց, որ այս տարի Նորվեգիայի կառավարության ֆինանսավորմամբ բնակարանային շինարարություն է իրականացվելու Կոտայքի մարզի ամբողջ տարածքի վագոն-տնակներում ու կիսակառույցներում ապրողների համար, իսկ Աբովյանի վարչատարածքի համար կառավարությունը որոշում կկայացնի մարտի վերջին: Հ աջորդ տարի ծրագիրը կիրականացվի Երեւանում, որով էլ, թերեւս, հանրապետությունում կավարտվի «ԲԳՎ» ծրագիրը: